
Զարմանալի քարանձավ (լուսանկար)
Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ Տոսյա Ղարիբյանը ամուսնուն՝ Լևոն Առաքելյանին շատ տարիներ առաջ խնդրեց կարտոֆիլը պահելու համար հոր փորել երկհարկանի տան մառանում: 1985թ.-ին ասված այս խնդրանքը փոխեց շինարար Լևոն Առաքելյանի ողջ կյանքը: Վարպետ Լևոնը սկսեց փորել ու միայնակ փորեց 23 տարի շարունակ՝ մինչև իր կյանքի վերջ: Այժմ գրեթե չի լինում օր, որ որևէ մեկը չայցելի վարպետ Լևոնի գետնափոր քարանձավ-թանգարան:
Տոսյայի խոսքով՝ Լևոնին տեսիլք էր երևացել. նրան սպիտակ մառախուղի միջից մի ձայն ասել էր. «Լևոն, աշխարհով մեկ մի հրաշք կգործես: Կհիվանդանաս, հիվանդություններից չվախենաս: Ինչ պատկերներ գան քո աչքի առաջ, նույնությամբ կկատարես»: Հենց սրանից հետո է վարպետ Լևոնը որոշել այդքան խորը փորել կարտոֆիլի հորը:
Գետնափոր թանգարանի խորությունը 21 մետր է: Քարանձավ-թանգարանն ունի 7 սենյակ, որոնք միացված են միջանցքներով ու աստիճաններով: Քարանձավի մակերեսը 280 քառակուսի մետր է. այն տարածվում է տան, բակի տակ: Տոսյա Ղարիբյանի խոսքով՝ քարանձավի ջերմաստիճանը չի փոխվում. և ամռանը, և ձմռանը 10 աստիճան է:
Վարպետ Լևոնը | Վարպետը Լևոնը տան բակի պատին արած ինքնանկարում |
Քարանձավում բազմաթիվ փորագրություններ կան, որոնք ևս վարպետ Լևոնն է արել: Նա նաև էլեկտրալարեր է անցկացրել, լամպեր տեղադրել: Վիգեն Չալդրանյանի «Քրմուհին» ֆիլմի որոշ դրվագներ նկարահանվել են այս քարանձավում: Տոսյա Ղարիբյանը դրական պատասխանեց «Հետքի» այն հարցին, թե քարանձավի փորվելուց հետո տունը սեյսմակայուն մնացե՞լ է: Նրա խոսքով՝ երկրաշարժերի ժամանակ տանը ցնցումներ չեն զգացվում:
Վարպետ Լևոնի սկզբունքն է եղել փորել միայն ձեռքով՝ հատիչով ու մուրճով: Նա մերժել է էլեկտրական գործիքներ, տեխնիկա տրամադրելու առաջարկները: Նրան հանդիպել են հողի տարբեր շերտեր՝ սևահող, տուֆ, բազալտ, որոնք բոլորը հաղթահարել է՝ փորելով 23 տարվա ընթացքում գրեթե ամեն օր ու թերսնվելով:
Տոսյա Ղարիբյանն իջնում է քարանձավ | Տոսյան տան բակի պատին վարպետ Լևոնի արած նկարում |
«Իմ ամուսինը 3-4 ժամ է քնել: Էս վերջերս արդեն որ մարդիկ գալիս էին, ուտելիք էին բերում, իրան հյուրասիրում, ուտում էր, ասում էր՝ «էս մարդիկ ինձ գործից գցում են»: Բայց էն սկզբից թթվի ջուրը լցնում էր բանկան, ամբողջ օրը խմում էր ու դրանով աշխատում: Ինքը շատ սիրով էր սա անում, հոգով էր աշխատում: Հոգով եթե չաշխատեր, չէր կարողանա: Ու անընդհատ ես եմ խոսել վրան, որ «դուրս արի, կարող է՝ փլվի գլխիդ, էսպես լինի, էնպես լինի»: Ինքը չի լսել, երազով էր անում»,- պատմում է Տոսյա Ղարիբյանը:
Տան առաջին հարկը այսօր ևս թանգարան է, որտեղ պահվում են վարպետ Լևոնի հագուստները, նրա մասին մամուլի հրապարակումները, մատյանները, որոնցում այցելուները գրել են իրենց տպավորությունները: Քարանձավ-թանգարան այցելել են բազմաթիվ հայաստանցիներ ու սփյուռքահայեր, նաև օտարերկրացիներ աշխարհի շատ երկրներից:
Երկհարկանի տան բակում ցուցադրված են ծաղկամաններ, որոնք վարպետ Լևոնը պատրաստել է իր փորած քարերի կտորտանքներից, ինչպես նաև բակի պատին նրա արած երկու նկարը. մեկում ինքն է՝ հատիչն ու մուրճը ձեռքին, մյուսում կինը՝ կարտոֆիլը ձեռքին:
Վարպետ Լևոնի գործիքները | Տան բակում ցուցադրված ծաղկամանները |
Լևոն Առաքելյանը հանկարծամահ է եղել 4 տարի առաջ 67 տարեկանում: Նա մահացած օրն էլ աշխատում էր քարանձավում: «Ինքը ինչքան կենդանի մնար, ինքը շարունակելու էր: Ասում էր՝ «Աստված ինձ թելադրել է՝ էս գործը անեմ, Աստված էլ վերջում կասի՝ սա ինչ կլինի»»,- պատմում է Տոսյա Ղարիբյանը:
Նա և ամուսինն ունեն 4 աղջիկ ու 12 թոռ, բայց Տոսյայի խոսքով՝ տեխնիկայի այս դարում ոչ ոք չի շարունակի վարպետ Լևոնի գործը և հատիչով ու մուրճով քարանձավ չի փորի:
Մեկնաբանություններ (12)
Մեկնաբանել