HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Հայրապետյան

Ամերիկահայ ներդրողի գործում ոչինչ չի փոխվում

Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի հիմնադրած «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ին Երևանի Մաշտոցի 33ա և 33/1 հասցեներում պատկանող հազարավոր քմ տարածքները ընկերության տնօրեն Է.Եսայանը և շինարար Վլադիսլավ Մանգասարյանը 2010թ. փետրվար-սեպտեմբեր ամիսներին օտարել են, գումարը` գրպանել:

Նաև վճարվելիք հարկերի գումարը գրպանելու դիտավորությամբ 2010թ. առաջին եռամսյակում իրականացված գործարքների իրական գների վերաբերյալ կեղծ տվյալ են ներկայացվել հարկային մարմին, իսկ 2010թ. երկրորդ և երրորդ եռամսյակներին իրականացված գործարքների վերաբերյալ տվյալներ չեն ներկայացվել, տարածքների օտարումից առաջացած հարկերը չեն վճարվել:

Հարկերը չվճարելու մասին քաջատեղյակ է եղել ՊԵԿ-ի Սպանդարյան /ներկայիս` Կենտրոն/ տարածքային հարկային տեսչության պետը և միջոցներ չի ձեռնարկել: Հետագայում հայտնաբերվելիք հարկերի վճարումից խուսափելու դիտավորությամբ Է.Եսայանը և Վլ.Մանգասարյանը ընկերության և Վլ. Մանգասարյանին պատկանող «ՎՄԳ գրուպ» ՓԲԸ-ի միջև կնքված փոխառությունների և կատարողական ակտերի կեղծ գործարքներով «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ին ծանրաբեռնել են 801 մլն դրամի պարտավորությամբ, այն ապահովել ընկերության մնացած տարածքների գրավադրմամբ և ընկերությանը տարել սնանկության:

Էդմոնդ Խուդյանը 2010թ. նոյեմբերին ՊԵԿ-ի նախագահ Գ.Խաչատրյանին դիմում-հաղորդագրություն է ներկայացրել «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի տնօրեն Է.Եսայանի և Վլ. Մանգասարյանի կողմից ընկերության պատկանող միլիոնավոր դոլարների գույքը և դրամական միջոցները յուրացնելու, հարկեր վճարելուց խուսափելու մասին:

«Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ տնօրեն Էդուարդ Եսայանի կողմից նշված ընկերության համար կանխամտածված սնանկության հատկանիշներ ստեղծելու փաստի առթիվ 2011 թ. մայիսի 3-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի հետաքննության վարչությունը ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի հատկանիշներով հարուցել է թիվ 83159711 քրեական գործը, որը նախաքննություն կատարելու համար 2011 թ. մայիսի 3-ին ուղարկվել է, ըստ քննչական ենթակայության, ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչություն:

Քրեական գործի հարուցումից անցել է 1 տարի 6 ամիս: Այդ ժամանակաշրջանում սնանկության վարույթի շրջանակներում ընկերությանը պատկանող շուրջ 2000 քմ տարածքը նույնպես փաստացի հանձնվել է Վլ.Մանգասարյանին, սակայն պետությանը պատճառված ավելի քան 1 մլն դոլարին համարժեք վնասի մասով որևէ միջոց չի ձեռնարկվել, ինչի կապակցությամբ Էդմոնդ Խուդյանի անունից մի շարք դիմումներ են ուղղվել ՀՀ գլխավոր դատախազությանը: «Հետքը» գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին խնդրել էր պատասխանել հետեւյալ հարցերին.

  1. նշված քրեական գործով 1 տարի 6 ամիս քննությունից հետո կասկածյաներ, մեղադրյալներ, տուժողներ, քաղաքացիական հայցվորներ /այդ թվում`պետությունը/ կա՞ն, թե՞ ոչ: Եթե ոչ, ապա ինչ պատճառաբանությամբ:
  2. Քրեական գործի քննությունն ի՞նչ փուլում է, և ինչո՞ւ է այն ձգձգվում /2012թ. սեպտեմբերի 03-ին քննության ժամկետն արդեն 8-րդ անգամ կերկարացվի/: Եթե գործի քննությունը ձգձգվում է գործի հնարավոր բարդության պատճառաբանությամբ, ապա ինչո՞ւ 1 տարի առաջ քննչական խումբ չի կազմվել:
  3. Արդյոք ներկայացված հաղորդագրությունների և ՀՀ Ոստիկանությունից, ՀՀ ԿԱ ԱԱԾ-ից ստացված նյութերի հիման վրա «ՎՄԳ գրուպ» ՓԲԸ-ի ղեկավարի Վլ.Մանգասարյանի կողմից «փողերի լվացման», Վլ.Մանգասարյանի կողմից  «խարդախության», Է.Եսայանի կողմից «հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու», իրեն վստահված ընկերության գույքն ու  ֆինանսական միջոցները «յուրացնելու, վատնելու», հարկային տեսչության պետի կողմից «պաշտոնեական լիազորությունները չարաշահելու» փաստերով քննություն իրականացվո՞ւմ է, թե՞ ոչ:

Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը պատասխանել է հարցմանը.

«Ի պատասխան Ձեր գրության` հայտնում եմ, որ «Արին Կապիտալ» Ներդրումային ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Եսայանի կողմից կանխամտածված սնանկության հատկանիշներ ստեղծելու հետևանքով պետությանը խոշոր չափի վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացվում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիետի քննչական վարչությունում:

Դիտարկվող քրեական գործով դեռևս որևէ մեկը տուժող չի ճանաչվել և որպես մեղադրյալ չի ներգրավվել, այս կամ այն անձի դատավարական կարգավիճակի հարցը կքննարկվի և կլուծվի մի շարք քննչական և դատավարական գործողություններ կատարելուց և արդյունքում տարբեր անձանց արարքներին վերջնական օբյեկտիվ իրավական գնահատական տալուց հետո:

Քրեական գործը քննվում է քննչական խմբի կողմից, և քննությունը կատարվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածին համապատասխան` ձեռնարկելով օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար: Նշեմ, որ քրեական գործի քննության առարկա են դարձել նաև ՀՀ ոստիկանությունից և ՀՀ ԿԱ ԱԱԾ-ից ստացված նյութերը:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ 12.10.2012թ. կայացված որոշմամբ  նշանակվել է դատահաշվապահական, ֆինանսատնտեսագիտական, շինարարատեխնիկական և ապրանքագիտական համալիր փորձաքննություն:

Բացի այդ՝ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից տրվել է գրավոր ցուցում` մինչև փորձաքննության եզրակացության ստացումը կատարել քննչական և դատավարական համապատասխան գործողություններ: Մասնավորապես` մանրամասն լրացուցիչ հարցաքննել ինչպես ընկերության տնօրենին, այնպես էլ` գործի հետ առնչվող մյուս անձանց, հայտնաμերել և հարցաքննել պայմանագրեր կնքած քաղաքացիներին, կատարել առերեսումներ, հետևել, որպեսզի փորձաքննությունը կատարվի սեղմ ժամկետներում և եզրակացությունը ստանալուց հետո կատարել դրանից բխող քննչական և դատավարական անհրաժեշտ գործողություններ»:

Մեկնաբանություններ (2)

Լեռնիկ Հովհաննիսյան
Քրեական գործով կարծում եմ, որ մի քանի ամիս նորություններ չեն լինի, քանի որ նմանատիպ գործերով փորձաքննությունը գործի քննությունը ձգձգելու նպատակին է ծառայում: Ակնկալվող արդյունքի իմաստով` նախօրոք կարող եմ ասել, որ հերթական լիրիկական պատմությունն է հորինվելու, քանի որ միևնույն փորձագետն «Արին կապիտալ»-ի սնանկության գործով Խուդյանի հակառակ կողմի օգտին մի պատվիրված անհիմն «եզրակացություն» արդեն տվել է և եթե հիմա օրինական, հիմնավորված եզրակություն կազմի, ապա ինքն իրեն կհակասի:
hasmik
էդ ում են խաբում , ամերիկայի դեսպանին, վերջը լավ է լինի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter