HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության վերլուծությունը

Մի քանի տարի է, ինչ Հայաստանի հանրային դաշտում կարևոր տեղ են գրավում քաղաքացիական նախաձեռնություններն ու տարբեր մակարդակի քաղաքացիական պայքարները: Նրանց գործունեությունը լուսաբանվում է լրատվամիջոցների կողմից, սակայն դեռևս մեր ժողովրդի և հասարակության մեջ բավարար փորձեր չեն կատարվում քաղաքական ու քաղաքացիական դաշտի այս նոր գործոնների, գործընթացների և պայքարների մասին կանոնավոր կերպով փաստեր հավաքելու, փաստագրելու և վերլուծելու ուղղությամբ:

2012թ. ՄԻԺԻ-ն նախաձեռնեց մի քանի քաղաքացիական նախաձեռնությունների, նրանց գործունեության ու պայքարների փաստահավաքում, արխիվացում և վերլուծությունների պատրաստում: Նպատակն է՝ պահպանել և մեր ժողովրդին ու հանրությանը հասանելի դարձնել քաղաքացիական նախաձեռնությունների, նրանց գործունեության  ու պայքարների մասին նյութերը, խթանել այդ թեմաներով քննարկումներ, գնահատում ու նորանոր վերլուծություններ ինչպես հենց ակտիվիստների կողմից, այնպես էլ վերլուծաբանների, գիտական ոլորտի  և լայն հասարակության կողմից: Նման վերլուծությունները կօգնեն դասեր քաղել, ճշտորոշել ներկա մարտահրավերները, ուրվագծել հեռանկարային որակական ռազմավարություններ և գործունեություն ձեռնարկել: Կարծում ենք, որ այս վերլուծականներն օգտակար կլինեն նաև նոր ձևավորվող քաղաքացիական խմբերի ու ակտիվիստների համար:

Այս և մի քանի այլ նախաձեռնությունների մասին նյութերը կարող եք գտնել նաև www.organize-now.am կայքում: Բաց ենք առաջարկությունների և նկատառումների համար: 

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն

- վերլուծական հոդված - 

Թեղուտը հայ ժողովրդի սեփականությունն ու հարստությունն է. Թեղուտի հիմնախնդիրը ներազգային և համամարդկային է, կյանքի իրավունքի և արդարության նվաճման պայքար է: Թեղուտի հիմնախնդիրը ներազգային ու համամարդկային է, կյանքի իրավունքի ու արդարության նվաճման պայքար է: 

Նախապատմությունը և ընթացքը

Թեղուտը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելքում` Լոռու մարզում, Ալավերդի քաղաքից շուրջ 35կմ հեռավորության վրա: Թեղուտը բարդ աշխարհագրությամբ և գեղատեսիլ բնությամբ տեղամաս է` անտառներով և գետերի կիրճերով: Տարածքը համարվում է երկրաշարժերի ու սողանքներ ենթակա շրջան: Շնող գետը, իր Կռունկ, Խառատաձոր (վերանվանվել է Պակասաջուր) և Դուքանաձոր վտակներով, շրջակա Թեղուտ և Շնող գյուղերի խմելու և ոռոգման ջրի հիմնական աղբյուրն է: Իր հերթին, Շնող գետը թափվում է Դեբեդ գետ, որն էլ հոսում է դեպի հարևան Վրաստան: Թեղուտի շրջանը հարուստ է նաև մշակութային և պատմական վայրերով, որոնք թվագրվում են մինչև միջնադար և հնագույն շրջան:

Թեղուտը Հայաստանի Հանրապետության լավագույն պահպանված անտառային տարածքներից է[1]` այստեղ են բնակվում շուրջ 200 տեսակի բույսեր, 55 տեսակի կաթնասուններ, 86 տեսակի թռչուններև 4 տեսակի երկկենցաղներ: Նրանցից շատերը հազվագյուտ կամ վտանգված տեսակներ են և գրանցված են Հայաստանի և Միջազգային Կարմիր գրքերում:

Թեղուտի անտառին հարակից գյուղերն են Թեղուտը և Շնողը` ընդհանուր առմամբ ավելի քան 3600 բնակչությամբ: Տարածքի կլիման բարենպաստ է գյուղատնտեսության և մեղվաբուծության համար. Խորհրդային Միության կոլեկտիվ տնտեսությունների փլուզումից հետո մարդիկ այստեղ գոյատևել են հիմնականում գյուղատնտեսության և անտառային բարիքների միջոցով:

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը հայտնաբերվել է դեռևս 1972 թ.: 2001թ. Armenian Copper Program (ACP) ՓԲԸ, որը Լիխտենշտեյնում գրանցված Vallex F.M. Establishment կորպորացիայի ընկերություններից մեկն է, լիցենզիա ստացավ հանքավայրի շահագործման համար: 2004թ. ՀՀ օրենսդրական փոփոխությունների արդյունքում ACP-ի լիցենզիան նորոգվեց` մինչև 2025թ. ժամկետով: 2006թ. նոյեմբերին, ՀՀ բնապահպանության նախարարությունը հաստատեց ACP-ի ներկայացրած Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման զեկույցները (ՇՄԱԳ)[2] ՝ այդպիսով թույլատրելով հանքի շահագործումը: 2007թ. նոյեմբերին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց, որի համաձայն առանց մրցույթի 50 տարի ժամկետով 1491 հեկտար (հա) հող էր տրամադրվում Թեղուտում պղնձամոլիբդենային հանքի շահագործման համար: Վերը նշված բոլոր որոշումները կայացվել են ՀՀ օրենքների և միջազգային կոնվենցիաների բազմաթիվ խախտումներով:

Հանքի համար հատկացված տարածքի 82.6%-ը (1232 հա) անտառածածկ է, որից 357 հա նախատեսված էամբողջովին հատել, իսկ 756.6 հա պետք է ծառայի որպես սանիտարական գոտի: Անտառածածկ սարերից մեկի վրա` Դուքանաձոր գետի կիրճում, փորվում է 600 մետր խորությամբ պոչամբար (թունավոր թափոնների ամբար), որտեղ տեղակայվելու է 500 միլիոն տոննա պոչանք (թունավոր թափոն) և 600 միլիոն տոննա այլ տիպի թափոն:

2007թ. ՀՀ կառավարությունը տնտեսության գերակա ճյուղ ճանաչեց հանքային արդյունաբերությունը, որի ամենախորհրդանշական զոհը դարձավ Թեղուտը: Թեղուտը խորհրդանշական դարձավ նաև հանքարդյունաբերության և բնական ռեսուրսների անխնա շահագործման դեմ պայքարի իմաստով, քանի որ հանքի շահագործման ծրագիրն իր մեջ ներառում է լրջագույն օրինախախտումներ ու իրավախախտումներ, շրջակա միջավայրին հասցվող անվերականգնելի վնաս, մարդկանց կյանքին ու առողջությանը հասցվող հսկայական վնաս, եկամուտների ծայրահեղ անհավասար վերաբաշխում, բնական ռեսուրսների անողջամիտ սպառում առանց հետագա արտադրական շղթաների զարգացման ու առանց ապագա սերունդների մասին մտահոգվելու, և բազմաթիվ այլ անարդարություններ:

Իսկ հանքային արդյունաբերությունը տնտեսության գերակա ճյուղ հայտարարելուց հետո ՀՀ կառավարությունը մեկը մյուսի հետևից սկսեց տարեկան տասնյակ հանքերի շահագործան լիցենզիաներ տալ և 2012թ-ի դրությամբ արդեն ՀՀ 29.000 քկմ տարածքում տրված հանքարդյունաբերական լիցենզիաների թիվը մոտենում է 700-ին և շարունակում է աճել: Հանքարդունաբերությունը որպես տնտեսական գերակայություն ամրագրվեց նաև 2008թ. ՀՀ կառավարության կողմից հաստատված Կայուն զարգացման ծրագրում, որն ըստ էության Հայաստանի սոցիալ-տնտեսական պետական ծրագիրն է: Դրան հաջորդեց հանքային արդյունաբերության հետ կապված օրենսդրության փոփոխությունը, մասնավորապես Ընդերքի մասին նոր ՀՀ օրենսգրքի հաստատումը 2010թ-ին, որն իրականացվեց Համաշխարհային Բանկի օժանդակությամբ (կամ ճնշման ներքո) և Հայաստանում դրախտային պայմաններ ապահովեց հանքարդյունահանող ընկերությունների համար` ցածր հարկեր ու բնապահպանական վճարներ, ոչ մի պատասխանատվություն թափոնների համար, նվազագույն պետական վերահսկողություն և այլն:

Դեռևս 2006 թվականից, երբ Կառավարության կողմից Թեղուտի հանքի հողահատկացման մասին որոշումը դեռ հաստատված չէր, բնապահպանական հասարակական (ոչ-կառավարական) կազմակերպությունները (ՀԿ), մասնավորապես Էկոդաշինքը, պայքարում էին Կառավարության այս որոշումը կանխելու համար: Այս շրջանում ուսումնասիրություններ են կատարվել Թեղուտի ծրագրի ՇՄԱԳ-ի վերբերյալ, բազմաթիվ նամակներ ու դիմումներ են հղվել ՀՀ Կառավարությանը, կազմակերպվել են կլոր սեղաններ և այլ միջոցառումներ: Հիմնական նպատակն էր` հասկացնել Կառավարությանը, թե ինչ աղետալի հետևանքներ կունենա Թեղուտի ծրագիրը, ինչ անօրինական ծրագիր է այն և դրանով նպաստել, որ Կառավարությունը գիտակցի ու հետ կանգնի այդ որոշման ընդունումից:

2007թ-ին Կառավարության որոշումից հետո բնապահպանական ՀԿ-ները կարծես թևաթափ եղան և Թեղուտի համար պայքարելու գործում ընկրկեցին: Այս նույն շրջանում Հայաստանի քաղաքացիական դաշտում ձևավորվում ու զարգանում էր մի նոր երևույթ` ինքնուրույն քաղաքացիական նախաձեռնություններ, որոնք չգրանցված, կամավոր հիմունքով գործող, զրոյական ֆինանսավորում ունեցող, հորիզոնական և մասնակցային որոշումների ընդունման համակարգով նոր տիպի ինքնաբուխ միություններ էին/են` կազմված մտահոգ, նախանձախնդիր ու նախաձեռնող քաղաքացիներից, հիմնականում երիտասարդներից: 2007թ-ի վերջին, երբ Կառավարության որոշումից հետո ՀԿ-ների մեծ մասը հետ քաշվեց պայքարից, մի խումբ երիտասարդներ ձևավորեցին Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը, որն իր ձեռքը վերցրեց հետագա պայքարի կազմակերպումն ու առաջնորդումը: Հետագա պայքարն արդեն ուղղված էր ոչ թե Կառավարությանը համոզելուն, որ այն փոխի իր որոշումը (քանի որ նախորդ շրջանի պայքարի արդյունքը փաստել էր իշխանությունների արհարմարհանքն ու անտեսումը հանրության ու ժողովրդի և նրանց գերակա շահերի նկատմամբ), այլ ավելի արմատական էր իր բնույթով. փորձում էր Թեղուտի խնդիրը բարձրացնել հանրային օրակարգ, հանրային ճնշում գործադրել Կառավարության վրա` դրանով իսկ ստիպելով վերջինիս փոխել իր որոշումը և դադարեցնել հանքի շահագործումը:

2007-2008 թվականներին, քաղաքացիական դաշտի ակտիվացմանը զուգահեռ սկսեցին քննարկվել քաղաքացիական ինքնակազմակերպման ու ներգործուն (պրոակտիվ) նախաձեռնողականության ճանապարհով հարցերի լուծման հնարավորությունները, մինչդեռ դրանից առաջ հիմնական լուծման ուղիների մասին պատկերացումները միշտ մնում էին իշխանությունների խաղի օրենքների շրջանակում: 2007-ի երկրորդ կեսին նաև տեղի ունեցան առանձին ուղղակի գործողություններ քաղաքացիական հասարակության կամ քաղաքացիների խմբերի կողմից, որոնք նույնպես նպաստեցին իրավիճակի փոփոխությանը: Օրինակ, Երևան քաղաքի կենտրոնում իրենց բակային հանրային կանաչապատտարածքի պաշտպանության համար բնակիչները քաղաքացիական անհնազանդությամբ կանգնեցին էքսկավատորների ու կարմիր բերետավորների դիմաց, և մեկ տարուց ավելի տևած պայքարում հաջողեցին պարտադրել քաղաքային իշխանություններին ու Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ) մասնավոր ընկերությանը հաշվի նստել բնակիչների պահանջի հետ ու նահանջել. Կասկադի հարևանությամբ գտնվող (Մաշտոց, Թամանյան, Իսահակյան փողոցներին կից) բակը պաշտպանվեց և այսօր էլ կանաչապատ հանրային տարած է մնում:

2007-2010թթ.. Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության ջանքերով իրականացվեցին բազմաթիվ բողոքի ցույցեր, պիկետներ, հանրահավաքներ, ստորագրահավաքներ, համերգներ, բնակչությանն իրազեկող միջոցառումներ: 2009թ. գարնանը հետևողականորեն շուրջ մեկ ամիս տևած ամենօրյա պիկետների արդյունքում ՀՀ Վարչապետը երկու անգամ խորհրդակցության հրավիրեց ակտիվիստներին ու մասնագետներին: Այս խորհրդակցությունների ընթացքում նա իր համար բացահայտեց ու պաշտոնապես արձանագրվեցին հանքի վտանգավոր ազդեցության և անօրինականության խնդիրները, Վարչապետը խոստումներ ու կարգադրություններ տվեց, որոնք հետագայում այդպես էլ չիրականացվեցին:

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության պայքարի արդյունքում բնապահպանության և հանքարդյունաբերության խնդիրները հաջողվեց հանրային օրակարգ բարձրացնել, մարդկանց մի որոշակի զանգվածի մոտ բնապահպանական գիտակցություն արթնացնել, ինչպես նաև գրավիչ ու վստահելի դարձնել ներգործուն և արմատական քաղաքացիական ակտիվիզմը:

2008թ. նախագահական ընտրությունների շրջանը մասամբ բացասաբար անդրադարձավ Թեղուտի պայքարի վրա, քանի որ առաջին պլան մղվեցին ընտրություններն ու քաղաքական դաշտի միջոցով հարցերի լուծման ճանապարհները: Միևնույն ժամանակ, 2008թ. շարժումն ակտիվացրեց բազմաթիվ քաղաքացիների, որոնք արդեն ընդհանուր ապատիկ վիճակից դուրս գալով, հետաքրքրված էին լսելու ու քննադատորեն մոտենալու նաև Թեղուտի հիմնախնդրին: Այս նույն ժամանակ համաշխարհային ճգնաժամի արդյունքում պղնձի գները շեշտակի իջան և Թեղուտի հանքի շահագործումը կասկածի տակ դրվեց, իսկ աշխատանքները տեղում առժամանակ դադարեցին: Ռուսական ՎՏԲ բանկը, որը պարտավորվել էր ավելի քան 300 միլիոն դոլարի չափ վարկ տրամադրել հանքի շահագործման համար, կասեցրեց վարկավորման գործընթացը. վարկը սկսեց մաս առ մաս տրամադրվել միայն 2011թ-ից, վարկի տրամադրման մասին տեղեկությունները փակ են և դժվար հասանելի:

Արդեն 2009թ-ի կեսերին Կառավարության վրա հանրային ճնշում գործադրելու ռազմավարությունը սկսեց աստիճանաբար սպառել իրեն: Կառավարությունն էլ իր կողմից խորամանկության գնաց և ակտիվիստների հետ բանակցություններում գրեթե հանդես չէր գալիս, այլ դա անում էր Վալլեքսը: Սրանով քողազերծվում էր ու ակնհայտ էր դառնում, որ ՀՀ Կառավարության ներկայացուցիչների և մասնավոր ընկերության շահերը համընկնում են, ու նաև սերտաճած են, և ՀՀ Կառավարությունը պաշտպանում է ոչ թե իր քաղաքացիների, ժողովրդի ու պետության, այլ մասնավոր ընկերության շահերը:

2009թ-ից նախաձեռնող խումբը սկսեց կրճատվել և պասիվանալ, հանրային օրակարգից խնդիրն աստիճանաբար սկսեց իջնել: Ակնհայտ էր, որ կարիք կար նոր ռազմավարության: Քննարկվում էր ուղղակի գործողությամբ հանքի գործունեությանը խանգարելու կամ այն արգելակելու տարբերակը, սակայն խմբի ներուժն ու ռեսուրսներն անբավարար գնահատվեցին նման գործողություն ձեռնարկելու համար: Այդ նույն շրջանում իշխանություններն անհատական ճնշումներ սկսեցին գործադրել որոշ ակտիվիստների նկատմամբ: Դրանցից ամենաակնհայտը Մարիամ Սուխուդյանի դեմ հարուցված դատական գործն էր, որով նա մեղադրվում էր սուտ մատնության համար: Նա տեսանյութեր էր ներկայացրել ՀՀ ոստիկանություն, որում Երևանի Նուբարաշենի N11 հատուկ դպրոցի սաները հայտնում էին, որ իրենց ուսուցիչներից մեկը պարբերաբար սեռական բռնություն է գործադրում անչափահաս աշակերտուհիների նկատմամբ: Նույն գործում ներգրավված էին նաև այլ բնապահպան ակտիվիստներ, որոնք մի քանի տարի առաջ կամավորական ծրագիրն էին իրականացրել Նուբարաշենի N11 հատուկ դպրոցի սաների հետ: Այս շրջանում շուրջ մեկ տարի ոչ միայն բնապահպանական դաշտը, այլև քաղաքացիական հասարակության մի ստվար հատվածի ներուժն ու ռեսուրսներն ուղղվեցին Մարիամ Սուխուդյանի պաշտպանությանը, որն ի վերջո, 2010թ. ամռանը հաջողությամբ ավարտվեց:

2009թ-ից որպես նոր ռազմավարություն ընտրվեց դատական կարգով ՀՀ կառավարության որոշումը վիճարկելու ճանապարհը: Հարցը մեկ տարուց ավելի շրջեց տարբեր ՀՀ դատական ատյաններում, բայց դատական գործը դեռ չսկսված փակվեց և ՀՀ Վարչական ու Վճռաբեկ դատարանները որոշեցին, որ հասարակական կազմակերպությունները կամ քաղաքացիների խմբերը օրենքով լիազորված չեն հանրային շահեր պաշտպանելու դատարանում: Ի դեպ, սա արվեց հղում տալով ՀՀ Սահմանադրական դատարանի 07.09.2010թ. ՍԴՈ-906 որոշմանը, որի բովանդակությունը հայցվոր կողմի կարծիքով իրականում հակասում է Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարանների որոշմանը:[3] Դրանից հետո, 2010թ. գործը տարվեց միջազգային դատական ատյաններ, մասնավորապես ՄԱԿ-ի տնտեսական հանձնաժողովի Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտե[4], որը քննելով խնդիրը, որոշում կայացրեց հօգուտ քաղաքացիական հասարակության ու ճանաչեց, որ Հայաստանը Թեղուտի հարցով խախտել է կոնվենցիան` շրջակա միջավայրի վրա զգալի ազդեցություն ունեցող որոշման կայացման սկզբնական փուլերում չիրազեկելով և չներառելով շահագրգիռ հանրությանը:

2010թ. վերջից կարելի է ասել Թեղուտի հարցը հիմնականում դուրս էր եկել հանրային օրակարգից:

Այն վերստին ակտիվացավ 2011թ. վերջին` Պահպանենք Թռչկան ջրվեժը քաղաքացիական պայքարի հաղթանակից հետո, որը նոր շունչ տվեց Թեղուտի և այլ բնապահպանական քաղաքացիական պայքարներին: Թեղուտի պաշտպանության գործում ներգրավվեցին նոր մարդիկ, ոչ միայն Երևանից այլև մարզերից, և հաստատվեց, որ հաղթանակի հասնելու միակ հնարավորությունը ուղղակի գործողությունը (քաղաքացիական ինքնիշխանությունն ու անհնազանդությունը) ռազմավարության հիմնական ուղղություն դարձնելն է: Հիմնախնդիրներն ու նպատակները նույնպես նորովի ձևակերպվեցին. ամրագրվեց, որ պայքարը պետք է դուրս գա զուտ բնապահպանական հարթությունից և հիմնական շեշտադրում կատարի նաև տնտեսական ու սոցիալական կողմերի վրա, կարևորվեց այլընտրանքային տնտեսության զարգացումը շրջակա գյուղերում, միջազգային կառույցների և հայկական սփյուռքի ներգրավումը, և այլն: Բացի այդ, նախաձեռնությունն այլևս հրաժարվեց երկխոսության մեջ մտնել հանքարդյունահանող ընկերության հետ և պատրաստ էր բանակցելու միայն ՀՀ կառավարության հետ՝ տիրոջ կարգավիճակով, ստանձնելով ՀՀ Սահմանադրության հոդված 2-ից բխող իր իշխանությունը:

Ներկա փուլում Թեղուտի պայքարը նաև զուգահեռ է զարգանում ընդհանուր առմամբ աղետաբեր հանքարդյունաբերության դեմ պայքարի հետ: Օրինակ, Թեղուտի պաշտպանության խմբի ակտիվիստների մի խումբ զբաղվում է հանքային օրենսդրության փոփոխությունների մշակմամբ, սերտ համագործակցություն կա այլ վայրերում հանքերի դեմ պայքարող կազմակերպությունների ու խմբերի հետ, Թեղուտի բացասական հետևանքները ապագայի իմաստով ցույց տալու համար հետաքննություններ են կատարվում, օրինակ, Քաջարանում (Հայաստանի հարավ), որն արդեն մի քանի տասնամյակների հանքարդյունաբերություն պատմություն ունի:

Թեղուտի քաղաքացիական պայքարը շարունակվում է և խնդիրը մնում է չլուծված: Վալլեքս ընկերությունը միլիոնավոր դոլարների ներդրում է կատարել, մեծ վնաս է հասցրել շրջակա միջավայրին և ամեն օր շարունակում է աշխատանքները հանքի նախապատրաստման համար: Բուն հանքարդյունահանման աշխատանքները դեռևս սկսված չեն: Ակտիվիստների մոտեցումն այն է, որ քանի դեռ հանքի գործունեությունը սկսված չէ, քանի դեռ թափոնները չեն թունավորել տարածաշրջանը, պայքարը պիտի շարունակվի, և շարունակվի ավելի արմատական ու ինտենսիվ ձևով: 

Հիմնախնդիրը և նպատակները

Թեղուտի համար պայքարի ընթացքում հիմնախնդրի ձևակերպումը որոշակի փոփոխության է ենթարկվել: Եթե սկզբնական շրջանում հիմնական շեշտը դրվում էր բնապահպանության վրա, հետագայում ավելի մեծ ուշադրություն սկսեց դարձվել նաև սոցիալական և տնտեսական կողմերին:

Թեղուտի պայքարում ձևակերպված հիմնախնդիրները հետևյալն են`

  1. Հանքի շահագործման թույլտվությունը Կառավարության կողմից տրվել է ապօրինի: Խախտվել են ՀՀ Սահմանադրությունը (հոդված 10, 31, 33.2, 48), մի շարք օրենքներ, այդ թվում` Բուսական և Կենդանական աշխարհի մասին օրենքները,Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին օրենքը, Սեյսմիկ անվտանգության մասին օրենքը և այլն, միջազգային կոնվենցիաներ, ինչպես օրինակ Շրջակա միջավայրի մասին որոշումների կայացման գործում հանրային իրազեկման, հանրային մասնակցության և արդարադատության մատչելիության մասին Օրհուսի կոնվենցիան, Անդրսահմանային կոնտեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գրահատման Էսպուի կոնվենցիան, մարդու իրավունքների մի շարք հռչակագրեր ու կոնվենցիաներ:
  2. Հանքի շահագործումը անվերականգնելի և հսկայական վնաս է պատճառելու շրջակա միջավայրին. թունավորվելու են գետեր և ստորջրյա աղբյուրներ, աղտոտվելու է օդը և հողը, վերանալու են դառնալու բազմաթիվ կենդանատեսակներ ու բուսատեսակներ: Հավանական է, որ ծանր մետաղներով լցված պոչամբարը փլուզվի, քանի որ տարածաշրջանը գտնվում է ավերիչ երկրաշարժերի գոտում, և բացի այդ, հանքարդյունաբերող կազմակերպության հեռանալուց հետո պոչամբարի պահպանման ծախսերը հարյուրամյակներ շարունակ իր վրա պիտի վերցնի պետությունը: Շրջակա միջավայրին հասցվող վնասը սխալ է հաշվարկվել, կիրառվել են խորհրդային շրջանի ժամկետանց հաշվարկային համակարգեր, կեղծիքներ են տեղի ունեցել, չեն հաշվարկվել այլ տնտեսության ճյուղերի զարգացման հնարավորությունն ու առավելությունները:
  3. Հանքի շահագործման արդյունքում հողի, օդի ու ջրի թունավորման պատճառով անխուսափելիորեն վնաս է հասցվելու մարդկանց առողջությանը: Մասնավորապես հայտնի է, որ հանքավայրում (հատկապես պոչամբարում) առկա ծանր մետաղներն առաջացնում են ուռուցքային հիվանդություններ, շնչառական, թոքային, սրտանոթային հիվանդություններ, արատավոր ծնունդներ և այլն:
  4. Հողի և ջրային ռեսուրսների թունավորման արդյունքում տարածաշրջանը արդեն մի քանի տարի անց դառնալու է գյուղատնտեսական իմաստով անօգտագործելի` հազարամյակներ շարունակ: Սա առաջացնելու է տնտեսական հետևանքներ` բնակիչների միակ եկամտի աղբյուրը կարող է լինել հանքը, անտառային բարքիների և գյուղատնտեսության միջոցով այլևս հնարավոր չի լինի վաստակել:  Սա կհանգեցնի տեղական բնակչության շարունակական և տևական աղքատացմանը, հիվանդությունների աճին, իսկ հետագայում նաև արտագաղթին:
  5. Հայաստանը զուտ հումք արտահանող երկիր է դարձել, որ արգելակում է երկրի ու ժողովրդի տևական զարգացման հիմնական հնարավորությունների  հեռանկարները: Թեղուտի հանքից արդյունահանվելու է պղնձի և մոլիբդենի խտանյութ, որն արտահանվելու է հիմնականում դեպի Եվրոպա, իսկ հումքի երկրորդական արտադրություն ՀՀ-ում չի զարգանալու: Հումքը վաճառվում է շատ էժան, իսկ երկրորդական արտադրությունն ապահովում է մի քանի անգամ ավելի բարձրեկամուտ:
  6. Հանքից ստացված եկամուտները շատ քիչ են հարկվում ՀՀ-ում: Ընդհանուր առմամբ հարկերը կազմում են շուրջ 21%, մինչդեռ համեմատության համար, Նորվեգիայում հանքարդյունաբերությունը հարկվում է 74%, Ռուսաստանում, Ղազախստանում և Ադրբեջանում 78%, Ինդոնեզիայում 83% և այլն: Բնապահպանական վճարները ցածր են, թափոնների համար հանքարդյունահանող ընկերությունները ոչինչ չեն վճարում, հանքի տարածքի հետագա պահպանումն ու հողի ռեկուլտիվացումը պետության պարտավորությունն են: Նշենք, որ հանքարդյունաբերության համար հողերն օտարվել են գերակա հանրային շահի անվան տակ, մինչդեռ իրականում հանրության ունեցվածքն ու ազգային հարստությունը թալանվում են հանուն մասնավոր ընկերության շահի:
  7. Հանքարդյունահանող ընկերությունը գրանցված է Լիխտենշտեյնում, օֆշորային գոտում (հարկային դրախտ), ուստի նրա սեփականատերերի ու հիմնադիր կապիտալի մասին տեղեկությունները գործնականում գաղտնի են և հանրությանն անհասանելի են:
  8. Հանրությունն օտարվել է հանքի մասին որոշումների կայացման գործընթացից: Շահագրգիռ հանրությունն իմացել է հանքի մասին, երբ հիմնական որոշումներն արդեն կայացված են եղել:
  9. Թեղուտի տարածքում հայտնաբերվել են միջնադարյան և հնագույն շրջանի պատմամշակութային շերտեր, որոնք հանքի շահագործման արդյունքում կամ կմնան պոչամբարի տակ, կամ, լավագույն դեպքում, այլ վայր կտեղափոխվեն:
  10. Բնական պաշարների ոչ ողջամիտ օգտագործման արդյունքում ապագա սերունդները զրկված կլինեն բնական պաշարներից ու տևական զարգացման հնարավորությունից: 

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության նպատակներն ու պահանջներն են`

  1. Դադարեցնել Թեղուտում հանքարդյունաբերական ծրագիրը
    1. Վերականգնել բնությանը հասցված վնասը
    2. Հատուցել Հայաստանի Հանրապետությանը և տեղի բնակիչներին հասցված տնտեսական վնասը
    3. Այլընտրանքային արդար և առողջ տնտեսություն զարգացնել Թեղուտում և տարածաշրջանում, որը կխթանի համընդհանուր բարիքն ու տևական զարգացման հնարավորությունները
    4. Իրավական պատասխանատվության ենթարկել անօրինական որոշում կայացնողներին
    5. Նպաստել Հայաստանում հանքարդյունաբերության հետ կապված օրենքների խստացմանն ու հարկերի ավելացմանը`հօգուտ հանրային բարիքի:

2011թ-ի վերջից, Թռչկանի հաղթանակից հետո տեղի ունեցավ բնապահպանական խմբերի և քաղաքացիական ակտիվիստների համախմբում և Թեղուտի հարցը կրկին բարձրացավ հանրային օրակարգ: Թեղուտի հարցը թեժ էր հանրային օրակարգում նաև 2012թ. Մաշտոցի պուրակի պայքարի ընթացքում, մանավանդ որ Թեղուտի պաշտպանության նախաձեռնության ակտիվիստներից շատերը Մաշտոցի պուրակի պայքարի կազմակերպիչների կորիզ խմբում էին: Այնուամենայնիվ, Մաշտոցի պուրակի պայքարի ազդեցությունը Թեղուտի պաշտպանության գործընթացների վրա տարբեր կերպ է ընկալվում ակտիվիստների շրջանում: Մի մասի կարծիքով այն ակտիվիստների ուշադրությունը ժամանակավորապես շեղեց Թեղուտի խնդրից և ամբողջ ռեսուրսներն ուղղեց դեպի Մաշտոցի պուրակի պայքարը՝ մասնավորապես խոսքը գնում է ուղղակի գործողության ռեսուրսի մասին: Մյուս մասի կարծիքով, Մաշտոցի պուրակի պայքարը հնարավորություն տվեց ակտիվիստներին դասեր քաղելու եռամսյա այդ ինտենսիվ քաղաքացիական պայքարի որակական փորձից ու մարտահրավերներից, ձեռք բերել զգալի հանրային համակրանքի և վստահության կապիտալ, քաղաքացիական շարժման լեգիտիմության ճանաչում՝ ներազգային և միջազգային մակարդակներում, ինչն անհրաժեշտ է Թեղուտի պայքարում հաջողության հասնելու համար:

Թեղուտի համար պայքարը շարունակվում է բազմազան ճակատներով: 

Մինչև այժմ ունեցած հիմնական նվաճումները հետևյալն են`

  1. Թեղուտի և հանքարդյունաբերության խնդիրը բարձրացել է հանրային օրակարգ, Երևանում, մարզերում և Սփյուռքի մի շարք համայնքներում:
  2. Թեղուտի հարցի շուրջ համախմբվել են բարձրորակ փորձագիտական ներուժ և ռեսուրսներ իրավագիտության, ջրային ռեսուրսների, կենդանական և բուսական աշխարհի, էկոլոգիայի և այլ ասպարեզներում: Մի շարք այլ ոլորտներում մասնագետների խիստ պակաս կա:
  3. Միջազգային իրավական դաշտում նվաճումներ են գրանցվել: Մասնավորապես Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության հանձնաժողովի կողմից ճանաչվել է, որ Թեղուտի հարցում Հայաստանի պետական կառավարման համակարգը չի կատարել շահագրգիռ հանրությանը ժամանակին իրազեկելու և որոշումների կայացման գործընթացում ներգրավելու իր պարտավորությունները:  2012թ. դեկտեմբերին կամ 2013թ. մարտին Օրհուսի կոմիտեն որոշում կկայացնի նաև ՀՀ իշխանությունների կողմից Թեղուտի գործում արդարադատության մատչելիության ապահովման վերաբերյալ:
  4. Հաջողությամբ սկսել է Թեղուտում այլընտրանքային առողջ ու արդար տնտեսություն զարգացնելու փորձնական ծրագիր: 2012թ. աշնանը ակտիվիստների մի խումբ Երևանում կամավոր հիմունքներով կազմակերպել է Թեղուտ և Շնող գյուղերի մեղրի և որոշ գյուղատնտեսական մթերքի վաճառք, որի շահույթն ամբողջությամբ գնում է արտադրող գյուղացիներին[5]:
  5. Աշխատանք է տարվել նաև Թեղուտի հանքարդյունաբերական ծրագիրն ու դրա ֆինանսավորողների էությունը քողազերծելու և նրանց նկատմամբ հակակրանքի ալիք ստեղծելու ուղղությամբ, ինչը մասամբ հաջողվել է:

    շարունակությունը 


[1] Հարկ է նշել, որ Հայաստանի անտառածածկ տարածքը վերջին 20 տարիների ընթացքում 11%-ից պակասել է մինչև 7%-ի: Փորձագետները նշում են, որ անտառահատման նման տեմպերի դեպքում առաջիկա 50 տարիների ընթացքում Հայաստանը կանապատանա:

[2] Համաձայն Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին (ՇՄԱՓ) ՀՀ օրենքի` մի շարք ոլորտներում, այդ թվում նաև լեռնահանքային արդյունաբերության և մետալուրգիայի ոլորտներում գործունեություն ծավալելուց առաջ պետք է անցկացվի տվյալ գործունեության կամ ծրագրի՝ շրջակա միջավայի վրա ազդեցության գնահատում (ՇՄԱԳ): Տնտեսվարողի կողմից համապատասխան փաստաթղթերը տրամադրելուց հետո ՀՀ Կառավարությունը, որպես պատասխանատու մարմին, եզրակացություն է տրամադրում դրա վերաբերյալ: Կառավարությունը պատասխանատու է եզրակացության հիմնավորվածության, սկզբունքների, կանոնակարգերի, նորմերի և ժամկետների պահպանման, անհրաժեշտ փաստաթղթերի և նյութերի ապահովման, աշխատանքային անհրաժեշտ պայմանների ապահովման և հրապարակայնության համար:

[3] 2012թ. օգոստոսի 22-ին Սահմանադրական դատարանում, Սահմանադրական իրավունքի կենտրոնում տեղի ունեցավ քննարկում, որի հիմնական թեման հանրային շահեր պաշտպանելու համար դատարան դիմելու ՀԿ-ների իրավասությունն էր, և այդ առնչությամբ ՍԴՈ-906 որոշման մեկնաբանությունը: Քննարկման վերջում Սահմանադրական իրավունքի կենտրոնի գիտական խորհրդի նախագահ Գևորգ Դանիելյանը, ինպես նաև ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտնեցին իրենց դիրքորոշումը, որն է՝ ՀԿ-ները պետք է իրավունք ունենան հանդես գալ որպես շահագրգիռ կազմակերպություններ: Այս մեկնաբանությունը պաշտոնապես նեկայացվելու է 2012թ. ՍԴ տարեկան հաղորդման մեջ:

[4] Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Օրհուսի կոնվենցիան  2001թ.: Կոնվենցիան վավերացնելով՝ Հայատանը պարտավորություն է ստանձնել շրջակա միջավայրի վրա ազդող որոշումների կայացման ամենավաղ փուլերում իրազեկել շահագրգիռ հանրությանը, ապահովել վերջիններիս մասնակցությունը որոշումների կայացմանը, ինչպես նաև ապահովել դատարանում շրջակա միջավայրի վրա ազդող որոշումների վիճարկելու հնարավորությունը: Օրհուսի կոնվենցիան ինկորպորացվել է ՀՀ իրավական համակարգում՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին (ՇՄԱՓ) օրենքով:

[5] Տես՝ market.teghut.am կայքը

Մեկնաբանություններ (1)

Alaverdci
es update arats stambolcyannnerin vor lses, sepakan tund qo dzerqerov kqandes... mi angam arden tesel enq es qarozi hetevanqnery, erb alaverdcinerov mer gortsarany mer dzerqerov qandecinq u ... qaghaqn avervec, sov u artagaght sksvec, harjuravor yntaniqner qajqajvecin, nakhkin zargacats ardjunaberakan qaghaqy dardzav lqvats averak, vori tneri mets masy datarkvel en. mardik ed tsanr pajmanneri hetevanqov hivandanum ein 10 angam aveli shat, qan gortsarani amenaaktiv ashkhatelu jamanak. Hima qaghaqy haziv votqi e kangnum, harjuravor mardik en ashkhatum Teghutum. Togh es hodvatsy otchoti pes cujc tan iranc grant tvoghnerin u hangstanan, mezanic heru togh mnan...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter