«Դալմա գարդեն մոլը» ամբողջապես հարմար չէ հաշմանդամություն ունեցողների համար
Սառա Խոջոյան
Հայաստանում առաջին զվարճաառեւտրային համալիրը՝ «Դալմա գարդեն մոլը», որը հավակնում է նման կառույցներին առաջադրվող ամենաբարձր պահանջների համապատասխան լինել, դեռեւս ամբողջությամբ հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար:
Հայաստանում հաշմանդություն ունեցողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները՝ Զառա Բաթոյանն ու Արտակ Համբարձումյանը, շրջելով «Դալմա գարդեն մոլում», մի շարք բացթողումներ արձանագրեցին, որոնք կարող են խանգարել հաշմանդամություն ունեցող մարդկանց լիարժեք օգտվել համալիրում առաջարկվող ծառայցություններից:
Ավելի քան մեկ ամիս առաջ բացված համալիրում դեռ շինարարարական աշխատանքներ են իրականացվում ու որոշ սրահներ դեռ պատրաստ չեն, բայց այստեղ արդեն ներկայացված են աշխարհահռչակ ապրանքանիշեր:
Թեպետ «Դալմա գարդեն մոլը» կառուցելիս հաշվի են առել հաշմանդամություն ունեցողներին՝ վերելակի, զուգարանների առանձնացված սենյակների, որոշ խանութներում գանձապահների սեղանների ու հանդերձասրահների հարմարության առումով, սակայն շտկելու մի շարք թերություններ էլ կան:
«Երբ մարդիկ հայտարարում են, որ միջազգային չափանիշներին համապատասխան որևէ կենտրոն կամ համալիր են բացում, նախ պետք է ճշտել, ամբողջությամբ հասկանում են արդյոք նրանք «միջազգային չափանիշներ» արտահայտության իմաստը: 21-րդ դարում որևէ բան չի կարող այդ չափանիշներին համապատասխանել, եթե այն ստեղծված և հարմար չէ բոլորի համար, հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց»,- ասում է Բաթոյանը:
Համալիրը չունի հատուկ կայանատեղի՝ հաշմանդամություն ունեցողների համար, հատուկ զուգարանների վրա փակցված չէ հուշող նկարը, զուգարանակոնքը ամրացված է անհրաժեշտ բարձրությունից ցածր, իսկ բռնակներն ընդհանրապես ամրացված չեն, զուգարանի դուռը շատ ծանր է, լվացարանում ձեռքերը չորացնելու հարմարանքն այնքան բարձր է ամրացված, որ սայլակին նստած մարդու համար անհասանելի է: Կույրերի համար բրայլյան լեզվով բուկլետներ չկան, տեղետվական ցուցանակները նույնպես բրայլյան լեզվով չեն, խուլերի լեզուն՝ ժեստերը հասկացող ու ժեստերի լեզվով խոսող աշխատակից չկան, ողջ համալիրում պակասում են կողմնորոշիչ ցուցանակները եւ այլն:
Շատ խանութներում, լսելով Զառա Բաթոյանի դիտողությունները, պատրաստակամորեն նշում էին, որ հաշվի կառնեն դրանք:
Համալիրի գլխավոր ճարտարագետ Արշակ Ավետիսյանն ու տնօրենի օգնական Արինա Գրիգորյանը նույնպես պատրասատակամ էին՝ դիտարկելու «Հույսի կամուրջի» աշխատակիցների առաջարկություններն ու հնարավորության սահմաններում ուղղելու թերությունները:
«Այստեղ հաճախ ընդամենը կահույքն ու կախիչները դասավորելու հարց է, ինչ-որ բան վերանորոգելու կամ նորից կառուցելու խնդիր չկա: Իսկ թե նախագծողների, և թե շինարարությունն իրականացնողներին բոլոր խնդիրները լուծելու հնարավորություն են տալիս թե ՀՀ օրենսդրությունը, թե քաղաքաշինության նախարարի 2006թ-ի հրամանը՝ «Շենքերի եւ շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերի հաստատման մասին»,- նշում է Բաթոյանը:
«Ի վերջո տեղեկատվական այս դարում դժվար չէ իմանալ, թե զարգացած երկրներում ինչպիսի ճառայություններ են մատուցում նմանատիպ կենտրոնները հաշմանդամություն ունեցող անձանց համար»:
Զվարճաառեւտրային համալիրի օրինակիանորեն պահանջվող պայմաններին համապատասխանությունը ստուգելը Երեւանի քաղաքապետարանի պարտականությունն է, որի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը որոշակի ստուգումներ անցկացրել է.
«Զվարճաառևտրային համալիրի դիմային և կողային հատվածներում սակավաշարժուն խմբերի մոտեցումն ապահովելու համար առկա են համապատասխան թեքահարթակներ, իսկ շինության ներսում տեղադրված և գործում են թվով երկու վերելակներ»։
Սակայն, «Հույսի կամուրջի» ներկայացուցիչների արձանագրած թերացումները քաղաքապետարանի աշխատակիցները չեն արձանագրել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել