HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի՞նչ կտա ալավերդցիներին քառամյա ծրագիրը

Նոյեմբերի 16-ին Ալավերդու քաղաքապետարանը և «Օրհուս» կենտրոնը կազմակերպել էին Ալավերդի համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման 2013-2016թ.թ. քառամյա ծրագրի մասին հասարակության իրազեկում և քննարկում: Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը քննարկման մասնակիցներին հայտնեց, որ համայնքի նորընտիր ավագանին նոյեմբերի 14-ին ստանձնել է իր լիազորությունները: «ՏԻՄ» օրենքի համաձայն՝ եռամսյա ժամկետում պետք է ավագանու հաստատմանը ներկայացվի համայնքի սոցիալ -տնտեսական զարգացման առաջիկա 4 տարիների ծրագիրը: Ըստ Ա. Վարոսյանի՝ քննարկումը մասնակիցներին հնարավորություն է տալու վերլուծել համայնքի ներկա իրավիճակը, մատնանշել այն խնդիրները, որոնք հրատապ են ըստ առաջնահերթությունների:

«Այսօր այդ աշխատանքների մեկնարկը մենք տալիս ենք: Մեզ համար շատ առաջնահերթ ու կարևոր է ապահովել քննարկման հանրային բնույթը»,- ասաց նա: Վերջինս մատնանշեց, որ հաշվի առնելով խնդրի կարևորությունը նախապես քաղաքապետարանի պաշտոնական կայքում հատուկ վահանակ է տեղադրվել «Մասնակցիր համայնքի կառավարմանը» խորագրով, որտեղ հնարավորություն է տրված ցանկացած այցելուի իր կարծիքը և առաջարկությունները ներկայացնել քաղաքապետարանին:

Վահանակի ուսումնասիրությունից պարզվեց, որ ալավերդցիների կողմից քաղաքի քառամյա ծրագրի հետ կապված որևէ առաջարկություն դեռևս չէր ներկայացվել: Արտավազդ Վարոսյանը մասնակիցների քննարկմանը ներկայացրեց ծրագրերի որոշակի ցանկ, հայտնելով, որ այն կրում է նախնական բնույթ:

Քաղաքապետի առաջարկությունների մեջ տեղ էին գտել բնակֆոնդի պահպանման, քաղաքի ճանապարհների վերանորոգման, սանմաքրման և կանաչապատման խնդիրներ: Իր առաջարկությունների մեջ Արտավազդ Վարոսյանը ներգրավել էր նաև համայնքի առանձին փողոցների մայթերի, Ակներ և Սանահին գյուղական թաղամասերի դաշտամիջյան ճանապարհների, Ակների ակումբի կապիտալ վերանորոգումը:

Արտավազդ Վարոսյանը հատկապես կարևորեց Ալավերդու նախկին լեռնամետալուրգիական կոմբինատի մկնդեղի գերեզմանոցի վերականգնումը քառամյա ծրագրի մեջ ընդգրկելը: Քննարկման ընթացքում ներկաները առաջարկեցին ծրագրի մեջ նեռառել նաեւ Ալավերդու «Լալվար» կինոթատրոնի շենքի վերակառուցումը: Շենքը սեփականաշնորհումից հետո քանդվում է: «Մասնավոր որևէ շենքի վերանորոգում մենք քառամյա ծրագրում չենք կարող ընդգրկել»,- ասաց Արտավազդ Վարոսյանը:

Նա գտնում է, որ շենքը մասնավոր սեփականություն է, և շենքի ճակատագիրը պետք է որոշի սեփականատերը: Ի հակառակ քաղաքապետի՝ ալավերդցիները գտնում են, որ «Լալվար» կինոթատրոնի շենքը «պատանդ» է դարձել սեփականատիրոջ ձեռքին: Մարդիկ չեն բացառում, որ առաջիկայում, ինչպես քանդվեց Ախթալայի պահածոների գործարանի շենքը, նույն հաջողությամբ սեփականատերերի կողմից կքանդվի նաև «Լալվար» կինոթատրոնի շենքը` կոնստրուկցիաները վաճառելու նպատակով:

Նույն վիճակում է նաեւ քաղաքի Փիրուզյան թաղամաս տանող ճանապարհին գտնվող Ալավերդու նախկին ավտոկայանի շենքը: Ո՞վ է ավտոկայանի շենքի սեփականատերը: Ալավերդիում որևէ շարքային մարդ չգիտի: Խորհրդային տարիներին միջհամայնքային ավտոբուսները երթևեկել են այդ ավտոկայանից: Վերջին տարիներին Ալավերդու քաղաքապետարանը  միջհամայնքային երթուղային ավտոբուսների համար կայանատեղի է դարձրել մայրուղու վրա գտնվող «Կատա» խանութի և երկհարկանի ունիվերմագին հարող տարածքում: Այստեղ ավտոբուսների կայանի դիմաց շարված են մասնավոր տաքսիներ: Մայրուղուն հարող մայթերը փակել են մայթեզրերին կառուցվող խանութների շինարարության պատճառով: Հետիոտնը, որոնք նաև երեխաներ են, ստիպված երթևեկում են մայրուղու կենտրոնով:

Ալավերդցի Վարդան Նալբանդյանը առաջարկեց քառամյա ծրագրում ընդգրկել նաև Ալավերդու նախկին ավտոկայանի շենքի վերակառուցումը և Թումանյան փողոցի գերբեռնված մայրուղուն հարող տարածքից միջհամայնքային ավտոբուսների կայանը այնտեղ տեղափոխել: Ալավերդցիները զրկված են նաև բարեկեցիկ շուկայից: Շուկայի նախկին շենքը օտարվել է Ալավերդու նախկին քաղաքապետ Կարեն Եսայանի կողմից: Ալավերդցիների շուկայի շենքում ներկայումս տեղավորված է «Կատա» խանութը: Ալավերդցի առևտրականները ամռան տապին և ձմռան սառնամանիքին ստիպված են բացօթյա անբարեկարգ մի տարածքում մթերք վաճառել: Կունենա՞ն ալավերդցիները երբևէ բարեկեցիկ շուկայի շենք, դժվար է ասել: Ալավերդցիները զրկված են կանաչ գոտիներում հանգստանալու հնարավորությունից:

Անբարեկարգ ու հակասանիտարական վիճակում են քաղաքի պուրակները: Դրա վկայություններից է նաև քաղաքի Սայաթ-Նովա հրապարակին հարող պուրակի հակասանիտարական և անբարեկարգ վիճակը: Ալավերդու քառամյա զարգացման ծրագրի քննարկումըւ դեռ երկու ամիս շարունակվելու է: Քաղաքապետ Արտավազդ Վարոսյանն ասում է, որ քառամյա ծրագրի ֆինանսական աղբյուրները դեռ հայտնի չեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter