
Դատախազի կինը ստացել է 2.5 մլն դրամի և 1000 դոլարի ծննդյան նվերներ
Գեղարքունիքի մարզի դատախազ Վահրամ Մարգարյանը համակարգում երեւի միակն է, ով հայտարարագրել է նաեւ ստացած ծննդյան նվերներն ու օգնությունները: Նույն կերպ վարվել է նաեւ նրա կինը: Նշենք, որ Վ. Մարգարյանը նույն պաշտոնում է 2005 թվականից:
Ուսումնասիրելով Վահրամ Մարգարյանի գույքի ու եկամուտների 2011թ. հայտարարագիրը, պարզվեց, որ նա նույն թվականին ստացել է 19 մլն 792 հազար 708 դրամի եւ 300 դոլարի եկամուտ:
Նշված գումարից 5 մլն 497 հազար 708 դրամը եղել է դատախազի աշխատավարձը, 1 մլն 500 հազար դրամը եղել է գյուղմթերքների իրացումից ստացած եկամուտը, իսկ գումարի մնացած մասը` կամ օգնություն է (9 մլն դրամ), կամ նվերներ ու ծննդյան նվերներ (10 անուն):
Նույն տարում Վահրամ Մարգարյանը ապառիկով գնել է «Տոյոտա Լենդ Կրուիզեր Պրադո» մակնիշի ավտոմեքենա` 16 մլն 370 հազար դրամ արժեքով: Նա ունի նաեւ հանձնված կամ վերադարձված փոխառություն, որը տարեվերջին կազմել է 58 մլն դրամ:
Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, Վահրամ Մարգարյանն ունեցել է 17 հազար դոլար եւ 12 մլն 500 հազար դրամ (2011-ի սկզբին` 0 դրամ):
Դատախազի կինը` Էլմիրա Մարգարյանը, 2011-ին ստացել է 4 մլն 740 հազար դրամի եւ 1000 դոլարի եկամուտ, որից 2 մլն 340 հազարը տարածքի վարձակալությունից ստացած գումարն է, իսկ մնացածը` ծննդյան նվերները:
Էլմիրա Մարգարյանը ունեցել է նաեւ 10 հազար եվրո եւ 30 հազար դոլար:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել