
Կալանավորի մահը բժշկի վրա՞ են բարդում
Անցյալ տարվա հոկտեմբերն էր, երբ Վանաձորում լուր տարածվեց, որ քաղաքի քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) կալանավորներից մեկը կասկածելի հանգամանքներում մահացել է:
Նախկինում 3 անգամ դատապարտված 33-ամյա վանաձորցի Սլավիկ Ոսկանյանին մեղադրանք էր առաջադրվել Սվետլանա Կազազյանի սպանության և Աստղիկ Աղաբեկյանի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու համար: 2010 թ. հոկտեմբերի 10-ին նա միանգամայն առողջ տեղափոխվել էր «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Ուղիղ 2 շաբաթ անց` հոկտեմբերի 24-ին, կալանավոր Ոսկանյանը մահացել էր: Նրա մարմնի վրա վնասվածքներ, բռնության հետքեր, ինչպես «Հետքին» հայտնել էին Լոռու մարզի քննչական բաժնից, չէին հայտնաբերվել:
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի ծառայությունը սկզբում տեղեկացրեց, թե կալանավորը հանկարծամահ է եղել: Մահվան իրական պատճառը հայտնեցին ավելի ուշ, երբ այն արդեն նշված էր մահվան վկայականում` օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիան, որն առաջացել էր ձախ սրունքի միջային մակերեսի ինֆեկցված վերքից սկսված ձախ ստորին վերջույթի (ոտնաթաթից մինչև ազդրի վերին երկրորդականն ընդգրկող) գազային գանգրենայի հետևանքով:
Պաշտոնական տվյալներով` ոտքի մեջ թուք ներարկելով` կալանավորն ինքն իրեն վնասել էր, որպեսզի տեղափոխվի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ և կալանքն անցկացնի ավելի ազատ պայմաններում: Ընդ որում` իր նախկին դատվածություններից մեկի ժամանակ Սլավիկ Ոսկանյանը «Դատապարտյալների հիվանդանոցից» փախչելու անհաջող փորձ էր արել:
Շուշան Ոսկանյանը` Սլավիկի կինը, «Հետքին» պատմել է, որ ամուսնու ձերբակալությունից հետո 3 անգամ` հոկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին, հանդիպել է նրա հետ, իսկ կալանավորվելուց հետո` հեռախոսով խոսել: Շուշանի խոսքերով` ՔԿՀ տեղափոխվելուց հետո ամուսինը լրիվ հուսահատված էր: Նրա բնորոշմամբ` Սլավիկը, ըստ երևույթին, հասկացել էր, որ «դուրս գալու հնար չունի»:
Հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը ամուսինների միջև տեղի ունեցած վերջին հեռախոսազրույցի ժամանակ Սլավիկի վիճակը շատ ծանր է եղել: Շուշանի ասելով` «նրա ձայնը հոգնած, տանջված էր, փորից դուրս չէր գալիս»: Սլավիկը կնոջն ասել է, որ հոկտեմբերի 18-ին ոտքի մեջ թուք է ներարկել: Արդյունքում ոտքը բորբոքվել, «քոթուկի պես ուռել» ու անշարժացել է: Իրեն տարել են բուժկետ, վերքը մշակել, 200 գրամի չափ թարախ հանել, բայց, միևնույն է, վիճակը չի լավանում:
«Ասաց` ոտքս թարախակալվել ա, ցավում ա, չեմ կարողանում քայլեմ: Զուգարան գնալուց էլ երկու հոգով բռնում, տանում են, բերում պառկացնում»,- պատմում է Շուշանը և հավելում, որ խոսակցությունից 2 օր անց ամուսինը մահացել է:
Հարուցվեց քրեական գործ ՀՀ Քր. օր.-ի 130 հոդվածի 2-րդ մասով` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն առաջացրել է բուժվող հիվանդի մահ: Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն, որի համաձայն` «Վանաձոր» ՔԿՀ-ի բժիշկ Մարզպետ Մինասյանի կողմից կալանավոր Սլավիկ Ոսկանյանի ախտորոշումն ու բուժումը կատարվել է ոչ ճիշտ: Այսինքն` բուժումը չի կատարվել ախտորոշմանը համապատասխան, հակառակ դեպքում «հնարավոր էր հիվանդության բարենպաստ ելք»:
Փորձագիտական եզրակացության մեջ հիմք են բերվում նախաքննության տվյալները` գործում առկա բժշկական փաստաթղթերից, բժիշկ Մարզպետ Մինասյանի կողմից հիվանդի անվամբ լրացված բժշկական քարտից:
2010 թ. հոկտեմբերի 18-ի գրառման մեջ բժիշկն ախտորոշել է Սլավիկ Ոսկանյանի հիվանդությունը` թքի ներարկումից առաջացած հետինֆեկցիոն վերք: Հոկտեմբերի 19-ին ամբուլատոր քարտում գրառել է, որ շոշափելիս նկատվում է կրեպիտացիա (ճարճատյուն): Նույն ամսաթվով նշել է նաև, որ կատարելով կտրվածք` հայտնաբերել է շագանակագույն թարախ` տհաճ հոտով:
Ըստ փորձագիտական հանձնաժողովի` բժշկի այս գրառումը վկայում է ավելի ծանր պաթոլոգիայի` գազային գանգրենայի մասին: Այդ կլինիկական նշանները արձանագրելով, սակայն, բժիշկը չի ախտորոշել հիվանդությունը: Նա հիվանդությունը ճիշտ ախտորոշել է միայն հիվանդի մահվան օրը` հոկտեմբերի 24-ին:
Ըստ եզրակացության` բժիշկը նույնիսկ հիվանդի` իր գնահատած օբյեկտիվ վիճակին համապատասխան բուժում չի կատարել. նա պետք է բուժման ցանկում ընդգրկեր հակաանաէրոբ խմբի դեղամիջոցներ և հիվանդին հետագա կոնսերվատիվ և վիրաբուժական բուժման նպատակով ուղեգրեր հիվանդանոց:
Հանձնաժողովը եզրակացրել է, որ հայտնաբերված ախտորոշմամբ հիվանդը կարիք է ունեցել ստացիոնար բուժման, բայց նույն եզրակացության մեջ նաև նշված է, որ հիվանդին տրված բուժումը ՔԿՀ-ի պայմաններում ոչ թե եղել է հակացուցված, այլ ոչ արդյունավետ:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի կարծիքով` կալանավորի մահվան պատասխանատվությունը միայն ՔԿՀ-ի բժշկի կամ հիմնարկի ղեկավարության վրա դնելը լիարժեք մոտեցում չէ: Նման պարագայում, ըստ նրա, խախտվում է քննության օբյեկտիվության, համակողմանիության և ամբողջականության սկզբունքը:
Արթուր Սաքունցի համոզմամբ` պետք է քննության առարկա դառնա նաև այն, թե կալանավորի առողջական խնդիրների վերաբերյալ ինչ դիրքորոշում է ունեցել քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժինը:
«Արդյոք բժշկի կողմից կալանավորի առողջական խնդիրների հետ կապված ահազանգ եղե՞լ է ՔԿՀ վարչության առողջապահության բաժին: Ըստ իմ ունեցած տեղեկությունների` եղել է»,- վկայում է Արթուր Սաքունցը:
Կալանավորի մահից հետո ՔԿՀ-ի բժիշկն ու պետը Արթուր Սաքունցի հետ զրույցի ժամանակ ասել են, որ Սլավիկի առողջական խնդիրների մասին տեղյակ են պահել ՔԿՀ վարչության առողջապահական բաժնին: Դա հաստատում է նաև ՔԿՀ-ի բժիշկը:
Մարզպետ Մինասյանը, հիշեցնելով, որ զննումի հաջորդ օրը կտրվածք է արել, ասում է. «Նիզաշտո տեղը չեմ կտրվածք արել: Զգացել եմ, որ ընդեղ ինֆեկցիա ա գնում թարախային»: Բժշկի խոսքերով` հենց այդ օրն էլ հիվանդի վիճակի մասին հաղորդել է Քրեակատարողական վարչություն:
Շուշանը նույնպես նշում է, որ վերջին հեռախոսազրույցի ժամանակ ամուսինն ասել է, որ իր վիճակի մասին բժիշկն արդեն ահազանգել է: Կնոջ ներկայացմամբ` հոկտեմբերի 22-ից բժիշկը սկսել է համառորեն պահանջել, որ հիվանդին տեղափոխեն Վանաձորի հիվանդանոց կամ «Դատապարտյալների հիվանդանոց»:
«Ամսու 22-ին որ էկա, նույն ձևի տեսա, ասեցի` լուրջ բան ա կատարվում, պըտի տեղափոխվի, մեք թողա ըստեղ: 23-ին էլ էկա պերեվյազկեքն արի, տեսա` այտուցվելա, ասի` խնդրում եմ, վիճակը ծանրանում ա, տեղափոխեք: 24-ի օրը դաժե եքա կռիվ-դավի առավոտից»,- պատմում է բժիշկ Մինասյանը: Բայց, ինչպես նա է ասում, «առանց վարչության թույլտվության ոչ մի կալանավոր բերդից մի քայլ անգամ չի կարող անել»:
«Տեղափոխման հարցը լուծողը վարչությունն ա, թող լուծեր: Եթե չեն թույլատրում, ես ո՞նց կարամ տեղափոխել տամ»,- հավելում է բժիշկ Մինասյանը: Հիվանդի վիճակի մասին բժիշկը, ըստ կարգի, պետք է հաղորդի ՔԿՀ-ի պետին, վերջինս էլ` վերադասներին` Քրեակատարողական վարչության պետի տեղակալներին կամ հենց վարչության պետին:
Իսկ Սլավիկ Ոսկանյանի դեպքում, բժշկի ասելով, ինքն անձամբ է պարբերաբար զեկուցել ՔԿՀ բժշկական սպասարկման բաժին: Բայց դա կատարել է ՔԿՀ-ի ղեկավարության իմացությամբ: «Բժիշկը ինքնագլուխ ա՞»,- հարցնում է Մինասյանը:
Վերջինս փաստարկում է. հիվանդի առողջական վիճակի վերաբերյալ կազմվել է մի քանի արձանագրություն, որոնք հիմնարկի պետի ցուցումով կցվել են կալանավոր Սլավիկ Ոսկանյանի գործին:
«Քույրս (նկատի ունի բուժքույրին) գրել ա, որ սենց` այտուցված ա, արդեն այտուց ա գնում: Ուրեմն` պետը խաբար չի՞ ըլնում, չի իմանո՞ւմ»,- հարցնում է բժիշկը և շեշտում, որ Սլավիկի հիվանդության ընթացքում ինքն արձակուրդում է եղել (արձակուրդայինը, նրա ասելով, ձևակերպված է եղել մինչև հոկտեմբերի 30-ը): Ղեկավարությունն էլ իրեն ոչ պաշտոնապես է կանչել հիվանդին զննելու: Ավելին, ըստ Մինասյանի` արձակուրդի ժամանակ ինքը փոխարինող չի ունենում, և հիմնարկի պետն է պատասխանատու կալանավորների առողջության համար:
«Արձակուրդի մեջին որ ինձ կանչեն, ասեն` արի տես էս հիվանդին, իրանք չէի՞ն տեսնում` հիվանդը ինչ վիճակում ա: Տեղյակ են եղել բոլորը. Մխոյանն էլ ա իմացել, սաղն էլ իմացել են: Իրանք գիտեցել են. էդ տղեն ասել ա, որ թուք եմ սրսկել: Ես էլ ասել եմ, որ սենց վիճակ ա` սենց, սենց, թարախակալել ա: Էդքան արձանագրությունն էլ գրել ենք, որ սենց ա էղել բանը: Ու հիմի որոշ մարդիկ հետ են կանգնել, երբ որ իրանք գիտեն սաղ»,- վրդովվում է բժիշկը:
Մարզպետ Մինասյանի ասելով` ՔԿՀ-ի ղեկավարությունը նույնիսկ բժիշկ է հրավիրել` հիվանդին զննելու: Հոկտեմբերի 21-ին «Վանաձոր» ՔԿՀ-ում է եղել Վանաձորի թիվ 1 հիվանդանոցի վիրաբուժության բաժանմունքի վարիչ Վովա Ղուկասյանը: Բժիշկ Մինասյանի փոխանցմամբ` ինքն այդ ժամանակ ՔԿՀ-ում չի եղել, և բժիշկ Ղուկասյանին չի տեսել: Հետո բուժքույրն է իրեն պատմել, որ վերջինս տեսել է հիվանդին ու նրա վիճակը գնահատել նորմալ:
«Հարցն էն ա` իրանք չուժոյ բժիշկ են կանչում, էսօրվա օրով ես եմ պատասխան տալիս,- ասում է Մարզպետ Մինասյանը,- բժիշկը էկել, տեսել ա: Բա լավ, բժիշկ են կանչում, չե՞ն հետաքրքրվում` ինչ ա արել»:
Բժիշկ Վովա Ղուկասյանը չհերքեց, որ եղել է ՔԿՀ-ում, բայց ժխտեց, որ զննել է կալանավոր Սլավիկ Ոսկանյանին: Ասաց` քանի որ ՔԿՀ-ի բժիշկը տեղում չէր, իրեն կանչել էին կալանավորներից մեկին զննելու: Այդ ընթացքում բուժքույրը նրանից խորհուրդ է հարցրել Սլավիկ Ոսկանյանի վերաբերյալ, ում ոտքից արտադրությունը չէր դադարում: Ինքն էլ այդ վիճակը բնական է համարել և խորհուրդ տվել վիրակապը մի քանի անգամ փոխել, մինչև բժիշկը գա: Ղուկասյանի ասելով` բուժքույրն իրեն չի ասել, թե հիվանդի ոտքն ինչից է բորբոքվել:
Սլավիկի կինը` Շուշանը, պատմում է, որ իր հետ հեռախոսազրույցի ժամանակ ամուսինը փոխանցել է, թե Լոռու մարզի դատախազն է այցելել իրեն, տեսել ծանր վիճակում և ասել` «ուզում ես փտի, ինչ ուզում ես արա, մեկ ա` ըստեղ պետք ա մնաս, չենք տեղափոխելու ՑԲ («Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ - հեղ.)»:
«Հետքի» տվյալներով` Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանն, իրոք, այցելել է ՔԿՀ և հիմնարկի պետի աշխատասենյակում տեսակցել հիվանդ կալանավորին: Ընդ որում` Սլավիկին դատախազի մոտ են բերել գրկած, ծանր վիճակում:
Ավելի ստույգ տեղեկատվություն ստանալու ակնկալիքով մենք դատախազ Կարեն Շահբազյանին գրավոր հարցրել ենք, թե 2010-ի հոկտեմբերի 10-ից 24-ն ընկած ժամանակահատվածում «Վանաձոր» ՔԿՀ-ում այցելե՞լ է կալանավոր Սլավիկ Ոսկանյանին: Նա պատասխանել է, որ մարզի դատախազի` պաշտոնեական լիազորությունների իրականացման ընթացքում տեղաշարժերը չեն արձանագրվում, իսկ հիշողությամբ հնարավոր չէ հստակ տեղեկատվություն տրամադրել:
Բժիշկ Մինասյանը հիվանդի մոտ չի ախտորոշել գանգրենա հիվանդությունը, բայց, ինչպես ինքն է ասում, կասկած ունեցել է. «Չունենայի կասկած, չէի ասի` տեղափոխեք: Բանտի աշխատակիցներից ո՞րը չի լսել իմ ճչոցը: Ճվում էի` մարդը պըտի մեռնի, վրիս մնա, էդ ա՞ ձեր ուզածը»:
Մինասյանը նշում է, որ գանգրենա կասկածելով` դրան համապատասխան բուժում չի իրականացրել, քանի որ ՔԿՀ-ում նման հիվանդության բուժման համար համապատասխան պայմաններ չկան. գանգրենայի դեպքում պետք է անզգայացմամբ մեծ կտրվածք անել: Իսկ ՔԿՀ-ի բուժմասում, ըստ նրա, հնարավոր է կազմակերպել միայն առաջին բուժօգնություն:
Սլավիկի մոտ բժիշկ Մինասյանը գանգրենա է ախտորոշել միայն հոկտեմբերի 24-ին, ժամը 10:15-ին և այդ մասին հաղորդել վարչություն: Ժամը 13:00-ի սահմաններում անոթային վիրաբույժի կոնսուլտացիայի ցուցում է տրվել: Բանտի ղեկավարության հրավերով հիվանդին զննելու համար ՔԿՀ է եկել Վանաձորի թիվ 1 հիվանդանոցի անոթային վիրաբույժ Արթուր Խաչատրյանը:
Վերջինիս տեսության պահին հիվանդը եղել է ծայրահեղ ծանր վիճակում: Բժիշկ Խաչատրյանն ախտորոշել էր գազային գանգրենա, ընդհանուր ինտոքսիկացիա և խորհուրդ տվել հիվանդին շտապ հոսպիտալացնել: Վարչությունից հրահանգ է տրվել կալանավորին տեղափոխել հիվանդանոց: Բայց ժամը 14:45-ին Սլավիկը մահացել է:
Արթուր Խաչատրյանն ասում է. «Ինչ որ պետք էր, կարող էր արվել այդ պայմաններում, բժիշկ Մինասյանի կողմից արվել էր` անտիբիոտիկներ, կաթիլային սիստեմա»:
Բժիշկ Մինասյանն էլ հավատացնում է, որ հիվանդի` իր գնահատած վիճակին համապատասխան բուժում է կատարել, և իր բոլոր նշանակումներն արձանագրված են հիվանդի ամբուլատոր քարտում:
«21 տարի ա` վիրաբույժ եմ, իմ ձեռքի տակ ոչ մեկը չի մահացել: Առաջին մահն ա: Էն էլ իմ պայմանները չբավարարեցին, որ օգնեմ: Դրանից հետո քանի ամիս իմ ջղայնությունից բոլորին կոպտել եմ` չեմ նայել` պետ ա, պետ չի: Գիտեն, որ մեղավոր չեմ: Ուզում եմ գործը դատարան մտնի: Թող օբյեկտիվ դնեն, քննեն: Ո՞նց կըլնի` ես մենակ կանգնեմ դատարանում: Արձակուրդի մեջին, եթե ինձ առանց գրության հետ ես կանչում... Կամ էդ հիմնարկին պետ չկա՞, ղեկավար չկա՞, չի՞ իմանում, որ կալանավորը սենց վատանում ա: Հարցը էն ա, որ ես շատ փոքր մարդ եմ: Ես ասեմ` էս բանը սենց, պըտի տեղափոխվի: Իմ բերնին նայող չկա: Իմ ուժը չի պատում, որ զոռեմ, ասեմ` սենց չի ըլնի: Հիմնարկի ղեկավարը հեչ ուժ չունի՞, ինքը չունի, ես ունե՞մ: Ես իրա ենթական եմ»,- ասում է բժիշկ Մինասյանը:
Հ.Գ. Որոշ հարցերի պատասխաններ «Հետքին» առայժմ չի հաջողվում ստանալ: Քրեակատարողական վարչությունը մեր բոլոր հարցումներն անպատասխան է թողնում` պատճառաբանելով, թե Սլավիկ Ոսկանյանի մահվան հանգամանքները պարզելու առթիվ Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Նույն պատճառաբանությունն է բերում նաև ՀՔԾ-ն:
Հոդվածը պատրաստվել է Հետաքննական լրագրության դանիական ասոցիացիայի (SCOOP) աջակցությամբ:
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել