HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թագուհի Հակոբյան

Տուբերկուլյոզը աղքատ երկրների վրա գրոհող «քիլլեր» է

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Հրայր Ասլանյանը մեր զրույցի ժամանակ բավականին պատկերավոր համեմատություն արեց. «Վարակիչ հիվանդությունների շարքում տուբերկուլյոզը համարվում է քիլլեր»:

Մեր հարցին, թե ինչ գործոններ են նպաստում հիվանդության տարածմանը, առողջապահության ոլորտի մասնագետները միանշանակ պնդում էին` աղքատությունը, սոցիալ-տնտեսական ճգնաժամը: Առհասարակ համոզիչ էին այն փաստարկները, որ տուբերկուլյոզը տնտեսապես անկայուն եւ հետամնաց երկրների «աքիլլեսյան գարշապարն» է: Ինչպիսի՞ն է պատկերը Հայաստանում:

Առողջապահության նախարարության` մեզ տրամադրած տեղեկատվության համաձայն, 1990թ. կյանքում առաջին անգամ հաստատված ակտիվ տուբերկուլյոզի ախտորոշումով հիվանդների թիվը եղել է 590, 1994թ.` 730, 1995թ.` 811, 1996թ.` 904, 1997թ.` 1047, 1998թ.` 1420, 1999թ.` 1434, 2000թ.` 1284: Հիվանդների 12-13%-ը երեխաներ են: Մեր տեղեկություններով, 100000 բնակչին ընկնող դրական ախտորոշվածների թիվը 1997թ-ին եղել է 460, 1998թ.` 581, 1999թ.` 581, 2000թ.` 624: Նկատի ունենանք, որ BK+ բացիլը կրող հիվանդները վարակիչ են եւ համարվում են վարակի տարածողներ:

Հայաստանում տուբերկուլյոզի տարածման համար պարարտ հող ստեղծեցին 1988թ. երկրաշարժը, նրան հաջորդող շրջափակումները, սոցիալ-տնտեսական երկարատեւ եւ խորը ճգնաժամը, բնակչության կենսամակարդակի իջեցումը, անկանոն միգրացիան:

Մասնագետների գնահատմամբ, տուբերկույլոզի դեմ պայքարը վեր է առանձին մեկ գերատեսչության` առողջապահության նախարարության ուժերից: Այդ պայքարը պետք է իրականացնի միչգերատեսչական հանձնաժողովը, որում ընդգրկված են ՆԳ, ՊՆ եւ ԿԳՆ մասնագետները: Հայաստանում տուբերկուլյոզով հիվանդների 40 տոկոսը գտնվում է Երեւանում: Երեւանի հակատուբերկուլյոզային տուբդիսպանսերի տնօրեն Մկրտիչ Մկրտչյանի հավաստմամբ, մայրաքաղաքը առանձնահատուկ մոտեցում է պահանջում այս առումով: Հիվանդների բացարձակ մեծամասնությունը անապահով խավն է:

«Մինչեւ բնակչության ընդհանուր կենսամակարդակը չբարձրանա, հիվանդությունը կայուն աճի միտում է ցուցաբերելու: Իսկ Հայաստանն այս տեսանկյունից «բարենպաստ» վիճակում է»,- կարծում է պր-ն Մկրտչյանը:

Մի փոքր համեմատություն: Երեւանի հակատուբերկուլյոզային դիսպանսերը 1990թ. ունեցել է 196 առաջնակի հիվանդ, 2001թ-ին` 457: Ամենաշատ հիվանդ` 523, ունեցել են 1998թ.: 2001 թվականի տվյալներով, տուբդիսպանսերում հաշվառված 699 հիվանդ BK+ բացիլ արտադրողներ են:

Տուբերկուլյոզը բուժվում է պետպատվերի շրջանակներում: Մեկ հիվանդի բուժման կուրսն արժե 238 հազար դրամ, մեկ օրվանը` 4368 դրամ: Երեւանի հակատուբերկույլոզային դիսպանսերի ստացիոնար բաժանմունքը բացվեց անցյալ տարվա սեպտեմբերին:

Սկսած հոկտեմբերի մեկից ստացիոնար բաժանմունքը հիվանդների է ընդունում: Մինչ այդ բուժումն անցկացվում էր ամբուլատոր եղանակով: Տուբդիսպանսերն ունի 30 մահճակալ եւ անհրաժեշտության դեպքում կարող է կազմակերպել 180-200 հիվանդի բուժումը: Դիսպանսերն ունի մեկ ֆլյուրոգրաֆիկ մեքենա, ամենաթարմ ապարատները ձեռք են բերվել 1985-86 թվականներին: Թեեւ տնօրեն Մ. Մկրտչյանի հավաստմամբ, դրանք հնացած են, բայց լավ վիճակում են: Ստացիոնար բուժվող հիվանդների համար պետբյուջեով անցյալ տարվա հոկտեմբերի մեկից 9,5 մլն դրամ է հատկացվել: Այդ ժամանակ էլ դիսպանսերին մեծ քանակությամբ դեղորայք է տրամադրել առողջապահության նախարարությունը: Նախկին, «հին», «բարի» ժամանակների պես մեր ֆթիզիատրները (տուբերկուլյոզը բուժող բժիշկները) զանգվածային ֆլյուրոգրաֆիկ հետազոտություններ անցկացնելու, ակտիվ հայտնաբերման միջոցներ չունեն: «Եթե մենք փորձենք զանգվածային ֆլյուրոգրաֆիկ հետազոտություններ անցկացնել, ապա դա կխլի Հայաստանի պետբյուջեի քսան տոկոսը»,- կարծում է պր-ն Մկրտչյանը:

Ըստ պր-ն Մկրտչյանի, տարեկան երկու անգամ ֆյլուրոգրաֆիկ հետազոտություններ են անցկացվում միայն Հայաստանի բոլոր կալանավայրերում, ախտորոշում են նաեւ կալանավորների հարազատներին` որպես կոնտակտավորների: Հայտնի է, որ բոլոր կոնտակտավորները ստուգվում եւ բուժվում են անվճար: Որպես վարակի տարածման հիմնական աղբյուր, համարվում են քրոնիկ հիվանդները: «Հասանք այն բանին, որ պետպատվերի շրջանակներում ժամանակ առ ժամանակ ֆլյուրոգրաֆիկ հետազոտության անցնեն նաեւ մանկավարժները»,- պատմում էր Մ. Մկրտչյանը: Բացի այդ, պարտադիր ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն են անցնում սննդի ոլորտի աշխատակիցները, ՆԳՆ անչափահասների ընդունման-բաշխման կայաններ բերվող թափառաշրջիկ եւ մուրացիկ երեխաները, ովքեր կասկածվում են վարակված լինելու մեջ, ծերանոց դիմող տարեցները: ՀՕՖ-ի լրատվական ծառայության ղեկավար Լեւոն Լաճիկյանի հավաստմամբ, 2001թ. թափառաշրջիկ եւ մուրացիկ երեխաների շրջանում տուբերկույլոզով վարակի դեպք չի գրանցվել: Իսկ վերջին երկու տարվա ընթացքում թափառաշրջիկ եւ մուրացիկ 450 երեխա է բերվել կենտրոն: Լինում են դեպքեր, երբ առանձին հիմնարկ-ձեռնարկություններ պայմանագիր են կնքում տուբդիսպանսերի հետ, վճարում եւ ստուգման ենթարկում իրենց աշխատակիցների առողջական վիճակը:

Կալանավայր

«Վիճակն աղետալի է»,- մեր հարցադրմանը լակոնիկ պատասխան տվեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի պետ Հովհաննես Հովհաննիսյանը:

2001թ. կալանավայրերում եղել է 320 հիվանդ, որոնցից 50-ի վիճակն առավել ծանր է: Նրանք բուժվում են դատապարտյալների հիվանդանոցում: Երբ ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն անցկացրեցին անցյալ տարի, հայտնաբերվեց 48 առաջնակի հիվանդ: Նույն` 2001 թվականին Հայաստանի կալանավայրերում տուբերկուլյոզից մահացության 4 դեպք է գրանցվել:

«Սա, իհարկե, փոքր թիվ է նախորդ տարիներ համեմատությամբ: 1995 թվականին տուբերկուլյոզից մահվան քսան դեպք է եղել»,- զրույցի ժամանակ նշեց Հ. Հովհաննիսյանը:

Հ. Հովհաննիսյանը գոհ է, որ կան անհրաժեշտ սարքավորումներ, վիրաբուժական գործիքներ, վերջերս ստացել են նոր ռենտգեն ապարատ: Փոխարենը նա գոհ չէ դեղորայքի մատակարարումից, որը չի բավարարում հիվանդների բուժումը լիարժեք կազմակերպելու համար: Համեմատության համար նշենք, որ ազատազրկման վայրերում տուբերկուլյոզով հիվանդի բուժման մեկ օրվա համար պահանջվում է հինգ-վեց հազար դրամ:

Քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բուժանձնակազմը 142 հոգի են, նվազագույն աշխատավարձը 20 հազար դրամ է:

«Շատ բժիշկներ խուսափում են այս բնագավառում աշխատել. ե՜ւ վարակի հնարավորությունն է մեծ, ե՜ւ քրեական տարրն է շատ: Բացի այդ, արժանապատվության խնդիր կա: Սակայն ցանկացած բժիշկ այստեղից հեռանում է առավել կայացած»,- պատմում է պր-ն Հովհաննիսյանը: Նա հիշեց նաեւ, որ 90-ականների սկզբին բժիշկների մեծ արտահոսք եղավ: Հիմա չկա նման արտահոսք, եւ պատճառը գործազրկությունն է:

Կալանավայրերում տիրող վիճակին քաջատեղյակ մի բժիշկ, որ չցանկացավ հրապարակել իր անունը, հայտնեց հետեւյալը. կյանքում առաջին անգամ տուբերկուլյոզով վարակված շատ հիվանդներ մեկ-երկու ամսով ժամանակավոր բուժման կուրս են անցնում դատապարտյալների հիվանդանոցում, որից հետո նրանց կրկին ուղարկում են կալանավայր, ուր անտանելի պայմաններ են: Բնականաբար այստեղ հիվանդությունը կրկնվում է, եւ կալանավորը դառնում է քրոնիկ հիվանդ:

Միայն անցյալ տարի Երեւանի հակատուբերկուլյոզային դիսպանսեր է դիմել կալանավայրերից ազատված 43 հիվանդ (ի դեպ, նրանք ոչ միայն Հայաստանի, այլեւ` ՌԴ եւ Միջին Ասիայի կալանավայրերից ազատվածներն են) եւ բանակից զորացրված 55 հիվանդ: Սակայն այս հիվանդները նրանք են, ովքեր զգալով հիվանդության սրացումը եւ քրոնիկ դառնալը, դիմել են Երեւանի հակատուբերկուլյոզային դիսպանսեր: Իսկ թե որքան հիվանդներ կան, ովքեր չեն դիմել, հայտնի չէ: Հովհաննես Հովհաննիսյանի կարծիքով էլ, վարակի տարածման հնարավորությունը կարելի է հասցնել նվազագույնի, եթե 100 տոկոսանոց ֆլյուրոգրաֆիկ հետազոտություններ անցկացվեն: Արդեն պատրաստ է 300 հիվանդի համար նախատեսված դատապարտյալների հիվանդանոցի նոր մասնաշենքը: Մինչ այդ, նախկին մասնաշենքը 50 տեղանոց էր: Քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի պետը առաջին հերթին այս հանգամանքով է բացատրում կալանավորների` լիարժեք բուժման կազմակերպման անհնարինությունը:

Բանակ

Համեմատաբար մեծ թիվ են կազմում զինծառայողները (հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսերում մարտի 2-ի դրությամբ գրանցվել է 44 առաջնակի հիվանդ) եւ կալանավորները: Զինվորների շրջանում վարակն արագ տարածվում է հաղորդակցման միջոցով: Նպաստող գործոններ են նաեւ ցուրտը եւ վատ սնունդը: Մեր աղբյուրների հավաստմամբ, տուբերկուլյոզով վարակված զինվորների բերում են հիմնականում ԼՂՀ շրջաններից: ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Գ. Աղայանի` մեզ տրամադրած գրավոր տեղեկատվությունը բանակում տուբերկույլոզով հիվանդացության վիճակի մասին բավականին սուղ էր: Ըստ այդ տեղեկատվության, ՀՀ ԶՈւ կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ 2001թ. հայտնաբերված հիվանդությունների քանակական մեծ աճը պայմանավորված է ոչ թե նրանց թվի բացարձակ աճով, այլ հիվանդների վաղ հայտնաբերմամբ: Վերջինիս նպաստել են ԶՈւ ռազմաբժշկական ծառայությունում գործող 5 շարժական ֆլյուրոգրաֆիկ մեքենաների առկայությունը (նախկինում կար 2 մեքենա), որոնք հնարավորություն են տալիս տարին երկու անգամ բանակում կազմակերպել կանխարգելիչ հետազոտություններ: Հանրապետական կենտրոնական զինվորական հավաքակայանում զինակոչիկները ենթարկվում են 100 %-անոց ֆլյուրոգրաֆիկ հետազոտության, իսկ հայտնաբերված բոլոր կասկածելի եւ հիվանդ զինակոչիկները ենթարկվում են խորացված բժշկական հետազոտության: Համաձայն պաշտպանության նախարարի 07.05.01թ. թիվ 322 հրամանի 22 հոդվածի անկախ տուբերկուլյոզի ձեւից, ծանրության աստիճանից եւ ակտիվության տեսակից այդ անձինք ճանաչվում են ծառայությանը ոչ պիտանի եւ հանվում հաշվառումից: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, միայն 2001թ. ընթացքում կատարվել է 87000 ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն եւ հիվանդների ակտիվ հայտնաբերումը կազմում է 39,3 % (2000թ.-ին 6,6 %-ի փոխարեն):

Բանակում տիրող վիճակի մասին քիչ թե շատ լիարժեք պատկերացում կազմելու համար ստիպված էինք դիմել նաեւ ոչ պաշտոնական աղբյուրներին, անձանց, ովքեր ինչ-ինչ պատճառներով հրաժարվեցին հրապարակել իրենց անունը եւ որոնց` մեզ տրամադրած տեղեկատվությունը հավաստիություն է ներշնչում:

Ցավոք, մեր աղբյուրներն առնչվել էին միայն ԼՂՀ բանակի եւ այնտեղ զորակոչված զինծառայողների հետ, մեկ անգամ էլ այցելել էին Սյունիքի մարզ, եղել Գորիս, Կապան եւ Սիսիան քաղաքներում:

Առողջապահության ոլորտի մասնագետներին մտահոգություն էր պատճառել հատկապես Սյունիքի մարզում զինվորականների շրջանում հիվանդության տարածման միտումը: Միայն Սիսիան քաղաքում 2002 թվականի առաջին երեք ամիսների ընթացքում տուբերկուլյոզով վարակված 8 զինվոր է հայտնաբերվել: Ըստ մեր աղբյուրների, 1997-2002թթ. ԼՂՀ բանակում տուբերկուլյոզով վարակված զինվորների թիվը հասնում է 170-ի:

Մեծ վտանգ է ներկայացնում թոքային տուբերկուլյոզը:

Բժիշկների հավաստմամբ, դիսպանսերներում հիվանդները բուժման կուրս են անցնում, որպես կանոն, երկու ամիս: Այդ ընթացքում զինվորականներն ինտենսիվ բուժում են ստանում` եþւ դեղորայքի մատակարարումն է լավ, եþւ բժշկական հսկողության տակ են գտնվում: Սակայն 4-6 ամիս էլ նախատեսվում է ամբուլատոր կուրս անցնել: Այդ ժամանակ էլ զորացրվածների բուժումը թողնվում է բախտի քմահաճույքին: Նրանք ստիպված են անհրաժեշտ դեղորայք հայթայթել, ինչը ոչ միշտ է հաջողվում: Հայտնի է, որ պահանջվող դեղորայքի առաքումը ՀՀ մարզեր ոչ միշտ է կանոնավոր կազմակերպվում: Այնուամենայնիվ, ըստ հաշվարկների, հիվանդների 80 տոկոսը տեւական եւ կանոնավոր բուժում է ընդունում` ձգտելով լիակատար ապաքինման: Ի վերջո, սա այն հիվանդությունն է, որը լիարժեք չբուժվելու դեպքում հիվանդին դատապարտում է մահվան: Իսկ բնակչության շրջանում վարակի տարածման աղբյուր են հիմնականում ծառայության համար ոչ պիտանի ճանաչված եւ լիարժեք բուժում չստացած զինվորականները:

Ինչպե՞ս բուժել

Որպես տուբերկուլյոզի բուժման առավել արդյունավետ եղանակ, մասնագետները մատնացույց են անում միջազգային DOTS ծրագիրը:

Ի՞նչ է այն իրենից ներկայացնում:

DOTS ծրագիրն առողջապահության համշխարհային կազմակերպությունը Հայաստանում ներդրել է 1995թ. հունիսին: Միաժամանակ ԱՀԿ-ն ՀՀ-ին ապահովել է հակատուբերկուլյոզային դեղորայքով մինչեւ 250 հազար ԱՄՆ դոլարի սահմաններում:

DOTS ծրագրի հիմնական էությունն այն է, որ բուժաշխատողի հսկողությամբ իրականացնում է կարճատեւ քիմիաթերապիայի կուրս` ստանդարտ կոմբինացված պրեպարատներով: DOTS-ը ենթադրում է պասիվ հայտնաբերման մեխանիզմ` միկրոսկոպիայի եղանակով: DOTS-ի կարեւորագույն տարրերից մեկն էլ այն է, որ դեղորայքն ընդունվի շարունակաբար:

Ծրագրի արդյունավետությունը հիվանդանոցում մնալու տեւողության կրճատումն է եւ բուժման արժեքի նվազումը` 176 ԱՄՆ դոլար` մեկ հիվանդին: Մինչդեռ ավանդական եղանակով բուժումն արժե 280 ԱՄՆ դոլար:

DOTS-ը իրականացվում է աշխարհի 211 երկրներից 128-ում: Ծրագրի շրջանակներում բուժվում են միայն առաջնակի հիվանդները, քրոնիկ հիվանդներին այն չի կարող օգնել: Ծրագրի համաշխարհային կիրառումը կարող է հանգեցնել հիվանդության լիկվիդացիայի, իսկ չկիրառումը` պրեպարատների վատմամբ կայուն մանրէների ձեւավորման: DOTS-ի ճիշտ կիրառման դեպքում արդյունքն ակնհայտ է` 82-85% դեպքերի լրիվ ապաքինում:

Հայտնի է, որ տուբերկուլյոզի դեմ պայքարը նպաստում է տվյալ երկրի տնտեսության զարգացմանը եւ աղքատության նվազեցմանը: Նախնական հաշվարկներով, տուբերկուլյոզն ամեն տարի աշխարհին հասցնում է տնտեսական այնպիսի հարված, որը հավասարազոր է 12 մլրդ ԱՄՆ դոլարի:

Տուբերկուլյոզի դեմ պայքարը, ըստ հաշվարկների, մեկ տոկոսով նվազեցնում է նաեւ ՁԻԱՀ-ի աճի ցուցանիշները: 2000թ. ՄԱԿ-ի որոշմամբ DOTS ծրագիրը պետք է հասցվի միջազգային մակարդակի եւ ապահովի 10 հիվանդներից իննի բուժումը: Արեւմտյան որոշ երկրներում տուբերկուլյոզը բուժվում է նաեւ ամբուլատոր պայմաններում:

Ի դեպ

Բուժաշխատողների հավաստմամբ, ովքեր չցանկացան հրապարակել իրենց անունները. ամբուլատոր պայմաններով բուժվող տուբերկուլյոզով որոշ հիվանդների այսօր կարելի է հանդիպել շուկաներում եւ փողոցում մանրածախ առեւտրով զբաղվելիս: Առավել հաճախ նրանք զբաղվում են սննդամթերքի վաճառքով, որն առայժմ չի վերահսկվում ո՜չ տեղական իշխանությունների, ո՜չ էլ առողջապահության ոլորտի աշխատակիցների կողմից:

Պարզվել է նաեւ, որ փողոցային առեւտրով զբաղվողների մեջ կան նաեւ տուբերկուլյոզով քրոնիկ հիվանդներ, ովքեր չունեն տվյալ գործունեությամբ զբաղվելու արտոնագիր:

Հարցի առնչությամբ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով դիմեցինք Երեւանի Սպանդարյանի շրջանի հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողության կենտրոն: Այստեղից տեղեկացանք, որ սննդի բոլոր օբյեկտների աշխատակիցները պարտադիր ենթարկվում են բժշկական հանձնաժողովի ստուգմանը: Առողջական խնդիրներ չունեցող վաճառողներին տրվում է համապատասխան գրքույկ (ի դեպ, Երեւանի տարբեր խանութներում անցկացված հարցումներին ի պատասխան` աշխատակիցները նույնն էին հաստատում): Սակայն... վերահսկողություն իրականացվում է միայն կազմակերպված առեւտրի օբյեկտներում:

Հիգիենիկ եւ հակահամաճարակային կենտրոնը չունի իրավական մեխանիզմներ` արգելելու սննդի վաճառքը առեւտրի համար չնախատեսված վայրերում, ասենք` փողոցում: Լավագույն դեպքում կենտրոնի աշխատակիցները փողոցային առեւտրի մասին ահազանգում են տեղական ինքնակառավարման մարմիններին` քաղաքապետարանին եւ թաղապետարաններին:

Ընդ որում, հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողության կենտրոնի աշխատակիցների հավաստմամբ, փողոցային չկանոնակարգված եւ չվերահսկվող առեւտուրը սպառնալիք է ծնում ոչ այնքան տուբերկուլյոզի տարածման, որքան աղիքային հիվանդությունների:

Փակ շրջան

Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսերի տնօրեն Սերժ Ստեփանյանի հետ հարցազրույց անելու մեկ ամսից ավել գործադրած մեր ջանքերը դատապարտված էին ձախողման: Պատճառաբանությունը հետեւյալն էր` դիսպանսերում ստուգումներ է իրականացնում առողջապահության նախարարությունը, եւ ինքը ոչ մի լրագրողի չի կարող ընդունել: Առողջապահության նախարարից համապատասխան թույլտվություն չունենալու պատճառաբանությամբ մեր հարցերին պատասխանելուց հրաժարվեց նաեւ տուբերկուլյոզի վերահսկման ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Մարինա Սաֆարյանը: Առողջապահության նախարարությունում էլ, ի դեմս նախարարի խորհրդական Ռուսլանա Գեւորգյանի, նույնը պնդեցին` մինչեւ ստուգումները չավարտվեն, դիսպանսերից տեղեկատվական որեւէ արտահոսք բացառվում է: Ստիպված էի դիմել ոչ պաշտոնական աղբյուրներին: Ոչ աշխատանքային մի օր այցելեցի հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր: Պարզվեց, որ այստեղ բուժանձնակազմը պատրաստվում է գործադուլի: Պատճառը չվճարված աշխատավարձերն են: Չեն վճարվել 2000 թվականի օգոստոսից մինչեւ դեկտեմբերը ներառյալ եւ 2001թ. հունվար-մայիս ամիսների աշխատավարձերը: Հետաքրքիր է, որ առողջապահության նախարարությունում մինչ այդ Ռ. Գեւորգյանը հավաստիացնում էր, որ աշխատավարձի պարտքերը փակված են: Բուժքույրերը, ովքեր աշխատանքը կորցնելու վախից այդպես էլ չցանկացան իրենց անունները հրապարակել, հակառակն էին պնդում: «Ամանորի նախաշեմին, դեկտեմբերի 30-ին, 10 հազարական դրամ են բաժանել եւ դրանով համարում են պարտքերը փակա՞ծ»,- հարցնում էին նրանք:

Աշխատակիցների մի մասը (իրենց բնորոշմամբ` «ցածր խավը», նրանք, ովքեր եկամտի այլ աղբյուր չունեն) դիմել է դատարան` հուսալով, որ այդ կերպ կհաջողվի կառավարությունից ստանալ չվճարված աշխատավարձերը:

«Աններելի է, երբ հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսերի աշխատակիցներին դնում են այսպիսի անելանելի դրության մեջ: Հավանաբար մեր պետական չինովնիկները չեն պատկերացնում, որ սա ոչ սովորական հիվանդանոց է եւ այստեղ աշխատողներից ֆիզիկական եւ բարոյական ինչ ջանքեր են պահանջվում»,- պատմում էր բուժքույրերից մեկը: Ասվածն առավել քան համոզիչ թվաց դիսպանսերում կատարած շրջայցից եւ բուժքույրերի հետ զրույցից հետո:

Մեկ տարեկան երեք ամսական Արսենին դիսպանսերի աշխատակիցները գտել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի այգում, մահամերձ վիճակում: Փոքրիկը վարակված է եղել աղիքային ինֆեկցիայով եւ տուբերկուլյոզով: Նրա վիճակը բարվոք է: Լիակատար բուժում ստանալուց հետո նրան կտեղափոխեն մանկատուն, քանի որ այդպես էլ չի պարզվել, թե ովքեր են տղայի ծնողները:

Մանկական բաժանմունքում ստացիոնար բուժում ընդունող յոթ երեխա կա: Բուժաշխատողների հավաստմամբ, մանկական տուբերկուլյոզը տարածված երեւույթ չէ, վարակն էլ հիմնականում փոխանցվում է ծնողներից:

Բուժաշխատողների համար դժվար է հատկապես քրոնիկ հիվանդների հետ շփվելը: Երկրորդ թերապիայի բաժանմունքում քրոնիկ հիսուն հիվանդ կա, որոնցից 30-ը ծանր վիճակում են, ինը անկողնային հիվանդներ են, ովքեր չունեն ոչ մի հարազատ, տուն ու տեղ: Մահանալուց հետո էլ նրանց հուղարկավորությունը, որպես կանոն, դիսպանսերն է կազմակերպում: Քրոնիկ հիվանդներից ոմանց մեկ-երկու անգամ այցելելուց հետո «մոռանում» են անգամ նրանց մերձավոր հարազատները: Նրանց էլ կարելի է հասկանալ, որովհետեւ ե՜ւ վարակվելու հավանականությունն է մեծ, ե՜ւ հիվանդներն են շրջապատի, նույնիսկ` հարազատների նկատմամբ դառնում ագրեսիվ եւ պահանջկոտ: Այստեղ բարդանում է բուժաշխատողների գործը, որոնց խղճին ու հոգածությանն է «հանձնվում» հիվանդների հետագա ճակատագիրը: Իսկ նրանք սոցիալական տարբեր խավեր են ներկայացնում: Հիվանդների մեջ կան թմրամոլեր, քրեական անցյալ ունեցող անձինք, ովքեր չնչին պատճառներով կարող են հայհոյել բժիշկներին եւ քույրերին: Պատահում է, որ նրանց կարգի հրավիրելու համար անհրաժեշտություն է ծագում ոստիկան կանչել:

Արդեն իսկ պարզ է, որ քրոնիկ բացիլակիր հիվանդներին խնամող բժիշկները ապահովագրված չեն վարակից: Իմ զրուցակիցները հիշեցին, թե տարիներ առաջ ինչպես մի բժշկուհի վարակվեց ու մահացավ:

Ցածր, կանոնավոր չվճարվող աշխատավարձի պատճառով բուժաշխատողները նորմալ սնվելու հնարավորություն չունեն, ինչն էլ մեծացնում է նրանց` վարակվելու հավանականությունը:

 

Բուժքույրերի հավաստմամբ, հիվանդանոցում սննդի եւ դեղորայքի խնդիր գոյություն չունի. մատակարարումը կանոնավոր է: Հիվանդանոցի բակում զբոսնող հիվանդները հրաժարվեցին սննդի, դեղորայքի, առհասարակ` դիսպանսերի պայմանների մասին խոսել: Միայն իր հիվանդ հարազատին այցելած մի երիտասարդ մասնավոր մեր զրույցի ժամանակ նշեց. «Հիմա տուն եմ գնում, եւ գրպանումս միայն դեղատոմսեր են: Ամեն անգամ ստիպված եմ դեղորայք հայթայթել: Բա պետության վրա հույս դնել կլինի՞»:

Պատահական չէ, թերեւս, որ բուժաշխատողների հավաստմամբ, առանձին հիվանդներ գերադասում են գտնել բժշկի եւ տնային պայմաններում բուժվել: Դեպքեր են լինում նաեւ, երբ հիվանդները բուժման կուրս անցնելուց հետո էլ չեն լքում հիվանդանոցը հավանաբար այն մտավախությամբ, որ կարող են վարակել մերձավորներին: «Եթե նրանց բոլորին պահենք, ապա հիվանդանոցում տեղ չի լինի»,- փաստում են բուժաշխատողները:

Մեր այն հարցին, թե աշխարհագրական ինչ ընդգրկում ունի տուբերկուլյոզը, պատասխանեցին. «Հիվանդները հիմնականում Արարատյան դաշտավայրից են»:

Իսկ 2002 թվականը հայտարարված է տուբերկուլյոզի դեմ պայքարի տարի, որը միաժամանակ պետք է լինի աղքատության դեմ պայքարի տարի:

«Ուզու՞մ ես պայքարել տուբերկուլյոզի դեմ, պայքարիր աղքատության դեմ»,- այսպես են մտածում բժիշկները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter