HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետը ծանոթացավ Դիլիջանի զարգացման ծրագրերի ընթացքին

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Դիլիջանում ծանոթացավ քաղաքի զարգացման ծրագրերի ընթացքին:

Փոխվարչապետը Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի եւ քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի ուղեկցությամբ նախ այցելեց  ՀՀ կենտրոնական բանկի «Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոն»-ի շինհրապարակ: Պատասխանատուների տեղեկացմամբ ` աշխատանքներն իրականացվում են սահմանված ժամանակացույցի համապատասխան, շենքը նախատեսվում է շահագործման հանձնել նախանշված ժամկետներում` 2013թ. տարեսկզբին: Փոխվարչապետին ներկայացվեց նաեւ կենտրոնի բազմաբնակարան բնակելի շենքի շինարարական աշխատանքների ընթացքը:

Ա. Գեւորգյանը եղավ նաեւ Դիլիջանի համայնքային քոլեջում եւ Դիլիջանի թիվ 2 դպրոցում: Մարզի առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ ծրագրով  հատկացված 23 մլն դրամով արդեն ավարտվել է քոլեջի տանիքի վերանորոգումը, իսկ  չորրորդ ծրագրով 25 մլն դրամ է  հատկացված թիվ 2 դպրոցի տանիքի նորոգման համար:

Փոխվարչապետը «Էրեբունի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն  Հարություն Քուշկյանի ուղեկցությամբ այցելեց  Դիլիջանում կառուցվող ախտորոշիչ բժշկական կենտրոնի շինհրապարակ: Մասնավոր ներդրումներով կառուցվող կենտրոնի շինարարական աշխատանքները մեկնարկել են երեք ամիս առաջ եւ նախատեսվում է ավարտել մինչեւ տարեվերջ: Պատասխանատուների ներկայացմամբ` ժամանակակից պահանջներին համապատասխանող եւ արդիական սարքավորումներով հագեցած ցերեկային ստացիոնարով բուժհաստատությունը կունենա ռադիոլոգիական կենտրոն` համակարգչային տոմոգրաֆ, սրտի, աչքի հիվանդությունների ախտորոշման, լաբորատոր տարբեր հետազոտություններ իրականացնելու հնարավորություն: Այն լինելու է տարածաշրջանում նման ծառայություններ մատուցող միակ կենտրոնը:

Քաղաքում շրջայցից հետո փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց Դիլիջանի քաղաքապետարանում` մարզային եւ տեղական իշխանությունների ղեկավարների, ծրագրերի պատասխանատուների մասնակցությամբ: Քննարկվեցին ծրագրերի ընթացքի, քաղաքում անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծմանն առնչվող հարցեր: Փոխվարչապետն ընդգծելով ծրագրերի դերը քաղաքի եւ տարածաշրջանի զարգացման հարցում, կարեւորեց դրանք իրականացնելու գործում շահագրգիռ բոլոր կողմերի համագործակցված աշխատանքը:

Փոխվարչապետն այցելեց նաեւ  Ծաղկաձոր, որտեղ ծանոթացավ  «Մարիոթ»  ապրանքանիշի չափորոշիչներին համապատասխան վերակառուցված հյուրանոցային համալիրի  հնարավորություններին եւ պայմաններին: «ՀայՌուսգազարդ» ընկերությանը պատկանող  «Ադիգազ» հանգստյան տունը կառավարման է հանձնվել  «Մարիոթ ինթերնեյշնլ»  ընկերության միջազգային հյուրանոցային ցանցին եւ վերակառուցվել: Փոխվարչապետը բարձր գնահատեց կատարված  աշխատանքները`թե որակի, թե ծավալի առումով: Նա ընդգծեց ենթակառուցվածքների բարելավման կարեւորությունը տարածքների համաչափ զարգացման տեսանկյունից եւ ողջունելի համարեց մարզերում միջազգային ապրանքանիշերի ցանցի ներդրումը:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter