
Կառավարության խորհուրդը Փոքր Մանթաշին՝ գտեք յոթ սարերի ետևում թաքցված գանձը
Արթիկի տարածաշրջանի Փոքր Մանթաշ գյուղը Մեծ Մանթաշից բաժանող տարածություն գրեթե գոյություն չունի: Երկու համայնքները սերտաճած են, ու մեկի վարչական տարածքի սահմանագծի ավարտը մյուսի սկիզբն է: «Բայց մենք էդքան էլ, այսպես ասած, փոքրը չենք ու միշտ տուժել ենք էդ բառից,- իր մտահոգությունն է հայտնում Փոքր Մանթաշի համայնքապետ Ժիրայր Հակոբյանը:- Որ էսպես նայենք, 80 տնտեսություն ավել ունենք, քան Մեծ Մանթաշը, բայց հենց հերթը կհասնի ծրագրերին, կնայեն «փոքր» բառին ու կորոշեն, որ ավելի լավ է «մեծ»-ի համար ինչ-որ մի բան անեն»:
724 տնտեսություն, 3050 բնակիչ ունի Փոքր Մանթաշ գյուղը: Տարեկան մոտ 40 ամուսնություն է գրանցվում գյուղում, այդքան էլ երեխա է ծնվում, փաստում է համայնքապետը: Գյուղի դպրոցում 390 երեխա է սովորում: Մանկապարտեզն էլ գործում է երկու խմբով` ամեն խմբում 30 երեխա: Երրորդ խումբը բացելու անհրաժեշտություն կա, որովհետև մանկահասակ երեխաների թիվը մեծ է համայնքում, սակայն շենքային պայմաններն այդ հնարավորությունը չեն տալիս: Մանկապարտեզի 14 աշխատակցի և 60 երեխայի առօրյան կազմակերպելու համար համայնքապետարանը տարեկան 9 մլն դրամ է հատկացնում:
Երկհարկանի տիպային շենքում, մանկապարտեզից բացի, տեղավորվել են համայնքապետարանը, գրադարանը, երաժշտական դպրոցն ու մշակույթի տունը: Ժիրայր Հակոբյանը բացատրում է, որ իրենց ամենամեծ խնդիրը թվարկված հիմնարկները տարանջատելն է: «Եթե կարողանայինք համայնքային կենտրոն ունենալ, գոնե համայնքապետարանը, գրադարանն ու մշակույթի տունը դուրս կգային մանկապարտեզի շենքից, որից հետո կկարողանայինք երեխաների համար երրորդ խումբը բացել»:
Համայնքային կենտրոն կառուցելը բավական մեծ ներդրում է պահանջում, որ Փոքր Մանթաշը սեփական եկամուտների (մոտ 5 մլն դրամ) ու պետությունից հատկացվող դոտացիայի (37 մլն դրամ) հաշվին իրականացնել չի կարող: Գյուղի գազիֆիկացման աշխատանքներն արդեն 2 տարի է, ոչ մի կերպ չեն ավարտվում: Պահանջվող գումարի 10% ներդրումը համայնքը մասնակիորեն է կատարել, որի արդյունքում պահանջվող 17 կմ-ից ընդամենը 13 կմ խողովակաշարն է անցկացվել: Մնացած 4 կմ-ի համար մանթաշցիները կրկին գումար պետք է տրամադրեն:
«Արթիկի տարածաշրջանի երկրորդ գյուղն է իր մեծությամբ, բայց տներս գազ չունինք,- դժգոհում է Սասուն Հակոբյանը:- Մարդ կա ամեն օր միս կուտե, մարդ էլ կա անմիս բորշչ կուտե: Էս երկրի մեջ ե՞րբ է հավասար բան եղել, օր հմի էղնի: Հըմի օր գազը մտնի տներս, մարդն եթե ուզեցավ ձմեռը տաքնալ, կտաքնա, մարդ էլ կեղնի, օր մենակ գազի պլիտից կմիացնե: Հըմի պայման դնեն, թե անպայման բդի տներդ գազով տաքցնեք, օր գազը լրիվ քաշենք, ճիշտ չէ: Իմացել ենք, օր կըսեն, թե գյուղերի գազիֆիկացումը եկամտաբեր չէ, բայց դե ամեն մարդ ինքը կորոշե, թե իրա ունեցած լույսը, գազը, տո թեկուզ աթարն ինչխ օգտագործե»:
«Թող գազը մտնի գյուղ, աստիճանաբար բոլորն էլ կքաշեն,- համագյուղացու խոսքն է շարունակում Սարգիս Լևոնյանը:- Գազի բալոնին 15 հազար կուտանք, էն էլ տնեցոնք մենակ ճաշ կեփեն. եթե ջեռուցման սեզոնը չեղնի, ամառը հազիվ 1000-2000 դրամ մուծենք: Հետո գյուղացին էլ է զարգացել, տները պառավոյ կքաշեն, առավոտ իրիգուն լողնալ գուզեն»:
Սարգիս պապը, մատնացույց անելով խանութի պատի տակ հավաքված մեծահասակ մանթաշցիներին, նեղսրտում է նաև գյուղական ակումբի բացակայությունից: «Սաղ կըսեն, թե գյուղերը բդի զարգանան, բայց ուրդի՞ց զարգանան, թե կլուբ չունինք: Հմի ինչ է մեր վիճակը: Մեծ մարդիկ ենք, մե հավաքվելու տեղմ չունինք: Ակումբ չկա, սենյակմ չկա, օր հավաքվինք նարդի է, շախմատ է խաղանք, տո թեկուզ զրուցելու, իրար երես տեսնելու համար: Քանի հըլը արևը կպլպլա, տաք է, կհավաքվինք խանութի պատի տակ, ձմռան ամիսներն են անտանելի»,- ասում է Սարգիս Լևոնյանը:
Մանթաշցիները դժգոհ են նաև գյուղական անբարեկարգ ճանապարհներից: Գյուղի ներհամայնքային ճանապարհի 17 կմ երկարությամբ ցանցի միայն 3 կմ-ն է ասֆալտապատ, մնացածն ամբողջությամբ գրունտային ծածկույթ է, որից 7 կմ հատվածը վերանորոգման, ասֆալտապատման կարիք ունի: Համայնքի հաշվեկշռում կա երկու կամուրջ, որոնք երկաթբետոնից են, կառուցված հեղեղատների հուների վրա և նույնպես վերանորոգման կարիք ունեն:
Փոքր Մանթաշ համայնքը խմելու ջուրը նախկինում ստանում էր Մանթաշի ջրամբարից: Համայնքապետ Ժիրայր Հակոբյանի նախաձեռնությամբ արդեն 2 տարի է, Փոքր Մանթաշը և ևս 3 համայնք օգտվում են ավազանի աղբյուրների ջրից: «Հայջրմուղկոյուղու» ծառայություններից մանթաշցիները հրաժարվել են: Կազմակերպությունը մատակարարած անորակ ջրի դիմաց գյուղաբնակ մեկ անձից 2200 դրամ է գանձել` ջրի վարձը հաշվարկելով խողովակի թողունակությամբ, քանի որ ջրաչափեր տեղադրված չեն եղել:
«68 մլն դրամ պարտք էին գրել մեր համայնքի վրա, մենք էլ հարևան երեք համայնքապետների հետ որոշեցինք հրաժարվել իրանց ծառայություններից: Ճիշտ է՝ հիմի աղբյուրներից նորմալ ջուրը կստանանք, բայց էստեղ էլ ուրիշ խնդիր կա: 4 կմ ջուրը գյուղ է հասնում բաց հունով, էդ հատվածը պիտի խողովակ մտցնել, իսկ գումարներ չունեն»,- պատմում է համայնքապետը:
Խնդրին կապված մանթաշցիները դիմել են վարչապետին, 2011թ. օգոստոսին նրանց պատասխանել է Ջրային կոմիտեի նախագահ Արկադի Անդրեասյանը: Պատասխանում պարզաբանվել է, որ որպեսզի կառավարությունը 65 մլն դրամ տրամադրի խողովակաշարի անցկացման համար, նախ և առաջ համայնքները խնդիրը պիտի կարգավորեն սանէպիդ կայանի հետ. թույլտվություն ստանան ջրի օգտագործման համար:
Փոքր Մանթաշի բնակչուհի Արմինե Գևորգյանը դժգոհ չէ խմելու ջրի որակից, ասում է՝ ավելի լավն է, քան ջրամբարից ստացվածը: «Դե, պրոբլեմ կա, ընպես չէ, օր չկա: Կռանտն օր կբանանք, սկզբից տիղմ գուկա, հետո նոր զուլալ ջուր: Լվացքի մեքենաների ֆիլտրներն էլ արդեն շուտ-շուտ կփոխենք էդ պատճառով, բայց իհարկե դրական կողմն էլ կա: Ինչ ջրմուղկոյուղին չկա, էլ ըդքան փող չենք տա ջրի համար, հմի տնից 1000 դրամ կհավաքե համայնքապետարանը ու վերջ»,- ասում է տիկին Արմինեն:
Փոքր Մանթաշում խորհրդային տարիներին կառուցված քլորակայանը 24 տարի է, չի գործում, ու դրանով պայմանավորված` ջրամբարից ստացվող ջուրն էլ առանց զտման հասնում է 20 համայնքի բնակիչներին: Ավազանի աղբյուրների ջուրն օգտագործելու համար Փոքր Մանթաշի համայնքապետին սանէպիդկայանից առաջարկել են նախ ջրհոր սարքել, որտեղ պիտի ջուրը կուտակվի, այնուհետև քլորակայան, որից հետո ջրօգտագործման թույլտվությունը կտան: Այս բոլոր խնդիրները հաղթահարելուց հետո էլ կառավարությունը խոստացել է 65 մլն դրամ տրամադրել 4 կմ փակ հունով, դրենաժային եղանակով խմելու ջուրը գյուղ հասցնելու ծրագիրն իրագործելու համար:
«Եթե այդ ծրագիրը լինի, 4 համայնք՝ 15 հազար բնակչությամբ, նորմալ խմելու ջուր կունենա: Էստեղ քլորակայանի կառուցման համար միջոցներ ճարելու խնդիրն է»,- ասում է Ժիրայր Հակոբյանը: Փոքր Մանթաշի համայնքապետը նշում է, որ քլորակայանը գյուղի միակ խնդիրը չէ, որ դրա համար մի տեղից գումար հայթայթեն: Ոռոգման համակարգում ևս խնդիրներ կան: Երկու կմ բաց հողային հունով ջուրը գալիս է, կորուստները շատ են, կիսատաշտակներ պիտի կառուցվեն:
«Գյուղում լուսավորության ցանց պիտի անցկացվի, մարդիկ մշակույթի տուն են ուզում ունենալ,- հավելում է գյուղապետը:- Ծնողները դժգոհում են, թե ինչի պիտի համայնքապետարանը մանկապարտեզի հետ մի շենքում լինի, մեքենաներ են բակ մտնում դուրս գալիս, որը վտանգավոր է: Գրքային ֆոնդը համալրման կարիք ունի: Մանկապարտեզի շենքը վերանորոգման կարիք ունի, իսկ էս բոլոր խնդիրներն անհնար է լուծել համայնքի ուժերով»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել