
Դատավորն ու իր ընտանիքի բոլոր անդամները նվիրատվություն են ստացել
Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը նույն դատարանում աշխատում է 1999թ.-ից: Ըստ 2011թ. գույքի ու եկամուտների հայտարարագրի՝ դատավորը տարեկան ստանում է 5 մլն 722 հազար 504 դրամ աշխատավարձ (ամսական մոտ 476 հազար 875 դրամ):
Բացի աշխատավարձից՝ Գագիկ Խանդանյանը նշված տարում ստացել է նաև 3 մլն 800 հազար դրամ նվիրատվություն: Նրա հաշվին եղել է 18 մլն 500 հազար դրամ (2011-ի տարեսկզբին՝ 16 մլն 500 հազար), ինչպես նաև 34 հազար դոլար (տարեսկզբին՝ 31 հազար դոլար):
Դատավորի կինը՝ Հռիփսիմե Գյամջյանը, ստացել է 3 մլն 80 հազար 255 դրամի եկամուտ, որից 2 մլն 400 հազար դրամը նվիրատվությունն է, իսկ մնացածը ստացած աշխատավարձն է:
Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա Գագիկ Խանդանյանի կինը ունեցել է 25 մլն դրամ (2011-ի տարեսկզբին՝ 24 մլն 800 հազար) և 24 հազար դոլար (տարեսկզբին՝ 23 հազար 800 դոլար):
Որդին՝ Ռաֆիկ Խանդանյանը, ստացել է մոտ 5 մլն 558 հազար դրամի եկամուտ, որից 2 մլն 500 հազար դրամը նվիրատվությունն է, իսկ մնացածը՝ երկու տարբեր աշխատավարձերը: Բացի եկամուտից՝ Ռաֆիկ Խանդանյանն իր հաշվին ունեցել է 17 մլն դրամ (2011-ի տարեսկզբին՝ 16 մլն դրամ) և 59 հազար դոլար (տարեսկզբին՝ 57 հազար դոլար):
Դատավորի դուստրը՝ Աշխեն Խանդանյանը, բացի ստացած 1 մլն 300 հազար դրամ նվիրատվությունից, այլ եկամուտ չի ստացել: Նրա հաշվին եղել են նաև 9 մլն դրամ (տարեսկզբին՝ 8 մլն 800 հազար), 11 հազար դոլար և 14 հազար 5 հարյուր եվրո:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել