HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Լալայան

Քաղաքական դաշտի «փուչիկների» կյանքից

Հետանկախական Հայաստանի քաղաքական ամորֆ, հեղհեղուկ միջավայրում երբեք «փուչիկ»-կուսակցությունների պակաս չի եղել: Այդպես են բնորոշվում քաղաքական գործընթացների վրա ազդեցություն չունեցող կամ անմաքուր ինչ-ինչ գործարքների ու հաշվարկների վրա խարսխված ուժերը, արհեստական միավորումները, այսպես կոչված` մարդ-կուսակցությունները, որոնց մասին ժողովուրդը դիպուկ խոսք ունի. «Անունը կա, ամանումը` չկա»: 

Կուսակցությունների մասին ՀՀ օրենքի ընդունումից ի վեր, որն ընդգրկում է վերջին տասնամյակը, «փուչիկ»-կուսակցությունների մեծ մասը գրեթե անհետ-անհետագիծ չքացավ քաղաքական ասպարեզից, եթե չհաշվենք հատուկենտ այն սուբյեկտները, որոնք սովորաբար «կենդանության նշաններ» են ցույց տալիս ընտրությունից ընտրություն: Ոմանք որոշ ճանապարհ անցնելուց հետո դարձյալ անփառունակ վախճան ունեցան. մի դեպքում՝ իրենց առաջնորդների ամբիցիաների պատճառով, մեկ այլ դեպքում՝ ավելի խորքային շարժառիթներով, որոնց կանդրադառնանք:

Դաշտում մնացին հազիվ մեկ-մեկուկես տասնյակի չափ փոքրիշատե երեւացող քաղաքական ուժեր, բայց նրանք էլ` նույնիսկ ամենաառանցքային համարվողները, միեւնույն է, կարեւոր մի հանգրվանում կամ վճռորոշ մի շրջադարձում, ինչպիսին, ասենք, համապետական ընտրություններն են, չեն կարող շրջանցել անխուսափելին: Չէ՞ որ ի դեմս ընտրությունների, մոտենում են քաղաքական պատեհապաշտության լավագույն ժամանակները, եւ ուր-որ է՝ քաղաքական դաշտում ականատես կլինենք ոչ միայն նոր անորոշությունների, այլեւ նոր «պայթյունների»:

Ինչի՞ց է, ուրեմն, որ մեր կուսակցությունների մեծամասնությունը համախմբվելու, թափանցիկ գործելու փոխարեն եռանդը սպառում է տարատեսակ խարդավանքների կամ ստվերային գործարքների մեջ: Հատկապես՝ ընտրությունների նախաշեմին: «Ոչ հստակ իրավիճակը եւ անորոշությունները գալիս են նրանից, որ մեզ մոտ, դասական իմաստով, չկա քաղաքական դաշտ, իսկ գործող կուսակցությունները կապ չունեն քաղաքականության հետ, այլ գործ ունեն կոնյուկտուրայի հետ… Սկսվում է պարզ առեւտուր, քաղաքական ուժը այնպես է անում, որ իր գինը բարձրանա եւ թանկ վաճառվի»,- ընտրությունների նախաշեմին առկա իրավիճակը վերջերս այսպես բնութագրեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:

Տարածված այլ կարծիքների համաձայն` այստեղ թիվ մեկ «մեղավորը» ընտրական համակարգի կաթվածահար վիճակն է, որը բացառում է ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելու հնարավորությունը: Հասկանալի է, որ այսպիսի պայմաններում կուսակցությունները չեն կարող լիարժեք կերպով կայանալ, ինչը եւ հանգեցնում է օրենքն ու սկզբունքները ստվերային պայմանավորվածություններին ստորադասելու այն վիճակին, որն այսօր ունենք: Ոչ լեգիտիմ իշխանությանը, որպես կանոն, հաջողվում է քաղաքական ուժերին մշտապես պահել իր ուղեծրում` հագուրդ տալով նրանց անձնական շահախնդրություններին, իսկ ոմանց էլ հարմար տեղավորելով իշխանական «կերակրատաշտի» մատույցներում:

Շատերն այսօրվա պես հիշում են, թե ինչպես պայթեց, օրինակ, «Ազգային միաբանություն» կոչվող «փուչիկը»: Արտաշես Գեղամյանը, ըստ երեւույթին, «ստվերային պայմանավորվածության շրջանակում» ունենալով չբավարարված հավակնություններ, բաց տեքստով ակնարկում էր, թե քոչարյանական վարչախմբին չքննադատելու, այսինքն` լռելու դիմաց Սերժ Սարգսյանը` ՀՀ պաշտպանության այն ժամանակվա նախարարը, իրեն 3 մլն դոլար կաշառք է առաջարկել: Սարգսյանի անկեղծ պոռթկումից հետո, թե Գեղամյանն առնվազն մեկ զրոյով պակաս արժե, «փուչիկը» պայթեց: Թեեւ տվյալ պարագայում ճիշտ կլինի ասել` «դհոլը»:

ՕԵԿ-ի մոտիվացիան փոքր-ինչ այլ էր: Սկզբունքները պաշտոնով «փոխանակած» Արթուր Բաղդասարյանը մի գիշերվա մեջ ընդդիմադիր դաշտից տեղափոխվեց հարմարավետ նստավայր` Անվտանգության խորհրդի քարտուղարի բավական պատկառելի կարգավիճակով: Թե՛ օրենքի երկիր կառուցելու առաքելությունը եւ թե՛ ընտրողներին տված մեծադղորդ խոստումները, բնականաբար, անցան մոռացության գիրկը եւ մի փոքր «փոշեհան» արվեցին միայն ԱԺ վերջին ընտրություններից առաջ, երբ բարձրագույն իշխանությանը հույժ անհրաժեշտ էր կոալիցիոն ուժերից գոնե մեկի աջակցությունը: «Պաշտոն` աջակցության դիմաց» բանաձեւը Հայաստանում միշտ գործել է անվրեպ: 

Իշխանական կյանքի վայելքները ընդդիմադիր դաշտի «չարքաշ» աշխատանքից գերադասեցին նաեւ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը եւ այդ կուսակցությունից սերված զույգ «ԱԺՄիկների» առաջնորդներ Շավարշ Քոչարյանն ու Արշակ Սադոյանը, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսաղուլյանը, ոչ անհայտ Վիկտոր Դալլաքյանը, էլի շատ ուրիշ գործիչներ, ովքեր նվիրական նպատակին հասնելուց հետո մեկընդմիշտ թողեցին, թեկուզ ավելի տեղին կլինի ասել՝ թաղեցին կուսակցական խաղերը: Մեծ ու փոքր ուժգնության «պայթյուններից» անմասն չմնացին նաեւ ԱԺ-ում ներկայացված ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» միավորումը: 

Ամենաուշագրավը, թերեւս, ՀԱԿ-ի պարագան է: «Ավազակապետության» դեմ կենացմահու պայքարի ելած հզոր դաշինքը, որի թիկունքում կար հետեւորդների բազմահազարանոց բանակ, ՀՀ հիմնադիր-նախագահի առաջնորդությամբ հնգամյա մաքառումների մեկնարկային ծանրակշիռ ռեսուրսը վերջին մեկուկես-երկու տարում մաշեցնելով` հասցրեց գրեթե զրոյական նիշի: Նախ` նույն «ավազակապետության» պարագլուխների հետ բանակցություններ վարելու ձախողված նախաձեռնությունը, ապաեւ համակարգի սյուներից մեկի` ԲՀԿ-ի հետ հայտնի «սիրախաղերը», իսկ ամենավերջում նույնիսկ Ս.Սարգսյանի ու Ռ.Քոչարյանի հետ համագործակցելու անթաքույց պատրաստակամությունը հանգեցրին նրան, որ ՀԱԿ-ի համակիրների թիվը վերջին շրջանում նվազեց 10-15 անգամ: 

Սրանք դրվագներ էին մեր քաղաքական դաշտի «փուչիկների» կյանքից: Իսկ 2013թ. փետրվարի 18-ին ընդառաջ դեռ այնպիսի «պայթյուններ» կտեսնենք, որոնց համեմատ մայիսի 4-ին ՀԿԿ-ի նախընտրական եզրափակիչ համերգ-հանրահավաքի ժամանակ մեթան գազով լիցքավորված փուչիկների պայթյունը մանկական խաղ կթվա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter