
«Քաղաքում մարդ չկա, ո՞ւմ է պետք, որ վերանորոգվել է». թումանյանցին քաղաքի բարեկարգման մասին
Լոռու մարզի 2000 բնակիչ ունեցող Թումանյան քաղաքը դատարկվում է գործազրկության պատճառով: Խորհրդային Թումանյանում երկու խոշոր արտադրական ձեռնարկություններ են աշխատել՝ հրակայուն աղյուսի գործարանը եւ կարի ֆաբրիկան: «Այն ժամանակ Թումանյանը ավան էր եւ շատ լավ վիճակում էր, մարդիկ բարձր աշխատավարձ էին ստանում»,- հիշում է քաղաքապետը: Հիմա երկու ձեռնարկություներն էլ չեն աշխատում, իսկ թումանյանցիները հանուն գոյատեւելու հեռանում են հայրենի քաղաքից: «Իմ քաղաքապետ աշխատած տարիներին 1000-ից ավելի մարդ է հեռացել Թումանյանից»,- ասում է Լեւոն Զավարյանը:
Քաղաքում մնացել են տարեցները, ովքեր ապրում են արտագաղթած զավակների ֆինանսական աջակցությամբ: «Լավ ենք ապրում, ինչ է եղել, երեխեքս Ռուսաստանից փողն ուղարկում են, ես էլ ըստի ուտում եմ: Երեք տղա ունեմ, մեկն էլ ա կշտիս չի»,- ասաց թումանյանցի Ալբերտ Փիրուզյանը: Կիմա Էվոյանի համար Թումանյանում կյանքը մեռած է: «Աշխատանք չկա, կյանքը մեռած է: Հինգ երեխա ունեմ, ոչ մեկը մոտս չէ: Իհարկե, աշխատանքի պատճառով են դուրս եկել, 4-ը` Երեւանում են, մեկը` Սանկտ Պետերբուրգում: Մի կերպ գոյատեւում են»,- ասաց տիկին Կիման:
Դպրոցի աշակերտների թվաքանակի վերաբերյալ վերջին տարիների վիճակագրությունն առավել տպավորիչ է արտահայտում արտագաղթի պատկերը: «1996 թվականին դպրոցում սովորել է 460 աշակերտ: Ամեն տարի աշակերտների թիվն առնվազն 15 աշակերտով նվազում է, 2011թ.-ին դպրոցում սովորել է 147 աշակերտ, այս ուսումնական տարում սովորում են 130-ը»,- հայտնեց դպրոցի տնօրեն Անահիտ Ռամազյանը: Դպրոցի շենքը անբարեկարգ էր, սակայն կոկիկ էր ու մաքուր: Տնօրենի տեղեկացմամբ շենքը վերջին անգամ վերանորոգվել է 1998թ.-ին, հատկապես սանհանգույցները քայքայված վիճակում են: «Մեկ շաբաթ առաջ դպրոցի խողովակները պայթել էին, մի կերպ ենք աշխատում»,- հայտնեց Անահիտ Ռամազյանը:
Քաղաքապետ Լեւոն Զավարյանը լիովին ըմբռնում է իր ղեկավարած քաղաքի արտագաղթի ծանր հետեւանքները: «Ցավն այն է, որ եթե վաղն ուզենք Թումանյանում որևէ արտադրություն բացել, հիմա էլ մարդ չենք ճարելու, որ այստեղ աշխատի»,- ասում է նա: Ե՞րբ է գալու այդ «վաղը» եւ վերջապես, ե՞րբ է Թումանյանում կարեւորվելու մարդկանց աշխատանքով ապահովելու խնդիրը: Քաղաքապետն այդ հարցի լուծումը չի կանխատեսել նաեւ համայնքի զարգացման 2013-2016թթ. քառամյա ծրագրում:
![]() |
![]() |
![]() |
Անահիտ Ռամազյան | Կիմա Էվոյան | Քաղաքապետ Լևոն Զավարյան |
«Թումանյանը սիրուն, նորմալ բնակավայր է: Գազը կա, ջուրը կա, էներգիան կա, ճանապարհը կա, երկաթգիծը կա, ամեն ինչ նորմալ կա, միայն աշխատանք չկա: Քաղաքի զարգացման առաջնահերթ լուծումը աշխատատեղերի ստեղծումը պետք է լինի, այլապես եղած բնակիչներն էլ կհեռանան քաղաքից»,- ասում է թումանյանցի Ռաֆիկ Սարգսյանը, ով նույնպես գործազուրկ է: Լեւոն Զավարյանն ասում է, որ 2009-2012թթ.-ին սոցիալ-տնտեսական զարգացման քառամյա ծրագրով 50,4 մլն դրամի կապիտալ ծրագրեր է իրականացրել քաղաքում: «Համայնքի բյուջեով ես քառամյա ծրագրով նախատեսված աշխատանք չեմ կատարել, դրանք հիմնականում կատարվել են պետբյուջեի միջոցներով, պատվիրատուն էլ եղել է Լոռու մարզպետարանը»,- անկեղծանում է քաղաքապետը:
Համայնքի բյուջեն կազմում է 28 մլն դրամ, որից 23 մլ դրամը պետբյուջեից հատկացվող դոտացիան է: «Նախատեսված եկամուտներից 1 մլն դրամը չենք ապահովում»,- ասում է Լեւոն Զավարյանը: Բյուջեի 27 մլն դրամ փաստացի եկամուտների 70%-ից ավելին`19,7 մլն դրամը, Լ. Զավարյանը տրամադրում է քաղաքապետարանի պահպանության ծախսերին, ինչը բացարձակ շռայլություն է: Բյուջեից 6 մլն դրամ է հատկացվում համայնքի մեկ խմբանոց մանկապարտեզի պահպանության համար: Մանկապարտեզի վարիչ Հայկուշ Աղամյանը «Հետք»-ին հայտնեց, որ ողջ տարվա ընթացքում երեխաներին մսով չեն կերակրում: «20 երեխաների սննդի ամսական միջին ծախսը 50-55 հազար դրամ է, չի բավականացնում: Գոյատեւում ենք»,- ասում է մանկապարտեզի տնօրենը:
Այսուհանդերձ, 2009-2012թթ.-ի քառամյա ծրագրից դուրս է մնացել քաղաքի աղբավայրի միջով անցնող 2-րդ թաղամասի խմելու ջրի խողովակի տեղափոխման հրատապ խնդիրը: Լեւոն Զավարյանը վստահեցնում է, որ խողովակը կտեղափոխվի 2013թ.-ին: Թումանյան համայնքի 2013-2016թթ.-ի քառամյա ծրագրով նախատեսվել է լուծել վերանորոգված մշակույթի կենտրոնի եւ դպրոցի մարզադահլիճի գույքի խնդիրը, բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգումը, բակերի բարեկարգումը եւ նման այլ խնդիրներ:
Թումանյանցիների աշխատատեղի խնդիրը քաղաքի ղեկավարի համար քառամյա ծրագրում այդպես էլ օրակարգային չի դարձել: Քաղաքի կենտրոնում վեր է խոյանում Թումանյանի մշակույթի կենտրոնի վերանորոգված գեղեցիկ շենքը, որն այս պահին ծառայում է միայն արվեստի դպրոցին: Այստեղ 25 աշակերտ է սովորում: «Դպրոցի 12 աշակերտներ սովորում են դաշնամուրի, իսկ 13 աշակերտներ՝ նկարչության բաժնում»,- ասաց արվեստի դպրոցի տնօրեն Ինգա Մադոյանը:
Մշակույթի կենտրոնի վերանորոգված շենքի մասին զրույցի բռնվեցի շենքի մոտ կանգնած մի քանի թումանյանցիների հետ: «Դահլիճն էլ է գեղեցիկ վերանորոգված, բայց որ չի օգտագործվում, ո՞ւմ է պետք: Քաղաքում մարդ չկա, նախ պետք է լուծել մարդկանց քաղաքի հետ կապելու հարցը»,- ասում է Ռաֆիկ Սարգսյանը:
Թումանյանցիներն աշխատատեղեր ստեղծելու պահանջ են ներկայացնում, իսկ քաղաքապետ Լեւոն Զավարյանը, ինչպես պարզվում է, իր պաշտոնավարման 16 տարիներին այդպես էլ չի կողմնորոշվել, թե որտեղից պետք է սկսել համայնքի սոցիալ-տնտեսական զարգացումը: Քաղաքապետը, սակայն առաջնահերթ լուծել է իր ընտանիքի անդամների աշխատատեղերի խնդիրը: Նա իր կնոջը համայնքի մանկապարտեզի վարիչ է նշանակել, տղայի համար էլ, որպես աշխատատեղ, սեփական բենզալցակայան եւ քարի արտադրամաս է ստեղծել: Ակնհայտ է, որ Լեւոն Զավարյանը աշխատատեղեր ստեղծելու հմտություն ունի, սակայն համայնքի բնակչությանը աշխատանքով ապահովելու դեպքում այն տարիներ շարունակ չի կիրառել:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել