Քրեական գործ՝ Բաղրամյանում առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնելու դեպքի առթիվ
Արմավիրի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ բաց բաժնետիրական ընկերության տնօրենի և Բաղրամյան համայնքի նախկին ղեկավարի կողմից պետական բյուջեից առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնելու դեպքի առթիվ:
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ և Արմավիրի մարզային վարչության աշխատակիցների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեռևս 2006թ. մայիսին ԲԲ ընկերության տնօրենը և համայնքի նախկին ղեկավարը գյուղապետարանի հաշվեկշռում գտնվող մանկապարտեզի մասնաշենքերից մեկը որպես ամբուլատորիա վերանորոգելու պատրվակով 4.2 մլն դրամ արժողությամբ կապիտալ վերանորոգման պայմանագիր են կնքել: Համայնքի նախկին ղեկավարը գյուղապետարանի բյուջեից դուրս է գրել նշված գումարը և փոխանցել հիշյալ ընկերության հաշվեհամարին:
Նախապատրաստված նյութերի համաձայն՝ որևէ աշխատանք չկատարելով՝ պաշտոնեական կեղծիքի եղանակով ընկերության տնօրենը և համայնքի նախկին ղեկավարը կազմել են աշխատանքների ընդունման-հանձնման արձանագրություն, իսկ կանխիկացված առանձնապես խոշոր չափերի 4.2 մլն դրամը՝ յուրացրել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժնին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել