
Հումանիտար գիտությունները և ԱԳՆ-ն
Այն, որ մեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ թույլ է, բոլորին հայտնի է: Դրա անվիճելի ապացույցներն են ղարաբաղյան բանակցությունների ոչ հայանպաստ ընթացքը, Սաֆարովի արտահանձնումը, և, իհարկե, Ադրբեջանի` ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ ընտրվելը:
Անշուշտ, մեր դիվանագետների անգործության այս պտուղները դեռ երկար են քննարկվելու, իսկ դիվանագետները դեռ շատ են քննադատվելու: Այդ պատճառով եկեք անդրադառնանք հարցի այլ ասպեկտի:
Ինչպես հայտնի է, Երևանի պետական համալսարանում, ի թիվս այլ ուղղությունների, գործում են արևելագիտության, միջազգային հարաբերությունների և իրավագիտության ֆակուլտետները, որոնց տված կադրերից են հիմնականում կազմվում ապագա դիվանագետները:
Միջազգայինն ու Իրավագիտականը
Ինչպես հայտնի է, Միջազգային հարաբերությունների և Իրավագիտության ֆակուլտետները, ավանդաբար, ԵՊՀ «ամենապրեստիժային» և, միևնույն ժամանակ, ամենակոռումպացված ֆակուլտետներն են: Այն ժամանակ, երբ, ըստ միջազգային չափանիշների և գիտության պետական կոմիտեի, ԵՊՀ-ում ամենաորակյալ կադրերը «արտադրվում» են բնագիտական ֆակուլտետներում (Ֆիզիկայի, Կենսաբանության և այլն), միջազգային հարաբերությունների և իրավագիտության ֆակուլտետներում վխտում է կոռուպցիան:
Այս երկու ֆակուլտետների (ի տարբերություն նույն Ֆիզիկայի, Քիմիայի և Կենսաբանության ֆակուլտետների) պրոֆեսորադասախոսական կազմը միջազգային գրախոսվող ամսագրերում տարեկան տպագրում է մոտավորապես զրո հոդված: Իհարկե, երբեմն լինում են շեղումներ այդ 0-ից, բայց պատկերը միարժեքորեն խոսում է այն բանի մասին, որ այս ֆակուլտետները համաշխարհային գիտությունից սարերի ու ձորերի հեռավորություն ունեն:
Բնականաբար, «մայր բուհի» ` համաշխարհային գիտությունից կտրված և կոռուպցիայի նմուշ հանդիսացող այս երկու ֆակուլտետները չեն կարող հայրենիքին որակյալ միջազգային իրավունքի և դիվանագիտության մասնագետներ տալ:
Արևելագիտությունը քիչ է
Վիճակը համեմատաբար ավելի բարվոք է արևելագիտության ֆակուլտետում: Վերջինիս կազմում են թուրքագիտության, արաբագիտության և պարսկագիտության ամբիոնները: Դա շատ լավ է ոչ միայն գիտական, այլ նաև պրակտիկ` դիվանագիտական տեսանկյունից: Մեր երկրին (ԱԳՆ-ին) անշուշտ պետք են թուրքերից, պարսիկներից ու արաբներից «գլուխ հանող» մասնագետներ ու գիտնականներ:
Բայց հայտնություն չէ, որ մեր երկիրը շփվում/առնչվում է ոչ միայն Թուրքիայի (Ադրբեջանի), արաբական երկրների ու Իրանի հետ, այլև Վրաստանի, Ռուսատանի, Ամերիկայի, Ֆրանսիայի, Իսրայելի և այլ երկրների հետ: Նախանշվում են նաև ակտիվ շփումներ Չինաստանի հետ:
Իսկ հիմա փորձեք Հայաստանում գտնել գեթ մեկ վրացագետ, ռուսագետ, ամերիկագետ, ֆրանսագետ, հրեագետ կամ չինագետ… Դժվար թե դա Ձեզ հաջողվի:
Այսինքն` մեր երկրում չկա մեկը, ով մասնագիտորեն գլուխ հանի այդ երկրների ուզած/չուզածից, այդ երկրների թույլ ու ուժեղ տեղերից և իրենց հետ առնչվելու մեթոդիկայից: Չկա մի մասնագետ, ով ի վերջո գիտականորեն ասի, թե ինչպիսին է Վրաստանի քաղաքականությունը հայերի նկատմամբ, ինչպես պահպանել ինքնիշխանությունը Ռուսաստանից, ինչ ակնկալիքներ ունի ԱՄՆ-ն այս տարածաշրջանից, ինչ կարող ենք մենք ստանալ ֆրանսիացիների` մեր նկատմամբ սիրուց, ինչ կարելի է քաղել Իսրայելում տեղի ունեցող պրոցեսներից ու ինչպիսին կլինի զարգացող Չինաստանի դերը մեր տարածաշրջանում տարիներ անց:
Կարևորագույն այս բոլոր հարցերին փորձում են պատասխանել քաղաքագետներ, դիլետանտներ, դիվանագետներ… բայց ոչ այդ երկրներից շատ լավ «գլուխ հանող» մասնագետներ (ինչպես դա, օրինակ, Թուրքիայի պարագայում է):
Աշխարհում ընդունված բան է, որ երկրում պատրաստվեն այն երկրների մասնագետներ, որոնց հետ այդ երկիրը շփվում է: Դրա ակնառու օրինակը ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսն է, ով մասնագիտությամբ սովետագետ/ռուսագետ էր:
Իսկ ինչո՞ւ այսպես ստացվեց
Տարածաշրջանային մասնագետներ պատրաստելն ընդունված էր նաև ԽՍՀՄ-ում: Սովետական իշխանությունները գիտակցում էին` “врага надо знать в лицо, друга – тем более”: Միությունով մեկ պատրաստվում էին այդ տարբեր երկրների մասնագետներ: Իսկ արևելագետների մասով «պարտականությունը» (պլանը), բավականին տրամաբանորեն, դրված էր ԵՊՀ-ի վրա:
Արդյունքում արևելագիտությունը հումանիտար գիտության, ըստ էության, միակ ուղղությունն էր, որը զարգացած էր Խորհրդային Հայաստանում: Իսկ ահա ամերիկագետները, եվրոպագետները և չինագետները պատրաստվում էին հիմնականում Մոսկվայում և Լենինգրադում:
Սակայն անկախանալուց հետո, երբ մենք սկսեցինք ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարել, տրամաբանորեն, մենք պիտի կամաց-կամաց ներմուծեինք ամերիկագետների, եվրոպագետների, հրեագետների և չինագետների ինստիտուտը, ինչպես նաև, բնականաբար, ստեղծեինք վրացագետների և ռուսագետների ուղղություններ:
Սակայն դա ոչ միայն չարվեց, այլև դրա միտումն էլ չկա: Ըստ էության, ԿԳՆ-ի, կամ ԱԳՆ-ի մտքով էլ չի անցնում ստեղծել ռեգիոնալ այս ուղղությունները ուսումնասիրող գիտություններ:
Այսպիսով, եթե կրթության և գիտության նախարարությունում չեն հասկանում հումանիտար գիտությունների կարևորությունը երկրի համար, հույս ունենք, որ դա կհասկանան արտաքին գործերի գերատեսչությունում, ուր ունեն այդ ոլորտի կադրերի կարիքը:
Հուսանք, որ մի պայծառ օր հումանիտար գիտություններում բարձիթողի վիճակը գոնե մի քիչ կբարալավվի ԱԳՆ-ի պատվերով` տարբեր երկրների/ռեգիոնների մասնագետների համալրմամբ, ինչպես նաև որակյալ դիվանագետներ ու միջազգային իրավունքի մասնագետներ ունենալու հրամայականով:
Մեկնաբանել