Դադարեցնում են Խոսրովի արգելոցի ֆինանսավորումը նոր տնօրենի պատճառով
«Կինգբունգտուի պահակագիտականն ավարտածը փաստորեն նույնպես կարող է հավակնել Խոսրովի արգելոցի տնօրենի պաշտոնին, եթե այն այժմ զբաղեցնում է Ռոստովի պետական համալսարանի ապրանքագիտության բաժինն ավարտած Գաբրիել Պողոսյանը»,- կես կատակ-կես լուրջ այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց «Կովկասի բնության հիմնադրամի» համակարգող Արման Վերմիշյանը և հավելեց, որ իրենց կազմակերպությունը, որն արդեն 3 տարի է ուղղակի ֆինանսական աջակցություն էր ցույց տալիս «Խոսրովի արգելոցին», այժմ անժամկետ դադարեցնելու է ֆինանսավորումը:
Կովկասի բնության հիմնադրամը նամակ է գրել բնապահպանության նախարարությանը` պահանջելով չեղյալ համարել «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի – տնօրենի թափուր տեղի համար հայտարարված և անցկացված մրցույթը և նոր մրցույթ հայտարարել, որի ժամանակ ներկայացված թեկնածուները կունենան գոնե համապատասխան մասնագիտական կրթություն, որը տվյալ դեպքում պարտադիր պայման էր:
«Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի» Հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը հայտարարեց, որ իրենք նույնպես նմանատիպ բովանդակությամբ նամակով դիմել են բնապահպանության նախարարությանը, և իրենց կազմակերպությունը նույնպես դադարեցնում է համագործակցությունը Խոսրովի արգելոցի հետ:
«Խոսրովի արգելոցը ոչ միայն հատուկ պահպանվող տարածք է, այլ նաև գիտական կենտրոն, որի ղեկավարը պետք է ունենա այդ բնագավառի բարձրագույն մասնագիտական կրթություն, տեսլական, հրապարակված հոդվածներ և համապատասխանի մի շարք այլ չափանիշներին ևս: Խոսրովի արգելոցի նորանշանակ տնօրենը չի համապատասպանում այդ պահանջներին: Կարեն Մանվելյանը մտավախություն ունի, որ նման կերպ կարող են վարվել նաև այլ արգելոցների և արգելավայրերի հետ, այդ պատճառով անիմաստ է ներդնել միջոցներ, եթե վտանգ կա, որ դրանք նպատակային չեն տնօրինվելու:
Հիշեցնենք, որ «Վայրի բնության համաշխարհային հիմնադրամն» իր ծրագրերի շրջանակներում Խոսրովի արգելոցին տրամադրել է շուրջ կես միլիոն դոլար, իսկ «Կովկասի բնության հիմնադրամը»` 22 մլն դրամ: Այդ միջազգային կազմակերպությունների կողմից աջակցությունը Խոսրովի արգելոցին
փաստորեն դադարեցվում է, քանի դեռ Գաբրիել Պողոսյանը զբաղեցնում է արգելոցի տնօրենի պատասխանատու պաշտոնը:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել