HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխատանք փնտրելու ճանապարհին

«Vision» ֆիրմայի Հայաստան ներկրվող ողջ արտադրանքը իրացվում է ստվերում: Իսկ ներմուծվող մեկ տասնյակից ավել անուն սննդային հավելումներ ընդհանրապես գրանցված չեն դեղգործակալությունում:

«Vision»-ի ողջ արտադրանքի իրացումը ստվերային է

Մաքսային ծառայությունից մեզ հաջողվեց պարզել 2000, 2001 թվականներին եւ 2002 թվականի առաջին եռամսյակում հանրապետություն ներմուծված սննդային հավելումների քանակը:

Դրանք աննախադեպ աճ են ունեցել. 2000 թվականին այն կազմել է 99 հազար 384 կգ, 2001-ին` 172 հազար 36 կգ, իսկ 2002 թվականի առաջին եռամսյակում` 8 հազար 236 կգ: Այս հավելումները հիմնականում բերվում են երեք երկրներից` Ռուսաստանից, Գերմանիայից եւ Իտալիայից:

Մաքսային ծառայությունում չի առանձնացվում, թե ներկրվող սննդային հավելումներից որը ինչ ֆիրմայի արտադրանք է: Այսինքն, թե այս քանակությունից որքանն է «Vision»-ի արտադրանքը, անհայտ է: Իսկ ովքեր են ներմուծում Հայաստան եւ ամենակարեւորը` որտեղ են վաճառվում դրանք:

Առաջին հարցի պատասխանը առայժմ վերջնականապես հնարավոր չի եղել պարզե: Մեր ունեցած տեղեկություններով դրանք բերում են հայտնի դեղ ներկրողները, իսկ իրացմանն աջակցում են առողջապահության նախարարության աշխատակիցները:

Մեր ուսումնասիրություններով պարզել ենք, որ մի քանի հիվանդանոցներում բժիշկները հիվանդներին դեղատոմս են դուրս գրում, որտեղ նշված են «Vision»-ի բավական թանկ սննդային հավելումները: Հիվանդներին հավելումներով ապահովում են հենց իրենք` բժիշկները: Այս մասին, անշուշտ, տեղյակ են նաեւ առողջապահության նախարարության աշխատակիցները:

Մայրաքաղաքի 17 դեղատներից փորձեցինք գնել այդ ֆիրմայի սննդային հավելումները, սակայն` ապարդյուն: Դրանք ոչ մի տեղ չեն վաճառվում, միայն երկու դեղատներում ասացին. «Եթե ասեք ինչ եք ուզում, կբերենք»: Ակնհայտ է, որ Հայաստան ներկրվող «Vision»-ի ողջ արտադրանքը իրացվում է ստվերում: Իսկ թե ո՞վքեր են իրական տերերը, առայժմ չի հաջողվել պարզել:

ՀՀ առողջապահության նախարարությունը 1996 թ.-ից գրանցում է Հայաստան ներմուծվող սննդային հավելումները: Առողջապահության նախարարությանն ուղղված մեր հարցմանն իպատասխան դեղերի եւ բժշկակական տեխնոլոգիաների գործակալության պետ Էմիլ Գրիգորյանը ներկայացրեց 2000 թ.-ին «Vision» ֆիրմայի արտադրանքի սննդային հավելումների ցանկը: Դրանք 24-ն են:

Այս ցուցակում չկան մեկ տասնյակի հասնող սննդային հավելումների անունները, որոնք մեզ առաջարկում էին «Vision»- ի երեւանյան գրասենյակներում: Միանշանակ է, որ Հայաստան ներկրվող սննդային հավելումների զգալի մասը ոչ միայն գրանցված չէ դեղգործակալությունում, այլեւ չի անցել համապատասխան լաբորատոր ստուգումներ: Հետեւաբար, անհայտ է դրանց բաղադրությունը:

ՀՀ կառավարության 2001 թվականի N 347 որոշման համաձայն սննդային հավելումները պետք է գրանցվեն որպես դեղ: Իսկ դեղերի գրանցումը կատարվում է «որակի, արդյունավետության ու անվտանգության գիտականորեն հիմնավորված չափանիշների, փորձագիտական հետազոտությունների արդյունքների հիման վրա»:

Դեղերի փորձաքննությունը իրականացնում է դեղգործակալությունը: Եթե սննդային հավելումները չեն անցել համապատասխան փորձաքննություն, նշանակում է վտանգված է այն օգտագործողների կյանքը: Ավելացնենք, որ սննդային հավելումները գրանցելու համար ներմուծողը յուրաքանչյուր հավելումի համար պարտավոր է վճարել 400 դոլար:

Ֆինանսապես անկախ մարդիկ աշխատում են «պոդպոլնո»

«Շանս 1» կազմակերպությունը հրավիրում է աշխատանքի 25-55 տարեկան ակտիվ անձանց: Բարձրագույն կրթությունը ցանկալի է...»
«Կարատ» մրջազգային կազմակերպությունը հրավիրում է աշխատանքի կիրթ եւ ինտելեկտուալ անձանց...»
«Առաջարկում եմ 500 դոլար միջին աշխատավարձով աշխատանք...»
«Առաջարկում ենք համագործակցություն միջազգային բիզնեսում, Ստամբուլում...»
«Բոնուս» միջազգային ֆիրման հրավիրում է աշխատանքի 25-60 տարեկան տարբեր մասնագիտության անձանց, բարձրագույն կրթությունը ցանկալի է...»
«Հրավիրում եմ փոխշահավետ համագործակցության...»

( «Գինդ» 2002թ. մարտի 15-21, ապրիլի 5-11):

Հայաստանյան մամուլում զետեղված նմանատիպ հայտարարություններում յուրաքանչյուր կազմակերպություն կամ անհատ փորձում է գայթակղել ֆինանսապես դժվար կացության մեջ գտնվող գործազուրկ հայաստանցիներին: Առաջարկվում է աշխատանք արտերկրում կամ անհավատալի եւ անիրական չափերի աշխատավարձ:

Վերոհիշյալ հայտարարությունները տանում են դեպի մեր երկրում գործունեություն ծավալած «Vision international people group»-ի գրասենյակները: Արդարադատության նախարարությունում նման կազմակերպություն երբեւէ չի գրանցվել:

Հեռախոսազանգով փորձեցինք առաջարկվող աշխատանքի մասին տեղեկություն ստանալ: Աշխատակիցը խուսափեց որեւէ հարցի պատասխանել, փոխարենը հրավիրեց իրենց մոտ:

Գրասենյակում մեզ ընդունեց դիստրիբյուտորը. «Եթե դուք ուզում եք լինել առողջ եւ ֆինանսապես անկախ, ապա եկել եք ճիշտ հասցեով»:

Ճարտարալեզու դիստրիբյուտորը առաջարկվող աշխատանքի մասին խիստ սահմանափակ տեղեկություններ տալով, ավելին իմանալու համար առաջարկեց մասնակցել 2- 5 օր տեւող հատուկ դասընթացի: Մենք ընդունեցինք առաջարկը` երկուսիս համար վճարելով 5000 դրամ: Զուգահեռաբար այցելեցինք մեկ տասնյակից ավելի գրասենյակներ:

Վճարելով 25 դոլար դարձանք «Vision»-ի դիստրիբյուտորներ

Հայաստանում «Vision»-ի անվան տակ գործող տարբեր գրասենյակների աշխատակիցները չեն համագործակցում եւ հանդիպում են միայն շնորհանդեսների ժամանակ, հետեւաբար նրանց առաջարկած աշխատանքի պայմանները տարբեր են: Դասընթացները հիմնականում վճարովի են (մեր այցելած գրասենյակներից միայն երեքում էին անվճար):

Դասընթացի արժեքը 1000-2500 դրամ է: «Vision»-ի դիստրիբյուտորը դասընթացի ժամանակ ներկայացնում է ընկերության պատմությունը, բացատրում մարքեթինգային ծրագրի էությունը, ծանոթացնում «Vision»-ի ապրանքատեսականուն:

Դրանք բազմազան են` սննդի կենսաբանական հավելումներ, կոսմետիկա, բուժիչ գոտիներ եւ այլն: Հինգ օրվա ընթացքում այս ամենը լավ յուրացնելուց եւ քննություն հանձնելուց հետո վճարելով 25 դոլար` կնքեցինք եռակողմ պայմանագիր` «Vision»-ի, աշխատանքի ընդունվողի եւ նրան սովորեցնող դիստրիբյուտորի` ինֆորմացիոն հովանավորի միջեւ:

Ըստ պայմանագրի մենք կարող էինք անվճար մասնակցել դիստրիբյուտորների հետագա դասընթացներին, ստանալ համապատասխան գրականություն եւ այլ արտոնություններ, բայց ամենակարեւորը` ձեռք բերել «Vision»-ի ապրանքատեսականին 40% զեղչով:

Պայմանագրերի արժեքները տարբեր են` 1 , 25 , 26 կամ 30 դոլար: Ըստ «Vision»-ի դիստրիբյուտոր Շուշան Սարգսյանի «Պայմանագրի իսկական արժեքը 25 դոլար է, 1 դոլար արժողությամբ պայմանագիր կնքողը չի կարող օգտվել իսկական պայմանագրի տված արտոնություններից»:

Այսպիսիով, երկամսյա հետաքննության ընթացքում Երեւանում մենք հայտնաբերեցինք «Vision»-ի կամ դրա անվան տակ գործող տասնյակ գրասենյակներ: Պարզեցինք նաեւ դասընթացների եւ պայմանագրերի արժեքները:


Սովորաբար պայմանագիրը կնքվում է մի քանի դիստրիբյուտորների ներկայությամբ: Ինֆորմացիոն հովանավորն ու «նորաթուխ» դիստրիբյուտորը ձեռքերը դնում են «սուրբ փաստաթղթի»` պայմանագրի վրա, մեկ ուրիշ դիստրիբյուտոր ստանձնում է «խոստովանահոր» դերը:

Այս արարողության ընթացքում ապագա դիստրիբյուտորը պարտավորվում է օգտագործել «Vision»-ի ապրանքատեսականիներից գոնե մեկը, խոստանում է չխախտել ընկերության կանոնները եւ այլն: Այս քննաշրջանի ավարտը ամրագրվում է նորեկին դիստրիբյուտորների շարքը համալրելու մասին որոշման հայտարարությամբ:

Հետո տրվում են «Vision»-ի աշխատակցի կրծքանշանը, սկսնակների համար նախատեսված գրքեր եւ պատճենահանված այլ գրականություն: Ստորագրելով պայմանագիրը դիստրիբյուտորը պարտավորվում է ենթարկվել դրան կցված 29 կետանոց պահանջներին:

Ըստ Շուշան Սարգսյանի` պայմանագիրը, գրականությունը եւ ապրանքները Հայաստանում գործող գրասենյակները ստանում են Մոսկվայից, մինչդեռ պայմանագրում նշված է ուրիշ հասցե ` 24ա, Արխիմեդուս Սթրիթ, Էնգոմի, 2411 Նիկոսիա, Կիպր:

«Չի կարելի շատ ինֆորմացիա տալ, երկար-բարակ պատմել, թե ոնց պետք է աշխատեն, ոնց գումար ստանան: Պետք չի երբեք սպառիչ պատասխան տալ, հարկավոր է ինտրիգայի ենթարկել»,- ասում է Շ. Սարգսյանը:

«Ինտրիգայի ենթարկելուց» հետո ոմանք փորձում են քիչ թե շատ անկեղծ լինել ու տեղեկացնում են, որ դասընթացներին հաջորդում է պայմանագիր կնքելը: Պատահում են նաեւ դեպքեր, երբ շատ դիստրիբյուտորներ չեն ասում այդ մասին եւ արդյունքում դիմողի հետ ընդհարման առիթ ստեղծում:

«Էս ծանր վիճակում մի կերպ պարտք եմ արել 2500 դրամ, աղջկաս դասընթացների ուղարկել:Հիմա էլ ասում եք` 25 դոլար ա պետք: Ես որտեղի՞ց տամ: Ինչի՞ սկզբից չեք ասել, որ էրեխես իմանար իր անելիքը: Մարդու փաստի առաջ եք կանգնացնում: Արդյունքում նենց ստացվեց, որ 2500 դրամը կորավ»,-բողոքում էր դասընթացն անցած աղջիկներից մեկի մայրը:

Աշխատում ենք «պոդպոլնո»

Ինչպես արդեն նշեցինք «Vision international people group»-ը Հայաստանում չունի ներկայացուցչություն, սակայն դա ամենեւին չի խանգարում գործող գրասենյակներին հանդես գալու նրա անունից եւ իրացնելու «Vision»-ի ապրանքատեսականին:

Իսկ ապրանքատեսականին, հակասթրեսային, վերականգնողական հատկություն ունեցող հաբեր են (սննդի կենսաբանական հավելումներ), հակաճառագայթային քարտեր, մաշկը սնուցող քսուքներ եւ այլն: «Vision»-ի արտադրանքը պետք է որ վաճառվեր դեղատներում, բայց քանի որ ինքնարժեքն ու ճանապարհածախսն արդեն իսկ մեծ գումար են կազմում, եթե դեղատուն մտնեն, ապա էլ ավելի թանկ գին կունենան եւ ժողովուրդը դրանք օգտագործելու հնարավորություն չի ունենա», - մեկնաբանում է Շ. Սարգսյանը:

Դրա համար «Vision»-ն իր ապրանքաշրջանառությունը կազմակերպում է ցանցային մարքեթինգի միջոցով: «Vision»-ի մարքեթինգային ծրագիրը դիստրիբյուտորին առաջարկում է եկամուտ ստանալու 2 ճանապարհ` ապրանքաշրջանառություն հաճախորդների շրջանակում. եկամուտ է ստացվում «Vision»-ի ընձեռած 40% զեղչի հնարավորության եւ դիստրիբյուտորների սեփական ցանցի ստեղծման հաշվին: Խմբի անդամների վաճառած ապրանքներից որոշակի տոկոս հասնում է խմբի ղեկավարին` ցանցի ինֆորմացիոն հովանավորին:

Երեւանում գործող 10-ից ավելի գրասենյակների առկայության դեպքում անգամ քաղաքում չենք հանդիպում «Vision»-ը ներկայացնող ցուցանակներ: Հաճախ գրասենյակն իր գոյությունը թաքցնում է դիագնոստիկ կենտրոնների անվան տակ:

Օրինակ` ըստ Սայաթ-Նովա 27 հասցեում գտնվող գրասենյակի տնօրեն Յուրի Աղեկյանի (նախկին ԱԱՆ աշխատակից)` «Vision»-ը կապ չունի դիագնոստիկայի հետ, ուղղակի այն վարձակալել է կենտրոնին կից տարածքը: Չնայած կապ չունի, բայց ամեն դեպքում «Vision»-ն աշխատում է դիագնոստիկ կենտրոնի հետ, դիստրիբյուտորները հիվանդներին առաջնորդում են այստեղ ստուգման, հետո առաջարկում են բուժվել` օգտագործելով «Vision»-ի տեսականին:

Հիվանդին դարձնում են պոտենցիալ դիստրիբյուտոր` առաջարկելով պայմանագիր կնքել, որպեսզի իրեն անհրաժեշտ ապրանքատեսականին ձեռք բերի 40% զեղչով: Այսպես էլ ընդլայնում են դիսրիբյուտորական ցանցը: «Vision»-ի դիստրիբյուտորներն ունեն իրավունքների եւ պարտականությունների մասին էթիկայի կոդեքս:

Դրա վեցերորդ կետով բոլոր դիստրիբյուտորները պարտավոր են հետեւել պայմանագրին կից պահանջներին: Պահանջների 26-րդ կետում նշված է, որ դիստրիբյուտորների գործունեությունը պետք է ծավալվի տվյալ երկրի օրենքներին համապատասխան, որ դիստրիբյուտորը պարտավոր է աշխատել` հետեւելով տվյալ երկրի իրավական, սոցիալական եւ հարկային նորմերին:

«Մենք աշխատում ենք «պոդպոլնի», բայց ունենք գրանցում ՀՀ Առողջապահության նախարարությունում»,- ասում է «Vision»-ը ներկայացնող դիստրիբյուտոր Շուշան Սարգսյանը:

Մեր զրույցներից մեկի ընթացքում նա խոստովանեց, որ «իրենք աշխատում են անլեգալ, իսկ հարկայինի հետ կապված խնդիրները լուծում է Յ. Աղեկյանը:

Ըստ ընկերության Էթիկայի կոդեքս ի 17-րդ կետի, եթե դիստրիբյուտորը չի ենթարկվում պայմանգրին կից պահանջներին, ընկերությունը կամ ժամանակավորապես է դադարեցնում նրա գործունեությունը կամ պայմանագիրը համարում է չեղյալ:

«Vision» ֆիրման արտադրում է նաեւ կոսմետիկա, հակաճառագայթային քարտեր, ջինսեր, գոտիներ եւ այլն: Այս ամենը նույնպես վաճառվում է այդ գրասենյակներում: Բնականաբար, դրանց նույնպես որեւէ խանութում չես հանդիպի:

Ի տարբերություն Շ. Սարգսյանի, «Vision» -ի մյուս դիստրիբյուտորները պնդում են, որ ամեն ինչ օրինական է: Դրանք իրականում չեն կարող լինել օրինական: Այդ գրասենյակներից ոչ մեկը հանդես չի գալիս որպես «Vision» -ի ներկայացուցիչ: Օրինակ` Սայաթ-Նովա 27 հասցեում գտնվող գրասենյակի բոլոր խնդիրները լուծում է դիագնոստիկ կենտրոնի տնօրեն Յուրի Աղեկյանը:

Մեր հարցին, թե ինչու «Vision»-ի ցուցանակը չեք փակցնում գրասենյակի դռանը, Յ.Աղեկյանը պատասխանեց. «Եթե «Vision»-ը Հայաստանում ունենա ներկայացուցչություն, ոչ թե անդամներ, կարող է եւ փակցնել: Հայաստանում «Vision»-ը որպես կազմակերպություն գոյություն չունի: Բայց հարկայինը գիտի,որ այստեղ գործում են «Vision»-ի անդամները, ձեր կարծիքով չգիտի՞: Այստեղ աշխատում են որպես անհատ ձեռներեցներ»:

Ըստ Շուշան Սարգսյանի` դիագնոստիկ կենտրոնը ոչ մի կապ չունի «Vision»-ի հետ, մինչդեռ նույն գրասենյակի մյուս դիստրիբյուտորների ասելով` հենց «Vision»-ն է տրամադրում դիագնոստիկ սարքը: Իսկ կենտրոնի բժիշկ Գրետա Գոլովլյովան նշեց, որ սարքն իր սեփականությունն է: Ակնհայտ է, որ աշխատակիցներն իրարամերժ տեղեկություններ են տալիս:

Այս շաբաթվա «Գինդում» հայտնվել էին «Vision»-ի նոր գրասենյակների հասցեներ: Հարյուրավոր մարդիկ ընդգրկված են մի բիզնեսում, որը ղեկավարվում է հայտնի «անհայտ» մարդկանց կողմից: Հայաստանում բոլոր ոլորտները զարգանում են հավասարազոր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter