HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Պետական գնումների գործակալությունով զբաղվում է նաեւ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայությունը

Ապրիլի 4-ին կառավարության նիստից հետո Պետական գնումների գործակալության պետ Գագիկ Խաչատրյանը անդրադարձավ «Առավոտի» «Դատարանը հավատում է միայն պաշտոնյային» հոդվածին` նշելով, որ «լրագրողը խեղաթյուրել է գրեթե բոլոր փաստերը»: Հոդվածում ներկայացված էր, թե ինչպես Գ.Խաչատրյանը խախտելով օրենքները, աշխատանքից ազատել է ծառայության աշխատակիցներ Անահիտ Մանանդյանին եւ Լեւոն Մելիքյանին: Մեջբերենք պարոն Խաչատրյանի ասածներից մի հատված, որով առանց դատական նիստերի կարելի է արձանագրել նրա կողմից կատարված բացահայտ խախտումները. «երբ ես եկա, կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտություն կար: Անմիջապես, ակնհայտորեն հենց առաջին հայացքից զգացվում էր, որ այստեղ հնարավոր չէ նորմալ կազմակերպել աշխատանքը: Պետք էր ավելի օպտիմալ կառուցվածք»: Լրագրողի միջամտությունից հետո պարոն Խաչատրյանը հասկացավ, որ «բռնվում» է իրեն վերապահված լիազորությունները գերազանցելու մեջ եւ հանկարծ հայտարարեց. «կառուցվածքը կառավարությունն է հաստատում: Ես կառուցվածքային փոփոխություններ չեմ կատարել»: Նա այնուհետեւ նշեց, որ փոփոխություններ է կատարել բաժինների մակարդակով: Իրականում պարոն Գ. Խաչատրյանը փոփոխություններ է կատարել գործակալության` կառավարության կողմից հաստատված կառուցվածքում: Գ.Խաչատրյանի պարզաբանումներին արձագանքեցին երկու հասարակական կազմակերպություններ` Երիտասարդ իրավաբանների հայկական ասոցիացիան եւ Հայ պետական ծառայողների միությունը:

«Մենք ոչ միայն այս, այլ նաեւ պետական ծառայողների իրավունքների խախտումների ցանկացած դեպքում բոլոր հնարավոր օրինական միջոցներով պաշտպանելու ենք նրանց շահերը: Հարցը իրոք խորքային է: Կապված է նաեւ դատաիրավական բարեփոխումներին: Այսօր ինչքանո՞վ են ռեալ իրագործվում այդ բարեփոխումները, այդ թվում նաեւ պետածառայական ոլորտում, պետական գնումների գործակալությունում: Այսինքն ընդունված օրենքները եւ կառավարության որոշումները ինչքանո՞վ են կյանքի կոչվում: Օրենքով հստակ սահմանված է, որ Պետական գնումների գործակալության հաստիքացուցակը կազմվում է կառավարության կամ կառավարության կողմից լիազորված անձի կողմից: Տվյալ դեպքում հաստիքացուցակը հաստատվել է վարչապետի, իսկ հետագայում այս աշխատանքային վեճերի հետ կապված հաստատվել է նաեւ Պետական գնումների գործակալության պետի կողմից: Օրենքը միշտ բարձր է կառավարության, ենթաօրենսդրական ակտերից, իսկ կառավարության ակտերը բնականաբար բարձր են ավելի ներքեւի օղակների ակտերից, այդ թվում նաեւ Պետական գնումների գործակալության կանոնադրությունից: Սա հստակ է: Այդ երկու պետական ծառայողների իրավունքները ոտնահարված են եւ մենք պաշտպանելու ենք` հիմնավորելով համապատասխան օրենքներով»,¬ ասաց Երիտասարդ իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը: «Փորձելու ենք ցույց տալ այն հիմնական համակարգային խախտումները, որոնք այսօր բացահայտ կերպով կատարվում են պետական ծառայության եւ կառավարման ոլորտում: Մենք այսօր պետական ծառայողի շահերն ենք պաշտպանում եւ կոչ ենք անում բոլոր պետական ծառայողներին, ովքեր նմանատիպ պրոբլեմներ կունենան իրենց աշխատանքային գործունեության ընթացքում, հաշվի առնեն, որ հանրապետությունում գործում է նմանատիպ համագործակցություն: Անձերին փոխելով, բայց չփոխելով հարաբերությունները, հնարավոր չէ համակարգը փոխել: Այսինքն, եթե այսօր պարոն Գ. Խաչատրյանն է այդ խախտումը անում, վաղը նրան փոխարինած մեկ ուրիշը նման խախտումները շարունակելու է: Հանդիսանալով պետական կառավարման բարեփոխումների հանձնաժողովի անդամ, ես կարող եմ երաշխավորել, որ կառավարությունը ընտրել է բարեփոխումների հստակ կուրս, մշակված է պետական կառավարման համակարգի բարեփոխումների հայեցակարգ, որին ուղղակիորեն հակադրվում են գնումների գործակալությունում պետի քմահաճույքով կատարված այս խախտումները: Վերջերս մեծ ձեռքբերում ունեցանք. ընդունվեց «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքը: Սրա նպատակն այն է, որպեսզի պետածառայական ոլորտը անջատի քաղաքական կոնյունկտուրայից, որպեսզի պետական կառավարման հիշողությունը կրող ապարատը կախված չլինի պետական քաղաքական պաշտոններ զբաղեցնողների քմահաճույքից: Պետական գնումների գործակալությունը, որպես կառավարությանն առընթեր մարմին, կարծես թե գործում է օրենքներից դուրս, քանի որ խախտվել է «Գնումների մասին» օրենքը, մասնավորապես այն կետով, որ կառուցվածքը, կանոնադրությունը եւ հաստիքացուցակը պետք է հաստատի կառավարությունը կամ նրա լիազոր մարմինը: Այստեղ միայն աշխատանքից ազատված Անահիտ Մանանդյանի եւ Լեւոն Մելիքյանի ոտնահարված աշխատանքային իրավունքները չեն, խնդիրը շատ ավելի մեծ է: Այդ իսկ պատճառով ստիպված ենք եղել մեր կողմից հայտնաբերված վարչական խախտումները պաշտոնապես ներկայացնել ՀՀ նախագահի վերահսկողության ծառայությանը: Վերջինիս կողմից արձագանքի է արժանացել, բայց դեռեւս որեւէ պատասխան չենք ստացել»,¬ ասաց Հայ պետական ծառայողների միության նախագահ Վաչե Քալաշյանը: Երկու կազմակերպությունների նախագահները պատրաստվում են մոտ օրերս մամուլի ասուլիսում ներկայացնել Պետական գնումների ծառայության պետի թույլ տված օրենքի բազմաթիվ խախտումներ: Այնպես որ, Գագիկ Խաչատրյանը երեւի արդեն փոշմանել է, որ պատգամավոր եղած ժամանակ կողմ է քվեարկել «Պետական ծառայողի մասին» օրենքի նախագծին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter