
Վերգետնյա զուգարան՝ Վանաձորում
Վանաձորում` Կանցոյի աղբյուրի մոտ, հենց Փամբակ գետի վրա, տեղացիները զուգարան են սարքել: «Սարքել» ասվածը գուցե ուռճացված է, այդուհանդերձ, բետոնե կոկիկ աստիճանները հուշում են, որ գետի վրա զուգարան տեղադրողներն ամեն ինչ արել են, որ տարածքը կոկիկ տեսք ունենա, «չփչացնի» այստեղ եկողների ժամանցը:
Փամբակ գետի այդ հատվածում` անմիջապես զուգարանի հարեւանությամբ, ինչպես տեղացիներն են ասում, Կանցոյի աղբյուրն է, որտեղ ժողովրդական լեզվով ասած՝ «բիսետկա» կա, խորոված սարքելու հարմարություններ ու նաեւ աղբյուր:
Մարդիկ հաճախ են այստեղ գալիս որեւէ առիթով ուտել-խմելու, իսկ տարածքի էսթետիկական տեսքը պահելու հարցում վերգետյա զուգարանը, անշուշտ, մեծ «նշանակություն» ունի` բոլոր առումներով:
Զուգարանի հենց դիմաց բնակելի տներ են, իսկ ավելի ներքեւ արդեն առանձնատներն են, որտեղ տեղացիներից շատերի խոսքերով՝ ամռանը նույնիսկ լողում են, գետի ջուրն` օգտագործում կենցաղում:
«Դե, բա որտեղ սարքեին, հրեն, կարգին զուգարան ա, բնական ջուրն էլ կա, ամեն ինչն էլ կա, ի՞նչ վատ ա, այ բալա»,-ասում է տարեց մի վանաձորցի՝ զարմանալով, թե մի լավ բան են արել՝ զուգարան են սարքել, դեռ մի բան էլ «քաղաքիցը մարդ ա եկել, զարմանըմ ա»:
Գիտե՞ն արդյոք Վանաձորի քաղաքապետարանում գետի վրա «կառուցված» զուգարանի մասին: Փորձեցինք պարզել Վանաձորի քաղաքապետարանից:
«Դա որ մեր տարածքը լիներ, ես կիմանայի, դա հաստատ մեր տարածքը չէ»,- սկզբում պնդեց Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնի պետի տեղակալ Արշավիր Ղուկասյանը: Զուգարանի գտնվելու վայրի մասին ավելի հանգամանալից իմանալուց հետո, այնուամենայնիվ, ասաց՝ տարածքը պատկանում է Վանաձոր քաղաքին:
«Ամեն դեպքում, այդ տարածքում նման բան կառուցելու համար թույլտվություն չի եղել քաղաքապետարանի կողմից, եթե լիներ, ես հաստատ կիմանայի»,- ասաց Ա. Ղուկասյանը:
Այժմ գիտեն, ի՞նչ են պատրաստվում անել: Հարցին Ա. Ղուկասյանը պատասխանեց՝ պետք է ուսումնասիրել, հասկանալ՝ որքանո՞վ է այն հակասում բնապահպանական, սանիտարական նորմերին, եւ հետո նոր տվյալ կառույցի վերաբերյալ կկայացվի որոշում:
Ա. Ղուկասյանը չբացառեց նաեւ, որ քաղաքում նման բաներ էլի կան, սակայն կոնկրետ այս զուգարանի մասին ոչինչ ասել ներկա պահին չեն կարող:
Չի՞ ազդում արդյոք զուգարանի գոյությունը քաղաքի բարեկարգության վրա, եւ արդյոք այն չի՞ հակասում սանիտարական նորմերին: Վանաձորի քաղաքապետարանում դարձյալ պատասխան չունեին:
Կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետի տեղակալ Անահիտ Իշխանյանի խոսքերով՝ իրենք նույնպես տեղյակ չեն, որ Կանցոյի աղբյուրի մոտ՝ գետի վրա, զուգարան կա: Այդուհանդերձ, նրա խոսքերով՝ իրենց բաժինը չի զբաղվում նման հարցերով. «Մենք զբաղվում ենք ասֆալտապատ տարածքների, փողոցների բարեկարգությամբ, դա մեր ենթակայության տակ չէ»,- ասաց նա:
Արդյոք նման զուգարաններ շա՞տ կան Վանաձորում, եւ ինչ է լինելու, այնուամենայնիվ, այս «բացահայտված» զուգարանի հետ, դժվար է ասել, սակայն եթե այս մեկի գոյությունն անտեսենք, ապա չի բացառվում, որ հետագայում նույն Փամբակ գետի երկարությամբ զուգարաններն այնքան շատանան, որ գետն ուղղակի մի մեծ կողուղի դառնա:
Մեկնաբանություններ (11)
Մեկնաբանել