HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ակտիվիստները նախարարից պահանջում են հարգել օրենքը

Ինչպես հայտնի է, միայն Գետահովիտ համայնքի բնակիչների և մեր նախաձեռնության ներկայացված հիմնավորված փաստարկների ու բողոքների արդյունքում էր, ՀՀ բնապահպանության նախարարի ս. թ. հոկտեմբերի 26-ի. հ. 277-Ա հրամանով ուժը կորցրած ճանաչվել (չեղյալ էր համարվել) «Մեգաէներջի» ՍՊԸ-ը տրված «Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ի կառուցման աշխատանքային առաջին նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության 23.08.2012թ. հ. ԲՓ 70 բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը: Սակայն դեռևս մնացել էին խնդիրներ, որոնց անհապաղ լուծումներ տալու առաջարկությամբ, դեռևս ս. թ. նոյեմբերի 20-ին, մեր նախաձեռնությունը գրավոր դիմել էր ՀՀ բնապահպանության նախարարին: Սույն դիմումի վերաբերյալ, օրենքով սահմանված կարգով, պատասխան պետք է տրվեր մինչև ս. թ. նոյեմբերի 26-ը:
 
Դիմումի տեքստը հետևյալն էր.
 
«Պարոն նախարար,
«Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի շինարարության շուրջ առաջացած խնդիրների վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարի 16.10.2012թ. հ. 254-Ա հրամանով ստեղծվել էր աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել էր նաև մեր նախաձեռնության երկու անդամ և Գետահովիտ համայնքի 2 բնակիչ: Նշյալ աշխատանքային խմբի անունից ս. թ. հոկտեմբերի 24-ին թվով 5 (հինգ) առաջարկություն են ներկայացվել ՀՀ բնապահպանության նախարարին, դրանք են.
 
ա) դիմել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին՝ «Մեգաէներջի» ՍՊԸ-ին հատկացված հողատարածքների (կադաստրային ծածկագրերը՝ 11-028-0653-0001, 11-028-0323-0002, 11-028-0323-0003 և 11-022-0707-0002) հողահատկացման և իրադրական հատակագծերը, ինչպես նաև ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան և Գետահովիտ համայնքների վարչական սահմանները նկարագրող և հողատեսքերը արտահայտող քարտեզները՝ էլեկտրոնային և թղթային տարբերակով տրամադրելու համար,
 
բ) պարզել «Իջևանի» և «Արջատխլենու» արգելավայրերի տեղադիրքը, հնարավորության դեպքում տրամադրել թվային քարտեզը կամ հանգուցային կետերի կոորդինատները,
 
գ)միջնորդել /հանձնարարել/ լիազոր մարմնին՝ ստուգման միջոցով պարզելու գործունեության ընթացքում շրջակա միջավայրին հասցված վնասը, եթե այդպիսի վնաս առկա է,
 
դ) մեղքի առկայության դեպքում պատասխանատվության ենթարկել «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի համապատասխան աշխատակիցներին,
 
ե) հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ կետի և ՀՀ կառավարության 08.05.2003թ.-ի թիվ 701-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի պահանջները՝ էկոլոգիական նոր գործոնների ի հայտ գալու հետ կապված հանգամանքները վերանայել կամ չեղյալ համարել «Մեգաէներջի» ՍՊԸ-ը 23.08.2012թ. տրամադրած բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը /թիվ 70/:
 
Վերը թվարկված առաջարկություններից դեռևս իրականացվել է միայն վերջին (ե) կետը` չեղյալ է ճանաչվել «Մեգաէներջի» ՍՊԸ-ը 23.08.2012թ. տրամադրված բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը: Իսկ մնացած չորս առաջարկությունների վերաբերյալ մինչև օրս որևէ տեղեկատվություն չենք ստացել:
 
Ելնելով վերոշարադրյալից, որպես նշյալ աշխատանքային խմբի անդամներ, խնդրում ենք մեզ տրամադրել տեղեկատվություն նաև այդ առաջարկությունների վերաբերյալ, մասնավորապես ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ինչպիսի քայլեր են ձեռնարկվել:
 
Բացի այդ, «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված աշխատանքային նախագիծն ու դրա բնապահպանական մասը կազմող «ԷՌԱ» ՍՊԸ-ը` ակնհայտ սխալ և իրար հակասող տվյալներ ու տեղեկություններ է տրամադրել և՛ ընկերությանը, և՛ «Բնապահպանական փորձաքննության» ՊՈԱԿ-ին: Մեր կարծիքով իրավական գնահատական պետք է տրվի նաև «ԷՌԱ» ՍՊԸ-ն նման աշխատելաոճին, և ՍՊԸ-ն փորձագետին (ներին) ևս պետք է պատասխանատվության կանչել»:
 
Սակայն, օրենքով սահմանված ժամկետում այս դիմումին գրավոր պատասխան տրամադրելու փոխարեն, ՀՀ բնապահպանության նախարարությունն իր պաշտոնական կայք էջում տեղադրում է հայտարարություն, ըստ որի ս. թ. նոյեմբերի 21-ին «Մեգաէներջի» ՍՊԸ-ը ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին է ներկայացրել «Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ի աշխատանքային նախագծի փոփոխված տարբերակը, իսկ դեկտեմբերի 6-ին Գետահովիտ համայնքում պետք է անցկացվեն հանրային լսումներ: Ի դեպ, «Մեգաէներջի» ՍՊԸ-ի` «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին ներկայացրած «Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ի աշխատանքային նախագծի փոփոխված տարբերակը կրկին կազմել է աշխատանքային առաջին նախագծի հեղինակ` «ԷՌԱ» ՍՊԸ-ը, որը կեղծ և իրականությանը չհամապատասխանող տվյալներ ու տեղեկություններ էր ներկայացրել առաջին աշխատանքային նախագծում և ապակողմնորոշել բոլոր շահագրգիռ կողմերին:
 
Ելնելով վերոշարադրյալից, որպես նշյալ աշխատանքային խմբի անդամներ, արդեն երկրորդ անգամ պնդում ենք հարգել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը և սահմանված ամենասեղմ ժամկետում մեզ տրամադրել տեղեկատվություն, թե ինչ քայլեր են ձեռնարկվել Ձեր կողմից, վերը նշված 4 (չորս) առաջարկությունների քննարկման, որոշումների կայացման և համապատասխան մարմիններից պարզաբանումներ պահանջելու ու ստանալու ուղղությամբ:
 
Միևնույն ժամանակ, առաջարկում ենք ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայք էջից ժամանակավորապես հանել 06.12.2012թ. Գետահովիտ համայնքում անցկացվելիք հանրային լսման հայտարարությունը, քանի դեռ աշխատանքային խումբը չի ստացել պահանջվող տեղեկատվությունը, ինչը սույն հարցում խիստ կարևոր է և անհրաժեշտ:
 
Լևոն Գալստյան
Մերի Խաչատրյան
 
«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն
28.11.2012 թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter