
Շնողի գյուղապետն ասում է, որ իր նախորդը դեռեւս ուժ չի գտել շնորհավորել իրեն
Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը այսօր Շնողի գյուղապետարանի աշխատակազմին ներկայացրեց սեպտեմբերի 9-ին ընտրված Շնողի գյուղապետ Հովիկ Սահակյանին: Մարզպետի տեղակալը հանդիպումն սկսելուց րոպեներ անց նկատեց, որ նոր գյուղապետի հետ աշխատակազմի առաջին հանդիպմանը ներկա չեն համայնքի ավագանու նորընտիր անդամները: Պարզվեց, որ այդ մասին անդամները նախապես չեն տեղեկացվել:
Արարողությանը չէր ներկայացել նաև Շնողի այլևս նախկին գյուղապետ Հայկազ Քոչինյանը, որի բացակայության պատճառներին մարզպետի տեղակալը չանդրադարձավ: Մինչ հանդիպումը գյուղապետ Հովիկ Սահակյանից տեղեկացանք, որ Հայկազ Քոչինյանը դեռևս իր մեջ ուժ չի գտել շնորհավորելու իրեն` գյուղապետ ընտրվելու համար: Թվում էր՝ մարզպետի տեղակալը նորընտիր գյուղապետի աշխատակազմի հետ հանդիպմանը իրատեսական գնահատակններ պետք է տար վերջին 16 տարիներին Շնողում կուտակված սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին և դրանց վրա պետք է հրավիրեր նորընտիր գյուղապետի և ավագանու ուշադրությունը:
Դրա փոխարեն Արսեն Դարբինյանը Լոռու մարզպետի, մարզպետարանի աշխատակազմի և իր անունից խորին շնորհակալությունը հայտնեց Հայկազ Քոչինյանին իր երկարատև աշխատանքի համար: «Որովհետև այդ 16 տարիների ընթացքում գյուղում ձեր բոլորի աչքի առաջ մեծ փոփոխություններ են կատարվել դեպի լավը»,- ասաց Արսեն Դարբինյանը, ով, իհարկե, այդ պահին բնավ իրեն պարտավորված չէր զգում կշեռքի նժարին դնել և գնահատական տալ վերջին 16 տարիներին գյուղապետ Հայկազ Քոչինյանի անձնական ունեցվածքում դեպի լավը կատարված ակնառու փոփոխություններին, պաշտոնական դիրքի օգտագործմամբ ձեռք բերված նրա անձնական հսկայական հարստությանը, այդ թվում՝ 150 գլուխ խոշոր եղջրավոր անասուններ, անասնագոմեր, համայնքի սեփականությունը հանդիսացող շենքերի և շինությունների ջրի գնով սեփականաշնորհելն ու այլ անօրինականությունները:
Մյուս կողմից՝ մարզպետի տեղակալը չանդրադարձավ 16 տարի շարունակ անգամ խմելու ջրի կարոտ շարքային շնողցիների աղքատ ապրելակերպի այլևս անտանելի պատճառներին: Արսեն Դարբինյանը հաջողություններ և առողջություն ցանկացավ նախկին գյուղապետին և հույս հայտնեց, որ գյուղի համար և Հայկազ Քոչինյանը, և Քոչինյան ընտանիքը դեռ անելիքներ ունեն, գյուղից չեն կտրվելու, էլի պետք է շարունակվեն բարի դրացիական հարաբերությունները: «Հմի, որ մի քիչ տնավարի խոսենք, ընտրություն է, ժողովրդի կամքն է, ոչ մեկն էլ իր տեղում հավերժական չի»,- Քոչինյանների մասով իր խոսքը ամփոփեց մարզպետի տեղակալը:
Արսեն Դարբինյանը գյուղապետ ընտրվելու համար Լոռու մարզպետի, մարզպետարանի աշխատակազմի և իր անունից շնորհավորեց Հովիկ Սահակյանին: «Ցանկանանք նոր գյուղապետին արգասաբեր աշխատանք: Բոլորս գիտենք, որ մեր երկրի նախագահի և կառավարության խնդիրը համայնքների համաչափ զարգացումն է, որ Երևանից արդեն միջոցները պետք է տրամադրվեն համայնքներին, և դրա վառ ապացույցն է այն, որ միայն վերջին 3 տարում մեր մարզին տրվել է մոտ 4 մլրդ դրամ՝ հրատապ խնդիրները լուծելու համար: Կոնկրետ Շնողում այդ ծրագրերով մանկապարտեզի վերանորոգումն է կատարվել, տանիքներ են վերանորոգվել, կատարվել է մանկապարտեզի ջեռուցումը, և նաև շատ մեծ արդյունք տվեց «Թեղուտ» ՓԲԸ-ի հետ համագործակցությունը, որի կողմից, չնայած ներդրում չեմ ուզում համարել, հատկացված գումարներով կատարվեցին և տանիքների վերանորգում և շենքերի վերանորոգում, և նոր գաղափարներ արվեցին»,- ասաց մարզպետի տեղակալը, ով ակնհայտորեն տեղյակ չէր, որ Հայկազ Քոչինյանին վստահված համայնքի բյուջեի ծախսային գաղափարները այսօր նախաքննության փուլում են ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի Ալավերդու քննչական բաժանմունքում:
Արսեն Դարբինյանը Շնողի նորընտիր գյուղապետ Հովիկ Սահակյանին մաղթեց արգասաբեր աշխատանք, նա հորդորեց գյուղապետին ամեն ինչ անել, որ գյուղի բնակչությունը խմբավորումների չբաժանվի: «Ընտրություն է, եղել է, վերջացել է, համայնքը պետք է լինի միասնական»,- ասաց նա: Իր խոսքում Հովիկ Սահակյանը հավաստիացրեց, որ Շնողի զարգացման գործում անելու է առավելագույնը, որպեսզի իր հանմագյուղացիների վստահությունը արդարացնի: «Ես վստահեցնում եմ, որ Շնողը Լոռու մարզում ամենաօրինակելի համայնքներից մեկն է լինելու»,- ասաց նորընտիր գյուղապետը:
Հ.Գ. Հիշեցնենք, որ ոստիկանության Ալավերդու քննչական բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռուդոլֆ Ստեփանյանը այս տարվա հուլիսի 5-ին «Հետքին» տեղեկացրել է թերթի՝ 2010 թ.-ի սեպտեմբերի 18-ի ««Դուք դատախազության աշխատող չեք, որ Ձեր հարցերին պատասխանեմ»,- լրագրողին ասում է գյուղապետը» հոդվածի նյութերով հարուցված քրեկան գործի մասին: Քրգործի նախաքննության ընթացքի մասին «Հետքի» հարցմանը Ռուդոլֆ Ստեփանյանը պատասխանեց. «Քրգործի նախաքննությունը ամփոփման փուլում է, շուտով կուղարկվի դատարան: Նախաքննությամբ պարզվել է, որ հոդվածում նշված յուրացումների ահազանգը համապատասխանում է իրականությանը: Բայց դրա համար մեղադրվում է ոչ թե Հայկազ Քոչինյանը, այլ շինարակական 4 կազմակերպություններ»: «Հետքն» առաջիկայում կփորձի անդրադառնալ այս քրգործի նախաքննության մանրամասներին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել