HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահի անվտանգության աշխատակիցների «ուղղությամբ» կրակողի ոտքին հայտնաբերվել է հրազենային վնասվածք

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 1-ի սահմաններում,  անհայտ անձը Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայում, Վաղարշ Վաղարշյանի անվան թիվ  80 դպրոցին հարող հատվածում,  «Օպել  Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով դեպի Հրազդանի կիրճ ընթանալիս, մոտ 5 մետր հեռավորությունից  կրակոց է արձակել  իր  երթեւեկելի գոտով ընթացող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ուղղությամբ, սակայն գնդակը դիպչելով ավտոմեքենայի դիմապակուն՝  անդրադարձ է կատարել: 

«Օպել Վեկտրա»-ն հայտնաբերվել է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին հարող տարածքում: Մեքենայում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 2 փամփուշտ, նույն տրամաչափի պարկուճ, վարորդի՝  Աշոտ Կ.-ի փաստաթղթերը: Դեպքի վայրի զննությամբ՝ Ծովակալ Իսակովի  պողոտայի 2 հասցեին հարող տարածքում, հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի մեկ պարկուճ: 

Փաստի առթիվ  նոյեմբերի 21-ին ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի  1-ին մասով եւ 235 հոդվածի  1-ին մասով: 

Նոյեմբերի 21-ին նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման է ենթարկվել Էջմիածին քաղաքի բնակիչ, 1963 թ. ծնված Աշոտ Կ.-ն, ում ձախ ոտքի շրջանում  հայտնաբերվել է հրազենային վնասվածք,  եւ բժշկական օգնություն ստանալու  նպատակով նրան տեղափոխել են «Մալաթիա» բժշկական կենտրոն: Աշոտ Կ.-ն հայտնել է, որ չի հիշում՝  ինչ է տեղի ունեցել իր հետ: Նույն օրը  նրա ձերբակալելու մասին որոշում է կայացվել: 

Նոյեմբերի 22-ին  Աշոտ Կ.-ի կինը ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացրել  «Մակարով» ատրճանակ՝  հայտարարելով, որ հայտնաբերել է  իրենց տան մոտ, փողոցում դրված աղբամանի մեջ: 

Աշոտ Կ.-ն ցուցմունք է տվել, որ  նոյեմբերի 20-ին ինքը  օղի է խմել ծնողների շիրիմի մոտ, հետո որոշել է գալ Երեւան: Ճանապարհին  իր ավտոմեքենայով վթարի է ենթարկվել և դիմել փախուստի: Հասնելով Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ՝ նկատել է մի ավտոմեքենա, որն իրեն նախազգուշացնող ազդանշան է տվել: Նրան վախեցնելու նպատակով՝ նստելատեղի կողային հատվածից  վերցրել է  ապօրինի պահվող «Մակարով» ատրճանակը եւ մեկ անգամ օդ կրակել: Հետո փորձել է ատրճանակը դնել նստելատեղի ձախ հատվածում, որի ժամանակ պատահամամբ  կրակել է իր ձախ ոտքին ու ստացել հրազենային վնասվածք: Դրանից հետո եւս 4-5 րոպե վարելով՝ մեքենան թողել է փողոցում ու տաքսիով գնացել տուն: 

«Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատաձգաբանական  եւ դատաքիմիական  համալիր փորձաքննություններ: Նախաքննությունը  շարունակվում է»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter