
«Սյունիքի առևանգված մանկությունը և գողացված ապագան»
Մոտ 200 տարի հետո` 1920/1921-ին, Սյունիքը երրորդ անգամ ծնվեց: Թվում էր, թե ժիր մանուկը այս անգամ արագ կմեծանա: Թվում էր: Մոտ 70 տարի հետո նորից մի մանուկ ծնվեց ու ... 20 տարում դարձավ հանքային սիլիկոզով հիվանդ մի ծերունի: Ներկան բռնեց գաղթի ճամփան, Անցյալը վշտացավ, իսկ Ապագան` խռովեց:
Ճշմարտություններն այնքան պարզ ու հասկանալի են: Ու ազատագրող:
Ո՞րն է այդ պարզ ճշմարտությունը, որն անլուռ նստած է Սյունյաց լեռնային մի գետի կողքին.
Սյունիք - 4506 քառ. կմ, մոտ 150 հազար բնակչություն, երկրի տարածքի 15 %-ը, Հայաստանի (և աշխարհի) համար գերստրատեգիական միջանցք:
Մարզում թողարկվող արդյունաբերական արտադրանքի կառուցվածքում հանքարդյունաբերությանը բաժին է ընկնում 85 %-ից ավելին: Այսինքն` մարզում չկա տնտեսություն. զուտ մի քանի մասնավոր հանք: Հանքային հումք արտահանող բանանային մի տարածք:
Մարզերն էլ ինքնասպանության են հասցվում. ուղղակի Քրեական օրենսգրքում սա պատժող օրենք չկա:
Ցանկացած (թեկուզ կիսատ-պռատ) տնտեսագետ գիտի, որ ցանկացած երկրում երկրի տնտեսության շարժիչը փոքր և միջին ձեռնարկությունների ստեղծումն է: Իսկ սա միշտ (հատկապես սկզբում) ՊԻՏԻ ստանա պետական հովանավորում/խթանում:
Մի՞թե կառավարությունը Սյունիքում չի կարող ստեղծել հատուկ պետական մի բանկ` երկարաժամկետ (15-20 տարով) ու շատ ցածր տոկոսով (0,5-1%) կամ անտոկոս ՊԵՏԱԿԱՆ (հովանավորությամբ) անգրավ վարկ տրամադրելու համար, որպեսզի մարզում փոքր բիզնեսներ ստեղծվեն/զարգանան:
Եթե գոնե 10 հազար մարդու/միավորի տրամադրվի 4500 եվրո նմանատիպ վարկ, ապա այն պետության վրա կնստի ընդհամենը 45 մլն եվրո: Եթե սա արվի 3 տարվա կտրվածքով, ապա պետության վրա կնստի տարեկան 15 մլն եվրո: Չէ որ բիզնեսները նաև պետական հարկ են մուծում:
Մի՞թե սա շատ փող է պետության համար: Այսօր Հայաստանում շատ պաշտոնյաներ 15 մլն եվոյին սկի փող չեն ասում:
Այդ, այսպես կոչված, Հյուսիս-Հարավ ճանապարհի վրա մոտ 1 մլրդ դոլար պիտի ծախսեն (պետական, տոկոսով վարկ` հայաստանցու ուսերին): Այս ճանապարհով աղքատ ու հազիվ գոյատևող սյունեցի՞ն/հայաստանցի՞ն պիտի բեռներ փոխադրի:
15-20 տարի հետո այդ հանքերի պաշարները վերջանալու են ու այդ հանքերը փակվելու են` թողնելով հսկա աղտոտվածություն ու պոչամբարներ: Նախ` ո՞վ և ու՞մ փողերով պիտի սա մաքրվի: Հետո` ո՞վ 15-20 տարի հետո պիտի ներդրում կատարի հանքային թափոնասարերի ու պոչամբարների կողքին:
«Ինձնից հետո թեկուզ ջրհեղե՞ղ»:
Այդ ու՞մ է ձեռք տալիս, որ Սյունիքում մաքուր, այլընտրանքային տնտեսություն/միկրոէկոնոմիկա չզարգանա. 5000 դրամով ընտրվողներին ու իրենց հովանավորողների՞ն:
Որպես հետգրություն սյունիքյան մի ասացվածք. «Աղքատը, որ հավ կուտի, յա հավն ա հիվանդ, յա` աղքատը»:
Վարազ Սյունի
28.11. 2012, Ամստերդամ
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել