HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրթության համակարգը դանայան տակառ է

Գումարները ինքնանպաակ են ծախսվում

Կրթության եւ գիտության համակարգերին պետբյուջեից այս տարի հատկացվել է ընդամենը 29 մլրդ 455 մլն դրամ: Մինչդեռ այդ համակարգերը տարբեր միջազգային կազմակերպություններից տարեկան միլիոնավոր դոլարներ են ստանում, որոնց ծախսման արդյունավետությունը նույնիսկ կրթական համակարգի պատասխանատուների համար է կասկածելի: ԿԳ նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո Լեւոն Մկրտչյանի առաջին հանձնարարականներից մեկը եղել է այս առնչությամբ: Նախարարը պահանջել է հաշվետվություն ներկայացնել համակարգին հատկացվող վարկերի, դրամաշնորհների, բարեգործական միջոցների մասին: Հաշվետվությունը կազմել է ԿԳՆևի կրթական ծրագրերի կենտրոնը, սակայն, ինչպես նշվում է դրանում, չի հաջողվել ամբողջական տվյալներ հավաքել, ինչը եւս վկայում է, թե որքան բարձիթողի է այս հարցը: ԿԳ նախարարի գնահատմամբ` նույնիսկ թռուցիկ հաշվետվությունը ցույց է տալիս, որ Հայաստանում տարբեր կազմակերպություններ իրականացնում են նույնանման ծրագրեր, իսկ ֆինանսական միջոցները հաճախ ինքնանպատակ են ծախսվում: Այսինքն` այդ ծրագրերի համակարգման անհրաժեշտություն կա, ինչի մասին առաջին նախարարը չէ, որ ասում է, սակայն գործը առաջ չի գնում: Մինչդեռ հարցին լուրջ մոտեցում ցուցաբերելու դեպքում կարելի է խուսափել մի անցանկալի երեւույթից եւս: Ըստ Լեւոն Մկրտչյանի. ՙՀայաստանի համար նախատեսված գումարների մի զգալի մասը ծախսվում է դրսում` տարբեր խորհրդատվությունների, նախապատրաստական փուլերի վրա: Ամենամոտավոր, դեռեւս ոչ ճշգրիտ հաշվարկներով, եթե մեկ տարվա ընթացքում Հայաստան է մտնում 10և11 մլն դոլար, ապա, այսպես ասած` առկա, կանխիկ ծախսվում է 3և4 միլիոնը միայն՚:

Հաշվետվության համահեղինակ, կրթական ծրագրերի կենտրոնի տնօրեն Կարինե Հարությունյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ կրթական համակարգում ծրագրեր իրականացնող կազմակերպությունները պայմանականորեն կարելի է երեք խմբի բաժանել: Այդ կազմակերպությունների մի մասը իր ծրագրերը պարտադիր համաձայնեցնում է ԿԳՆևի հետ, կնքվում են համապատասխան համաձայնագրեր եւ հաշվետվություն է ներկայացվում կատարված աշխատանքի մասին: Մյուս մասը տեղյակ է պահում իր կողմից իրականացվող ծրագրերի մասին, սակայն իրականացման ընթացքի մասին որեւէ տեղեկություններ չի հաղորդում: Իսկ մի խումբ էլ ոչ ԿԳՆևին է տեղեկացնում իր ծրագրերի մասին, ոչ էլ, առավել եւս, որեւէ հաշվետվություն է ներկայացնում դրանց մասին: ԿԳ նախարարին ներկայացված հաշվետվությանը կից եզրակացությունների եւ առաջարկությունների հավելվածում ասվում է, որ ներկայացված տեղեկությունները պարունակում են կրթական համակարգում իրականացվող ծրագրերի կեսը միայն: Այդ ծրագրերն իրականացնող կազմակերպություններից տվյալներ պահանջելիս հաշվետվության հեղինակները արձանագրել են, որ ոչ բոլորն են պատրաստակամ եղել տվյալներ տրամադրել: Ընդ որում` այդ կազմակերպություններին դիմելու անհրաժեշտություն է եղել, քանի որ ԿԳՆևի համապատասխան վարչությունները չեն տիրապետել տվյալների` այդ կազմակերպությունների եւ դրանց իրականացրած ծրագրերի զգալի մասի առնչությամբ: Ի դեպ, մենք դիմեցինք SOROSևի հայաստանյան ներկայացուցչությանը` կրթական համակարգում իրականացված ծրագրերի մասին տեղեկություններ ստանալու խնդրանքով, քանի որ տեղեկանքում այս կազմակերպության անվան դիմաց որոշ ծրագրերի դեպքում տվյալներ ներկայացված չեն: Թեեւ այս կազմակերպությունից տեղեկացրին, որ իրենք ամեն տարի հրատարակում են հաշվետվություն իրենց իրականացրած բոլոր ծրագրերի մասին, սակայն գրասենյակի տնօրեն Լարիսա Մինասյանը հրաժարվեց տեղեկություններ տրամադրել` պատճառաբանելով, թե ՙԱռավոտի՚ թղթակցին հարցազրույց չի տա, քանի որ դժգոհ էր թերթի հրապարակումներից: ԿԳ նախարարին ներկայացված եզրակացության մեջ ասվում է. ՙԿրթության ոլորտում գործում են մի շարք կազմակերպություններ, որոնց գործունեությունը ԿԳՆևի որեւէ ստորաբաժանման կողմից ներկայացված չէ: Օրինակ` SOROS, CRS, IREX, Project Harmony, OXFAM, UNOP, WFP, UNHCR եւ այլն: Տվյալ կազմակերպությունների գործունեությունը նախարարության հետ համաձայնեցված չէ: Հետեւաբար բացակայում է նաեւ ծրագրերի բովանդակային վերահսկողությունը եւ ոլորտում կրթական նույն ռազմավարությունը վարելու հնարավորությունը: Նշվում է նաեւ, որ որոշ ծրագրեր, մասնավորապես վերապատրաստման, կրկնում եւ նմանակում են իրար: Ըստ հաշվետվության, հեղինակների ՙԲոլոր կրթական աստիճաններում իրականացվող ծրագրերը հիմնականում ուղղված են մանկավարժական եւ ղեկավար կադրերի վերապատրաստումներին: Առ 01.12.2001թ. տարբեր ծրագրերով հատկացված 1 822 646 դոլարից վերապատրաստումների վրա ծախսվել է մոտ 1,234,929 դոլար (նշված գումարի մեջ մտնում է նաեւ ուսուցիչների վերապատրաստման համար ձեռնարկների ստեղծումն ու հրապարակումը): Վերապատրաստման դասընթացները հիմնականում ներառում են տարրական դպրոցի, ինչպես նաեւ քաղաքացիական կրթություն, կյանքի հմտություններ դասավանդող ուսուցիչներին՚: Ըստ հաշվետվության` որոշ կազմակերպություններ հրատարակում են նաեւ ուսումնական ձեռնարկներ` դրանց ստեղծման անհրաժեշտությունը չհամաձայնեցնելով ԿԳ նախարարության հետ. ՙՀանդես են բերում ինքնուրույն նախաձեռնություն` սեփական նախասիրությամբ ստեղծվում են դասագրքեր, ընտրվում են հեղինակներ, որոշ դեպքերում էլ պարզապես կրկնօրինակվում են այլ երկրներում գոյություն ունեցող նմանատիպ փորձերը: Նման իրավիճակները անհավասար պայմաններ են ստեղծում ոչ միայն հեղինակների, այլեւ պետական պարտադիր, սակայն մրցութային հիմունքներով տպագրված դասագրքերի համար՚:

Շատ ասում են` քիչ տալիս

Կազմակերպությունների, դրանց իրականացրած ծրագրերի եւ ծախսած գումարների մասին տեղեկանքն ամբողջական չէ: Տեղեկանքի հետգրությունում նշվում է, որ որոշ ծրագրերի արժեքները ճշգրտման կարիք ունեն, ցանկում ներառված չեն նաեւ այնպիսի կազմակերպությունները, որոնք իրականացնում են դպրոցական շենքերի վերանորոգման, գույքի համալրման, ինտերնետային կապի հաստատման եւ այլ ծրագրեր:

Թեեւ որոշ կազմակերպությունների անուններ այնուամենայնիվ նշված են: Մասնավորապես դպրոցական շենքերի կառուցման նպատակով Փախստականների հարցերով նորվեգական խորհուրդը տրամադրել եւ ծախսել է 72,857 ԱՄՆ դոլար: Ծրագրի արժեքով նախատեսված ողջ գումարը հատկացրել են Փախստականների հարցերով նորվեգական խորհուրդը, ՙԱրմենի վիլաժ՚ ֆրանսիական ընկերությունը: ՙՓրոջեքթ ընդ դիզայն՚ ՍՊԸ, ՙԿազա՚ շվեյցարական կազմակերպության ծրագրի արժեքը 215,000 ԱՄՆ դոլար է, սակայն, ըստ տեղեկանքի, հատկացվել է 5500 դոլար միայն: Որոշ դեպքերում (ՀՕՄևի, ՙԿազա՚ևի իրականացրած ծրագրերը) նշվում է միայն ծրագրերի արժեքը (համապատասխանաբար` 200 հազ. եւ 38,200 ԱՄՆ դոլար), սակայն չկա տվյալներ այն մասին, թե որքա՞ն գումար է հատկացվել: Հատուկ կրթության համակարգում ՄԱԿևի մանկական հիմնադրամի իրականացրած ծրագրի համար նախատեսված 2,550 դոլար եւ 653,000 դրամից եւս ոչինչ հատկացված չէ: Հաշվետվության հեղինակներից ճշտեցինք, որ այդ ծրագրերը հավանաբար դեռ ավարտված չեն, իսկ ֆինանսավորումը սովորաբար տրվում է ծրագրերի ավարտից հետո: Սակայն սա միայն ենթադրություն է, քանի որ կազմակերպությունների տրամադրած տեղեկություններից հստակ չի երեւում, թե ինչու հատկացված գումարի մի մասը, կամ, ընդհանրապես, ոչ մի լումա դեռ տրված չէ:

Կաթոլիկ օգնության ծառայությունը (CRS) դպրոցների վերանորոգման, ծնողների ուժերով ներքին հարդարման աշխատանքների կազմակերպման եւ սննդի տրամադրման նպատակով հատկացրել է 740,000 ԱՄՆ դոլար` թեեւ ծրագրի արժեքը 4,065,973 ԱՄՆ դոլար է: Համանման մեկ այլ ծրագրի արժեքը 376,480 ԱՄՆ դոլար է, իսկ հատկացվել է 332,480ևը: Ընդհանուր առմամբ` տեղեկանքում բերված բոլոր ծրագրերի ընդհանուր արժեքը 11,149,439 ԱՄՆ դոլար է, սակայն հատկացված գումարը 1, 822,646 դոլար է: Ու թեեւ նշվում է, որ այս թվերը մոտավոր են եւ վերջնականապես ճշտված չեն, որոշակի պատկերացում կարելի է կազմել, որ ծրագրի արժեքով նախատեսված գումարների մի մասն է միայն այստեղ` Հայաստանում ծախսվում: Երեխաների աջակցության համայնքային ծառայություններ հիմնելու Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության ծրագրի արժեքը նշվում է մոտ 573,000 դոլար, սակայն այդ գումարները տնօրինում է Ստոկհոլմի համալսարանը եւ թե ինչքան, որտեղ է ծախսվել` հայտնի չէ: Թեեւ Հայաստանում ծախսվող գումարների մասին տեղեկությունները եւս, ինչպես երեւում է, հստակ չեն եւ հաշվետվության հեղինակները եւս կարծում են, որ շատ ավելի մանրամասն ու խորացված ուսումնասիրություն է անհրաժեշտ համակարգի արտաբյուջետային ֆինանսավորման մասին քիչ թե շատ պատկերացում կազմելու համար:

Հատկապես տարատեսակ վերապատրաստման եւ խորհրդատվական ծրագրերում տեղում ծախսվող գումարի չափը շատ ավելի քիչ է: Տեղեկանքից սակայն պարզ չէ, թե ծրագրով նախատեսված գումարի որ մասն է ծախսվում խորհրդատվությունների, արտերկրի փորձագետներին եւ մասնագետներին աշխատավարձ վճարելու համար: ՄԱԿևի մանկական հիմնադրամը մանկապարտեզների դաստիարակների, տնօրենների եւ ծնողների վերապատրաստման համար տրամադրել է 40,458, իսկ World Visionևը` նախադպրոցակրթական համակարգում հատուկ կարիքներով երեխաների ինտեգրացված ուսուցման կազմակերպման համար` 83,427 ԱՄՆ դոլար: Բաց հասարակության ինստիտուտի (SOROS) եւ ՙՔայլ առ քայլ՚ բարեգործական հիմնադրամի նախադպրոցական հիմնարկների դաստիարակների վերապատրաստման ծրագրի ֆինանսավորման մասին տեղեկություններ տեղեկանքում չկան: Իսկ տարրական կրթության ոլորտում այդ նույն ծրագրի արժեքը 40,000 դոլար է: Տարրական դասարանների ուսուցիչների վերապատրաստման նպատակով Միջազգային հետազոտությունների եւ փոխանակումների խորհուրդը հատկացրել է 153,000 դոլար: ՙԿյանքի հմտություններ՚ առարկան 1և7ևրդ դասարաններում ներդնելու նպատակով ՄԱԿևի մանկական հիմնադրամը հատկացրել է 117,224 դոլար, բայց ծրագրի արժեքը` 271,379 ԱՄՆ դոլար է: Հատուկ կրթության համակարգում ՙԱռաքելություն Արեւելք՚ (Դանիա) կազմակերպության իրականացրած ծրագրի արժեքը 70,000 դոլար է, որից հատկացվել է 50,000 դոլար: Մասնագիտական կրթության բնագավառում Տենիկական համագործակցության գերմանական ընկերության (GTZ) իրականացված ծրագրի արժեքը նշված է 681,618 դոլար, բայց հատկացվել է միայն 4,625 դոլար:

Գիտական գրանտները գաղտնիք են 

Որեւէ տվյալ չկա բարձրագույն կրթության ոլորտում TEMPUSևի եւ TACISևի իրականացրած ծրագրերի արժեքի եւ հատկացված գումարների մասին: Ընդհանրապես բարձրագույն կրթության եւ գիտության համակարգերում տրվող դրամաշնորհների արժեքները հաճախ գաղտնիք են, որ հասու են միայն ծրագիրն իրականացնող գիտնականների խմբին եւ ֆինանսավորողին: Իսկ ԿԳՆևն բացարձակ որեւէ տեղեկություն չունի այն մասին, թե որքան գումար է մտնում համակարգ այդ ճանապարհով, քանի որ նման ծրագրերը ԿԳՆևն չի համակարգում եւ որեւէ մասնակցություն, վերահսկողության լծակներ չունի: Բացի այդ, գիտական համակարգը առայսօր կառավարվում է համարյա թե խորհրդային տարիների մեթոդներով ու հոգեբանությամբ, ինչը եւս խոչընդոտում է գումարների արդյունավետ ծախսմանը: Վերջերս ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը ԳԱԱ տարեկան հաշվետու ժողովում նկատեց, որ կառավարման ներկա պայմաններում ԳԱԱ համակարգը նման է դանայան տակառի: Այն տարեկան միլիոնավոր դոլարներ է ստանում տարատեսակ միջազգային դոնոր կազմակերպություններից, սակայն վատ ֆինանսավորումը այս համակարգի գլխավոր բողոքներից է: Միայն միջազգային գիտատեխնիկական կենտրոնից մեր գիտնականները ստացել են 14,131,000 հազար դոլար, որից ԳԱԱևն` 3 մլն 882 հազար:

Ոչ միայն գիտական, այլեւ կրթական ողջ համակարգն է այսօր նման դանայան տակառի, քանի որ այս համակարգում եւս այդ ծրագրերը համակարգված չեն, երբեմն համահունչ չեն կրթական պետական ծրագրերին, կրկնում են իրար եւ հաճախ ծախսված գումարը ամենեւին համարժեք չէ ծրագրի արդյունավետությանը: Ուսուցիչների համար անցկացվող բազմաթիվ սեմինարները` հիմնականում մանկավարժության նոր մեթոդների մասին, հաճախ անարդյունավետ են, քանի որ չեն համընկնում պետության կողմից հաստատված կրթական ծրագրերի, ուսումնական պլանների եւ համակարգում տարվող կրթական քաղաքականության հետ: Ծաղկաձորում անցկացվող նման սեմինարներից մեկի ժամանակ ուսուցիչներից եւ դպրոցների տնօրեններից հետաքրքրվեցինք` կնախընտրեի՞ն, որ այդ սեմինարների վրա ծախսվող գումարները խնայեվեին եւ որպես աշխատավարձի հավելավճար բաժանեին ուսուցիչներին: Թերեւս տարօրինակ թվա, բայց պատասխանները հիմնականում բացասական էին. պարզվում է, մանկավարժության ժամանակակից մեթոդներին, մանկավարժության համաշխարհային նորույթներին ծանոթանալու շատ քիչ հնարավորություն ունեցող ուսուցիչները նույնքան պահանջ ունեն նման սեմինարների, որքան` բարձր աշխատավարձի: Այնպես որ, այդ ծրագրերի օգտակարությունը չժխտելով` հարկավոր է դրանց համակարգման եւ արդյունավետության մեծացման ուղղությամբ մտածել:

Տեղեկագրին կից` հավելվածում ներկայացվում են հաշվետվության հեղինակների առաջարկները` միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը կարգավորելու ուղղությամբ: Դրանք հետեւյալն են.

1. Մշակել ԿԳՆևի հետ միջազգային, արտասահմանյան, այդ թվում նաեւ հասարակական եւ բարեգործական կազմակերպությունների աշխատանքների կանոնակարգ:

2. Ուղղորդված նամակներ հղել կրթության ոլորտում ծրագրեր իրականացնող կազմակերպություններին, մարզպետարաններին, ուսումնական հաստատություններին` ՀՀ ԿԳՆևի հետ համաձայնեցնել իրականացվող ծրագրերը եւ ամրագրել համապատասխան փաստաթղթերով (օրինակ` հուշագրով, պայմանագրով եւ այլն):

3. Միջազգային, արտասահմանյան, այդ թվում նաեւ հասարակական եւ բարեգործական կազմակերպությունների գործունեության հետ կապված բոլոր փաստաթղթերը (օրինակ` հուշագրերը, պայմանագրերը, ծրագրերի նկարագրությունները, հաշվետվությունները եւ այլն) կենտրոնացնել ՀՀ ԿԳՆ մեկ ստորաբաժանումում:

4. Բոլոր կազմակերպությունների համար հստակ սահմանել դասագրքերի, ուսումնական ձեռնարկների ստեղծման միակ ընդունելի ձեւ` մրցութային, իսկ տարբեր ծրագրերով հատկացվող գումարներն օգտագործել ոչ թե նախնական փուլում դասագրքերի ստեղծման, այլ մրցույթով հաստատված դասագրքերի հրատարակման համար: Դոնոր կազմակերպությունները կարող են մասնակցել իրենց կողմից դասագրքի նկատմամբ դրվող պահանջների եւ գնահատման չափանիշների մշակմանը, գնահատման գործընթացին, ուսուցիչների վերապատրաստմանը՚: ԿԳՆևում այժմ մեխանիզմներ են մշակվում միջազգային ծրագրերի համակարգումը իրականացնելու համար եւ առայժմ դժվար է ասել, թե այս առաջարկներից որոնք կընդունվեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter