HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ո՞վ է տեսել «1 տարեկան 11 ամսական» երեխային նկարչական դպրոց հաճախելիս

«Կույր կնոջը փորձել են ստիպողաբար տանել հոգեբուժարան» հոդվածին արձագանքել է նաև միջադեպի մասնակից Սոնայի մայրը՝ Մարիամ Հարությունյանը: Ստորև ներկայացնում ենք վերջինիս՝ «Հետքին» փոխանցած գրությունը.

«Ինչպե՞ս կարելի է առանց հակառակ կողմը լսելու նման հոդված գրել և մեղադրել: Այստեղ են ասել` «Սելը ճռալու տեղը սելվորն է ճռում»:

Ես Սոնայի մայրն եմ և գտնում եմ, որ այդ կնոջ նման մարդկանց վտանգավոր է փողոց թողնել: Որովհետև կույր կինը ինչպե՞ս կարող է առանց ուղեկցողի հայտնվել փողոցում, այն էլ «1 տարեկան 11 ամսական» երեխայի հետ: Եթե այդ կինը ուրիշ նպատակ չունի` բացի մարդկանց փորձանքի մեջ գցելուց: Որովհետև ո՞վ է տեսել «1 տարեկան 11 ամսական» երեխային նկարչական դպրոց հաճախելիս:

Ես կպատմեմ այն, ինչ լսել եմ աղջկանիցս և Կենտրոնի ոստիկանությունում: Աղջիկս այդ օրը համալսարան դասի է գնալիս եղել 36-Ա երթուղայինով: Դավիթաշեն թաղամասում այդ կինը երեխայի հետ քիչ է մնացել ընկնի մեքենայի տակ: Մի կերպ բարձրացել է երթուղային ու սկսել հարցնել, թե ինչպես կարելի է հասնել Օպերա՝ Պուշկին հատվածը: Աղջիկս տեսել է, որ ոչ ոք չի արձագանքում, մոտենում է և առաջարկում իր օգնությունը` մտածելով, որ ինքը իջնում է Օպերա, կմոտենա ոստիկանին, որոնք կօգնեն կնոջը հասնելու իր ուզած վայրը, քանի որ կինը կույր է և փոքրիկ երեխայի հետ: Իսկ ինքը կգնա իր դասին:

Այն խոսքը, որ իբր աղջիկս ասել է, թե ճանաչում է այդ կնոջը, սուտ է: Ուղղակի աղջիկս ցանկացել է կատարել իր քաղաքացիական պարտքը՝ օգնել կնոջը, որը, ըստ իս, ցանկացած քաղաքացու պարտքն է` հաշմանդամներին օգնել: Օպերայի կանգառում միասին մոտեցել են համազգեստով ոստիկանին, աղջիկս բացատրել է իրավիճակը, խնդրել է ոստիկանին օգնել կնոջը: Ոստիկանները չեն թողել Սոնային հեռանալ:

Այնուհետև խոսելով կնոջ հետ չգիտես ինչու հասկացել է, թե կնոջը պետք է հասնել մինչև Աղի հանք: Կինը անկանոն շարժումներ է արել և աննորմալ բաներ խոսել: Այդ ընթացքում Սոնան անընդհատ ուզել է հեռանալ, բայց ոստիկանները պահանջել են սպասել: Այնուհետև տաքսի մեքենա են կանգնեցրել, կնոջը դրել մեջը, որը իր հետևից քարշ է տվել նաև աղջկաս` ամուր բռնելով ձեռքը, այնքան ամուր, որ եղունգները մտել են Սոնայի ձեռքի մեջ:

«Կույր» կինը արագ փակել է մեքենայի ամրակները: Ոստիկանը, ուշադրություն չդարձնելով դրա վրա և նույնիսկ այն բանին, որ Սոնան չի ուզում և չի կարող ուղեկցել կնոջը, վճարել է տաքսու վարորդին և ասել, որ տանի Աղի հանք: Բացի այդ, հեռախոսահամարը տվել է աղջկաս, որպեսզի տեղ հասնելուն պես զանգի:

Երբ այդ ոստիկանը ասել է տաքսու վարորդին` տար Աղի հանք, այդ կինը հարձակվել է Սոնայի վրա` հասցնելով տարբեր մարմնական վնասվածքներ, այնքան ուժեղ, որ Սոնան ամբողջությամբ արյան մեջ կորել է (մեջբերում` մեզ հետ զրույցում Սոնայի մայրը նշել է, որ այն ժամանակ, երբ վարորդը ևս մեկ անգամ հարցրել է` թե ուր տանի նրանց, Սոնան պատասխանել է նրան` Աղի հանք: Եվ միայն դրանից հետո է Նաիրան վերջնականապես հանգել այն մտքին, որ իրեն փորձում են հոգեբուժարան տանել իր կամքին հակառակ և ծեծել է այդ աղջկան: Իսկ մեր այն հարցին, թե ինչու է Սոնան վարորդին ասել` մեզ տարեք Աղի հանք, նրա մայրը պատասխանել է, որ իր աղջիկը միամտաբար կրկնել է ոստիկանի խոսքերը, չիմանալով անգամ, որ այդ «Աղի հանք» ասվածը հոգեբուժարան է և մտածելով, որ հավանաբար կույր կինը ոստիկանին այդ վայրն է նշել իրեն հասցնելու համար-Կույր կնոջը փորձել են ստիպողաբար տանել հոգեբուժարան հոդվածի հեղ. Ն. Ալեքսանյան):

Տաքսու վարորդը, տեսնելով, թե այդ «կույրը» ինչ է անում, մի կերպ կանգնեցնում է մեքենան Մաշտոց-Թումանյան խաչմերուկում, ձեռքով պահելով նրան՝ օգնում աղջկաս դուրս գալ մեքենայից: Այդ խաչմերուկում աղջիկս վախեցած, շփոթված, արյունլվա վիճակում է լինում: Նրան են մոտենում այլ ոստիկաններ, որոնք օգնում են նրան հասնել Կենտրոնի ոստիկանություն, որտեղ գործ է կազմվում: Աղջիկս այնքան վախեցած վիճակում էր գտնվում: Այստեղ են ասել՝ «ում էի մի կտոր հաց տվել»: Փառք աստծո, աղջկաս վերքերը ապաքինվեցին: Բայց այն, որ մարդկանց օգնել պետք չէ, դա արդեն դաս դարձավ նրա համար:

Եվ դեռ ասում եք, որ այդ կնոջը վնաս են պատճառել և այդ կինը տուժո՞ղ է: Ասացեք խնդրեմ՝ ով է տուժել այս պարագայում: Մարդը, որ փորձել է օգնել հաշմանդամին, թե կինը, որը (Նաիրան կարողանում է տեսնել լույսն ու ստվերը - «Հետք») կույր ձևանալով՝ փորձում է չգիտես թե ինչ վտանգավոր մտքեր իրագործել, մարդկանց կյանքը վտանգելով կամ մարդկանց անմեղ տեղը փորձանքի մեջ գցելով:

Ոստիկանությունում Սոնային առաջարկեցին բողոքել այդ կնոջ դեմ, սակայն աղջիկս հրաժարվեց` ասելով, որ արդեն իսկ կյանքը պատժել է այդ կնոջը: «Նաիրայի և իր դստերն «օգնել» ցանկացող աղջկա` Սոնայի հաշվով ոստիկանությունում ասել են, որ վերջինս անչափահաս է, և նրա դեմ գործ չեն կարող հարուցել». այս արտահայտությունը կատարյալ սուտ է»:

Հ. Գ. «Հետքն» այս թեմային առաջիկայում դեռ կանդրադառնա:

Մեկնաբանություններ (3)

Վանիկ
Հարգելի Սոնա, որպես լրագրող ասեմ, որ լրագրողը դատավոր չէ, որպեսզի բոլոր կողմերին լսի, ապա նոր հոված գրի։ Երկրորդ, լրագրողը ձեր աղջկան չի մեղադրել, նա ընդամենը շարադրել է կույր կնոջ պատմածը, որտեղ նույնպես մեղադրանք չկա։ Ընդհակառակը, կինը կարծեք եկել է մեղանչելու. ես մարդ եմ ծեծել, բայց այս-այս պատճառով։ Ու պատմել է գլխին եկածը։ Հիմա անդրադառնանք բուն պատմությանը։ Գրում եք, որ ՙ կինը բարձրացել է երթուղային ու սկսել հարցնել, թե ինչպես կարելի է հասնել Օպերա՝ Պուշկին հատվածըՙ: Իսկ երկու պարբերություն ներքեւ գրում եք. ՙԱյնուհետև խոսելով կնոջ հետ չգիտես ինչու հասկացել է, թե կնոջը պետք է հասնել մինչև Աղի հանք:ՙ Ինչպե՞ս հասկանալ։ Ձեր աղջիկը հիշողության հետ խնդիրնե՞ր ունի։ Չէ՞ որ, ինչպես դուք եք ասում, կինը պարզ ասել է, որ իրեն հարկավոր է օպերա, Պուշկինի հատված գնալ։ Գուցե ոստիկա՞նն է թյուրիմացության մեջ գցել ձեր աղջկան, եւ Պուշկինի փողոցի վրա գտնվող Արտակարգ իրավիճակների շենքի տեղը ցույց տալու փոխարեն մատնանշել է Աղի հանքի նույն նախարարության մյուս շենքը։ Սակայն Աղի հանքում է գտնվում հայտնի հոգեբուժարանը։ Իսկ հիմա մտեք կնոջ դրության մեջ. նա գտնվում է օպերայի տարածքում, ցանկանում է, որ իրեն ցույց տան Պուշկինի վրա գտնվող Արտակարգ իրավիճակների վարչական շենքը, իսկ իրեն նստեցնում են տաքսի եւ ասում՝ քշիր Աղի հանք, այն էլ անծանոթ ուղեկցորդուհու հետ։
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ես չեմ հավատում այս ցինիկ նամակին: Հետևյալ գրվածները խորը ցինիզմի օրինակներ են.«կույր կինը ինչպե՞ս կարող է առանց ուղեկցողի հայտնվել փողոցում...», «աղջկաս վերքերը ապաքինվեցին: Բայց այն, որ մարդկանց օգնել պետք չէ, դա արդեն դաս դարձավ նրա համար...»:.................................................... Տիկին, օգնությունը պիտի ՑՈՒՅՑ ՏԱՍ,այլ ոչ ԿՈԽԵՍ դիմացինի/օգնվողի աչքը: ԵՍ եմ ՏԵՍԵԼ '1 տարեկան 11 ամսական երեխային նկարչական դպրոց հաճախելիս': Ամստերդամում ամենուր առանց ուղեկցողի կույրեր են փողոցներում,տրանսպորտում,առևտուր անելիս,աշխատանքի ու համալսարան գնալիս : Մեր համալսարանի ամենալավ դասախոսներից մեկը եղել է կույր մի աղջիկ:.......................................... Մի քիչ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ու ուրիշին ԻՐ ԱՐԺԵՔԻ մեջ թողել սովորեք: (Պսպղուն) եկեղեցիներում 3 կիլո մոմ վառելով ու մի կիլո ոսկի խաչի ցեպ քցելով չի:
Սիփան Ասատրյան
Հարգելի ընթերցողներ, ես ինքս չտեսնող անձ եմ: Աշխատում եմ, միայնակ դուրս եմ գալիս փողոց և տեղաշարժվում եմ սպիտակ փայտիկի միջոցով, որը դեռ իմ համաքաղաքացիների զարմանքն է հարուցում: Ես ինչ մեղավոր եմ, որ իմ հասարակությունը դեռ սովոր չէ այդ տեսարանին: Իմ հասարակության մի մասը անգրագետ է: Սա մեծ խնդիր է, որ իր լուծումը պիտի ստանա ժամանակի ընթացքում: Իսկ ով որ մտածում է, որ հաշմանդամ անձը չպիտի դուրս գա տնից, չպիտի երեխա ունենա ու չպիտի մասնակցի հասարակական կյանքին, ամենավերջին տգետն ու տխմարն է: Իմ դասարանում յոթ չտեսնող էինք, յոթս էլ ընդունվեցինք բուհեր: Այժմ մենք հասել ենք տարբեր բարձունքների: Իմ դասարանցին ու ընկերը արդեն Արցախի վարչապետի օգնականն է: Ուղղակի էլի եմ ասում, մեր հասարակության մի մասը տգետ է: Այսօր ինձ փողոցում ամեն օր առաջարկում են օգնություն, ես ուրախությամբ ընդունում եմ դա: Բայց Աստված չանի, որ երբևէ այսպիսի տհաճ պատմության մեջ ընկնեմ: Աստված չանի, որ հոգեբուժարան տանելու ստիպման արժանանամ: Կարծում եմ, որ այդ աղջկա օգնությունը լավ տարբերակ չի եղել ու ճիշտ չի եղել: Ոստիկաններինը՝ նույնպես: Եթե ցանկանում էիք օգնել այդ չտեսնող կնոջը, հասցնեիք նրա մատնանշած վայրն ու վերջ: Դրանով կատարած կլինեիք ձեր քաղաքացիական պարտքը: Այլ պարագայում ավելի լավ կլիներ, որ հանգիստ թողնեիք նրան: Գիտե՞ք, մարդկանց հետ շփվելու ձև կա, մոտեցում կա: Պատկերացրեք, որ ձեզ հետ կատարվեր այդ ամենը: Հանկարծ հայտնվեին ու ասեին, որ դուք գիժ եք: Հետաքրքիր է, ի՞նչ կանեիք: Հասարակությանը կրթել է հարկավոր: Ու նաև ստել պետք չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter