HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Րաֆֆի Հովհաննիսյանի նամակը ICAPP համանախագահներին

Ասիայի քաղաքական կուսակցությունների միջազգային կոնֆերանսի (ICAPP) 7-րդ Գլխավոր ասամբլեայում ընդունված՝ «Բաքվի հռչակագրի» կապակցությամբ սույն թվականի նոյեմբերի 25-ին «Ժառանգություն» կուսակցության նախագահի կողմից պաշտոնական բողոքի նամակ է ուղարկվել ICAPP համանախագահներ Խոսե դե Վենեցիային եւ Չունգ Իու-Յոնգին, կազմակերպության քարտուղարությանը, նաեւ Ասամբլեայի մասնակից պատվիրակներին' ի գիտություն:

Նամակում պրն Հովհաննիսյանը պաշտոնապես եւ գրավոր ձեւակերպել է իր բանավոր դիտողությունները, որ հայտնել է Ասամբլեայի եզրափակիչ նիստի ընթացքում եւ ավարտից հետո, որոնցից շատերն անլսելի են դարձել դահլիճի բարձրացրած աղմուկի պատճառով: Նամակում ներկայացնելով, որ ոչ թե ընդունվել է, այլ զեղծարարությունների եւ քվեարկության կամ պահանջված կոնսենսուսի բացակայության պատճառով, ըստ էության (de jure), ՉԻ ԸՆԴՈՒՆՎԵԼ Բաքվի հռչակագիրը, պրն Հովհաննիսյանը մասնավորապես արձանագրել է.

«Այն պարտադրվել է Ասամբլեայի պատվիրակներին' նրանց իրավունքների եւ արժանապատվության աղաղակող անտեսմամբ, միտումնավոր ոտնահարելով կազմակերպության ընթացակարգերը, որոնք պահանջում էին. ա) փաստաթղթի ընդունում կոնսենսուսով (առնվազն ես հրապարակայնորեն եւ վստահաբար առարկել եմ փաստաթղթին), եւ բ) վերջնական նախագծի բաժանում բոլոր պատվիրակներին՝ եզրափակիչ նիստից առաջ (ինչը դիտավորյալ չարվեց): Հռչակագիրը պարտադրվեց, ինչպես երեւաց, կանխակալ դավադրությամբ (առնվազն Պակիստանից բարձրաստիճան սենատորի կողմից, ով գլխավորում էր նախագծի մշակման հանձնախումբը եւ տեղյակ էր, որ ես, համաձայն կազմակերպության ընթացակարգերի, պահանջել եմ նախապես ծանոթանալ Հռչակագրի նախագծին եւ արտահայտվել դրա վերաբերյալ, եթե պարզվի, որ այն միակողմանի է, հատվածական եւ/կամ ոչ ճշմարիտ) եւ լուռ թողտվությամբ (Դուք երկուսդ անվրդով նստել էիք մինչ ադրբեջանական պատվիրակությունը եւ բանաձեւի նախագիծը մշակող սենատորը, ԱՔԿՄՀ-ի կանոնների եւ ընթացակարգերի խախտումներով, առաջ էին շարժվում)»:

Վերջին պահին Հռչակագրում ավելացված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պարբերության առնչությամբ պրն Հովհաննիսյանը գրել է.

«Կոնսենսուս չկար. օրենքի գերակայությունը ծաղրի ենթարկվեց օրը ցերեկով, եւ ինչն ավելի վատ էր՝ փաստաթղթի «վերջնական» տեքստը ներառեց Լեռնային Ղարաբաղին առնչվող բաժին, որը գաղտագողի ավելացվեց վերջին պահին՝ Հռչակագիրը վերածելով Ադրբեջանի ստանդարտ քարոզչական թղթի, որը ոչ միայն կեղծ էր ու յուրաշահ, այլեւ զորակցեց Ադրբեջանի պատերազմական հռետորաբանությանը եւ բռնության խթանմանը (արտահայտված բռունցքներով հարվածելու հետամնաց դրսեւորումներով, որի մասին մենք բոլորս կարող ենք վկայել)' փոխանակ խաղաղությանը, անվտանգությանը եւ հաշտեցմանը ծառայելու: Ինչպիսի հեգնանք»:

Իբրեւ հակազդեցություն կատարվածի՝ պրն Հովհաննիսյանը ICAPP ղեկավարներից պահանջել է.

«Ես սույնով պահանջում եմ, որ Դուք ճիշտ գործ անեք, ուղղեք ձեր սխալը եւ անվավեր համարեք «Բաքվի հռչակագիր» կոչված զեղծարարությունը, ինչպես նաեւ դրա հրապարակումը' անհապաղ ու ամբողջապես:

Եթե դա չարվի, ապա եթե անգամ ոչ մի այլ բարեխիղճ պատվիրակ պաշտոնապես չարտահայտի իր բողոքը, ես պահանջում եմ, որ դուք հանեք «Հայաստան» բառն այդ կեղծված թղթի կտորից»:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

Մեկնաբանություններ (3)

Մլեհ
Տօն-քիշոթութիւն ընելու տեղ, իրօ՛ք հայրենասիրական գործ մը ըրէ` ձեռնպա՛հ մնա երկակի ցուցադրամոլ խաղերէդ. միացի՛ր ԻՐԱԿԱՆ ընդդիմութեան: Բայց ի՞նչ սպասես մէկէ մը, որ հացադուլ մ'իսկ չի կրնար մինչև վերջ տանիլ: Եթէ Baku show-էդ ու նամակէդ շահ չունի Հայաստան թքեր եմ Baku show-իդ ու նամակիդ ալ վրան:
Vrej
To write such ridiculous words here and elsewhere regarding one of the few strong, independent and moral leaders in Armenia, Mleh must feel so incomplete, so isolated, so covetous, so unstrung from reality. Mekhk es Mleh. Isgabes mekhk.
Ընթերցող
Պարոն Րաֆֆի, որ Դուք գիտակ մարդ եք, բոլորս գիտենք, բայց ինձ զարմացնում է Ձեր պահվածքը հայաստանի հասարակության նկատմամբ: Մեկ օրինակ. Դժվար է, արդյոք հանդես գալ պահանջով, համաձայն որի հայաստանի քաղաքացիներին մասնավոր աշխատատեղերում չպահեն 10-12-14 ժամեր: Մարդկանց աշխատացնում են ստրկավարի, մարդը այլ ելք չունի, սեփականատերն էլ առիթից օգտվում է ու մարդուն աշխատացնում այնքան, որքան ուզում է: Այ եթե Դուք մոտ օրերս հանդես գաք նման նախաձեռնությամբ, ապա ընտրություններին Ձեզ կամ Ձեր առաջարկած թեկնածուին կտրվեն հարյու հազարավոր ձայներ: Մի թույլ տվեք մարդկանց նսեմացնել, նրանք Ձեր եղբայրն են, քույրերը, և հարազատները: Անհամարձակ մարդուն մի գցեք, նա ընտանիք է պահում, կանգնեք նրա կողքին, պարոն Րաֆֆի, Շատ մարդիկ են սպասում այդ պահին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter