ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանը հայհոյել եւ սպառնացել է ֆոտոլրագրող Շամշյանին
Այսօր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Հանրապետության հրապարակի «Արարատ» ռեստորանային համալիրի կամարի տակ լուսանկարել է «Մերսեդես» մակնիշի 005 DD 05 համարանիշի ավտոմեքենան, որի մոտ կանգնած է եղել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանը՝ ինչ-որ անձի հետ:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քանի որ ավտոմեքենայի ապակիները մգեցված են եղել, ֆոտոլրագրողը փորձել է պատգամավորից պարզել, թե արդյոք ավտոմեքենան իրե՞նն է, և ԱՊՊԱ-ի ու տեխզննման կտրոնները փակցվա՞ծ են դիմապակուն: Պատգամավորը հերքել է, որ ավտոմեքենան իրենն է, սակայն հայտնել է նաև, որ ԱՊՊԱ կտրոնը փակցված է:
Քիչ անց պատգամավորը ֆոտոլրագրողին հանդիպել է արտաքին գործերի նախարարության շենքի մոտ և բարկացել, թե ինչի համար է նկարում ավտոմեքենան: Իսկ հետո ասել է՝ «ոչ քեզանից, ոչ էլ ոչ ոքից չեմ վախենում: Հա, իմ ավտոն ա, որ կա»:
Գ. Շամշյանը պատգամավորից փորձել է ճշտել, թե ինչու է կոստյումի վրայից բացակայում կուսակցության կրծքանշանը: Լսելով հարցը, Ն. Գևորգյանը սկսել է սպառնալ եւ հայհոյել, ինչին ֆոտոլրագրողը հակադարձել է: Պատգամավորը շարունակել է հայհոյանքներն ու սպառնալիքները, ասելով՝ սատկացնելու եմ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմեքենայի դիմապակուն կար ԱՊՊԱ կտրոնը, սակայն բացակայում էր տեխզննման կտրոնը:
Կատարվածի մասին ֆոտոլրագրողը պատրաստվում է հայտնել Ազգային ժողովի նախագահին, Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովին, գլխավոր դատախազին և ՀՀ ոստիկանապետին:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել