Արփի Վարդանյանը՝ ՀԲԸՄ Երևանի գրասենյակի տնօրեն
Հայկական բարեգործական ընդհանուր միությունն ուրախ է հայտարարելու Արփի Վարդանյանի նշանակումը Միության Երևանի գրասենյակի տնօրենի պաշտոնում: Նա կղեկավարի Միության ներկա լայնածավալ գործունեությունն ու ընդլայնվող ծրագրերը Հայաստանում և տարածաշրջանում:
Արփի Վարդանյանը ծնվել է Միչիգանում, ավարտել է Սաութֆիլդի ՀԲԸՄ Ալեք և Մարի Մանուկյան դպրոցը, ապա նաև Միջազգային կառավարման ամերիկյան բարձրագույն դպրոցը (Thunderbird): Այնուհետև տեղափոխվել է Հայաստան շարունակելու իր գործունեությունը: Նա իր հետ բերում է Հայաստանում հասարակական կազմակերպությունների հետ աշխատելու և Վաշինգտոնում հայկական հարցերի շուրջ հանրային գիտակցության և տեղեկացվածության բարձրացմանն ուղղված քսանամյա փորձը:
Արփի Վարդանյանը երկար տարիներ զբաղեցրել է Ամերիկայի հայկական համագումարի տնօրենի պաշտոնը, թե հասարակական կազմակերպությունների ուսուցման և տեղեկատվական կենտրոնի և թե ուսանողական փորձառության ծրագրերի գծով, ինչպես նաև եղել է ԱՀՀ-ի գործադիր տնօրենի պաշտոնակատար, Երևանի գրասենյակի տնօրեն և ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Հայաստանի և Ղարաբաղի գրասենյակների համար: Բոլոր զբաղեցրած պաշտոններում նա ղեկավարել է բազմաթիվ ծրագրեր և իր ներդրումն ունեցել հասարակական կազմակերպությունների կայացման և հզորացման գործում:
Ողջունելով Արփի Վարդանյանին նոր պաշտոնում` ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանն ասաց. «Հավատարիմ ՀԲԸՄ 87-րդ Ընդհանուր ժողովի կարգախոսին` «Ապագային ընդառաջ», մեր Միությունն ընդլայնում է իր ծրագրերի և գործունեության շրջանակները հանուն հայ ժողովրդի զար•ացման և բարգավաճման: Այս առումով ՀԲԸՄ Երևանի գրասենյակի դերն էլ ավելի է կարևորվում մեր տեսլականն իրականացնելու հարցում` Հայաստանում, տարածաշրջանում և ողջ աշխարհում: Մենք վստահ ենք, որ տիկին Վարդանյանի փորձը, եռանդն ու գիտելիքները թե սփյուռքի և թե Հայաստանի մասին կօգնեն գրասենյակին դիմակայելու այս նոր մարտահրավերները»:
ՀԲԸՄ-ն ողջունում է Արփի Վարդանյանի նշանակումը նոր պաշտոնում` նրա առաջնորդությամբ գործունեության ընդլայնման և նոր ծագրերի իրագործման ակնկալիքներով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել