
Որոշումը չի վերացրել հսկող դատախազը` Լոռու մարզի դատախազի իմացությամբ
«Հետքն» անդրադարձել է Վանաձորի թիվ 8 միջնակարգ դպրոցի տնօրեն Կարինե Ստեփանյանի դատավարությանը, որն, ինչպես տեղեկացրել ենք, տապալվեց մեղադրող կողմի պատճառով: Մեղադրող դատախազը դատարանում հրաժարվեց մեղադրանքից` հայտարարելով, թե «մեղադրող կողմը քրեական հետապնդումը բացառող հանգամանք է հայտնաբերել»:
Այնինչ հենց մեղադրող կողմն էլ ստեղծել էր այդ «բացառող հանգամանքը»: Հիշեցնենք, որ Վանաձորի թիվ 8 դպրոցի տնօրեն Կարինե Ստեփանյանի դեմ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 353 հոդվածով` օրինական ուժի մեջ մտած դատավճիռը դիտավորությամբ չկատարելու հիմքով. տնօրենը հրաժարվում էր կատարել երեք դատական ատյաններով մի քանի անգամ ամրագրված դատավճիռը` իր հրամանով ազատված ուսուցչուհուն վերականգնել նախկին աշխատանքում: Տնօրենի դեմ հարուցված քրեական գործը, սակայն, նույն քննիչի կողմից շուտով կարճվել էր:
Քննիչի այս որոշման դեմ նախկին ուսուցչուհին բողոք էր ներկայացրել դատարան, որը բավարարվել էր: Դատարանը որոշում էր կայացրել` պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնել քննիչի` քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը: Դպրոցի տնօրենն էլ այս որոշումն էր բողոքարկել վերադաս ատյանում:
Բայց բողոքարկման պատասխանը չստացված, այսինքն` դատարանի որոշումը օրինական ուժի մեջ չմտած` քննիչը որոշում էր կայացրել քրեական գործի վարույթը վերսկսելու մասին: Իր որոշման հիմքում էլ դրել էր նշված` դեռ օրինական ուժի մեջ չմտած դատարանի որոշումը, որով պարտավորեցվում էր վարույթն իրականացնող մարմնին վերացնել քրեական գործը կարճելու մասին որոշումը: Վերջինս փաստացի չէր վերացվել: Եվ քննիչը, փաստորեն, իր որոշման հիմքում դրել էր դատարանի` չկատարված որոշում:
Բողոքարկման վերջնական արդյունքում վճռաբեկ դատարանի որոշմամբ օրինական ուժի մեջ էր մտել առաջին ատյանի դատարանի որոշումը` պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնել քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը: Դատարանի որոշումը այդպես էլ չէր կատարվել: Եվ նշված` չվերացված որոշմամբ էլ գործն ուղարկվել էր դատարան: Այն դեպքում, երբ օրենքով չի կարող հարուցվել քրեական գործ եւ իրականացվել քրեական հետապնդում, իսկ հարուցված քրեական գործի վարույթն էլ ենթակա է կարճման, եթե անձի նկատմամբ առկա է նույն մեղադրանքով քրեական գործը կարճելու մասին չվերացված որոշում:
Այս պատճառաբանությամբ էլ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը որոշում կայացրեց դպրոցի տնօրենի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճելու եւ քրեական հետապնդում չիրականացնելու մասին:
Մեղադրող դատախազ Սերժ Փիլոյանը տապալված դատավարությունը համարում է «մեղադրող կողմի թերացման արդյունք»: Ընդունում է, որ «թերացումն էլ թե դատախազության կողմից է, կոնկրետ` իր կողմից, թե քննիչի կողմից»: Մինչդեռ քննիչ Հովհաննես Փարսադանյանը ոչ մի դեպքում չի ընդունում իր «թերացումը»: Ինչպես քննիչն է ասում, որոշում կայացնելուց բացի ինքը այլ պարտականություն չունի: Իսկ կայացրած որոշումն էլ, նրա ասելով, հաստատում է դատախազը: «Որոշումը կայացվում է իմ կողմից, քննչական պետի ուղեկցական գրությամբ ուղարկվում է Լոռու մարզի դատախազին, վերջինս այն մակագրում է գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին: Եթե վերջինս համաձայն չէ իմ որոշման հետ, վերացնում է այն: Ստորագրվում է նրա կողմից, Լոռու մարզի դատախազի ուղեկցական գրությամբ ուղարկվում է քննչական բաժին»,- որոշումներ կայացնելու, դրանք հաստատելու կամ վերացնելու ընթացակարգն է բացատրում քննիչ Փարսադանյանը:
Նշված կարգով էլ, ըստ քննիչ Փարսադանյանի, իր կայացրած` քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումն ուղարկվել է Լոռու մարզի դատախազին, ինչը, սակայն, նրա կամ հսկող դատախազի կողմից չի վերացվել: Դրանից հետո քննիչը որոշում է կայացրել քրեական գործով վարույթը վերսկսելու մասին: Այդ որոշումն էլ քննչական բաժնի պետի ուղեկցական գրությամբ ուղարկվել է Լոռու մարզի դատախազին: Եվ, փաստորեն, այդ որոշումն էլ չի վերացվել վերջինիս կողմից: «Իմ կողմից կայացված բոլոր որոշումների մեկական օրինակը պարտադիր ստանում է Լոռու մարզի դատախազը, եւ եթե նա համաձայն չէ իմ կողմից կայացված որոշման հետ, կարող է վերացնել այդ որոշումը»,-Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանի լիազորություններից է խոսում քննիչը` ակնարկելով, որ դատախազը ոչ միայն չի վերացրել իր կողմից կայացված` քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը, այլեւ չվերացված որոշմամբ` գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է դատարան: «Եթե գործը ուղարկվում է դատարան, ուրեմն դատախազը գտնում է, որ կատարված քննությունը ամբողջությամբ օրինական է. որպես գործը քննող քննիչ` իմ պարտականություններում չեմ թերացել»,- ասում է քննիչը:
Այսպիսով, ըստ քննիչ Փարսադանյանի, չվերացված որոշման, ուրեմն եւ` տապալված դատավարության առաջին պատասխանատուն Լոռու մարզի դատախազն է: «Առաջին իրավունքը իրենն է,- ասում է քննիչը,- ինքը իրավունք ունի ցուցում տալ եւ ինձ, եւ քննչական բաժնի պետին, եւ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին` վերացնել որոշումը»:
Լոռու մարզի դատախազից հետո հաջորդ պատասխանատուն, ըստ քննիչի, դատավարական հսկողություն իրականացնող դատախազն է, կոնկրետ այս գործով` Սերժ Փիլոյանը: Քննիչի խոսքով` իր կողմից կայացված որոշումները Լոռու մարզի դատախազին ներկայացվելով` այնուհետեւ հայտնվում են հսկող դատախազի սեղանին: Մեղադրական եզրակացությունն էլ նրա հաստատմամբ է ներկայացվում Լոռու մարզի դատախազին: Հղում կատարելով քրեական դատավարության օրենսգրքին` քննիչը պնդում է, որ իր որոշումը վերացնելու անմիջական պարտականությունը Սերժ Փիլոյանինն է եղել` որպես դատավարական ղեկավարում իրականացնող դատախազ: «Իրավունք ուներ համաձայն չլինելու դեպքում վերացներ իմ որոշումը, որը չի վերացրել: Չի էլ դիմել գլխավոր դատախազին` այն վերացնելու: Գոնե ես չունեմ փաստաթուղթ, որը ինձ հակառակը ապացուցի»,- ասում է քննիչը (նկատի ունի, որ 7-օրյա ժամկետում հսկող դատախազի կողմից որոշումը չվերացվելու դեպքում այն պետք է վերացնի ՀՀ գլխավոր դատախազը` 6 ամսյա ժամկետում):
Այսպիսով` քննիչ Փարսադանյանն ազատում է իրեն ամեն տեսակի պատասխանատվությունից: Սակայն նա մոռանում է, որ քննիչն ու հսկող դատախազը մինչդատավարական վարույթում քրեական վարույթ իրականացնող հավասարազոր մարմին են, ուստի` դատարանի որոշումը` պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնել քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը, հավասարապես վերաբերում է երկուսին էլ: Մինչդեռ քննիչ Փարսադանյանը, դարձյալ դատախազի լիազորությունները մեջբերելով, («Քննիչի որոշումը կարող է վերացնել միայն դատախազը»), այս պատասխանատվությունից էլ ազատված համարում իրեն: «Ես ոչ պարտավոր եմ դատարանի վճիռը կատարեմ, ոչ էլ նիստից հետո գնամ դատախազի մոտ ասեմ` հիշում եք չէ՞` ինչ պետք է անեք»,- ասում է:
Արդյո՞ք չվերացված որոշման առկայությամբ նոր որոշում կայացնելիս էլ քննիչը չի դիմել վերադասին` հիշեցնելու, որ կա նման` չվերացված որոշում: «Ես ով եմ, որ ինչ-որ բան ասեմ: Ես ինձնից էդքան կարեւորություն չեմ ներկայացնում, որ որեւէ մեկին հուշեմ իր պարտականությունները: Ես ով եմ, որ չլռեմ իմ վերադասի գործողությունների նկատմամբ»,- արդարանում է քննիչ Փարսադանյանը:
Վերադասի գործողությունների նկատմամբ «լռելով» էլ քննիչը խախտել է օրենքի մի շարք դրույթներ, օրինակ` քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը չվերացված` նույն քրեական գործով վարույթ է վերսկսել: Այն դեպքում, երբ օրենքով քրեական գործի վարույթը վերսկսվում է նույն գործով վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը վերացնելուց հետո միայն:
Լուսանկարում` Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել