
Թալանել են մինչեւ վերազինումը
«Արդշինինվեստբանկի» Ախուրյանի մասնաճյուղի բանկոմատը թալանելու մի փորձ գրանցվել էր այս տարվա հոկտեմբերի 5-ին, սակայն անհաջող: Կողոպտիչներին չէր հաջողվել բանկոմատում եղած գումարը տանել: Մոտ մեկ ամիս առաջ Ախուրյանի ոստիկաններին հաջողվել էր ձերբակալել կասկածյալներին, վերջիններս մեղքն ընդունել են եւ այժմ սպասում են գործի դատաքննությանը:
Նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը նույն բանկոմատը կրկին ենթարկվել է հարձակման: Ավազակներին հաջողվել է մուտք գործել տարածք եւ գողանալ 850 կգ կշռող սարքավորումն իր ողջ պարունակությամբ` 1 միլիոն 854 հազար դրամ գումար: Մասնաճյուղի տնօրեն Վլադիմիր Եղիազարյանը կատարվածի մասին հաղորդում է տվել Ախուրյանի ոստիկանական բաժանմունք:
Այս գիշեր թալանել են նաեւ «Արարատբանկի» Շիրակի մասնաճյուղի Նիկոլայ Ռիժկովի ճեմափողոցում գտնվող բանկոմատը: Ոստիկանության Գյումրու բաժին ահազանգել է մասնաճյուղի կառավարիչ Տիգրան Գեւորգյանը: «Արարատբանկին» պատկանող բանկոմատից կողոպտիչները տարել են 29 միլիոն դրամ գումար:
Ըստ «Հետքին» հասած տեղեկությունների՝ անցած ուրբաթ օրվանից Գյումրի քաղաքի բանկոմատների վերազինում էր կատարվելու, իսկ Ախուրյանի մասնաճյուղում այն պիտի սկսվեր երկուշաբթի օրվանից: Ամենայն հավանականության խումբը կամ խմբերը, որ կատարել են կողոպուտները տեղեկացված են եղել եւ վստահ, որ բանկոմատները ազդանշանային համակարգով կապված չեն ոստիկանական բաժանմունքների հետ:
Ըստ ոստիկանության` ՀՀ Քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Մեկնաբանել