
«Ինչպե՞ս տեղեկացնել մի բան, որ չկա»
Եթե տեղեկություն ունենալն ընդհանրապես ուժի երաշխիք է, ապա առողջապահական բնույթի տեղեկությունը` առողջության:
Ի՞նչ տեղեկություն են տալիս այսօր առողջապահության ոլորտի պատասխանատուները ՀՀ քաղաքացուն, ինչպե՞ս են իրենք գնահատում այդ տեղեկատվությունը, այդ տեղեկությունը բավարա՞ր է ՀՀ քաղաքացու համար, որպեսզի նա ազատ ընտրի բուժծառայության վայրը, այն մատուցողին: Կարելի է արագ պատասխանել` առաջին հարցին` քիչ, երկրորդին` վատ, երրորդին` ոչ: Սակայն երկար հարցումներից եւ որոշակի ուսումնասիրությունից հետո անգամ կարելի է տալ նույն պատասխանները:
2001թ. նոյեմբերին Հայաստանի 5 մարզում անցկացված 1300 տնային տնտեսությունների հետազոտության արդյունքում Հայաստանի սոցիալական բարեփոխումների ծրագիրը (ՀՍԲԾ) պարզել է, որ նույն թվի մայիսի համեմատությամբ աճել է բնակչության տեղեկացվածությունը պետության կողմից երաշխավորվող նպատակային հիմնական ծառայությունների փաթեթի (ՀԾՓ) վերաբերյալ: Իսկ ո՞րն է եղել այդ տեղեկությունները ձեռք բերելու աղբյուրը: Հարցվողների 66%-ը նշել է, որ ՀԾՓ-ի մասին տեղեկացել է 2001թ. մայիսի հետազոտության ժամանակ: Այսինքն, մարդուն հարցրել են. գիտե՞ս` ինչ է ՀԾՓ-ն: Ասել է` ոչ: Բացատրել են: Երբ նրան հաջորդ անգամ նույն բանը հարցրել են, նա արդեն (համենայնդեպս 66%-ը) գիտեր:
«Ամեն տարի, երբ ընդունվում է պետբյուջեն եւ ընդունվում են պետական նպատակային ծրագրերը, դրանք մենք պետք է պարտադիր տպագրենք թերթում»,- ասում է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի գծով խորհրդական Ռուսլանա Գեւորգյանը: Ոչ մի տպագիր ԶԼՄ պարտավորված չէ անվճար տպագրելու այդ հսկայական փաստաթուղթը: Նախարարությունը որոշել է այդ տպագրությունն իրականացնել առողջապահության նախարարի պարզաբանում-հարցազրույցների տեսքով: Ինչը եւ այժմ արվում է: Այսինքն, օրենքը պարտադրում է տպագրել, բայց ցույց չի տալիս դրա ֆինանսական աղբյուրները: Ի դեպ, ոչ մի հանրապետական թերթ չի տպագրում նաեւ դրսից ստացվող հումանիտար դեղորայքի ցանկը: Վերջինս տպագրվում էր «Առողջապահության լրատու» թերթում, որի տպաքանակը 1150 է եւ այն հիմնականում տարածվում է Երեւանի, Լոռու, Շիրակի բուժաշխատողների շրջանում: Համենայնդեպս, ուղղված է բացառապես բուժաշխատողներին: Հիմա այնտեղ էլ չի տպագրվում:
Եթե քաղաքացիները չգիտեն, թե ինչ իրավունք եւ արտոնություն ունեն անվճար բուժսպասարկումից օգտվելու համար, բուժաշխատողները հաճախ շահարկում են նրանց անտեղյակությունը եւ գումարներ են պահանջում անվճար բուժօգնության համար: «Լինում են լրացուցիչ գանձումներ»,- ասում է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Բորիս Դավթյանը: Եվ փորձում նման վարվելակերպը պայմանավորել նրանով, որ երբեմն բուժաշխատողները հիվանդներին չեն բացատրում, որ անվճար բուժծառայությունից բացի, տվյալ դեպքում այլ` արդեն վճարովի սպասարկման անհրաժեշտություն է զգացվում, որի դիմաց պետությունը չի վճարում: Հետեւաբար հիվանդը պետք է վճարի: Իհարկե, պրն Դավթյանը համաձայնեց, որ շահարկում էլ են: Դա կանխելու համար է կառավարության որոշումը` անվճար բուժման ենթակա հիվանդությունների եւ սոցիալական խմբերի ցանկը փակցնել բուժհիմնարկների պատերին: Սակայն պրն Դավթյանը բողոքում է, որ նախարարություն հաճախ գալիս են բողոքելու քաղաքացիներ, որոնք չգիտեն իրենց տարածքային պոլիկլինիկայի տեղը, չեն ճանաչում իրենց տեղամասային բժշկին:
Առողջապահության նախարարությունում մեզ տրամադրեցին 2002թ. առաջին եռամսյակում քաղաքացիների ընդունելության եւ դիմումների, բողոքների ու առաջարկությունների վերաբերյալ տեղեկանքը, որը կազմվում է կառավարություն ներկայացնելու համար: Այսպես, ս/թ մարտի 31-ի դրությամբ նախարարությունում ստացվել է ընդամենը 742 նամակ: Ամենաշատը դիմել են իհարկե բուժվարչություն` 380 մարդ: Այստեղ հիմնականում գալիս են մարդիկ, որոնք չեն օգտվում պետության կողմից սահմանված զեղչերից, սակայն անվճարունակ են: Այդ 380-ի մեծ մասը դիմել են զեղչերից օգտվելու խնդրանքով: 157 մարդ դիմել է մոր եւ մանկան վարչություն, 82-ը` կադրերի: Այստեղ աշխատանքի տեղավորման հարցով գալիս են հիմնականում բժշկական բուհերի շրջանավարտները: Գալիս են նաեւ այդ բուհերի ուսանողները` ուսման զեղչի հարցով: Հիգիենիկ համաճարակային վարչություն 3 ամսում դիմել էր ընդամենը 7 մարդ: Նամակներին պատասխանելու առավելագույն ժամկետը մեկ ամիսն է: Սա այն դեպքում, երբ հարցն ուսումնասիրելու համար պետք է հանձնախումբ կազմել, մարզ մեկնել, փորձաքննություն անցկացնել: Սովորական դեպքերի համար 15-օրյա առավելագույն ժամկետ է տրվում: Բ. Դավթյանը հավաստիացնում է, որ ընդհանրապես «տեղավորվում են 3-4 օրվա մեջ»:
Այլ կազմակերպություններից առողջապահության նախարարություն վերահասցեագրվել է 159 դիմում` քաղաքացիների հիվանդանոցային բուժօգնությունն անվճար կազմակերպելու միջնորդությամբ:
Առողջապահության նախարարի մոտ ընդունելության դիմել է 102 քաղաքացի: Նրանցից 88-ը` իրենց բուժումը կազմակերպելու հարցով: Այդ 102-ի գերակշիռ մասը` 79,11%-ը դիմել է աշխատանքի տեղավորման եւ ուշացած աշխատավարձերի վճարման հարցով: Ի դեպ, աշխատավարձերի համար հիմնականում կոլեկտիվ են դիմում եւ հաճախ` կրկնակի: Դիմել են նաեւ անվճար դեղորայք հատկացնելու խնդրանքով` 49: 50 քաղաքացի կրթական հարցերով է դիմել: Նրանցից 8-ը ոչ պետական բուհերից կլինիկական օրդինատուրա ընդունվելու խնդրանքով, 30-ը` վերապատրաստման դասընթացները պետական պատվերով անցնելու խնդրանքով:
Դիմումների բովանդակության իմաստով իրավիճակը գրեթե նույնն է Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունում: Ինչպես հայտնեց վարչության պետ Համլետ Միրզոյանը, այստեղ էլ նամակների եռամսյակային վերլուծություն է արվում: Թեեւ մեզ այդպես էլ չտրվեց դրա գրավոր հավաստիացումը: Ըստ այդ բանավոր հաղորդագրության, 2002-ի առաջին եռամսյակում վարչությունը 210 դիմում է ստացել, որից անվճար բուժսպասարկման խնդրանքով` 160-ը: Այս վերջին թվին ավելանում են նաեւ համանման բանավոր խնդրանքները, որոնց վիճակագրությունը չի տարվում: Վարչության աշխատակիցների «աչքաչափով» դրանց թիվը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ չի փոխվել: Օրական այստեղ դիմում է 30-40 քաղաքացի` հիմնականում բուժման, երբեմն էլ` անվճար դեղորայքի խնդրանքով: Դիմումներին պատասխանելու կարգը նույնն է` ինչ նախարարությունում:
Այս սեզոնին ավելանում է քաղաքացիների հոսքը ինչպես զանազան խմբագրություններ, այնպես էլ վարչություն: Ուսումնական տարվա սկզբից առաջ հրատապ է դառնում առաջին դասարան գնալու համար անհրաժեշտ բժշկական տեղեկանքի մասին տեղեկատվությունը: Քաղաքի գլխավոր մանկաբույժ Էլեոնորա Մնացականյանը մեկ անգամ եւս պարզաբանեց, որ մինչեւ 7 տարեկան երեխաների բուժսպասարկումը, որոշ բացառություններով, անվճար է: Առողջական վիճակի մասին տեղեկանքի դեպքում վճարովի է միայն լոգոպեդիկ ծառայությունը, որի համար նշված թվերն, ի դեպ, իրարից բավական հեռու են` 500, 700, 1000 դրամ: Չնայած դրանք, միեւնույն է, հեռու են ծնողների բողոքներում նշված թվերից` 3000, 5000 դրամ: Մյուս բոլոր կաբինետներում հետազոտություններն ու կոնսուլտացիաներն անվճար են:
Տիկին Մնացականյանը պրոբլեմ է համարում այն, որ քաղաքացիները բուժհիմնարկներում ինֆորմացիան չեն փորձում ստանալ իրավասու անձանցից, այլ հարցուփորձ են անում հավաքարարին, պահակին ու դժգոհ մնում ստացած ինֆորմացիայից:
Իսկ Երեւանի քաղաքացի Մելիք Խաչոյանն, օրինակ, բուժհիմնարկի ղեկավարի եւ վերջինի տեղակալների կողմից մի քանի անգամ խաբվելուց հետո, միայն «Առավոտի» խմբագրություն դիմելով, լրագրողական հետաքննության արդյունքներից տեղեկացավ, որ հումանիտար դեղատանը իրենից անօրինական են գանձել դեղի արժեքի 1%-ի չափով գումարը:
Ինչո՞ւ է պետք տեղեկությունը
Կա՞ն, Հայաստանում տեղեկություններ, ասենք, նույն ծառայությունը մատուցող բուժհաստատությունների, դրանցում մատուցվող ծառայությունների որակի մասին: Այսինքն, այն տեղեկությունները, որոնց ծանոթանալուց հետո քաղաքացին կարող է ասել, որ ինքն ընտրել է իր բուժսպասարկողին:
«Չկա նման տեղեկատվություն,- ասում է Հայաստանի սոցիալական բարեփոխումների ծրագրի (ՀՍԲԾ) առողջապահական հարցերով խորհրդատու Դին Միլսլեյգլը:- Ներկայումս համակարգն այնպիսին է, որ մարդիկ պոլիկլինիկա գնում են ըստ սպասարկման տարածքի, որտեղ գրանցված են»: Դ. Միլսլեյգլը հայտնում է, որ «նախարարության հետ իրենց ծրագրերում կա բնակչությանն ապահովել այնպիսի տեղեկություններով, որ նա թե՜ տեղեկանա, թե՜ ազատ լինի ընտրություն կատարելիս»: Այդ, այսպես կոչված, Open Enrolment-ի (բաց գրանցում) սկզբունքն իբրեւ թե կա մեր օրենսդրությունում: Մասնավորապես, 1996-ի ընդունված «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածում նշված է. «Բժշկական օգնության դիմելիս, ինչպես նաեւ բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալիս յուրաքանչյուր ոք իրավունք ունի ընտրել բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողին»:
«Պրոբլեմն այն է,- ասում է Ռոբերտ Մկֆերսոնը,- որ ամեն ինչ սահմանափակվել է այդ մեկ-երկու նախադասությամբ: Եթե կա այդ սկզբունքը, ապա անհրաժեշտ է դրա համար օրենսդրական դաշտ մշակել, փաստաթղթեր, որոնք կնշեն ընթացքը, թե մարդն ինչպես կարող է ընտրել մեկ այլ բան: Եվ եթե դրանք չկան, ինչպե՞ս կարող ենք բրոշյուր կամ այլ գրականություն տարածել եւ մարդկանց տեղեկացնել մի բան, որը չկա դեռ»: Դին Միլսլեյգլի կարծիքով, սա մեծ եւ բարդ հարց է նաեւ այնքանով, որ չկան բուժսպասարկողի որակի գնահատման չափանիշները:
Եթե դրանք չկան, ուրեմն որակի մասին տեղեկություններն ու դրանց հրապարակումը ո՞ւր մնացին:
Չե՞ն էլ ուզում իմանալ
Եթե բնակչությունը դիմում է առողջապահության նախարարություն, ապա արդյո՞ք իր չիմացածը լրացնելու նպատակով:
«Երբեմն պատահում է, որ բուժսպասարկման տեղը չեն իմանում: Կոնսուլտացիա ենք անում, բացատրում` որտեղ կարող են բուժվել»,- ասում է նախարարի օգնական Անահիտ Արոյանը:
Չի կարելի ասել, որ տեղեկություն ստանալու ակնկալիքի դեպքերը սրանով էլ սպառվում են: Ըստ Ա. Արոյանի, նախարարություն գալիս են նաեւ իմանալու, թե իրենք անվճար բուժսպասարկումից օգտվելու ինչ արտոնություններ ունեն, եթե ունեն ընդհանրապես: Այսինքն, մինչ այդ ոչ ոք նրանց իրավունքները չի բացատրել կամ էլ այդ բացատրությունը մարդկանց արժանահավատ չի թվացել: Իսկ ավելի շատ այստեղ գալիս են` խնդրելով ընդառաջել իրենց եւ օրենքից բացառություններ անելով միջնորդել այս կամ այն բուժծառայությունը ստանալու համար: Դրանք բացառապես ամենաչքավոր խավն են ներկայացնում:
Այն, ինչ արվում է
«Բավարար չէ»,- գնահատում են անողները:
Դին Միլսլեյգլը տեղեկատվությամբ ապահովելու հարցում առողջապահության նախարարությանն իրենց ցուցաբերած աջակցությունից առաջինը նշեց հենց «Առողջապահության լրատու» շաբաթաթերթը, որի 700 օրինակն անվճար բաժանվում է Լոռու մարզում եւ Երեւանի թիվ 17 պոլիկլինիկայում (որը ընտանեկան բժշկության հիմնական փորձարարական վայրն է):
Պարզվում է, մինչեւ ՀՀ «շարքային» քաղաքացիներին հասնելը անհրաժեշտ է եղել հենց առողջապահության համակարգի աշխատակիցների համար հստակեցնել համակարգում այժմ տարվող բարեփոխումների ուղղությունները: «Որովհետեւ վերջերս թյուրիմացություններ, թյուրըմբռնումներ եղան հենց համակարգի ներսում` ինչի համար են բարեփոխումները, ինչին են ուղղված»,- ասում է պրն Միլսլեյգլը: Աջակցության մյուս կողմն էլ է ուղղված բուժաշխատողների «թյուրըմբռնումների» հստակեցմանը. տեխնիկական վերազինումից եւ կադրերի վերապատրաստումից հետո այժմ պատրաստվում է վերատպագրության երբեմնի հայտնի «Առողջապահություն» ամսագրի առաջին համարը` նոր տեսքով: Ի դեպ, այս երկու հրատարակությունների հոդվածները մանրամասն ճշգրտվում եւ ստուգվում են մի քանի մակարդակներով` մարզ, նախարարություն, ՀՍԲԾ:
Հասարակ քաղաքացիներին, նկատի ունենք պոտենցիալ պացիենտներին, այդ բարեփոխումների մասին պատմվում է անմիջական հանդիպումների, ուղիղ եթերով քննարկումների եւ այլ հեռուստահաղորդումների ժամանակ: Այս միջոցառումների մասին խոսելիս Դ. Միլսլեյգլն օգտագործեց «տեղեկատվության փոխանակում» արտահայտությունը: Քաղաքացիներից ծրագրի աշխատակիցներն իմանում են վերջիններիս մտահոգությունների մասին: Իսկ վերջինները մտահոգված են համակարգում անցկացվող օպտիմալացմամբ, ուզում են պատկերացում կազմել ընտանեկան բժշկության մասին: Իսկ ամենակարեւորը, ըստ պրն Միլսլեյգլի, չեն հավատում, թե պոլիկլինիկաներում (այսինքն, բուժօգնության առաջնային օղակում) կստանան գոհացուցիչ բուժօգնություն: Դրա համար էլ միանգամից գնում են հիվանդանոց:
ՀՍԲԾ-ի առողջապահական փորձնական ծրագրի իրականացման խորհրդատու Ռոբերտ Մկֆերսոնի պատմելով, մարդիկ իրենց տպագրած բրոշյուրները կարդալուց հետո ընդունում էին ընտանեկան բժշկության գաղափարը, ցանկություն հայտնում ունենալու իրենց ընտանեկան բժիշկը: Սակայն մեր երկու զրուցակիցներն էլ նշում էին այդ հանդիպումների մասնակիցների թերահավատությունը («Կապրենք` կտեսնենք»)` դրա գոյությունը պատճառաբանելով «անցյալում երկար ժամանակ բնակչության թերահավատ լինելով»:
... Պլյուս կոմպյուտերիզացիա
Առողջապահության նախարարի օգնական Ռ. Գեւորգյանի աշխատասենյակում ականատես եղանք, թե ինչպես վերջինս ամենատարրական ինֆորմացիան մի քանի անգամ լրագրողին հեռախոսով կրկնելուց հետո, ստիպված թելադրեց այն եւ նույնիսկ խնդրեց, որ լրագրողը կարդա` ինքը ստուգի: Տեղեկություն տարածելու նման մեթոդն, ինչ խոսք, զարմանալի էր` մամլո ծանուցումների, ֆաքսի եւ էլեկտրոնային փոստի մեր օրերում: Պարզվեց, լրատվական ծառայության համակարգիչներում բացակայում է ինտերնետ կապը, իսկ սենյակում իսպառ բացակա է ֆաքսը:
«Մենք արդեն ինտերնետ կապ տրամադրել ենք նախարարությանը,- ասում է Դին Միլսլեյգլը:- Ինչ վերաբերում է համակարգիչների տրամադրմանը եւ վերազինմանը` մի քանի ամիս առաջ նախարարությունից մեզ խնդրել էին կազմելու ծրագիր, թե ինչ համակարգիչներ են պետք: Այդ ծրագիրը մենք կազմել ենք, սակայն դա պետք է ֆինանսավորվեր Համաշխարհային բանկի կողմից: Եվ այնտեղ կանգ է առել այդ ծրագիրը»:
Մեկնաբանել