
ՃՈ օրինախախտ տեսուչը` օրենքի պահապա՞ն (բազմաթիվ խախտումներով տեսանյութ)
Այսօր հայկական համացանցի օրակարգի վերին հորիզոնականներում հայտնվեց ձեր խոնարհ ծառայի կողմից նկարած տեսահոլովակը, որում հստակ երևում է, թե ինչպես է ճանապարհային ոստիկանության մեքենան կոպտորեն խախտում ճանապարհային երթևեկության կանոնները (անջատված առկայծող փարոսներով և ձայնային ազդանշանով):
Սակայն հասարակությանը այս հոլովակում ցնցեց ոստիկանների արձագանքը իմ նկատողությանը և տեսախցիկի առկայությանը: Մասնավորապես, սկզբում ոստիկանները շատ ագրեսիվ և «քուչի» մակարդակով էին պատասխանում, իսկ երբ հասկացան, որ ամեն ինչ տեսաձայնագրվում է, իմ գործողությունները գնահատեցին, ներեցեք, «բ..ական» և գլուխները կախ հեռացան:
Այսինքն, ըստ իրավապահ մարմնի այս աշխատակիցների, քաղաքացու կողմից իրենց խախտումը գրանցելը և այդ մասին պատկան մարմիններին հայտնելը, ներեցեք, «բ..ական» արարք է այն դեպքում, երբ դա հենց իրենց` իրավապահների գործառույթն է, ինչը կրիմինալ աշխարհի ներկայացուցիչների կողմից է ստացել այդ անվանումը:
Բայց եկեք մի պահ մի կողմ թողնենք Ռուբինյանց փողոցի վրա նկարված ոստիկանության սպայի կոչումը կրողներին (համոզված եմ` իրենց պետք է այդ կոչումից զրկել) և հասկանանք, թե ի՞նչ առաքելություն են իրականացնում ճանապարհային ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները:
Խախտում անողը` խախտման դեմ պայքարո՞ղ
Դժվար է գտնել մի հայաստանցու, ով չի տեսել, թե ինչպես է ՃՈ մեքենան ճանապարհային երթևեկության կանոն խախտում: Հստակության համար միանգամից ասեմ, որ իրենք այդ իրավունքն ունեն միայն այն դեպքում, երբ օպերատիվ գործառույթ են իրականացնում (օրինակ՝ օրինախախտ վարորդի են հետապնդում)` պարտադիր միացված առկայծող փարոսներով (“мигалки”) և ձայնային ազդանշաններով (“сирены”):
Սակայն, ՃՈ տեսուչները, որպես կանոն, չեն միացնում ձայնային ազդանշանը և շատ հաճախ զլանում են միացնել նույնիսկ առկայծող փարոսները: Բացի այդ՝ ՃՈ տեսուչները բավականին հաճախ խախտում են ճանապարհային երթևեկության կաննոները հենց այնպես` չհետապնդելով որևէ ծառայողական նպատակ:
Այսինքն, հաշվի առնելով, որ երբեք ոչ մի ՃՈ ներկայացուցիչ իր կոլեգային չի կանգնեցնի և չի տուգանի ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար` իրենք առնվազն ծառայողական մեքենաներով քշում են այնպես, ինչպես ցանկանում են` արհամարհելով ճանապարհային երթևեկության կաննոները:
Տեսանյութում` ՃՈ պարեկայինների կողմից օրենքների խախտման բազմաթիվ դեպքեր
Սակայն բանն այն է, որ քաղաքացիներին ՃԵԿ խախտելու համար տուգանողները, ովքեր կոչված են հենց փողոցներում կարգուկանոն հաստատելուն, առաջին հերթին պիտի իրենք հետևեն այդ կաննոներին և օրինապաշտ և ոչ ագրեսիվ վարորդության օրինակ ծառայեն, ինչը մեր իրականությունում, ավաղ, տրամագծորեն հակառակն է:
ՃՈ տեսուչը օրենքի պահապա՞ն, թե՞ բիզնեսմեն
Անշուշտ, երթևեկության կանոնները խախտողը չի կարող փողոցներում կարգուկանոն հաստատել` դա պարզ է: Մենք արդեն անդրադարձել ենք (և դեռ կանդրադառնանք) այն հարցին, որ ՃՈ-ն չի իրականացնում խախտումները կանխարգելու գործառույթներ:
Պարզ և հստակ է դառնում, որ միակ առաքելությունը, որ կարող են փողոցներում իրականացնել ՃՈ տեսուչները, դա պատժիչ գործողություններն են… Իսկ եթե հաշվի առնենք, որ տուգանքների գումարները գնում են ոչ թե պետական բյուջե, այլ ՃՈ արտաբյուջետային ֆոնդ, ստացվում է, որ ՃՈ-ն բիզնես-կառույց է:
Այսինքն, եթե նույնիսկ մի կողմ դնենք կոռուպցիոն երևույթները և դիտարկենք, որ ՃՈ տեսուչները կաշառք չեն վերցնում, միևնույնն է, տուգանքների գումարները մնում են ՃՈ-ում և, բնականաբար, ՃՈ-ն շահագրգռված է, որ վարորդները ավելի շատ խախտում կատարեն, որ իրենք էլ ավելի շատ փող ստանան:
Բնականաբար, ՃՈ տեսուչները, իրականացնելով իրենց ծառայությունը, շահագրգռված են առավել շատ վարորդների տուգանել:
Եթե նկարագրվածին գումարենք նաև այն, որ, համաձայն ժողովրդի մեջ պտտվող խոսակցությունների, ՃՈ աշխատանքի վերցնելու համար 15-20 հազար դոլար կաշառք են ուզում, պարզ է դառնում, որ ՃՈ տեսուչը ոչ թե փողոցներում կարգուկանոն հաստատող է, այլ բիզնեսմեն, որը աշխատանքի ընդունվելու համար «ներդրում» է կատարել և հիմա պիտի գումարը հետ բերի:
Հատկանշական է, որ այսօրվա աղմկահարույց տեսանյութը դիտած բազմահազար մարդկանց ավելի քան 99 տոկոսը YouTube-ում «լայքել» է վիդեոն (թեև, երևույթը, «դիսլայքելու է»): Դա, համոզված եմ, խոսում է այն մասին, որ մարդկանց համար նորություն չէ ճանապարհային ոստիկանների նման պահվածքը, բայց մարդիկ ուրախացել են, որ այսպիսի մի դեպք հնարավոր եղավ արձանագրել տեսախցիկով:
Խնդրի լուծումը, իրականում, այդքան էլ բարդ չէ: Շատ երկրների (այդ թվում` Վրաստանի) օրինակին հետևելով պետք է միավորել ճանապարային ոստիկանությունը պարեկային ոստիկանության հետ, հայտնի մեխանիզմներով վերացնել կոռուպցիան, իսկ տուգանքների գումարները ուղղել պետական բյուջե:
Հ.Գ. Ազնվությամբ ասած՝ մի անգամ տեսել եմ, որ ՃՈ տեսուչը, տեսնելով, որ վարորդը ուզում է խախտում անել, բարձրախոսով ասել է. «Էս ինչ մեքենայի վարորդ, հասիր խաչմերուկ, նոր «ռազվառոտ» տուր»` դրանով իսկ կանխելով խախտումը: Հուսով եմ, որ մի օր բոլոր ոստիկանները հենց այդպես բարեխղճորեն կմոտենան ծառայությանը:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել