Ինչ ռազմավարություններ են ձևակերպվել և իրագործվել և ինչպես
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության վերլուծությունը
2007 թվականից ի վեր իրականացվել են տարբեր ռազմավարություններ, այդ թվում`
- Բնապահպանական և դրան առնչվող փորձագիական և քաղաքացիական դաշտի ներգրավում Թեղուտի համար պայքարում: Տարբեր ոլորտների մասնագետներ հետազոտություններ են կատարել Թեղուտի և հանքային ծրագրի բացասական հետևանքների ու կեղծիքների մասին, որոնց մի մասը նաև տեղ է գտել դատական հայցում:
- Հանրության իրազեկում ծրագրի և դրա բացասական հետևանքների մասին, բնապահպանական գիտակցության արթնացում, երիտասարդների շրջանում քաղաքացիական ակտիվության խթանում: Հանրային իրազեկումը դեռևս ավելի մակերեսային մակարդակի վրա է հնարավոր եղել իրականացնել: Մարդկանց մեծամասնությունը տեղյակ է զուտ բնությանը հասցվող վնասի մասին, իսկ իրավական, սոցիալական, տնտեսական անարդարությունների մասին իրազեկությունը ցածր մակարդակի վրա է: 2012թ-ից սկսած` Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը սկսել է հանրային իրազեկման աշխատանքներում ավելի մեծ շեշտադրում կատարել իրավական, սոցիալական և տնտեսական կողմերի վրա: Օրինակ, Ֆեյսբուք սոցիալական ցանցում Փրկենք Թեղուտի անտառը խումբը վերանվանվեց Փրկենք Թեղուտը: Խմբի լոզունգներից են դարձել Թեղուտը ազգային հարստություն է, Թեղուտը մեր հանրային ունեցվածքն է և այլն: Սրանք ընդամենը մի քանի դրսևորումներ են, որոնք ցույց են տալիս պայքարի նոր մակարդակը:
- Թեղուտի խումբն առաջինն էր, որ հանրային ճնշում սկսեց գործադրել ֆինանսավորող կառույցների վրա: Բողոքի ակցիաներ, նամակներ, բոյկոտ և մեկ անգամ նաև շրջափակում կազմակերպվեց ռուսական ՎՏԲ բանկինկատմամբ, որը համաձայնվել էր ֆինանսավորել Թեղուտի հանքարդյունաբերական ծրագիրը: Նախաձեռնող խմբի թիրախն են դարձել նաև այն կառույցները, որոնք կարող են ֆինանսական կամ քաղաքական ազդեցություն ունենալ ՎՏԲ-ի վրա: Օրինակ, ճնշում է գործադրվել Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի (EBRD) վրա, որը չնայած հրաժարվել էր ֆինանսավորել Թեղուտի ծրագիրը, սակայն անուղղակիորեն օժանդակում է ՎՏԲ բանկին` ֆինանսավորելով վերջինիս փոքր բիզնեսի աջակցության ծրագրերը: Կարճժամանակով ներգրավվել է նաև BankWatch միջազգային կազմակերպությունը, որը նպաստել է EBRD-ի վրա ճնշմանը: Այս նույն ռազմավարության շրջագծում 2012թ-ի կեսերից նախաձեռնող խումբը ճնշում է գործադրում Global Environmental Facility-ի (GEF) վրա, որը պատրաստվում է ՎՏԲ բանկին ներառել իր ֆինանսական միջոցները տնօրինող բանկերի թվում: Ակտիվիստների ջանքերի շնորհիվ 2012թ. նոյեմբերին GEF-ի տնօրինությունը պատասխանել է, որ որոշում կայացնելիս հաշվի կառնի Թեղուտի հարցում ՎՏԲ-ի մասին ներկայացված փաստերը: Որոշման կայացման գործընթացը դեռ ընթացքի մեջ է:
- Պայքարին լայն հնչեղություն տալու համար ներգրավվել են հայտնի մարդիկ: Ամենից հաջողվածը System Of A Down աշխարհահռչակ ռոք խմբի մեներգիչ, երգահան Սերժ Թանգյանին ներգրավելն էր, ով 2011թ-ից ի վեր բազմիցս հանդես է եկել հանրային հայտարարություններով, Թեղուտի խնդրի մասին խոսում է իր համերգների ժամանակ, կրում է Թեղուտի նշանով շապիկ և այլն: Ներգրավվել են նաև հայաստանյան ճանաչված մարդիկ, որոնցից ոչ բոլորի մասնակցությունն է միանշանակ ընդունվել: Նախաձեռնող խմբում որոշակի անհամաձայնություն կա այն առնչությամբ, թե արդյոք պետք է ներգրավել միայն առաջադեմ, ոչ կոռումպացված և բարձր մակարդակի գործիչներին ու մտավորականներին, թե նաև հանրության շրջանում սիրված, բայց կաշառված և ցածրաճաշակ մշակույթ ներկայացնող գործիչներին:
- Հանքահանող կազմակերպության վարկաբեկումը մյուս կարևոր ուղղությունն էր: Նախաձեռնող խումբն իր հայտարարությունների,հարցազրույցների ու ասուլիսների միջոցով մեծ մասամբ հաջողել է փչացնել Վալլեքս ընկերության և ACP-ի հանրային կերպարը: Ի սկզբանե, Վալլեքսը հանդես էր գալիս որպես բարեգործ, որը ստեղծում է աշխատատեղեր, սոցիալական ծրագրեր է իրականացնում, թափանցիկ է աշխատում: Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության ջանքերով Վալլեքսի հանրային ընկալումը փոփոխվում է և այն սկսում է ընկալվել որպես շահույթ հետապնդող, կեղծարար, հանրային հարստությունն ու պետության ռեսուրսները թալանող, աշխատավորներին շահագործող մի կառույց, որին պետք է ստիպել հատուցել մարդկանց, բնությանն ու պետությանը հասցված վնասի համար: Իր կողմից Վալլեքսը և ՀՀ կառավարությունը նույնպես, ջանքեր են գործադրում ակտիվիստներին վարկաբեկելու ուղղությամբ: Նրանց պատասխան ռազմավարությունն է` ակտիվիստներին ներկայացնել որպես գրանտակերներ և արտասահմանյան ուժերին ծայառողներ, որոնք մտածում են ծառերի մասին, այլ ոչ մարդկանց: Բացի այդ, Վալլեքսը նաև փորձում է պատրանք ստեղծել, թե ինքը բազմաթիվ աջակիցներ ունի տեղի բնակիչների շրջանում. օրինակ, ակտիվիստների այցելությունների ժամանակ որոշ գյուղացիներ, ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, կաշառվում են ակտիվիստներին ագրեսիվ դիմավորելու համար, հանքի աշխատակիցները ստիպողաբար բերվում են հակընդդեմ ցույցի և այլն: 2012թ. Վալլեքսի ուղղակի մասնակցությամբ բացվեցին նաև իրենց անվան մեջ Թեղուտի պաշտպանություն բառերը պարունակող հասարակական կազմակերպություններ, դարձյալ ստեղծելու համար այն պատրանքը, թե տեղացիները հանքի կողմնակից են: Շուտով պարզ դարձավ, որ այս ՀԿ-ների կառավարման խորհրդում ներգրավված են Վալլեքսի աշխատակիցները:
- Ջանքեր են գործադրվում միջազգային ասպարեզում Թեղուտի հարցը բարձրացնելու, խնդրին միջազգային հնչեղություն հաղորդելու կապակցությամբ: Այս առնչությամբ ավելի ինտենսիվ գործողություններ ձեռնարկվել են 2011թ. վերջից, սակայն այս ճյուղը դեռ բավական կաղում է: Հաշվի առնելով, որ Թեղուտի և հանքարդյունաբերության հարցը ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային օլիգարխիայի հետ կախված հիմնախնդիր է, դրա լուծումը դժվար կամ անհնար կլինի առանց բավարար միջազգային աջակցության:
- Մեծ ուշադրություն է դարձվում նաև իրավական-դատական գործընթացներին: 2009-2010թթ. դատական գործընթացը դարձավ նախաձեռնության գրեթե միակ աշխատանքային ուղղությունը: Կարելի է ասել, այն որոշ իմաստով հանգցրեց քաղաքացիական ճակատում պայքարը, քանի որ որոշ ժամանակով ամբողջ հույսը դրվեց և բոլոր ռեսուրսները կենտրոնացվեցին դատական գործընթացների վրա: Մյուս կողմից, այս շրջանում քաղաքացիական նախաձեռնության ուժերը հատելու սահմանին էին, էներգիայի մի մասն էլ ուղղվում է ակտիվիստներից Մարիամ Սուխուդյանի պաշտպանությանը, և այս իմաստով դատական գործընթացը մի որոշ ժամանակ կարողացավ թեժ պահել Թեղուտի հարցը, ու նաև դրա շնորհիվ իրավական փաստարկներովհիմնավորվեց ծրագրի անօրինականությունը, ինչը հետագայում օգնեց միջազգային ատյաններում Թեղուտի դատը հաջողությամբ պաշտպանելուն: 2012թ. իրավական պայքարը նոր թափով շարունակվեց: Միջազգային մակարդակում ևս մեկ բողոք հղվեց Օրհուսի կոմիտե՝ Թեղուտի հարցում դատարանների անմատչելիության մասին: Շտապ դիմում հղվեց նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդ՝ Հայաստան հատուկ զեկուցող գործուղելու և Թեղուտի ու հանքարդյունաբերության հարցը հետաքննելու խնդրանքով. դիմումին ընթացք է տվել և 2012թ. նոյեմբերի դրությամբ զեկուցողը դիմել է ՀՀ իշխանություններին Հայաստան գալու և տեղում խնդիրը հետաքննելու համար: Թեղուտի պաշտպանության խմբի գնահատականները տեղ են գտել նաև ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկման (UPR) համար Հայաստանից ուղարկված այլընտրանքային զեկույցում:
- Թեղուտի պաշտպանության նախաձեռնությունը սոլիդարություն է դրսևորել, իսկ որոշ դեպքերում նաև էական դերակատարություն է ունեցել այլ քաղաքացիական և բնապահպանական պայքարներում: Մասնավորապես Մաշտոցի պուրակի շարժման հիմնական կորիզում էին Թեղուտի ակտիվիստները, և շարժման հիմնական հայտարարությունները ստորագրվել են նաև Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անունից: Այլ պայքարներին մասնակցությունը կարևոր է այն իմաստով, որ ակտիվիստները կարողանում են համեմատաբար ավելի դյուրին պայքարներում փորձ կուտակել ու նաև սոցիալական կապիտալ կուտակել, ինչն անուղղակի ձևով նպաստում է նախաձեռնության նպատակներին: Որոշ քայլեր են կատարվել նաև միջազգային սոլիդարություն ստեղծելու համար. կապեր են հաստատվել եվրոպական, ռուսական, անդրկովկասյան և համաշխարհային բնապահպանական ու քաղաքացիական ցանցերի հետ: Նախաձեռնությունը սոլիդարություն է հայտնել այլ երկրներում ընթացող բնապահպանական և քաղաքացիական պայքարներին, օրինակ Ռուսաստանում Ցագովյան անտառների պաշտպանությանը, Occupy շարժումներին և այլն:
- 2012թ. վերջին ակտիվիստների մի խումբ նախաձեռնեց Թեղուտ և Շնող գյուղերի բնակիչների համար տնտեսական այլընտրանքի ստեղծման մի նախագիծ: Այս ուղղությունը չնայած տարիներ շարունակ պայքարի ռազմավարության մաս էր կազմում, սակայն, հիմնականում թղթի վրա էր մնում: Գործնական արդյունքը երևաց այն ժամանակ, երբ ակտիվիստները տեղի գյուղի մեղրի վաճառք կազմակերպեցին Երևանում` սոցիալական ցանցերի միջոցով, առանց միջնորդավճարի, և կարճ ժամանակում վաճառեցին գյուղացիների ունեցած ամբողջ մեղրը: Ներկայումս պայքարի այս ճյուղն ավելի է զարգանում: Ծրագրվում է այլ գյուղատնտեսական մթերքների ու նաև ձեռագործների վաճառք, մուրաբաների և չրի արտադրություն: Այս գործունեությունը թույլ տվեց շահել գյուղացիների վստահությունը և համակրանքը, այն իմաստով, որ Երևանում ակտիվիստները մտածում են ոչ միայն բնության պահպանության, այլև մարդկանց մասին և կարող են իրենց համար տնտեսական այլընտրանք ձևավորել: Գյուղացիների մեջ ակտիվիստները սերմանում են նաև այն գիտակցությունը, որ գյուղատնտեսությունն ու հանքարդյունաբերությունը բացառում են մեկը մյուսին, և եթե իրենք թույլ տան հանքի գործունեությունը, ապա շուտով ավելի են աղքատանալու, քանի որ ոչ իրենք են կարողանալու օգտագործել իրենց գյուղմթերքը, ոչ էլ կարողանալու են վաճառել այն: Բացի այդ, էժանանալու են նրանց տները, մեծ գումարներ են սկսելու ծախսվել բժշկական նպատակներով և այլն: Այս ռազմավարությունը շատ հեռանկարային է և 1-2 տարվա ընթացքում կարող է ապահովել տեղի բնակիչների աջակցությունը ակտիվիստներին ու դրանով իսկ փոխել ուժերի հարաբերությունը պայքարում:
- Մյուս կարևոր ռազմավարությունը, որի անհրաժեշտությունը գիտակցվում է, սակայն դեռևս ռեսուրսների անբավարարություն կա այն կազմակերպելու համար, ուղղակի քաղաքացիական գործողությունն է, քաղաքացիական անհնազանդությունը: Դրա համար անհրաժեշտ է քաղաքացիական և բնապահպանական դաշտի ռեսուրսների մեծ համախմբում, հայաստանյան և միջազգային լրատվական դաշտի ինտենսիվ ներգրավում, սփյուռքի և միջազգային ակտիվիստական ռեսուրսների ներգրավում ու նաև տեղի բնակչության աջակցությունը: Ուղղակի գործողության անհրաժեշտության մասին սկսեց մասնավորապես խոսվել Թռչկան ջրվեժի հաղթանակից հետո, որն ապահովվեց հենց շնորհիվ ուղղակի գործողության` քաղաքացիական անհնազանդության:
Ինչ հասարակական–քաղաքացիական խմբեր և անհատներ են համախմբվել նախաձեռնությունում և ինչ մեխանիզմներով են աշխատել ու իրականացրել կազմակերպչական աշխատանքները
Մինչև 2007 թվականի վերջը, նախքան Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության կազմավորումը հիմնական դերակատարություն ունեին բնապահպանական հասարակական կազմակերպությունները, մասնավորապես Էկոդաշինքը, իր SOS Թեղուտ քարոզարշավով:
2007 թվականի վերջին ձևավորվեց Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը, որն այն ժամանակի դրությամբ լիովին նոր որակ բերեց քաղաքացիական դաշտ: Մասնակիցները տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ էին, հիմնականում երիտասարդներ, ովքեր կամավոր սկզբունքով, զուտ իրենց համոզմունքներից ու արժեքներից ելնելով, նվիրվեցին Թեղուտի պաշտպանությանը: Բուն նախաձեռնության կազմը տարբեր ժամանակներում ընդլայնվել կամ կրճատվել է` ունենալով 5-ից մինչև 30 ակտիվիստ-կազմակերպիչ: Թեղուտի համար կազմակերպված ակցիաները բավականին բազմամարդ են եղել քաղաքացիական դաշտի այլ միջոցառումների համեմատ: Օրինակ, 2012թ. հունվարին կազմակերպված Դեպի Թեղուտ արշավ-ակցիային մասնակցել են մոտ 300 հոգի: Բացի Երևանում գործող հիմնական ակտիվիստական խմբից, խմբեր ու անհատներ են գործում նաև ՀՀ մի քանի մարզերում, որոնք հիմնականում հանրային իրազեկման գործողություններ են իրականացնում և մոբիլիզացնում են տեղի քաղաքացիական հասարակությանը խոշոր ակցիաների ժամանակ:
Նախաձեռնությունը մոտիկից համագործակցում է տարբեր խմբերի ու կառույցների հետ: Գործընթացին մասնակցություն ունեն բազմաթիվ բնապահպանական և մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպություններ, որոնց մասնակցությունը կարևոր էիրավական և կազմակերպչական գործընթացներում և միջազգային կապեր հաստատելու իմաստով: Կարևոր դեր ունեն լրագրողները, որոնցից շատերը տարիների պայքարի ընթացքում, կարելի է ասել, ակտիվիստ-լրագրողներ են դարձել: Ներգրավված են նաև դաշտի գրեթե բոլոր համապատասխան փորձագետներն ու մասնագետները: Ներգրավվել են արվեստագետներ, մտավորականներ, ակտիվիստներ արտասահմանից, սփյուռքյան կազմակերպություններ ու անհատներ:
Քաղաքացիական նախաձեռնության հիմնական խնդիրն է` ակտիվացնել ու համախմբել կուտակված սոցիալական կապիտալը, քանի որ կան բազմաթիվ պասիվ աջակից խմբեր Հայաստանում և Սփյուռքում, ովքեր սպասում են կոնկրետ առաջադրանքների` Թեղուտին օգնելու համար: Հաշվի առնելով, որ հանքարդյունաբերության մեջառկա են ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային օլիգարխիայի շահերը, կարևոր է, որ նախաձեռնող խումբը ավելի սերտ և բազմազան կապեր հաստատի միջազգային ազդեցիկ կազմակերպությունների և ակտիվիստական խմբերի հետ, ինչպես նաև տեսանելի դառնա միջազգային լրատվամիջոցներում ու ցանցերում:
Թեղուտի նախաձեռնությունը ձևավորվեց այն ժամանակ, երբ ինտերնետի հասանելությունը և առավել ևս սոցիալական ցանցերը դեռևս քիչ տարածված էին Հայաստանում: Դա դժվարացնում էր հանրության իրազեկումը, քանի որ ԶԼՄ-ները հիմնականում վերահսկվում են պետության կամ քաղաքական ուժերի կողմից: Ավելի բարդ էր նաև խմբի աշխատանքների կազմակերպումը, քանի որ գրեթե ամեն ինչ պիտի քննարկվեր առերես հանդիպումների ժամանակ: Սոցիալական ցանցերի, մասնավորապես Ֆեյսբուքի տարածմանը զուգահեռ, Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը սկսեց բավականին լավ օգտվել ցանցի ընձեռած հնարավորություններից: 2012թ. կեսերին բացվեց նաև Teghut.am կայքը, որը նախաձեռնության պաշտոնական կայքն է:
Թեղուտի նախաձեռնությունը կառավարվում էհորիզոնական, ոչ հիերարխիկ հարաբերություններով, որոշումներն ընդունվում են կոնսենսուսի սկզբունքով, խումբն աշխատում է հանրության համար բաց և հաշվետու կերպով: Յուրաքանչյուր ոք կարող է միանալ նախաձեռնող խմբի աշխատանքներին, պատասխանատվություններ ստանձնել և իրականացնել:
Կազմակերպչական ձևերի առումով Թեղուտի պաշտպանության նախաձեռնությունը բազմաթիվ մոդելներ է փորձարկել, բոլորն էլ դեմոկրատական, մասնակցային արժեքների շրջագծում: Փորձարկվել են կենտրոնացված և ապակենտրոն մոդելներ, համակարգման և հաշվետվողականության առավել խիստ ու թեթև տարբերակներ: Կազմակերպչական լավագույն ձևերի փնտրտուքը դեռևս ավարտված չէ: Ոմանք ձգտում են ավելի հստակ կազմակերպչական կառուցվածքի, անգամ ինստիտուցիոնալացման, ուրիշները կողմնակից են ավելի թույլ և առաձգական կազմակերպման մոդելի:
Ինչ արդյունքներ են ձեռք բերվել և ինչ ազդեցություն է ունեցել պայքարը հետագա քաղաքացիական ու հանրային կյանքում
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը նոր շնչով բնապահպանական խնդիրները մտցրեց ներպետական ու համազգային հանրային օրակարգ, լրջություն հաղորդեց բնապահպանական հիմնախնդիրների ընկալմանը և բնապահպանությունը դարձրեց ոչ թե մասնագետների, այլ քաղաքացիների գործը` պայքարի կենտրոնում դրեց քաղաքացիներին:
Շատ արժեքավոր է, որ բնապահպանական ոլորտը կապվում է մարդու իրավունքների, ժողովրդավարության, տնտեսական, սոցիալական և քաղաքական ոլորտների հետ: Փոխվում է բնապահպանության ընկալումը` ոչ միայն հայրենի բնության պաշտպանություն, այլև հանրային ունեցվածքի ու հարստության պաշտպանություն և վերաիմաստավորում, սոցիալական արդարություն, իրավունքի գերակայություն, ազգային անվտանգություն, տևական զարգացում և այլն:
Քաղաքացիական դաշտում Թեղուտի պաշտպանության նախաձեռնությունը սերնդափոխություն բերեց: Այս նախաձեռնությունում և նրանից հետո կազմավորված այլ նախաձեռնություններում ներգրավված ենև որոշումներ են կայացնում ավելի երիտասարդ` 20-30 տարեկան կանայք ու տղամարդիկ: Նրանք ներդնում են նոր մշակույթ, որը ի հակադրություն Հայաստանի համար դասական ՀԿ դաշտի, ուղղորդվում է ոչ թե գրանտերով, այլ արժեքներով, որտեղ մասնակցությունը բաց ու հավասար է, հիերարխիկ կառուցվածքներ չեն գործում, գումար կարելի է ասել, չկա, ակտիվիստներն իրենք են ներդրումներ կատարում իրենց պայքարի համար: Սա սկզբնական շրջանում շատ դժվար էր ընկալվում հասարակության և պետական կառույցների կողմից: Մինչև այժմ էլ, նման կազմակերպման մշակույթն անճանաչելի ու անհավատալի է մնում ՀՀ իշխանությունների, ինչպես նաև հասարակության մի հատվածի համար: Քաղաքացիական նախաձեռնությունների և Թեղուտի պաշտպանության շարժման մշակութային փոփոխության մասն էր կազմում նաև այն, որ նոր սերնդի քաղաքացիական գործիչները հետխորհրդային սերունդ են ներկայացնում, պետական պաշտոնյաների նկատմամբ ակնածանք չունեն, այլ նրանց դիտում են որպես պետական ծառայողներ, վախի գործոնը անհամեմատ ավելի թույլ է, ֆինանսապես անկախ են, կարողանում են օգտվել ժամանակակից տեխնոլոգիաներից, առաջնորդվում են ոչ թե մրցակցության, այլ համագործակցության ու սոլիդարության սկզբունքներով, աշխատում են բաց և հրապարակային, և գործադրում են ոչ բռնի քաղաքացիական պայքարի սկզբունքները:
Թեղուտի պաշտպանության նախաձեռնության կողմից իր գործունեության 5 տարիների ընթացքում կատարվել է նաև բավականին ծավալուն ստեղծագործական-մտավոր աշխատանք` հիմնախնդիրները ձևակերպելու և հանրության գիտակցությունը փոխելու իմաստով: Թեղուտի պայքարը նաև այն հազվագյուտ պայքարներից է հայաստանյան իրականության մեջ, որի ընթացքում ստեղծվել են երգեր, արվեստի այլ ստեղծագործություններ:
Ի տարբերություն շատ այլ քաղաքացիական նախաձեռնությունների, Թեղուտի պայքարը երկարատև և շատ բարդ պայքար է: Ի վերջո, Թեղուտի հարցում իրական հաղթանակը նշանակելու է ՀՀ տնտեսական վեկտորի արմատական փոփոխություն: Բնապահպանական և քաղաքացիական տարբերպայքարներն ու հաղթանակները, ինչպիսիք էին Թռչկանը կամ Մաշտոցի պուրակը, օգնում են, որպեսզի ակտիվիստական խմբերն ավելի շատ փորձ կուտակեն, հանրային իմաստով ավելի տեսանելի և վստահելի դառնան, ինքնակրթվեն, և այս ամենը էական նշանակություն կունենա Թեղուտի և այլ անօրինական հանքարդյունաբերական ծրագրերի արգելակման համար, այլընտրանքային առողջ ու արդար համակարգային մոդելների ստեղծման ու կիրառման գործում պայքարը հաջողելու համար:
Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ (ՄԻԺԻ)
Երևան, նոյեմբեր, 2012թ.
www.idhr.am, www.organize-now.am
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել