
ՊՆ-ն հերքում է գոմեշի մսի գործով նոր ձերբակալության մասին լուրը
«Հետքի» հետ զրույցում ՊՆ քննչական ծառայության աշխատակից Մերի Սարգսյանը հերքեց այսօր տարածված լուրերն այն մասին, թե գոմեշի մսի գործով բռնվել է նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի (ՆԱԴ) տնտեսագիտական վերլուծության եւ գնումների փաստաթղթերի ձեւակերպման վարչության պետ Վարդան Թունյանը: Վերջինս քաղծառայության 2-րդ դասի պետական խորհրդական է:
Մ. Սարգսյանը շեշտեց, որ Թունյանը որեւէ քրեական գործով չի անցնում ոչ իբրեւ վկա, ոչ իբրեւ կասկածյալ:
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ կա միայն մեկ մեղադրյալ՝ Կապանի մսի կոմբինատի տնօրեն, գործարար Ալբերտ Օհանջանյանը: Քրգործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ «Խարդախությունը (խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը), որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»:
Մեկնաբանել