
ՀՀ արտադրության և արտահանման պոտենցիալը. հայտնի և նոր ուղղություններ
Փորձը ցույց է տալիս, որ զարգացող այն երկրները, որոնք արտահանման միջոցով մեծացրել են համաշխարհային տնտեսությանն ինտեգրման աստիճանը, ձեռք են բերել տնտեսական աճի առավել բարձր տեմպեր: Ո՞ր ոլորտներում Հայաստանն ունի աճի պոտենցիալ, և ի՞նչ նոր արտադրատեսակներ կարելի է արտադրել ու արտահանել մեր տնտեսությունում առկա ռեսուրսներով:
Անդրադառնանք ՀՀ տնտեսության ոլորտներին առանձին-առանձին: Գյուղատնտեսության և սննդարդյունաբերության ոլորտում առկա են համեմատական առավելություններ` պայմանավորված համաշխարհային շուկայում էկոլոգիապես մաքուր արտադրանքի նկատմամբ մեծ պահանջարկով: Թեև ոլորտի շատ ապրանքատեսակներ (մեղր, կաթնամթերք, դեղաբույսեր, մրգեր ու բանջարեղեն և դրանց վերամշակված տարբերակներ, հանքային ջրեր, ոգելից խմիչք) ներկայում Հայաստանից արտահանվում են, այնուամենայնիվ դրանց արտահանման ցուցանիշները չեն համապատասխանում իրական ներուժին: Նշենք, որ առավել զգալի արդյունք ստանալու համար, նշված խնդիրների լուծմանը զուգահեռ, անհրաժեշտ է խթանել հայկական գյուղատնտեսությունում շատ քիչ մշակվող այնպիսի մշակաբույսերի արտադրությունը, ինչպիսիք են գետնախնձորը, մասուրն ու թեյի վարդը:
Ինչպես գիտենք, Հայաստանում առկա է գյուղատնտեսական հողերի թերզբաղվածություն, հետևաբար միանգամայն իրատեսական է գետնախնձորի և մասուրի ու թեյի վարդի պլանտացիաներ ստեղծելու գաղափարը, առավել ևս, որ նշված մշակաբույսերի աճեցումը հնարավորություն կտա զարգացնելու նաև դրանց հետ առնչվող շատ հարակից ճյուղեր: Մասուրի և վարդի հասունացումը Հայաստանում համընկնում է իսլամական երկրներում ռամադանի շրջանին (մասուրի և վարդի թերթիկների հյութերը, հատկապես Ռամադանի ժամանակ, որպես ըմպելիք լայնորեն օգտագործվում են Պարսից ծոցի երկրներում), ուստի առկա է բավականին մեծ ծավալով դրանց արտահանման ռեալ հնարավորություն: Գետնախնձորը շատ երկրներում անփոխարինելի միջոց է ինչպես սննդում կիրառության, այնպես էլ բժշկության մեջ, քիմիական արտադրությունում` հատկապես կոսմետիկայի բնագավառում, ավելին` գետնախնձորի աճեցումը օգտակար է նաև գյուղատնտեսական հողերի որակի բարելավման տեսանկյունից, հետևաբար դրա արտադրությունը կարևորում ենք ոչ միայն արտահանման, այլեւ ավելի շուտ բազմաթիվ հարակից ճյուղերի զարգացման նկատառումներով:
Անդրադառնալով հանքահումքային արդյունաբերության և մետալուրգիայի ոլորտներին` նկատենք, որ ներկայումս այս ոլորտների արտահանումը հիմնականում հումքի տեսքով է, ինչը ամենևին էլ ուրախալի հանգամանք չէ: Նույնիսկ չափազանց մեծ ռեսուրսային հնարավորություններ ունեցող երկրներն իրենց թույլ չեն տալիս հումքի ուղղակի արտահանում այն պարագայում, երբ երկրում առկա է դրանց նկատմամբ պահանջարկ և իրացման լայն հնարավորություններ: Առավել ևս Հայաստանի պարագայում հումքային ապրանքների արտահանումը չի կարող նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը: Դա նշանակում է, որ պետք է հրաժարվել արտահանման զգալի մասն ապահովող մասնագիտացման ներկա ուղղությունից, սակայն պետք է հաշվի առնել, որ չարտահանված հումքային ռեսուրսներով կարելի է տեղում պատրաստի մետաղե արտադրատեսակների արտադրություն նախաձեռնել:
Թեթև արդյունաբերության ոլորտը, թեպետ, ներկայումս բավարար չափով մրցունակ չէ, սակայն եթե հաշվի ենք առնում, որ երկրում առկա են բրդի, մետաքսի սեփական արտադրություն հիմնելու նախադրյալներ, գորգագործության, հագուստի, կոշկեղենի արտադրության մեջ հարուստ ավանդույթների, էժան և որակյալ աշխատուժի առկայությունը, ինչպես նաև ԱՊՀ երկրների շուկաներ ազատ մուտքի հնարավորությունը, հեռանկարային է դառնում ոլորտում արտահանման և արտադրության փոխկապակցված աճի հնարավորությունը: Վերջին ժամանակներս ոլորտում հայտնված արտերկրյա մի քանի հայտնի ընկերություններ ցույց տվեցին, որ հնարավոր է առկա ռեսուրսներով միջազգայնորեն մրցունակ արտադրանք թողարկել: Բացի այդ, տեքստիլ արդյունաբերությունը քիմիական արդյունաբերության հետ փոխկապակցված զարգացնելու պարագայում լայն հնարավորություն է բացվում նաև քիմիական արհեստական մանրաթելերի և դրանցից արտադրանքի արտահանման ծավալների մեծացման համար: Ներկայումս նման արտադրանք արտահանվում է, սակայն չնչին ծավալներով (ընդհանուրի 0.1%-ը):
Վերոնշյալից բացի, կարելի է զուգահեռաբար սկսել համաշխարհային շուկայում այս ոլորտի համեմատաբար նոր ճյուղի զարգացումը` չհրկիզվող պոլիմերային նյութերի և կտորների արտադրություն, որոնք օգտագործվում են մեքենաների, ինքնաթիռների, նավերի ներքին սրահների երեսպատման, հյուրանոցների, դպրոցների և այլ կառույցների շինարարության մեջ, ինչպես նաև վարագույրների, գորգերի արտադրության մեջ: Հարկ է նշել, որ այս նյութերը ներկայումս չունեն այլ փոխարինիչներ: Իհարկե, ասվածը ենթադրում է միջնաժամկետ և երկարաժամկետ զարգացում, քանզի անհրաժեշտ է նորարարական մոտեցում ցուցաբերել և նախ և առաջ մշակել նման նյութերի արտադրության արդյունավետ տեխնոլոգիա: Ընդ որում, հարկ է նշել, որ համաշխարհային տնտեսության մեջ նման նյութերի բավականին զգալի պահանջարկ կա: Տեքստիլ արդյունաբերության մեջ նորարարության ներդրման պարագայում կարելի է մտածել նաև Հայաստանում տեխնիկական տեքստիլի արտադրություն սկսելու մասին, որը, ի դեպ, կնպաստի ոչ միայն ՀՀ արտահանման աճի հնարավորությանը, այլ նաև տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (տեխնիկական տեքստիլն օգտագործվում է բժշկության, շինարարության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում):
Վերոնշյալ 2 նոր ճյուղերը կարող են դառնալ ՀՀ տնտեսության առանցքային ոլորտներից, քանի որ ՀՀ-ն ունի դրանց զարգացման համար անհրաժեշտ թե՛ հումքային և թե՛ մտավոր ներուժ: Դրա համար անհրաժեշտ է հնարավորինս արագացնել հանրապետությունում նանոտեխնոլոգիաների ներդրումը, որն էլ կօգնի Հայաստանի տնտեսությանը զարգանալ ժամանակին համընթաց:
Ադամանդագործության և ոսկերչության ոլորտում մասնագիտացումը պետք է ընթանա ավելի շատ ոսկերչական իրերի, քան ադամանդի վերամշակման արտադրությունում, քանի որ այդ ենթաճյուղում առկա են առավելություններ բազմաթիվ գործոնների առումով` աշխատուժի որակ, հումքային ներուժ, համաշխարհային շուկայում բարձր պահանջարկ և այլն: Եվ բացի այդ, ոսկերչական իրերի արտադրության պարագայում ստեղծվող ավելացված արժեքն ավելի մեծ է, քան ադամանդի վերամշակման դեպքում: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին անդրադառնալով` նշենք, որ Հայաստանում այս ոլորտի մասնագիտացումն ընթանում է հիմնականում վեբ-դիզայնի և ծրագրային ապահովման ուղղությամբ (27%), մինչդեռ այսօր համաշխարհային և տեղական շուկայում մեծ պահանջարկ կա միկրոսխեմաների նախագծման, բանկային և ֆինանսական ծրագրերի, ինչպես նաև` կառավարման տեղեկատվական համակարգերի նկատմամբ: Այդուհանդերձ, ո՞ր երկրներն են ներկայումս հանդիսանում Հայաստանի հիմնական առևտրային գործընկեր, հայկական ո՞ր ապրանքատեսակներն են նրանց առավել գրավում, և տնտեսական զարգացման ի՞նչ հեռանկարներ կարող է ունենալ ՀՀ-ն իր հարևան երկրների հետ: Այս հարցերի պատասխանը` հաջորդիվ:
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել