ID քարտի բումը
Մեր երկրում միայն ժողովրդի նյարդերի ու առողջության քայքայումն է անվճար
Անցնող տարվա սկզբին` հարկային տարեկան հաշվետվությունների ներկայացման ժամանակ, իմանալով, որ կա էլեկտրոնային եղանակով հաշվետվությունները ներկայացնելու հնարավորություն՝ ինքս անձամբ ներկայացա համապատասխան հարկային ծառայություն և խնդրեցի, որ ինձ տան էլեկտրոնային ստորագրություն:
Պատասխանեցին, որ մեր կազմակերպության (հասարակական) նմաններին չեն տալիս, առայժմ միայն խոշոր հարկատուներն են պարտավոր հաշվետվությունները ներկայացնել էլեկտրոնային եղանակով և, բնականաբար, ձեռք բերել այդ էլեկտրոնային ստորագրությունը: Ասեմ, որ վերջինս արժեր, կարծեմ, 25 հազար դրամ:
Ինչքան խնդրեցի, փորձեցի համոզել, որ ես համաձայն եմ վճարել այդ գումարը, միայն թե այլևս չգնամ ոչ մի հարկային մարմին, անձամբ գործ չունենամ ոչ մի հարկային աշխատողի հետ, չստացվեց: «Չէ ու չէ, -ասացին:- Ձեր կազմակերպությունների հերթը դեռ մի 3 տարի հետո կլինի»:
Բայց արի ու տես, մեկ ամիս առաջ շուրջս խոսակցություններ պտտվեցին, թե հիմա բոլորը պետք է հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնեն:
Նորից գնացի այն նույն պաշտոնատար անձի մոտ, ում անցած անգամ խնդրում- համոզում էի: Հաստատեց, որ կարգը փոխվել է, և հիմա բոլոր կազմակերպությունները անխտիր պետք է միայն էլեկտրոնային կարգով աշխատեն:
Եվ ասաց, որ այս անգամ էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելն ԱՆՎՃԱՐ է, բայց հավելեց, որ այդ «ԱՆՎՃԱՐ»-ը մինչև ս.թ. նոյեմբերի 30-ն է լինելու:
Հերթական «անվճար»-ը, ինչը, ինչպես կյանքն է ցույց տվել ու տալիս, շատ թանկ է նստում ժողովրդի վրա:
Այդպիսի մի «անվճար» էլ, ավելի ստույգ` «ԱՆՀԱՏՈւՅՑ», օրինակ, «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքով էր նախատեսված: Խեղճ բռնադատվածներին իբրև թե անհատույց պետք է պետությունը հողամաս հատկացներ տուն կառուցելու համար գոնե իրենց նախկին բնակավայրերում: Բայց այդ «ԱՆՀԱՏՈւՅՑ»-ը հենց գնում հասնում էր ամենաառաջին պետական կառույցին (սկսած նոտարական գրասենյակից), որպեսզի սկսվեր ձևակերպման գործընթացը, տարեց մարդկանց համար աստղաբաշխական գումարների տեսք էր ստանում: Գումարային անհարմարություններին ավելանում էր նաև խաբված լինելու դառը զգացումը:
Հիմա էլ էլեկտրոնային ստորագրությունն է անվճար տրամադրվում, բայց… մինչև այդ ստորագրությունն ստանալը ՊԱՐՏԱՎՈՐ ես անցնել մեկ այլ գործընթաց ևս, որը հաստատ անվճար չէ: Դա էլ` դեռ հեչ, ծախսում էս լիքը ուրիշ բան` ժամանակ, քայքայում առողջությունդ, ու վերջում էլ հայտնի չէ` այդ ամենն իր նպատակին կհասցնի՞, թե՞ ոչ:
Էլեկտրոնային ստորագրություն ստանալու համար պետք է ունենաս «ID ՔԱՐՏ» այսինքն` ՀՀ տարածքում անձնագրին փոխարինող վկայական` անձի նույնականության վկայական: Այ այն արդեն ԳՈւՄԱՐ արժի` 3000 դրամ՝ գումարած մանր-մունր սպասարկման վճարները: Չհաշված անհաշիվ անգամ այնտեղ գնալ-գալու ծախսերը, կորսված ժամանակն ու նյարդերը:
Այ սա ստանալու համար երեկ գնացի անձնագրային բաժին և բախտակից դարձա այն 100-ավոր համաքաղաքացիներիս, ովքեր քանի օր է, կրակն են ընկել հերթական «Անվճար»-ի ձեռքին:
Մոտավորապես 40 հոգի, հավաքված նեղ տարածքում, աղմկում են, դժգոհում: Պարզվեց՝ առվոտյան ժամը 9-ից իրենց հերթին սպասողներ կան, դրանց ավելանում են նորերը, բայց առավոտվանից գոյացած հերթն առաջ չի գնում: Համակարգիչը չի գործում: Չէ` համակարգիչը գործում է, ԾՐԱԳԻՐ-ը չի գործում: Այն ծրագիրը, որով իբրև թե արագ-արագ պետք է քաղաքացիների համար ձևակերպեն այդ քարտերը, ներառյալ նկարը:
Պարզվեց՝ ծրագիրը չի գործում առավոտվանից:
Հավաքվածներին հարցնում եմ. «Իսկ ինչ են ասում: Ե՞րբ կաշխատի այդ ծրագիրը: Ի՞նչ անենք` սպասե՞նք, թե՞ գնանք»: Ասացին` չգիտեն: Հետո սկսեցին ցուցակագրել առավոտվանից սպասողներին, որ հաջորդ առավոտյան սկզբից միայն նրանց սպասարկեն: Ժամը 4-ից հետո եկողներին նույնիսկ չցուցակագրեցին: Հարցնում եմ` իսկ ինչո՞ւ չեք բողոքում: Պատասխանը հանրահայտ է` ո՞ւմ բողոքես: Կամ ի՞նչ կփոխվի դրանից: Եվ նույնիսկ չուզեցին սույն նյութի համար նկարահանվել: Երբ նկարում էի, տարածքից դուրս եկան:
Հոգնած, հիասթափված մարդիկ, ովքեր ամեն ինչից սկսել են զգուշանալ: Նրանցից ոմանք դեռ հոկտեմբերի կեսերից էին գնում-գալիս այդ քարտն ստանալու համար: Ոմանք նոյեմբերի սկզբին պետք է ստացած լինեին: Ասում եմ` բա ինչի՞ եք լռում: Պատասխանում են. «Էստեղ ի՞նչ, դուք գնացեք տեսեք` թե ինչ է կատարվում ՕՎԻՐ-ում»:
Որոշեցի ինքս ստանալ իմ հարցերի պատասխանը: Մոտեցա անձնագրային բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարին: Մանյա Ղուկասովա՝ հաճելի արտաքինով, բարեհամբույր, բարեկիրթ, շատ երիտասարդ կին: Հարցերիս սիրով պատասխանեց, բայց… հերթը մնաց էլի հերթ, ցուցակը թարմացվեց, իսկ հաջորդ օրվա 1-ին անգամ եկողների համար էլ նախատեսվեց անընդունելություն:
Իսկ որ ամենավատն էր, հայտնի չէ՝ այդ Ծրագիր կոչվածը վաղը կաշխատի՞, թե՞ ոչ: Նորից աղմուկ-աղաղակ: Լավ էր՝ ամենավերջում՝ ժամը 6-ին մոտ, երբ արդեն աշխատողները տուն պետք է գնային, կրկին բարի եղան և տվեցին հեռախոսահամար, որով կարելի էր իմանալ` արդյոք Ծրագիրն աշխատո՞ւմ է, թե՞ ոչ:
Ըստ տ-ն Ղուկասովայի՝ իրենք օրական 100 քաղաքացու են ընդունում, այդ քարտն էլ քաղաքացուն տալիս են տվյալ անձին համակարգչում գրանցելուց հետո 15 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ օրվա ընթացքում:
Իսկ Հարկայինում ինձ ասացին, որ այդ ԱՆՎՃԱՐ-ի ժամկետը մինչև սույն ամսի 30-ն է: Պատկերացնո՞ւմ եք մարդկանց վիճակը: Թողել են իրեն ամենօրյա գործերը, քանի օր է, գնում-գալիս են, իսկ այնտեղ պարզվում է` Ծրագիրն է խափանվել: Խափանումն էլ վերացնող մասնագետ Հայաստանում երևի շատ քիչ կա կամ էլ չկա:
Այսօր առավոտյան զանգեցի այն տված համարով, ասացին՝ խափանումը դեռ չի վերացված, օրվա 2-րդ կեսին կարգի կընկնի:
Ինչը նշանակում է, որ մի խումբ մարդիկ էլ այսօր կգան-կցուցակագրվեն հետո գալու համար: Ու էսպես մինչև ե՞րբ: Մինչև նոյեմբերի 30-ը շատ քիչ է մնացել, իսկ քարտը տալիս են 15 օրվա (աշխատանքային) ընթացքում: Այս օրերին, ըստ Ղուկասովայի, էլեկտրոնային ստորագրության «սիրահարների» թվին են ավելացել նաև դպրոցների ու նույնիսկ մանկապարտեզների ղեկավարները: Աշխատանքային օրը չի բավարարում անգամ հարցերին պատասխանելու համար: Կարծում եմ՝ նույն իրավիճակն էլ քաղաքի մյուս վարչական շրջանների անձնագրային բաժիններում է. չէ՞ որ ԾՐԱԳԻՐԸ համահանրապետական է:
Եվ բոլորն անխտիր ծախսում են իրենց նյարդերը, քայքայում առողջությունը, վատնում ժամանակը, ու այս բոլորն ԱՆՎՃԱՐ-ի անվան տակ:
Շատ թանկ է նստում այս «անվճար»-ը ժողովրդի (ներառյալ անձնագրային բաժինների աշխատողների) վրա: Հատկապես երբ «15 օր հետո»-ն… արդեն իսկ նոյեմբերի 30-ից անցնում է:
Ռուզաննա Ղազարյան
«Դալմա-Սոնա» հիմնադրամի ՀԽ նախագահ,
Էկոլոգիական դաշինքի անդամ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել