
Ինչու Հայաստանում ընդդիմությունը երբեք չի հաղթում
Անկախ Հայաստանի 20-ամյա պատմության ընթացքում քաղաքական իշխանությունը երբևէ պարտություն չի կրել, փաստացի կրելու դեպքում` այն չի ընդունել և երբեք ինքնակամ չի հեռացել: Բովանդակային իշխանափոխության միակ դեպքը եղել է 1998թ., բայց դա ոչ թե ընդդիմության կամ հասարակության հաղթանակի արդյունք էր, այլ ընդամենը հեղաշրջման, որը, սակայն, թե՛ հասարակական-քաղաքական հարաբերություններին և թե՛ պետական կառավարմանը որակական ոչ մի փոփոխություն չբերեց: Հայաստանում մշտապես գործել է իշխանության «էստաֆետային» հանձնման տարբերակը, որը խարսխված է եղել պարտադիր վերարտադրման ներքին անհրաժեշտության վրա:
Ամենահետաքրքրականը, նույնիսկ աբսուրդայինն այն է, սակայն, որ բոլոր ժամանակներում էլ իշխանության այս ինքնապահպանության համառությանը դիմադրել է ուժեղ, սկզբունքային ընդդիմություն, որը, սակայն, տանուլ է տվել առանց բացառության բոլոր վճռորոշ «ճակատամարտերը»` 1996-ին, 2004-ին, 2008-ին և այլն: Ընդ որում` յուրաքանչյուր պարտությունից հետո ընդդիմությունն ապրել է հերթական ճգնաժամի, անելանելիության փուլը, որն իր հերթին անընդհատ որակապես մաշել, հեղինակազրկել է ընդդիմադիր մեծ ու փոքր, ուժեղ ու թույլ քաղաքական ուժերին, վարկաբեկել ընդդիմություն հասկացությունն առհասարակ:
Խնդիրն այն է, սակայն, որ հայրենի քաղաքական ուժերը երբեք չեն անդրադարձել այն հարցին, թե ինչո՞ւ է միշտ այդպես ստացվել: Արդյո՞ք դա ընդդիմության ոչ բավարար հետևողականության ու համառության, թե՞ իշխանության գերհզորության հետևանք է: Եվ ընդհանրապես, որո՞նք են եղել այն հիմնական, գուցե անտեսանելի սխալները, որոնք թույլ չեն տվել ընդդիմությանը երբևէ հաղթել իշխանությանը, հասնել բեկումնային փոփոխությունների:
Հետահայց դիտարկելով հայաստանյան 20-ամյա քաղաքական պատմությունը՝ կարելի է առանձնացնել դրա 4 հիմնական պատճառ:
«Բլից քրիգ»-ի քաղաքականությունը
Ընդդիմության պարտությունների հիմնական պատճառը եղել է թույլ տրված և այսօր էլ թույլ տրվող մարտավարական միևնույն սխալը. քաղաքական պայքարը արագ և կործանարար «ճակատամարտերի» սկզբունքի վրա կառուցելը: Սա, իհարկե, առավելապես ազգային մտածողության պրոդուկտ է, որն արտահայտվում է կենցաղային, հասարակական ու տնտեսական բոլոր հարաբերություններում և բյուրեղանում ու իր դասական ձևով արտահայտվում է հենց քաղաքականության մեջ: Այն ենթադրում է արագ ու ամենակարևորը` շոշափելի արդյունքներ: Ոչ ոք չի ուզում անցնել երկարաժամկետ պրոցես, ինչն առաջին հերթին ենթադրում է ստրատեգիական պլանավորում և հատկապես երկարաժամկետ «ներդրումներ», որը կարող է ապահովել շոշափելի, բայց հիմնավոր արդյունքներ ավելի հեռանկարային կտրվածքով: Գործում է քիչ ներդրումներով հնարավորինս մեծ ու որքան հնարավոր է արագ շահույթ, դիվիդենտ ստանալու սկզբունքը: Արդյունքում քաղաքական ուժերը սկսում են հանրությանը մոբիլիզացնել այնպիսի գաղափարների, նպատակադրումների շուրջ, որոնք բացառապես ուղղված են տվյալ պահին իշխանությունը կրող քաղաքական ուժից այն վերցնելուն: Հիմնականում այդ դերում մատուցվում է պետության, ազգի, ժողովրդի լինելությունը անձերի փոփոխությամբ պայմանավորելու գաղափարը` տարբեր մոդիֆիկացիաներով: Այն շատ արագ կորցնում է իր կոնսոլիդացիոն պոտենցիալը, երբ յուրաքանչյուր պարտությունից հետո այդ գաղափարի շուրջ քիչ թե շատ համախմբված հանրությունը սկսում է հասկանալ, որ, ճիշտ է, կյանքը մի քիչ ավելի դժվարացավ, իշխանությունը մի քիչ ավելի լկտիացավ, բայց դրանից աշխարհը չփլուզվեց, երկիրն ու ազգն էլ չկործանվեցին: Հանրությունը հայտնվում է գազօջախին դրված ջրով լի տարայի մեջ դրված այն գորտի կարգավիճակում, որը սկսում է աստիճանաբար հարմարվել ջրի ավելի ու ավելի տաքացմանը` մինչև կրիտիկական պահը:
Իսկ ընդդիմությունը, ամեն անգամ իշխանության բետոնե պատին բախվելուց, գլուխն արյունոտելուց հետո իրեն գտնում է մի այնպիսի վակուումային իրավիճակի մեջ, որտեղ այլևս չգիտի` ինչ անել հետո, ինչպես հիմնավորել, թե ինչու պետք է հանրությունը շարունակի վստահել այն գաղափարներին ու այն ուժերին, որոնք խոստացված արդյունքը չտվեցին: Չկարողանալով դա անել` ընդդիմությունը դիմում է, թերևս, ամենահեշտ միջոցին. սկսում է ինքն իր մեջ տապալման մեղավորներ ու պատասխանատուներ փնտրել, բայց գրեթե միշտ գտնում է միայն քավության նոխազներ: Ի վերջո, սա հանգուցալուծվում է ընդդիմության հերթական պառակտմամբ, «բլից-քրիգ»-ների համար առաջ քաշված գաղափարների արագ արժեզրկմամբ:
Այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ ընդդիմությունն արդեն պարզապես չգիտի` էլ ինչ նոր գաղափարների շուրջ կարող է ոչ թե հանրային կոնսոլիդացիա իրականացնել, այլև նույնիսկ հանրությանը հանել քաղաքականությունը հիշեցնող ամեն բանի նկատմամբ խորը նստվածք տված անտարբերությունից: Եվ չգտնելով ելքը` այն իր հերթին սկսում է քաղաքական պրոցեսների ու նախաձեռնողականության իմիտացիա ստեղծել:
Իշխանության ամենահաղթության սինդրոմը
20 տարի շարունակ իշխանությունը սեփական հանրությանը պարտադրում է այն մտայնությունը, թե իշխանությունը պարտություն կրել չի կարող, թե դրանք անհամատեղելի հասկացություններ են: Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք`1996-ին, իշխանությունը կրող ուժերը դա անում էին` հրապարակավ հայտարարելով, թե ինչպիսին էլ լինեն ընտրությունների արդյունքները, միևնույն է, նախագահ պետք է լինի Տեր-Պետրոսյանը: Այն ժամանակ իշխանությունը դեռ հասարակության վրա ուղիղ չէր կրակում, կրակում էր օդ: Բայց բոլոր դեպքերում կրակում էր: Այդ ժամանակ իշխանությունը կրակելը դարձրեց քաղաքական կատեգորիա:
Ռոբերտ Քոչարյանը իշխանության ամենահաղթությունը հանրության պարանոցին փաթաթում էր` հայտարարելով` ո՞վ է այն տղամարդը, որ կարող է դուրս գալ իր դեմ: Եվ դեմ, անգամ կողքին դուրս եկող «տղամարդիկ» պարզապես չեզոքանում էին: Դա տեղի ունեցավ թե՛ 1999, թե 2003-2004թթ., թե՛ 2008թ.` իշխանությունը Սերժ Սարգսյանին հանձնելիս: Այսպես աստիճանաբար հասունանում էր այն կարծրատիպը, թե իշխանությունը գործող վարչակարգի ներկայացուցիչների բացառիկ սեփականությունն է, իսկ ինչպես հայտնի է` սեփականությունն ամեն գնով պաշտպանելը յուրաքանչյուրի սուրբ գործն է: Նրանք, ովքեր հավակնություն էին հանդես բերում «այդ սեփականության» նկատմամբ, ընկալվում էին որպես քրեական հանցագործներ:
Սերժ Սարգսյանը, որը Ռոբերտ Քոչարյանից հենց այս տրամաբանությամբ աշխատող համակարգ ժառանգեց, ընդամենը փոխեց մարտավարությունը. նա արդեն հասկացել էր` կրակել չի կարող և չի կարելի` չի ներվելու: Փոխարենը Սերժ Սարգսյանի վարչակարգը, որպես իշխանության ամենահաղթության ներշնչման գործիքակազմ, ապավինեց երեք հիմնական գործոնների. մանիպուլյացիա, ուղղակի արվեստի մակարդակի հասած ընտրախախտումների տեխնոլոգիա և քաղաքական այլընտրանքային դաշտերի գրեթե կատարյալ ամայացում կամ փոշիացում` ձգտելով բոլորին վերածել իրական կամ պոտենցիալ «հաճախորդների»: Այս երեք գործիքների համադրմամբ այսօր իշխանությունն առանց սեթևեթանքի համոզում է, որ Սերժ Սարգսյանը և նրանով պայմանավորված` Հանրապետական կուսակցության գերիշխանությունն այլընտրանք չունեն, իսկ քաղաքական մրցապայքարն ընթանում է միմիայն երկրորդի «պատվավոր» կարգավիճակը ձեռք բերելու նպատակով:
Եվ հանրությունը դրան հավատում է ոչ թե Սերժ Սարգսյանի բացառիկության մեջ համոզվածությունից ելնելով, այլ ընդամենը նրա այլընտրանքը քաղաքական դաշտում իսկապես չտեսնելու պատճառով: Եվ սա արվում է հստակ նպատակով՝ հանրության ենթագիտակցությունն ուղղել ուժեղին միանալուն կամ առնվազն նրա լեգիտիմությունը ճանաչելուն: Երբ ընտրությունները մոտենում են այս մտածողական կոդավորումն ունեցող քաղաքացուն, վերջինիս առավելագույն խնդիրը դառնում է այդ լեգիտիմացման ֆորմալ գործընթացից` ընտրություններից, գոնե իր փայաբաժինը 5-10 հազար դրամի տեսքով պոկելը:
Ընդդիմությունը դեռ չի գտել այս սինդրոմը չեզոքացնելու միջոցը: Ավելին, ինքն է աստիճանաբար իր գործողություններն ու վարքագիծը սկսել բխեցնել այդ ելակետից` օրինակ հայտարարելով, թե քաղաքական դաշտի համախմբման պարագայում է միայն հնարավոր հաղթել այս իշխանությանը:
Երբ Հայաստանի պատմության մեջ ամենալուրջ հաջողություններն արձանագրած համաժողովրդական շարժման, հետագայում` ՀԱԿ-ի առաջնորդ Տեր-Պետրոսյանը առաջ քաշեց այս թեզը, պարզ դարձավ, որ սա շարժման ավարտն է, կապիտուլյացիայի ստորագրումը: Ու այդ ընկալումը երբեք թույլ չի տվել հասկանալու, որ զրոյական ուժերի մաթեմատիկական հանրագումարը քաղաքականության մեջ չի կարող ապահովել որևէ մեծություն: Իշխանության լավ թե վատ որակին ընդդիմությունն ամենակարևոր պահերին մեծամասամբ հակադրել է կարճաժամկետ էֆեկտ ունեցող սնամեջ քանակը:
(շարունակելի)
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել