
ԿԲ փոխնախագահի ստացած 100-միլիոնանոց նվերը
Ներսես Երիցյանը 2010 թ. դեկտեմբերի 22-ից Կենտրոնական բանկի փոխնախագահն է, մինչ այդ էկոնոմիկայի նախարարն էր: Նա նախարար եղած ժամանակ ավելի համեստ եկամուտներ ուներ, օրինակ՝ 2009 թ.-ին ունեցել է 4 մլն 828 հազար 938 դրամի եկամուտ:
Ուսումնասիրելով ԿԲ փոխնախագահի 2011 թ. գույքի ու եկամուտների հայտարարագիրը՝ պարզվեց, որ նա նշված տարում ստացել է 32 մլն 90 հազար 163 դրամի եկամուտ, որից 25 մլն 992 հազար 378 դրամը աշխատավարձն է, 6 մլն դրամը՝ ստացված փոխառությունը, 97 հազար 784 դրամը՝ նվիրատվության կարգով ստացված հուշադրամի արժեքն է: Ներսես Երիցյանը փոխառություն ունի նաեւ արտարժույթով՝ 50 հազար դոլար, ինչպես նաեւ ստացել է 100 մլն դրամի նվիրատվություն:
Ներսես Երիցյանը իր հաշվին ունի նաեւ 4 մլն 349 հազար 895 դրամ (2011-ի սկզբին ունեցել է 3 մլն 371 հազար 823դրամ), ինչպես նաեւ 403 հազար 585 դոլար (տարեսկզբին՝ 325 հազար 295 դոլար):
Նշված տարում Ներսես Երիցյանը ձեռք է բերել նաեւ 100 մլն դրամ արժողության անհատական բնակելի տուն:
Իսկ ո՞վ է Ներսես Երիցյանին նվիրել 100 մլն դրամ: ԿԲ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից «Հետքին» տեղեկացրին, որ հայտարարագրում հիշատակված անշարժ գույքը ձեռք է բերվել 1996 թ.-ին՝ Ներսես Երիցյանի հոր կողմից:
Ելնելով իր ծանր առողջական վիճակից՝ ԿԲ փոխնախագահի հայրը 2010 թ.-ին սեփական նախաձեռնությամբ համաձայնություն է տվել իրեն պատկանող գույքը, որպես ժառանգություն, Ներսես Երիցյանին փոխանցելու համար (Ն.Երցյանի հայրը մահացել է 2011 թ.-ին):
Ներսես Երիցյանը, վերադառնալով ԱՄՆ-ից, 2003-2005 թթ. վերանորոգել ու վերակառուցել է նշված տունը եւ 2003 թ.-ից փաստացի բնակվում է այնտեղ: «Գույքի նկատմամբ Ներսես Երիցյանի սեփականության իրավունքները ձեւակերպվել են 2011 թ.-ին, իսկ գնահատումը նա կատարել է 350-400 ք/մ տարածքի միջին շուկայական գնի համաձայն»,- գրված է պարզաբանման մեջ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել