
Տեսախցիկը «մահացու» զենք է կարգազանց ոստիկանի դեմ
Օրերս հայկական համացանցում քննարկման հիմնական թեմաներից մեկը Ճանապարհային ոստիկանությունն է, իսկ ավելի կոնկրետ, երթևեկության կաննոները խախտած և քաղաքացիների հետ շփվելու էթիկայի կաննոնները անտեսած երկու տեսուչներ, ում արարքը արձանագրել էր Ձեր խոնարհ ծառայի տեսախցիկը:
Տեսանյութը դիտեց ավելի քան 60 հազար մարդ, դրա տակ շուրջ 20 էջ մեկնաբանություն թողեցին, հարցին անդրադարձան համարյա բոլոր հայրենական լրատվամիջոցները, Վլադիմիր Գասպարյանը օրինախախտ ոստիկաններին գործից հեռացրեց: Ոստիկաններից մեկի «Լրիվ դու ոնց-որ խառնում ես սաղ» արտահայտությունն էլ դարձավ սոցիալական ցանցերի ամենապոպուլյար մեջբերումը:
Թեև տեսահոլովակի հրապարակմանը հաջորդած ահռելի ռեզոնանսի չափսերը անսպասելի էին բոլորի համար (անձամբ ես սպասում էի 2-3 հազար դիտում), այն, որ ոստիկանները այս արարքի համար շատ խստորեն կպատժվեն, պարզ դարձավ միջադեպից անմիջապես հետո, քանի որ ՀՀ ոստիկանությունը միջոցներ չի խնայում իր շուրջ ձևավորված հանրային կարծիքը փոխելու ուղղությամբ:
Համոզված եմ, որ ընթերցողը նկատել է, որ ոստիկանությունում բարեփոխումները հիմնականում ընթանում են քաղաքացիների հետ առավել շատ շփում ունեցող ստորաբաժանումներում: Մասնավորապես, բարեփոխումները զգալի են Ճանապարհային ոստիկանությունում (համարները չեն հանվում, երեկոյան ժամերին փարոսները միացված են, մեքենաների գրանցումն ու վարորդական իրավունքի վկայականի ստացումը հեշտացվել է, և այլն), անձնագրային ծառայություններում, ինչպես նաև պարեկային ծառայությունում, որտեղ նույնիսկ օտար լեզուների իմացությամբ աղջիկ-ոստիկաններով ստորաբաժանում ստեղծվեց):
Այս բարեփոխումներին մենք հետագայում դեռ կանրադառնանք, սակայն արդեն կարելի է հստակ եզրակացնել, որ հանրային կարծիքը իրոք շատ կարևոր է ոստիկանության ղեկավարության համար (առավել ևս` նախընտրական այս շրջանում):
Իհարկե, ցանկալի կլիներ, որ բարեփոխումները հասնեին նաև քրեական հետախուզման և քննչական մարմիններին, բայց առայժմ քննարկենք այն, թե ինչպե՞ս կարելի է պետության շահերին ծառայեցնել եղած բարեփոխումների արդյունքում երևան եկած նոր հանրային լծակները, ավելի ճիշտ` լծակը:
Տեսախցիկներն ու ոստիկանները
Խորհրդարանական ընտրությունների նախօրեին Հալաբյան փողոցի վրա (ՀՀԿ տարածքային շտաբի մոտ) ամեն երեկո հավաքվում էին գեղեցիկ համարներով բազմաթիվ մեքենաներ, որոնք, խախտելով ՃԵԿ կանոնները, կանգնում էին մի քանի շարքով` դրանով իսկ խանգարելով երթևեկությանը:
Երբ մեքենաների կուտակման մասին հայտնեցինք ոստիկանություն, կես ժամ հետո եկած ՃՈ մեքենան, տեսնելով, որ խոսքը ՀՀԿ մեքենաների մասին է, պտտվեց ու ետ գնաց: Սակայն երբ կրկին զանգեցինք ոստիկանություն և հայտնեցինք, որ ՃՈ մեքենայի գալ-անտեսել-գնալը նկարել ենք, րոպեներ անց վրա հասան պարեկային ծառայության և ՃՈ մեքենաներ և վարկյանների ընթացքում հանեցին օրենքի խախտմամբ կայանված Հանրապետականների մեքենաները:
Տեսանյությում` ՀՀԿ շտաբի մոտ կուտակված մեքենաների դեմ հաղթական պայքարը
Իսկ հիմա ընթերցողին առաջարկում եմ մի պահ պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե իմ և ՃՈ տեսուչների միջև օրեր առաջ տեղի ունեցած հայտնի միջադեպը նկարահանված չլիներ… Տեսարանը բավականին միարժեք է` աղմուկ չէր բարձրանա, օրինախախտ ոստիկաններն էլ կշարունակեին ծառայել:
Այսինքն, ակնհայտ է, որ երկու դեպքերում էլ հարցի հրապարակայնացումը հանգեցրեց արդարության և օրինականության հաղթանակին: Իսկ հրապարակայնությունն ապահովելը շատ հեշտ է, դրա համար ընդամենը պետք է տեսախցիկ, որը, այս կամ այն տեսքով, ունենք համարյա բոլորս:
Հաճախ կարդում/լսում ենք ոստիկանության կողմից տարբեր խախտումների մասին ահազանգող քաղաքացիների պատմություններ, սակայն, որպես կանոն, ոստիկանությունը հերքում է դրանք: Սակայն, այն դեպքերում, երբ խախտումը ակնհայտ է, ոստիկանությունը, որպես կանոն, չի հերքում այն և մեղավորները պատժվում են:
Եվ իրոք, ոստիկանության ղեկավարությանը բացարձակապես պետք չէ հասարակության աչքերում կիսել իրավախախտում գործած շարքային ոստիկանի մեղքը (երբ այդ մեղքը արդեն անվիճելի է և ակնհայտ)… Հանրային կարծիքը բավականին արժեքավոր է և մեղավոր ոստիկանին պատժում են:
Միգուցէ այդպիսի դեպքերը եզակի են, բայց միևնույնն է, մյուս ոստիկանների համար դա հստակ ուղերձ է առ այն, որ նույնը կարող է տեղի ունենալ իրենց հետ:
Վերջաբանի փոխարեն
60 հազար դիտում ունեցող հայտնի տեսանյութի տակ, ինչպես ասվեց, հարյուրավոր մարդիկ թողել էին մեկնաբանություններ: Եթե այդ մեկնաբանություններից հանենք հայհոյանքները ոստիկանների հասցեին, ինչպես նաև գովեստի խոսքերը հեղինակներիս և մեքենայի տեսախցիկի հասցեին, ապա տակը կմնար օգտատերերի մի հոծ բանակ, ով կարծում էր, որ քաղաքացիական հասարակությունը կարող է բացառապես տեսախցիկների օգնությամբ առնվազն Ճանապարհային ոստիկանությանը հասցնել եվրոպական մակարդակի:
Այսպիսով, փոխանցելով տեսանյութը մեկնաբանած մարդկանց կարծիքը` կոչ եմ անում բոլորին ոստիկանի կողմից որևէ խախտում տեսնելու դեպքում տեսանկարել դա և ապա գցել Youtube: Համոզված եղեք` ոստիկանին կպատժեն, իսկ դուք հայրենիքին օգուտ կտաք:
Հ.Գ. Խոսքը, անշուշտ, հիմնականում փողոցում տեղի ունեցող և անցորդների կողմից նկատվող խախտումների մասին է, սակայն վերոնշյալը կիրառելի է նաև ցանկացած այլ դեպքում (ցանկացած համակարգի պաշտոնյայի պարագայում), երբ խախտումը ֆիզիկապես կարելի է արձանագրել տեսախցիկի միջոցով:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել