Դատարանի դահլիճից համաներումով դուրս եկավ ու հարբած հայտնվեց մայթին
Գյումրիի Շտապբուժօգնության կայանում զանգիս անմիջապես արձագանքեցին: Գրանցեցին հասցեն ու խոստացան մեքենա ուղարկել, քանի որ հայտնել էի, թե միջին տարիքի մի տղամարդ, հավանաբար ինքնազգացողության վատացման պատճառով, արդեն բավական երկար ժամանակ ընկած է փողոցում: Օրը երեկոյանում էր, ու հայտնի չէր, թե ինչ ճակատագիր կունենար անցորդների կողմից անտարբերության մատնված այդ մարդը:
Հաղթանակի պողոտա 44 հասցեում գտնվող ավիատոմսերի վաճառքի կետից ոչ շատ հեռու` մայթեզրին, քնած տղամարդուց սուր ալկոհոլի հոտ էր փչում: Վաճառակետի աշխատակցուհուց արդեն տեղեկացել էի, որ վերջինս այդ տարածքում հայտնվել է կեսօրից հետո ու մի քանի անգամ փորձել է ոտքի կանգնել հեռանալու համար, բայց ընդամենը կարողացել է քնի համար այլ տեղ ու դիրք ընտրել:
Զանգից 10 րոպե անց շտապբուժօգնության մեքենան հասավ նշածս վայրը: Մեքենայի մոտենալը չարթնացրեց տղամարդուն, բայց երբ բուժքույրն ու վարորդը փորձեցին նրան տեղափոխել մեքենա, անծանոթն աշխուժացավ: Դեռևս պարզ չգիտակցելով, թե ովքեր են իրեն անհանգստացնողները` հայտարարեց, որ վատ բան չի արել ու հանցագործ չէ: Երբ բուժքույրն ասաց, որ պետք է ճնշումը չափի, դեռ լիովին չսթափված տղամարդը շտապեց տեղեկացնել, թե իրեն երեկ «ամնիստիայով» ազատել են, ու ինքը հիմա ազատ է:
Մի փոքր ավելի ուշադիր նայելուց հետո ճանաչեցի արդեն նախկին ամբաստանյալին, ում նկատմամբ նախորդ օրը` հունիսի 6-ին, կայացած դատական նիստի ժամանակ դատարանը համաներում կիրառեց:
1973 թ. ծնված Ռուբեն Հովհաննիսյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասով` թմրանյութի պատրաստում և օգտագործում: 8-ամյա կրթությամբ, չամուսնացած, ֆիզիկապես առողջ գյումրեցի թմրամոլը նախկինում ևս դատապարտվել էր նույն հանցանքի համար և ոչ միայն:
Առաջին դատվածությունը 1994 թ.-ին էր` Քր. օր.-ի 86 հոդվածի 4-րդ մասով, 254 հոդվածի «գ» կետով և 231 հոդվածի առաջին մասով` ազատազրկում 3 տարի ժամանակով: Քր. օր.-ի 254 հոդվածի «գ» կետով Ռ. Հովհաննիսյանը 3 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտվել էր նաև 1997թ.-ին: Դատական ատյաններում Ռուբեն Հովհաննիսյանի նկատմամբ Քր. օր.-ի տարբեր հոդվածներով հարուցված գործեր են քննվել 2002 թ.-ին, 2005 թ.-ին, 2006 թ.-ին, 2008 թ.-ին և 2009 թ.-ին:
2009 թ. մայիսի 19-ին Քր. օր.-ի 268 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով Ռուբեն Հովհանիսյանը դատապարտվել է ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամանակով, դատվածությունը չմարված, չհանված: Նույն հոդվածով վերջինիս մեղադրանք էր առաջադրվել նաև 2011 թ. մարտի 10-ին:
2011-ի մայիսի 30-ին կայացած դատաքննության ընթացքում մեղադրող Ռ. Սարուխանյանը, հիմք ընդունելով 2011թ. մայիսի 23-ին Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 26 հոդվածը, որով օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը ուժը կորցրած է ճանաչվել, որոշում էր կայացրել առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու մասին:
Ռ. Հովհաննիսյանին մեղադրանք էր առաջադրվել Քր. օր.-ի 268 հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ վերջինս, լինելով նախկինում բազմիցս դատապարտված, դատվածությունը չմարված, չհանված, կրկին կատարել էր համասեռ հանցագործություն:
Ռուբեն Հովհաննիսյանը 2010 թ. սեպտեմբերին Ախուրյանի վարչական տարածքի թիվ 2 շենքի դիմացի առվի եզրից հավաքել էր կանեփի տերևները և չորացրել` պատրաստելով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց: Մի մասը ծխելու միջոցով գործածել էր, մյուս մասը` փայլաթիթեղի մեջ փաթաթած պահել: 2011 թ. փետրվարին ոստիկանության աշխատակիցները Ռուբեն Հովհաննիսյանի մոտից հայտանբերել և առգրավել էին զգալի չափի` 3,3 գրամ, չորացված «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց:
Հունիսի 6-ին կայացած դատաքննության ընթացքում ամբաստանյալի շահերի պաշտպան Ա. Հայրապետյանը միջնորդեց Ազգային ժողովի մայիսի 26-ի «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման կիրառմամբ քրեական գործի վարույթը կարճել և դադարեցնել քրեական հետապնդումը:
Դատարանը բավարարեց Ա. Հայրապետյանի միջնորդությունը և հունիսի 6-ի դատական նիստում որոշեց Ռ. Հովհաննիսյանին ազատել քրեական պատասխանատվությունից` դադարեցնելով նրա նկատմամբ քրեական հետապնդումը:
Այդ օրը դատարանի դահլիճից ազատ արձակված թմրամոլը հաջորդ օրն արդեն հայտնվել էր փողոցում` մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործած և ինքնուրույն տեղաշարժվելու հնարավորությունից զրկված: Շտապօգնության աշխատակցուհու բուժզննման ընթացքում արձանագրվել էին զարկերակային թույլ ճնշում, հարբածության նշաններ, իսկ սննդային կամ ալկոհոլային թունավորվածության նշաններ չէին հայտանբերվել:
Ռուբեն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ իրեն հայտանբերելուց ընդամենը մի քանի րոպե առաջ է վատ զգացել ու որոշել է մայթին մի փոքր ննջել, թեպետ ականատեսների վկայությամբ` նա այդ վիճակում գտնվել է 4 ժամից ավելի: Տուն գնալու հորդորներին Ռուբեն Հովհաննիսյանը բացասաբար պատասխանեց` ասելով, որ չի ուզում տուն գնալ:
Շտապօգնության անձնակազմը, ինչպես սովորաբար ընդունված է վարվել նման դեպքերում, հիվանդին պիտի տաներ հիվանդանոց, որտեղ առավել մանրակրկիտ հետազոտություն կիրականացնեին: «Հետքի» տեղեկություններով` նախկին ամբաստանյալը տարվել էր Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոց, որտեղից էլ ինքնուրույն հեռացել էր:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել