Վարչապետը ծանոթացել է «Microsoft» տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիայի և ինովացիոն կենտրոնի գործունեությանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում տեղակայված «Microsoft» տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիա և ինովացիոն կենտրոն: Կառավարության ղեկավարը ծանոթացել է ակադեմիայի և կենտրոնի գործունեությանը, ուսանողների կողմից մշակվող նորարարական ծրագրերին:
Տեղեկացվել է, որ ամբողջ աշխարհում ակադեմիական հաստատությունները հետևում են «Microsoft»-ի ՏՏ ակադեմիայի ծրագրին՝ նպատակ ունենալով առաջարկել «Microsoft»-ի տեխնոլոգիաների համար նախատեսված ՏՏ նորագույն կրթական ծրագրերը։ Այդպիսով հաստատություններն անմիջապես ձեռք են բերում «Microsoft» բրենդի ճանաչելիությունն ու հեղինակությունը, ինչպես նաև համապարփակ ուսումնական ծրագրեր, ծրագրաշարերի թույլտվություններ և ռեսուրսներ՝ ուսանողների և դասավանդողների համար։ Բացի այդ, համայնքները և ձեռնարկություններն օգտվում են նաև բարձր որակավորում ունեցող և գործունակ աշխատուժի ծառայություններից։
Ակադեմիայում նախատեսվում է իրականացնել վերապատրաստման դասընթացներ ճարտարագիտական համալսարանի դասախոսական անձնակազմի և ուսանողների համար` «Microsoft»-ի կողմից տրամադրված ծրագրերով, նյութերով և մեթոդաբանությամբ:
Ակադեմիան մի շարք տեղական ՏՏ կազմակերպությունների հետ ձեռք է բերել նախնական պայմանավորվածություններ պատվերներ տեղադրելու վերաբերյալ։ Ակադեմիայի բոլոր ուսանողները հնարավորություն են ստանում անվճար գրանցվելու «DreamSpark» ծրագրում, որտեղից կարող են ստանալ մի շարք արտոնագրված ծրագրեր և ուսումնական նյութեր իրենց կրթական գործունեության մեջ կիրառելու նպատակով:
«Microsoft» ինովացիոն կենտրոնը հիմնադրվել է «Մայքրոսոֆթ» ընկերության, ՀՀ կառավարության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կողմից և գործում է 2011 թվականի մայիսից: Կենտրոնն իր ձևաչափով և նշանակությամբ բացառիկ է ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանում:
Կենտրոնի նպատակն է նոր ընկերությունների հիմնումը, նորարար լուծումների և արտադրանքների ստեղծումը՝ նորարարական մշակույթի և ստեղծարարության խթանման և նորագույն տեխնոլոգիաների հասանելիությունն ստեղծման միջոցով:
Վարչապետ Սարգսյանը, ծանոթանալով կենտրոնի ուսանողների նորարական լուծումներին, հանձնարարել է շահագրգիռ մարմիններին քննարկել դրանք և հնարավորության դեպքում ներառել պետական մարմինների կողմից մատուցվող ծառայություններում: Օրինակ, նման ծրագրերից մեկով առաջարկվում էր տեսախցիկների և արագաչափերի ֆիքսած խախտումների մասին վարորդին տեղեկացնել SMS հաղորդագրությամբ՝ խախտումից անմիջապես հետո: Վարչապետը հանձնարարել է ծրագիրն ուսումնասիրության ներկայացնել ՀՀ ոստիկանության համապատասխան մարմիններին: Մշակված ծրագրերից մեկն էլ հնարավորություն էր տալիս հատուկ սարքերի միջոցով պարզել ջրի բաղադրությունը և աղտոտվածության աստիճանը, որը ևս արժանացել է կառավարության ղեկավարի ուշադրությանը:
Հիմնադրումից մինչ օրս կենտրոնը համակողմանի աջակցություն է տրամադրել ավելի քան 50 ընկերությունների, ինչպես նաև ինկուբացրել է 15 թիմ, որոնցից մեկը գրանցվել է իբրև start-up ընկերություն և հաջողությամբ զբաղվում է «Microsoft»-ի նորագույն «Kinect» տեխնոլոգիայի հիման վրա ծրագրավորման աշխատանքներով:
Իր գործունեության առաջին տարվա ընթացքում ինովացիոն կենտրոնն իր կարողությունների զարգանցման բաղադրիչի շրջանակում ունեցել է ավելի քան 1600 շահառու, կազմակերպվել է 50 երկարաժամկետ դասընթաց` ընդգրկելով 600 ուսանողների և ՏՏ մասնագետների:
Վերջին մեկ տարվա ընթացքում կազմակերպվել է նաև գաղափարների գեներացման 5 մրցույթ, այդ թվում «Your phone», «Your apps» բջջային հավելվածների առցանց մրցույթը, որի շնորհիվ Հայաստանն արձանագրել է ուսանողական հավելվածների ցուցանիշի աննախադեպ աճ՝ զբաղեցնելով 2-րդ տեղը կենտրոնական և արևելա-եվրոպական տարածաշրջանում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել