«Մարդավարի ընտրությունների» կոչ անող հոլովակը հաղթել է Սոցիալական գովազդի վիրտուալ փառատոնում
Այսօր կայացավ Սոցիալական գովազդի վիրտուալ փառատոնի ամփոփիչ միջոցառումը, որի ընթացքում հայտարարվեց փառատոնի շրջանակում իրականացված մրցույթի հաղթողը:
«Կանաչաստան» ՀԿ-ի, Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիայի և Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի համատեղ նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ կազմակերպված փառատոնի հաղթող է ճանաչվել ArmComedy ստեղծագործական թիմի կողմից ներկայացված «Գիշերային ձայնավաճառ» հոլովակը: Փառատոնն իրականացվում է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակում:
«Հոլովակն ուղղված է պայքարել ընտրությունների ընթացքում ձայների գնման երևույթի դեմ: Այս հոլովակով փորձում էինք ցույց տալ, որ ընտրություններին գումար վերցնելով՝ մարդը կորցնում է քաղաքացի կոչվելու իրավունքը և շատ ու շատ այլ մարդկային հատկություններ»,- նշում են հեղինակներ Նարեկ Մարգարյանը և Սերգեյ Սարգսյանը:
Մրցույթին ներկայացված 20 աշխատանքից պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից հաղթող ճանաչված այս հոլովակը «Երկիր մեդիա» հեռուստաընկերության հետ համագործակցության շնորհիվ կհեռարձակվի եթեր:
«Սոցիալական գովազդի վիրտուալ փառատոնը նպատակ ունի նպաստել որակյալ սոցիալական գովազդի մշակույթի ձևավորմանը և երիտասարդ մասնագետների ու քաղաքացիական ակտիվիստների հմտությունների զարգացմանը»,- ասաց «Կանաչաստան» ՀԿ տնօրեն Տիգրան Ճորոխյանը:
Փառատոնի շրջանակում սեպտեմբերի 10-15-ը ոլորտի առաջատար մասնագետներն անցկացրել են նաև անվճար դասընթացներ սոցիալական գովազդով հետաքրքրվող ավելի քան 50 մասնակցի համար: Դասընթացի ավարտին մասնակիցները մշակել են սցենարներ, որոնց նկարահանման համար ցանկության դեպքում իրենց տրամադրվել է սարքավորում և մասնագիտական խորհրդատվություն: Շատերն իրենց դեբյուտային աշխատանքները ներկայացրել են մրցույթին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել