Իսկ կառավարությունը շարունակում է գրել հակակոռուպցիոն ծրագիրը
Նամակ N 1. «ՀՀ Ազգային անվտանգության նախարար պ. Կ. Պետրոսյանին` ...Հանրապետության տրանսպորտի ոլորտում ծաղկում է կոռուպցիան, որի դրսեւորումները ցայտուն երեւում են նախարարի «կեցվածքից», գործողություններից ու անգործությունից...»:
Նամակ N 2. «ՀՀ նախագահ պարոն Ռ. Քոչարյանին` ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Ա. Մանուկյանի թողտվության հետեւանքով նախարարության նշված ստորաբաժանումների ղեկավարները նախարարի գլխավորությամբ կապված են այսպես կոչված «գծերի տերերի» հետ եւ ամեն կերպ աջակցում են նրանց կողմից անօրինականությունների իրագործմանը...»:
Նամակ N 3.«ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար պ Ա. Մանուկյանին` ...Աբովյան քաղաքի մերձքաղաքային բոլոր երթուղիների համար կատաղի պայքար է գնում «Հայավտոկայարան» ՊՓԲԸ-ի եւ Տրանսպորտի եւ կապի նախարարության ստորաբաժանումների միջեւ երթուղիներից գոյացող անօրինական «լեւի» գումարների համար: ...Արդեն վեց ամիս է Աբովյան-Արզնի խաչմերուկից երթեւեկում են հարյուրավոր անօրինական մեքենաներ: Այս գրությանը կից ներկայացնում ենք փաստացի իրականացվող երթերը եւ ավտոմեքենաների քանակը, որը մի քանի անգամ գերազանցում է եւ չի համապատասխանում մրցույթի տվյալներին...»:
Այս նամակների հեղինակը «Դյունա» ՍՊԸ-ի տնօրեն Շողիկ Հովհաննիսյանն է: Նամակներին կից ներկայացված են Աբովյան քաղաքի անօրինական երթուղիների կանգառները եւ «լեւի» երթեւեկող 124 մեքենաների համարանիշները: «Մենք հանրապետության նախագահին նամակ ենք ուղարկում` ներկայացնելով նախարարությունում տիրող իրավիճակը: Աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը այն ուղարկում է Անդրանիկ Մանուկյանին` խախտելով Սահմանդրությունը եւ օրենքը: Այսինքն գառանը նորից ուղարկում են գայլի մոտ»,- պատմում է «Դյունա» ՍՊԸ-ի նախագահ Միշա Հովհաննիսյանը:
Տրանսպորտի եւ կապի նախարարության կոլեգիայի որոշմամբ 1999 թ. Աբովյան քաղաքի ավտոկայանը վարաձկալական իրավունքով տրվել է «Դյունա» ՍՊԸ-ին:Այն դարձավ Կոտայքի մարզի ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնող միակ ձեռնարկությունը: Շուրջ տասը տարի ավտոկայանը չէր աշխատում, անմխիթար վիճակում էր: Կատարելով ներդրումներ ընկերությունը վերանորոգեց շենքը: 2001 թ. նոյեմբերին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը անցկացրեց Աբովյան քաղաքի միջքաղաքային եւ ներմարզային երթուղիների մրցույթ: Շահած ընկերությունները պարտավոր են երթուղիներն իրականացնել Աբովյան քաղաքի ավտոկայանից: Սակայն այդ ընկերություններն ուղեւորափոխադրումները կատարում են Աբովյան քաղաքի տարբեր հատվածներից: «Չկա որեւէ մրցույթ, որ մաքուր անցկացված լինի: Ես մրցույթով չանցա, ինձ ասացին` քո մեքենաները տեխնիկապես լավ վիճակում չեն: Իմ բոլոր «անպետք» մեքենաները այսօր աշխատում են այդ մրցույթում շահածների մոտ: 10 անգամ գնացել եմ մրցութային հանձնաժողովի նախագահ Վալտեր Մարությանի մոտ` խնդրելով ինձ ընդունել: Ընդունարանում կիվի են կլպում, ապելսին են մաքրում եւ մատակարարում Վ. Մարությանին, ես էլ չեմ կարողանում նրա ընդունելությանն արժանանամ: Փոխանցում են, որ «ինքը իմ գործով չի զբաղվում»: Բա ես ում դիմեմ, նախարարի մոտ չեմ կարող մտնել, նամակներիս պատասխաններն էլ չեմ ստանում: Նախարարությունում ում դիմում եմ, ասում է` այստեղ երկու մարդ կա, որ կարող են հարց լուծել` նախարար Ա. Մանուկյանը եւ Վ. Մարությանը: Աբովյանի տրանսպորտի ոլորտում կոռուպցիան հենց ինքը` Վ. Մարությանն է ստեղծել »,-պնդում է Մ.Հովհաննիսյանը: «Ավտոկայանը շատ անհաջող տեղում է գտնվում: Մարդիկ պետք 7 կմ գան ոտքով ավտոկայան, քաղաքային տրանսպորտ չի աշխատում: Որեւէ լծակ չունենք, որ փոխադրողներին պարտադրենք «Դյունա» ՍՊԸ-ի հետ պայմանագիր կնքել: Ընկերությունը կարող է դիմել դատարան, թող դատարանն այդ փոխադրողներին պարտադրի: Մենք նույն բանը կարող ենք ասել Մ. Հովհաննիսյանին` ինչո՞ւ չես կազմակերպում, որ այդ փոխադրումները կատարվեն ավտոկայանից», - ասում է մրցութային հանձնաժողովի նախագահ Վ. Մարությանը: Ընդհանրապես այս հարցերը պարտավոր է կարգավորել տրանսպորտի եւ կապի նախարարության ավտոտրանսպորտային տեսչությունը: Վերջինս պետք է վերահսկի ինչպես անցկացվող մրցույթները, այնպես էլ` հաղթած կազմակերպությունների գործունեությունը: «Դյունա» ՍՊԸ-ն, նրա տնօրեն, Շ. Հովհաննսիյանի հավաստմամբ, ամսական կրում է 1.965.000 դրամի վնաս, որի հետեւանքով չեն մուծվում պետության հասանելիք 360 հազար դրամ հարկերը: «Թե ինչ վճարումների մասին է գրում Շ.Հովհաննիսյանը, ես չգիտեմ: Ցանկացած շահագործվող փոխադրամիջոց վճարում է հաստատագրված հարկ: Անկախ դրանից ինքը կշահագործի, թե` ոչ: Հարկերի վճարումների մասին Մ. Հովհաննիսյանի ասածները փուչիկ են»,- մեր զրույցում նշեց նախարարության իրավաբանական վարչության պետ Արթուր Գրիգորյանը: «15 աշխատող ունենք, նրանց չեմ կարողանում վճարել, շենքի շահագործման ծախսերը չեմ կարողանում փակել»,-նախագահին ուղղված նամակում նշում է Շ.Հովհաննիսյանը: «Փոխադրող կազմակերպություններին գրություններ ենք ուղարկել, նախազգուշացրել, որ իրենք պարտավոր են փոխադրումն իրականացնել Աբովյանի ավտոկայանից: «Դյունայի» հիմնական վեճը պետք է լինի ոչ թե մեզ, այլ այդ կազմակերպությունների հետ: Նախարարությունը չի կարող միջամտել: Եթե «Դյունայի» տնօրենը նշում է, որ վնասներ է կրել, թող դիմի դատարան եւ ովքեր մեղավոր են այդ վնասների համար, թող վճարեն »,-ավելացրեց Ա. Գրիգորյանը: Իսկ «Դյունա» ՍՊԸ-ի նախագահ Մ. Հովհաննիսյանի հավաստմամբ նախարարությունն օժանդակում է, որ մրցույթում շահած կազմակերպություններն իր հետ պայմանագիր չկնքեն: Մ. Հովհաննիսյանը շարունակում է նամակներ հղել պետական ատյաններին: «Ազգային ժողովն արագ-արագ օրենք ընդունեց, որպեսզի ամեն մի պատգամավոր հինգ-վեց հատ գիծ առնի ու քաշվի մի կողմ: Այսօր հանրապետությունում ՍՊԸ կա, որը 15 գիծ ունի արդեն»,- շարունակում է Մ. Հովհաննիսյանը:
Գծի տերերի մասին առասպելներն ուշագրավ են, փաստերը երբեմն` սահմռկեցուցիչ: Ինչ որ բանի տիրանալու եռքի մեջ են երկրապահի տղերքը, պաշտպանության նախարարության գեներալները, պատգամավորները, ազգային ազատագրական պայքարի կարկառուն ներկայացուցիչները, նախարարները, ավտոտեսչության պետերն ու նրանց տեղակալները... Ամեն մի գծին տեր դառնալու ոդիսականն առանձնահատուկ նրբերանգներ ունի: Եվ արժե առանձին-առանձին պատմել դրանց մասին...
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել