HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ինչու Հայաստանում ընդդիմությունը երբեք չի հաղթում-2

Սկիզբը

Հանրային պահանջների նկատմամբ անհամարժեքությունը

Քաղաքականությունը ժամանակին զուգընթաց սկսեց օտարվել իր ամենակարևոր սուբյեկտից` հասարակությունից, քաղաքացուց և նրանց կարիքներից: «Ամենահաղթ» իշխանության համար, որը օլիգարխիայի վրա հենվելով բացառապես վերարտադրման խնդիր է լուծում, հանրային պահանջները երբեք չեն կարող ելակետային լինել` այն պարզ պատճառով, որ օլիգարխիայի և հասարակության շահերը չեն կարող որևէ կետում համատեղվել:

Բայց իրողությունն այն է, որ ժամանակի ընթացքում ընդդիմությունները ևս օտարվեցին հանրային պահանջներից ու շահերից: Վերջիններս առավելագույնը սկսեցին ընկալվել միայն որպես նեղ անձնական, խմբակային քաղաքական հետաքրքրությունները, պահանջները բավարարելու գործիքներ, որոնք մաշվելուց, անպետք դառնալուց հետո ուղղակի դեն են նետվում:

Հանրային կարիքները չեն դառնում ընդդիմության գործողությունների շարժիչը, էպիկենտրոնը: Եվ սա հասարակությունն զգում է իր յուրաքանչյուր բջիջով: Խաղը միշտ եղել է ոչ թե հանրային հետաքրքրությունների շուրջ, այլ միայն իշխանության և ընդդիմադիր ուժերի միջև՝ գրեթե միշտ հասարակության հաշվին կայացած գործարքների տեսքով: Հանրային վստահությունը գրեթե երբեք քաղաքական դաշտի խաղացողները չեն ընկալել որպես անփոխարինելի կապիտալ, արժեք: Հասարակությանը միշտ վերապահվել է այս կամ այն չափով ակտիվ կամ պասիվ հանդիսատեսի դերը:

Իսկ հանդիսատեսը երկար չի կարողանում մնալ այն ներկայացումներին, որոնց հետ կապված չէ ոչ ֆիզիկապես, ոչ հոգեպես ու ոչ էլ բարոյապես: Երբ սկսում է ձանձրանալ, նա պարզապես հեռանում է դահլիճից: Ընդ որում` ձանձրանում է ոչ թե ներկայացման գործողությունների, ինտրիգների բացակայությունից, այլ դրանց միօրինակությունից ու անվերջ կրկնություններից: Հասարակության համար այդ ներկայացումներն այնքան կանխատեսելի են դարձել, որ նա արդեն անգիր գիտի` ինչը երբ, որ պարագայում ու ինչպես է լինելու:

Երբ արմատական ընդդիմադիր որոշ ԱԺՄ-ականներ սկսեցին պաշտոններ ստանալ իրենց կողմից քննդատվող ռեժիմի մի մասի օգնությամբ իշխանության եկած Ռոբերտ Քոչարյանի` նախագահ դառնալուց անմիջապես հետո, հասարակությունն ըմբռնեց, որ ամեն ինչ հարաբերական է նաև սկզբունքայնության հարցում: Եվ երբ նախկինում հաճախորդ հորջորջվող ընդդիմադիրների տեսակը ՀՀԿ-ի քվոտայով պատգամավորական մանդատներ ստացավ, հանրության համար արդեն զարմանալի չէր:

2011-ին Տեր-Պետրոսյանը իշխանության առջև պարտադիր կատարման ենթակա 12 կետանոց պահանջներ դրեց, որոնք բխում էին առավելաբար հասարակական ու քաղաքացիական իրավական ու սոցիալական կարիքներից: Բայց դրանից անմիջապես հետո նա առանձնացրեց այդ պահանջներից միայն այն երեքը, որոնք բխում էին առավելաբար ՀԱԿ-ի, քան հասարակության շահերից: Եվ իշխանությունը կատարեց դրանք` ազատ արձակելով քաղբանտարկյալներին, ընդդիմությանը հանձնելով Ազատության հրապարակը և մարտի 1-ի գործի շրջանականերում նախաքննությունը վերականգնելու հրահանգի իմիտացիա անելով:

Արդյունքը եղավ այն, որ դրանից հետո ՀԱԿ-ն այլև չգիտեր և հիմա առավելևս ճգիտի` ինչպես համոզել իր շարքերին ու համախոհ զանգվածներին դուրս գալ Ազատության հրապարակ անժամկետ հանրահավաքի: Իրավիճակը դարձավ ծիծաղելի, երբ այդ նույն արմատական ընդդիմությունը երկխոսության մեջ մտավ նախ իշխանության, հիմա էլ արդեն այդ իշխանության մի ոչ ֆորմալ մասի` ԲՀԿ-ի հետ:

Եվ հիմա ընդդիմադիր քաղաքական ուժերը, այս սխալը վերանայելու, սրբագրելու փոխարեն, շարունակաբար «բստրում են» հասարակության անունը շահարկելուն ուղղված նոր գաղափարներ: Ընդդիմությունն ընտրությունից ընտրություն է հիշում համամասնական ընտրակարգի, խորհրդարանական կառավարման համակարգի, ինչպես նաև ընտրակեղծիքների դեմ ինստիտուցիոնալ պայքար մղելու գաղափարների շուրջ կոնսոլիդացվելու անհրաժշտության մասին:

Դրանք ընդդիմությունից հանրության իրական ակնկալիքների հետ ուղղակի որևէ կապ չունեն, որովհետև ընդդիմությունը չի կարողանում բացատրել, թե ինչով ու ինչպես է կառավարման համակարգի փոփոխությունը բերելու դատական իշխանության անկախության, ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելուն, օլիգարխներին, արտոնյալներին, ստվերային տնտեսությունը հարկային դաշտ բերելուն, Հայաստանի ինքնիշխանության վերականգնմանը, արտագաղթի կասեցմանը, իշխանության նկատմամբ հանրային վսահության վերականգնմանը, կուսակցություններում ներքին ժողովրդավարական արժեքների արմատավորմանը և նման հազար ու մի բանի:

Եվ հասարակությունը սկսում է այդ ամենը գնահատել որպես իշխանությունների հետ հերթական գործարքներն սկսելու առաջարկ-մանևրներ, առնվազն ընդդիմադիր վարքագիծ դրսևորելու իմիտացիա, արհեստականություն և այլն: Գնահատելով այդպես` հանրությունը չի ուզում նորից գործիք դառնալ` համոզվելով, որ նախապատվությունը ուժեղի թիմին տալը ճիշտ կամ չարյաց փոքրագույն տարբերակն է, որից գոնե նյութական ակնկալիքի բավարարման շանս ունի: Բավականաչափ ազնվություն ու պատասխանատվության գիտակցում ունեցողներն էլ ինքնաբերաբար մղվում են ինքնամեկուսացման: Քանի դեռ ընդդիմությունը հանրության վստահությունն իր ամենակարևոր ռեսուրսը չի դարձրել, այն չի կարող հանրային աջակցության հույս ունենալ:

Պատասխանատվությունից խուսափելու համախտանիշը

Անպատասխանատու են բոլորը` միջին հայաստանյան իշխանավորը, միջին ընդդիմադիր քաղաքական ուժը, միջին քաղաքացին: Իշխանությունն ինքն իրեն ոչ թե երկրի, ժողովրդի ճակատագրի պատասխանատու է համարում, այլ լավ ու վատ տերը, որն իր հպատակներին մատուցվող ծառայությունն ընկալում ու մատուցում է որպես արվող շնորհ: Ընդդիմադիր ուժերն իրենց ոչ թե պատասխանատու են համարում այլընտրանքայնության և բազմակարծության համար, այլ միայն իրական կամ պոտենցիալ հալածյալի տեղ են դնում: Նրանցից շատերը ոչ թե քաղաքականություն են վարում կամ գոնե խաղում, այլ պարզապես առևտուր են անում բաց ու թափանցիկ:

Քաղաքացին իրեն ոչ թե պատասխանատու է համարում իր ձևավորած կամ չձևավորած իշխանության, հասարակական աղտոտված հարաբերությունների, կեղծ արժեքներով սնվելու և սերունդ դաստիարակելու համար, այլ իր առաքելությունը տեսնում է միայն այդ ամենի համար շրջապատին փնովելու և դրանից հոգեպես ինքնաբավարարվելու մեջ: Նա հակված է խնդիրը տեսնել բոլորի մեջ, բայց ոչ սեփական անձի և սեփական մտածողության ու գիտակցության: Սա համատարած երևույթ է, յուրօրինակ մի համաճարակ:

Այդ անպատասխանատվությունը հանգեցնում է սեփական սխալները չգիտակցելու հիվանդության: Նրանք, ովքեր ինչ-որ պահի ինչ-որ բանի համար եղել են պատասխանատու, երբեք չեն կարողանում ընդունել, որ կարող են որևէ հարցում, որևէ պահի սխալված, սայթաքած լինել:

Տեր-Պետրոսյանն այդպես էլ չընդունեց, որ իշխանությունը քաղաքական նկատառումներով էր կուսակցություն, առավելևս լրատվամիջոցներ փակում, որ միգուցե սխալ էր սեփականաշնորհման այն ծայրահեղ լիբերալիզմը, որը հանգեցրել է գյուղատնտեսության ու արդյունաբերության կազմալուծմանը, մոնոպոլիզացմանը, որ սխալ է սեփական քաղաքացուն ներշնչել հարևանից պարտք վերցնելով յոլա գնալ:

Վարդան Օսկանյանն այսօր չի ընդունում, որ ներկայիս տնտեսական քաղաքականությունը, ԼՂ հարցում մադրիդյան այս գործընթացի մեջ մտնելն այն իշխանության և Կառավարության վարած քաղաքականության հետևանքն է, որի մաս և որի համապատասխանատու է եղել ինքը: Չի ընդունում, որ 2008-ի մարտի 1-ին կարող էր թեկուզ տեսականորեն սխալված լինել:

Ներկայում ընդդիմադիր դաշտում ինքնադրսևորվող նախկին քաղաքապետներից, նախարարներից, առհասարակ պաշտոնատար անձնանցից և ոչ մեկը չի ընդունում, որ անօրինական շատ որոշումներ կայացվել են հենց իր պաշտոնավարման տարիներին և հենց իր կողմից:

Բոլորը նախընտրում են միմիայն արդարացնել իրենց քայլերը, պատմության այն շրջափուլը, որի ընթացքում որևէ պաշտոնական, ֆորմալ դերակատարություն են ունեցել: Անսխալականության այս համախտանիշը, քննադատված լինելու հանդեպ ուղղակի հիվանդագին, անբնական վախը համառորեն թույլ չեն տալիս հասկանալ, որ սխալվելը ոչ միայն մարդկային, այլև քաղաքական կատեգորիա է, և որ սխալների մասին չխոսելով՝ դրանք և դրանց պատճառները հնարավոր չէ վերացնել:

Արդյունքում նույն սխալներն անընդհատ կրկնվում ու կրկնվում են: Արդյունքում հայտնվել ենք մի անհասկանալի շրջապտույտի մեջ, որտեղից ոչ մի կերպ դուրս գալ չենք կարողանում, որտեղ հնարավոր չէ որոշել` որն է սկիզբը, և որն է լինելու ավարտը: Իսկ նման դեպքում ամենահեշտ տարբերակն, իհարկե, դիմացինին այնքան բարձր ու համոզիչ քննադատելը, հայհոյելը, մեղադրելն է, իրավիճակն այն աստիճան բարոյալքելը, որ սեփական մերկությունդ ոչ ոք չնկատի:

Ողջ աբսուրդն այն է, որ մերկ են բոլորը, և այդ մերկությունից ոչ ոք իրեն վատ չի զգում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter