HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ ընտրություններ. ինչը կարող է կանխորոշել թեկնածուների հաղթանակը

Դեկտեմբերի 2-ին թիվ 1 ընտրատարածքի (Նոր Նորքի 1-ին եւ 2-րդ զանգվածներ, Ավան վարչական շրջան) բնակիչները կրկին պետք է ընտրեն Ազգային ժողովի իրենց պատգամավորին: Ի՞նչ խոստումներով են ընտրողներին ներկայանում առաջադրված թեկնածուները, ինչպե՞ս են ցանկանում ստանալ նրանց քվեն:

Առաջադրված 3 թեկնածուներից ընտրողների հետ իր տեսակետը կիսելու պատրաստակամություն հայտնեց միայն քաղաքագետ, «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը, ով մեկ անգամ արդեն ներկայացված եղել է խորհրդարանում:

Առայժմ լրագրողներին չի հաջողվում բացահայտել այս ընտրատարածքում առաջադրված մյուս երկու թեկնածուների՝ ընտրողներին գրավելու «գաղտնիքը», քանզի նրանք լավ գիտեն, որ հայաստանյան իրականության մեջ բանավեճերը չէ, որ կանխորոշում են թեկնածուների հաղթանակը: 

Սառա Պետրոսյան - Բարեւ ձեզ, դեկտեմբերի 2-ին մայրաքաղաքի թիվ 1 ընտրատարածքում տեղի են ունենենալու Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով  ընտրություններ՝ պատգամավորի թափուր տեղի համար: Որտեղ առաջադրվել են երեք թեկնածուներ. քաղաքագետ, «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը, Հանրապետական կուսակցության անդամ Ռոբերտ Սարգսյանը եւ ինքնաառաջադրված թեկնածու Էդուարդ Պետրոսյանը: Նշեմ, որ թիվ 1 ընտրատարածքը, ընդգրկում է Նոր-Նորքի առաջին եւ երկրորդ զանգվածները եւ Ավան վարչական շրջանն ամբողջությամբ:

Մենք, ընտրական շրջաններում մի քանի փորձ նախաձեռնել ենք, ընտրազանգվածին ավելի լայն կողմնորոշում ցուցաբերելու համար, մեր հյուրասրահում հյուրընկալելու մրցակից թեկնածուներին: Բայց, ինչպես միշտ, այս անգամ էլ, մեզ այդ չի հաջողվել եւ փաստորեն ինչքան մենք կարողացանք տեղեկանալ մեր գործընկերներից, դա չի հաջողվել ոչ-ոքի, այսինքն, այն ավանդույթը, որ ընտրողին կողմնորոշողը չպետք է լինի թեկնածուն, իր գաղափարներով, իր, թեկուզ եւ, խոստումներով, այդպես էլ կարծրացած ավանդույթ է մնում եւ որոշ թեկնածուներ փորձում են ընդհանրապես չխախտել այդ ավանդույթը:

Այսօր ցավոք նույնպես մենք ընտրողներին չենք կարող բանավեճ ներկայացնել, բայց հյուրընկալել ենք պատգամավորության թեկնածուներից քաղաքագետ, «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանին, որը նախորդ խորհրդարանական գումարումից ծանոթ եւ հայտնի է ընտրողներին եւ մեկ անգամ արդեն առիթ ունեցել է իր աշխատանքով ներկայանալ: Պարոն Սաֆարյան շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար, արդեն ներկայացրեցի, որ մեզ չի հաջողվում բանավեճ կազմակերպել թեկնածուների միջեւ, որն ամբողջ քաղաքակիրթ աշխարհում ընդունված ձեւն է, ընտրազանգվածին կողմնորոշելու իմաստով: Ընդհանրապես այս ընտրապայքարի ժամանակ Ձեզ հաջողվել է Ձեր մրցակից թեկնածուների հետ ինչ-որ տեղ ներկայանալ ընտրազանգվածին:

Ստեփան Սաֆարյան - Ոչ, եւ պակտերացրեք բոլոր բակերում, բոլոր մարդկանց հետ հանդիպումներում, ես ինքս եմ նշում, որ կուզենայի, որ ընրապայքարը լիեր այդպիսին եւ բոլոր թեկնածուներով միասին այցելեինք բակեր, նույն հարցերի վերաբերյալ բնակիչները լսեին բոլոր թեկնածուների պատասխանները, բանավեճ տեսնեին հեռուստատեսությամբ եւ ամենատարբեր հանդիպումներում եւ կարողանային կողմնորոշվել:

Բայց, այս պահի դրությամբ մենախոսություններ են ընթանում, ըստ որում ասեմ Ձեզ, մի փոքր տարօրինակ է վիճակը այն առումով, որ, իրհարկե ես փորձում եմ մյուս թեկնածուին, մեղմ ասած, ձեռնոց նետել, ներքաշել բանավեճի մեջ, որովհետեւ ճիշտը դա է,  որովհետեւ ընտրողը հենց այդպես պիտի կողմնորոշվի, բայց մյուս թեկնածուն, ընդհանրապես, անգամ մենախոսություններից հեռու է մնում: Ես, երբեմն-երբեմն տեղյակ եմ լինում նրա ունեցած կարճ, սակավ ելույթներին, այս կամ այն հիմնարկների աշխատողների մոտ:

Սառա Պետրոսյան - Նրա, ում նկատի ունեք, քանի որ թեկնածուները երկուսն են:

Ստեփան Սաֆարյան - Հանրապետական կուսակցության թեկնածուի մասին է խոսքը:

Սառա Պետրոսյան - Այսինքն, Դուք Ձեր հիմնական մրցակից դիտարկում եք նրան:

Ստեփան Սաֆարյան - Այո, դատելով, թե ինչպիսի աշխատանք է տանում Հանրապետական կուսակցությունը, վարչական ռեսուրսները որչափ մեծ ներգրավվածություն ունեն այս ընտրապայքարում, ես կարող եմ ասել, որ արքան էլ նա հայտնի չէ քաղաքական կյանքում, որքան էլ, որ մարդիկ նրան չեն ճանաչում, որքան էլ նա քաղաքական կենսագրություն չունի, այնուամենայնիվ, նա մեր հանրապետության չգրված օրենքների համաձայն, դարձել է հիմնական թեկնածու:

Պատկերացրեք մյուս թեկնածուն Էդուարդ Պետրոսյանը գոնե այս կամ այն ընտրությունների ժամանակ թաղի ակտիվ ընտրական գործընթացներում որոշ շրջանակների ինչ-որ չափով հայտնի է, Ռոբերտ Սարգսյանը, Հանրապետական կուսակցության թեկնածուն, որեւէ կերպ հայտնի չէ եւ ցավոք սրտի, այս քարոզարշավի ընթացքում, ականատես չենք լինում անգամ հայտարարությունների, ասուլիսների, նույնիսկ մեկ ամսվա ընթացքում ընդամենը երկու կարճ բառ է ասել Ազատություն ռադիոկայանով եւ մեկ էլ ֆեյսբուքյան տարբեր օգտատերեր, ովքեր հանգամանքների բերումով, ներկա են գտնվել այս, կամ այն հիմնարկում նրանց աշխատողների նրա համար կազմակերպած հանդիպումներին, նրանք են ֆեյսբուքյան իմ պատին թողնում գրառումներ, թե ինչ է նա խոսում այդ հավաքների ժամանակ եւ ոչ ավելին:

Այսինքն՝ դասական առումով քարոզարշավ չկա Հայաստանում, մասնավորապես թիվ 1 ընտրատարածքում, կարծեք թե իմ քարոզարշավը վեր է ածվել պարզապես մարդկանց վերստին հանդիպելու եւ նրանց ընտրությունների կոչ անելու միջոցառումների: Որովհետեւ իմ պարագայում էլ, մի փոքր այլ է, շատ հաճախ, մարդիկ կատակում են, ասում են, են պարոն Սաֆարյան Ձեզ արդեն հինգ տարի տեսել ենք եւ այլեւս համոզվելու կարիքը չունենք, եթե ընտրելու ենք Ձեզ, ընտրելու ենք: Իսկ անծանոթները իմ գործունեությունից, չափազանց շատ քիչ տոկոս են կազմում, այդ ընտրատարածքում, հետեւաբար, մի տեսակ ընտորւթյունները դարձել են մեկ դերասանի թատրոն:

Դու այլ հարթության վրա ուղղակի դասական քարոզարշավ ես փորձում իրականացնել՝ բակային հանդիպումներով, քարոզչանյութեր բաժանելով, մարդկանց հետ շփվելով, մյուս կողմը՝ բացարձակ այլ մեխանիզմ է աշխատեցնում եւ դա դպրոցների ներգրավումն է ընտրապայքարում, ես բազմաթիվ մանկավարժներից, ծնողներից ստացել բազմաթիվ ահազանգեր, որ իրենց կանչում են, քարոզչություն են իրականցնում, շատերից պահանջում են ներկայացնել անձնագրային տվյալներ;

Սառա Պետրոսյան - Այսինքն,  բոլոր ընտրություններում տեղ գտնող ընտրախախտումները անգամ մեկ երկու ընտրատարածքի մակարդակով էլ պետք է կրկնվի:

Ստեփան Սաֆարյան - Կարծեք թե, սպառնում է կրկնվել: Իհակե, այս քարոզարշավը մի փոքր տարբերվում է մայիսի 6-ի ընտրություններից, որովհետեւ մայիսի 6-ի ընտությունների ժամանակ բախումները ավելի էին, տհաճ միջադեպեր էին արձանագրվում իմ եւ մրցակցի նախընտրական շտաբերի անդամների միջեւ: Այս ընտրությունների ժամանակ, բարեբախտաբար, այդ մի բանը չկա, գոնե խոչընդոտներ իմ քարոզարշավի համար չկան, ակնհայտ խոչընդոտներ չեն ծագում: Այսինքն, բաց առճակատումներ չկան, միայն նկատելի է, երբ ես այցելում եմ Ավանի որեւէ տարածք, թեկուզ Նոր-Նորքի Առաջին զանգված, թաղային իշխանությունները, ՀՀԿ շտաբերը իրենց ողջ ներկայացուցիչներով ստվերի նման ուղեկցում են, երբեմն, շատ լավ ցուցադրելով իրենց ներկայությունը, որպեսզի, բնակիչները դրանից ազդվեն եւ չգան թեկնածուի հետ հանդիպման: Էս կարգի դրսեւորումներ կան:

Սառա Պետրոսյան - Այդուհանդերձ, այս դրսեւորումներով, ինչքանով է Ձեզ հաջողվել ներկայանալ ընտրազանգվածին:

Ստեփան Սաֆարյան - Ասեմ, որ ինքս գոհ եմ արդյունքներից, սա ինձ համար նաեւ մի հնարավորություն է, տեսնել, թե ժողովուրդը ինչպես է գնահատել անցած հինգ տարիների իմ համեստ ծառայությունը ժողովրդին: Պատկերացրեք այս ընտրություններում, խորհրդարանում լինելու իմ անհրաժեշտությամբ, առավելապես շահագրգռված են երեւի թե շատ ու շատ ընտրողներ, չեն թաքցնում, ափսոսանք են հայտնում եւ գտնում են, որ ես այնտեղ պետք եմ, պիտի լինեմ եւ իրենց ներկայացնեմ: Այս ընտրարշավը առիթ է, որ հազարավոր մարդկանց հանդիպես, հազարավոր խնդիրներ լսես, իսկապես երկրի խնդիրներն իմանալու լուրջ հնարավորություն է եւ չափազանց նոր ու սպեցիֆիկ խնդիրների ես ծանոթանում տեղերում:

Ինչ վերաբերում է մարդկանց աջակցությանը եւ արձագանքին, մի զգալի տոկոս չի խուսափում ինձ եւ քարոզիչներին բացահայտ հայտարարել, որ քվեարկելու են իմ օգտին: Շատ-շատերի մոտ նկատելի է որոշակի զգուշավորություն, բայց իրենց ջերմ եւ դրական վերաբերմունքով հասկացնում են, որ այս թեկնածուների խորապատկերին, իրենց համար ամենացանկալի թեկնածուն ես եմ:

Մի խոսքով, ընդհանուր հանրային աջակցության հետ կապված ես խնդիր չունեմ: Եթե ես զգայի, որ հասարակական աջակցություն չունեմ,  հավատացեք, մինչեւ ամսի 22-ը 18.00-ն կհանեի իմ թեկնածությունը՝ հասկանալով, որ ես շանս չունեմ, եթե պահել եմ իմ թեկնածությունը, սա նշանակում է, որ բավականին լուրջ շանսեր կան ընտրույթուններում հաղթելու եւ այդ ընտրատարածքի պատգամավոր դառնալու:

Սառա Պետրոսյան - Պարոն Սաֆարյան,  Ձեր կարծիքով, այսինքն մարդու, որ արդեն մեկ գումարման պատգամավոր եղել է, ունի փորձառություն եւ մրցակցության բոլոր փուլերն անցել է, եւ ընտրապայքարի, եւ պատգամավորական աշխատանքի, որն է լիելու ընտրողի որոշումը, մենք ընթացքում խոսում ենք մի բանի մասին, արդյունքում` ունենում մեկ այլ բան:

Ստեփան Սաֆարյան - Ժողովուրդը շատ է ասում, պարոն Սաֆարյան մենք անցած ընտրություններին էլ ենք Ձեզ ընտրել, եւ ընդհանրապես, կա այդ հիասթափությունը, որ ժողովուրդը ում ընտրում է, միեւնույն է, նա չի ընտրվում: Ընտրողներին ուղղված իմ խոսքը մի քանի ուղերձների միջոցով շատ համառոտ էսպես ձեւակերպեմ. անցած տարիները լավագույն ապացույցն են, թե ինչ պատգամավոր եմ եղել ես ու նաեւ իմ գործընկերները, ով բիզնես չի ունեցել եւ չունի, ով թիկնապահներով չի շրջել եւ չի շրջում, ով որեւէ մեկի երեխայի հացը չի կտրել, ով անշնորհքություն, կամ արարք, որի համար կարող է ամաչել, չի արել, թե′ ես, թե′ իմ ընտրողները:

Նրանք հրաշալի գիտեն թե ինչպիսին կլինի Ստեփան Սաֆարյանը եթե ընտրվի այդ ընտրատարածքի պատգամավոր, եւ այս կտրվածքով կա հետեւյալ երկընտրանքը, հասարակությունը, ժողովուրդը մի կողմից ունի հնարավորություն իշխանությունների պատգամավորների թիվը ավելացնել եւս մեկով, եթե իհարկե գտնում է, որ դա իրենց անհրաժեշտ է եւ այդ մի պատգամավորն է պակասում Ազգային ժողովում, որպեսզի Հանրապետական կուսակցությունը հրաշքներ գործի ու բարելավի մարդկանց կյանքը, կամ իրենք հնարավորություն ունեն ունենալու ժողովրդին ծառայելու, ոչ թե կուսակցության դիրեկտիվաների շրջանակներում գործող պատգամավոր, եւ մարդիկ այս ուղերձը շատ լավ հասկանում են:

Իմ խոսքը նա է, որ ես այդ հինգ տարիների ընթացքում մեկ մանդատի ուժով օգտակար եմ եղել հազարավոր մարդկանց: Մեկ մանդատով կարողացել եմ անել շատ գործ հանրապետության մակարդակով, որովհետեւ համամասնական ընտրակարգով էինք ընտրված, եւ հիմա ես ավելին կարող եմ անել թիվ 1 ընտրատարածքի համար:

Մարդիկ ունեն փոփոխությունների պահանջ, անգամ տեսնում ես մի խավի, որը այս կամ այն կերպ վաստակում է իր օրվա հացը, այս կամ այն կերպ խնդիր չունի ապրելու, բայց անգամ նրանք հոգնել են այս իրավիճակից եւ փոփոխություն են ուզում, եւ ուզում են, որ այս արատավոր ավանդույթներին վերջ դրվի, մարդիկ վերջապես շունչ քաշեն, շատերին Ավանում հենց հաճելի չէ բախվել այն մթնոլորտին, երբ ինչ-որ թաղային հեղինակություններ կարող են հայացքով, սաստով, իրենց ոչ թե վախեցնեն, այլ ուղղակի նվաստացնեն:

Ասում եմ նաեւ, Ստեփան Սաֆարյանի պատգամավորության օրոք Ստեփան Սաֆարյանը չի լինելու այս թաղի տերը, չի էլ թողնելու, որ ոմանք իրենց թաղի տեր զգան բոլորի փոխարեն: Մենք պարտավոր ենք լինել այս ընտրատարածքի ժողովրդի շահերի ներկայացուցիչը, բամբերը, կամքի ներկայացուցիչը եւ ծառան, ընդհանրապես:

Քարոզարշավի երթերից մեկի ժամանակ անցնում էինք հին Ավանի ծայրամասային հատվածներից մեկով. մոտ տաս միջին եւ ավելի տարիքի տղամարդիկ նստած խաղում էին եւ տեսան ինձ, ճանաչեցին, բարեւեցին, ասեցին, որ շատ սիրում են, շատ հարգում են, շնորհակալ են, որ պատվել եկել եմ իրենց թաղամաս: Այդ նախադասությունները թվում են թե հաճոյախոսություն են, բայց ինձ համար շատ դառը ապտակ էին: Իմ պատասխանը այդ մարդկանց հետեւյալն էր, որ սա ձեր համար պիտի պատիվ չլինի, սա մեր համար պիտի պատիվ եւ նաեւ պարտականություն լինի ամեն անգամ լինելը:

Մարդիկ այնքան պաշտոնյաներ չեն տեսել իրենց թաղերում, որ իրենց ոտքով գան, մարդկանց տեսնեն, ծանոթանան, առանց շքախմբերի, որ մարդիկ պատիվ են համարում, որ ինչ-որ մեկը իրենց թաղամաս է գնացել եւ իրենց տեսել է: Այս առումով, ամենահետաքրքիր դեպքերին եմ ականատես լինում քարոզարշավի ընթացքում: Երկու օր առաջ, բուկլետ բաժանող իմ ակտիվիստները հայտարարում էին, որ թեկնածուն գտնվում է բակում, չնայած բավականին անձրեւային եղանակ էր, ես բակում սպասում էի նրանց, ովքեր ցանկություն կունենար գալ, ինձ եւս մեկ անգամ տեսնել, մինչ երեխաները, երիտասարդները կիջնեին, տեսա երկրորդ հարկի պատշգամբներից մեկից մի տարիքով մարդ ինձ վերեւ է կանչում: Հասկացա, որ մարդը իջնելու խնդիր ունի, բարձրացա:

Բացեցի դուռը, չափազանց արիստոկրատ ընտանիք, չափազանց համեստ ապրող, բայց անչափ զգացված էի, որ ճանաչում էին ինձ եւ ամբողջ ցանկությունը իմ հետ մեկ գավաթ խմելն էր, նա տիկնոջը հանձարարեց սեղա գցել: Շատ հուզված եմ եւ իմ համար սա ամենամեծ պարգեւն է, ցանկացած ընտրության եւ հաղթանակի դիմաց, երբ ժողովուրդը քո մասին միայն լավն է խոսում, երբ ժողովուրդը գնահատում է այն, ինչ դու արել ես եւ ես վստահ եմ, որ այս ընտրությունների դեպքում էլ ավելի շատ եմ կարողանալու անել թիվ 1 ընտրատարածքի համար:

Սառա Պետրոսյան - Այնուամենայնիվ, պարոն Սաֆարյան, քանի որ մեզ մոտ, ըստ էության, էդպես է ընդունված եւ ընտրությունների արդյունքներն ավելի շատ դրան են տանում, դա են հաստատում, որ ընտրազանգվածի համար նյութականը շատ մեծ կարեւորություն է ունենում, հակակշիռ է ինտելեկտին, մտավոր կարողությանը: Ի՞նչ է Ձեզնից ակնկալում եւ ի՞նչ խնդիրներ է բարձրացնում Ձեր ընտրազանգվածը:

Ստեփան Սաֆարյան - Հրաշալի հարց է: Այս ընտրարշավի ժամանակ եւս մեկ անգամ հասկացա, թե որքան խոցելի խավ են համարվում ազատամարտիկները նույն Ավանում, նույն Նոր Նորքում. անտեսված են, արհամարված են, չեն գտնում կյանքում իրենց տեղը անգամ, ներեցեք պիտի խոստովանեմ, նրանցից շատերը դժվարությունից ու անելանելիությունից, իրենց տվել են խմիչքին, նույնիսկ նախորդ ընտրարշավի ժամանակ ես տեսա, թե ինչպես նրանց  սեփականություն, կամ շինությունն, որոնք հասկանալի է կառուցվել էին օրենքի ոչ բոլոր պահանջների պահպանմամբ, փորձ արվեց քանդել եւ այլն, եւ այլն:

Այսինքն՝ չափազանց խոցելի խավ են եւ ես խոստացել եմ, որ պատգամավոր ընտրվելու դեպքում, առաջին հերթին եւ ի թիվս այլ կարեւոր խնդիրների՝ նրանց հարցերը ուշադրության կենտրոնում պահել: Որովհետեւ հասարակությունը, եւ առաջին հերթին մենք, որ նրանց կատարած հերոսական պայքարի կրթություն ենք ստացել, մարդ ենք դարձել, պարտավոր ենք այդ պատասխանատվությունը զգալ նրանց առջեւ եւ թույլ չտալ, որ նրանց ընտանիքներն հայտնվեն այդ վիճակում, նրանք ունեն առողջական լուրջ խնդիրներ, նրանց համար պիտի լուրջ ծրագրեր լինեն:

Երկրորդը՝ ջրամատակարարման խնդիրը գրեթե համատարած է, մարդիկ համատարած բողոքում են, ակնհայտ է, որ այն պետական մարմինները, որոնք կոչված են լուծելու այդ խնդիրները տարիներ շարունակ չեն լուծում դա: Սրանք գործադիր բնույթի հարցեր են, որ անշուշտ պատգամավորի անելիքը չեն, բայց քանի որ սա է մեր երկրի իրավիճակը ես ստիպված եմ լինելու օրենսդիր աշխատանքի հետ միասին, խնդիրների օրենսդիր լուծումներ տալուց զատ, նաեւ օգնել, որ պարտադրվի գործադիր մարմիններին լուծել դրանք:

Աղբահանության խնդիրը, բակերի խնդիրը, նախ ընդհանրապես Երեւանի անհամաչափ զարգացման խնդիրը: Ավանում այս կամ այն չափ բարեկարգ խաղահրապարակներ կան, Նորքի առաջին, երկրորդ զանգվածներում մարդիկ նեղվում են , թե ինչու պետք է մի համայնքում ուշադրությունը ավելին լինի, մյուս համայքնում չլինի: Քանի-քանի շենքերի բնակիչներ ինձ հրավիրել են մեծ տարածքներ, որոնք կարող են շատ լավ խաղահրապարակներ, հանգստի վայրեր դառնել, բայց աղբի մեջ կորած են, անգամ մաքրելու հնարավորություն է չկա:

Այդ հասցեները գրանցված են եւ ես դրանցով զբաղվելու եմ: Վերջապես՝ համատիրությունների խնդիրը, այն կոնֆլիկտը, որ գոյություն ունի բնակիչների եւ համատիրությունների միջեւ պիտի լուծում ստանա, համատիրությունների դժգոհում են թե մարդիկ վարձերը չեն վճարում, մարդիկ էլ աասում են, որ չեն ուզում վճարեն, որովհետեւ վճարելու դեպքում համատիրությունների կողմից որեւէ աշխատանք չեն տեսնում: Սա այն դեպքում, երբ նույն համատիրություններին պարտադրում են իշխանական թեկնածուի օգտին բուկլետներ բաժանել, վերելակներն ու շենքերը պաստառապատել: Ես ասել եմ, անկախ ընտրության արդյունքներից, դեկտեմբերի 3-ից հետո ես զբաղվելու եմ այդ խնդիրներով, պարզելու եմ թե ինչպես են ընտրվել, որովհետեւ նրանցից շատերը նշանակվել են թաղապետարանների կողմից եւ անգամ շենքի բնակիչները տեղյակ չեն:

Նրանք հիմնականում ծառայեցվում են այսպիսի դեպքերում ձայն բերելուն, նրանք նշանակվել են, որ այս օրերին հիշեցնեն մարդկանց, որ պարտքի պրոբլեմ ունեն, եթե չեն ուզում ունենան քվեարկեն եւ խնդիրներրը կլուծվեն: Պարզելու եմ, ինչպես են հավաքագրվում հարկերը եւ ինչպես են ծախսվում, ինչ ծրագրեր են իրականացրել, բազմաբնակարան շենքերը հատկապես անտանելի վիճակում են: Մարդիկ միայնակ են իրենց պրոբլեմների հետ, այս խնդիրները պիտի լուծվեն:

Սառա Պետրոսյան - Պարոն Սաֆարյան շատ հետաքրիր հարցադրումներ արեցիք, ինձ համար էլ նկատելի է, որ շեշտադրվում են համատիրությունների թերությունները, կյանքը մի քիչ առաջընթաց է ապրել եւ կենցաղը պետք է համապատասխանեցնել դրան, բայց վարչական ղեկավարների եւ քաղաքային իշխանությունների մոտեցումը, հենց դա է, համատիրությունները չեն համապատասխանեցվում այսօրվա պահանջներին:

Ստեփան Սաֆարյան - Ես պիտի ստիպեմ պետական մարմիններին կատարել իրենց առաջնային պարտականությունները, պիտի ստիպեմ, որ քաղաքային իշխանությունները զբաղվեն իրենց խնդիրներով, Դանիել Վարուժան թաղամասում մարդիկ տրանսպորտային գծերի հարցեր էին բարձրացնում, փոխանակ էս ամեն ինչով զբաղվելու, հովանավորչության եւ այլ միջոցներով, պարզապես ուղղակի ընտրություններ շահել, սա իմ համար անթույլատրելի է, որպես այդ ընտրատարածքի բնակիչ:

Սառա Պետրոսյան - Վերջին հարցս, Դուք ներկայանում եք իբրեւ թեկնածու եւ քաղաքագետ Ստեփան Սաֆարյան թե որպես «Ժառանգություն» կուսակցության անդամ:

Ստեփան Սաֆարյան - Ես աշխատում եմ կուսակցության անունը քիչ տալ եւ ավելին, անցած հինգ տարիներին, որպես եղել եմ պատգամավոր, ժողովուրդը շատ գեղեցիկ տվել է մեզ անվանում՝ մենք ժողովրդի պատգամավորներն ենք եւ այս անգամ էլ ուզում եմ լինել ժողովրդի պատգամավոր, որքան էլ կուսակցության կողմից եմ առաջադրված: Բայց «Ժառանգությունը» այն կուսակցությունն է եղել որ իր պատգամավորներին բառացիորեն նվիրել է հանրային ծառայությանը նվիրել է ժողովրդին եւ մենք դա գոնե ապացուցել ենք:

Սառա Պետրոսյան - Հաջողություն եմ Ձեզ ցանկանում առաջիկա ընտրություններին եւ հուսով ենք, որ այս զրույցը եւս կկողմնորոշի ընտրողին:

Ստեփան Սաֆարյան - Շնորհակալ եմ, մի փոքր կոչ բոլորին, ոչինչ կանխորոշված չէ, թող ամեն մեկը հրաշալի գիտակցի իր քվեի կարեւորությունը ոչ միայն Ստեփան Սաֆարյանի հաղթանակի այլ նաեւ հենց իր համայքնի համար: Ես ուզում եմ, որ դեկտեմբերի 2-ին նրանք բոլորը իրենց մտերիմներին, հարազատներին, հարեւաններին ուղղակի հորդորեն գնալ ընտրությունների եւ քվեարկել սեփական խղճի մտոք: Ես ձեզ խոստանում եմ, որպես թեկնածու իմ հանձնաժողովների անդամների, վստահված անձանց միջոցով ուղղակի պահել այն քվեն, որ դուք կգցեք քվեատուփ, խոստանում եմ որեւէ կեղծիք թույլ չեմ տալու:       

Սառա Պետրոսյան - Շնորհակալություն մասնակցության համար, հուսով ենք, որ Ձեր խոսքերը ազդեցություն կունենան ընտրողների վրա եւ հաջողություն ենք Ձեզ մաղթում առաջիկա ընտրությունների ժամանակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter