HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամեն ինչ կախված է տպագիր մամուլի բովանդակությունից և օպերատիվությունից

Համացանցի հասանելիության և մեդիա տեխնոլոգիաների անհամեմատ զարգացմանը զուգընթաց Հայաստանում թերթերի վաճառքի գինը կտրուկ իջել է: Շատ քիչ մարդիկ են տպագիր մամուլին «հավատարիմ» մնացել, որոնց համար լրատվության աղբյուր շարունակում է մնալ տպագիր խոսքը:

Ինչքանո՞վ է հուզում հասարակությանը տպագիր մամուլի ճակատագիրը, դեռ ինչքա՞ն կգոյատևի այն, արդյոք երիտասարդներին դեռ հետաքրքրո՞ւմ եn թղթին հանձնված գրառումները: Այս հարցերի շուրջ էլ ծավալվեց մեր զրույցը:

Տպագիր մամուլի առաջնային «ջատագովները» միշտ էլ եղել են կրպակի աշխատողները: Հենց նրանք էլ կարող են պատկերացում տալ, թե այսօր ինչքանով եմ մարդիկ թերթ գնում, ինչ են ուզում կարդալ և ինչպես են այն սպառում:

«Հայմամուլ» ընկերության բաժանորդագրության հրահանգիչ Նարինե Արշակյանը ևս փաստեց, որ թերթ կարդացողները զգալիորեն պակասել են. «Եթե համեմատելու լինեմ անցած տարիների հետ, ապա հիմա թերթն իսկապես սպառման խնդիր ունի: Համացանցն իր բացասական ազդեցությունն է թողել տպագիր մամուլի վրա:  Թերթերը,(«Հայկական ժամանակ», «Իրավունք», «Հայաստանանի Հանրապետություն» և այլն) հիմնականում վաճառվում են պետական հիմնարկներին բաժանորդագրության միջոցով: Երիտասարդներին թերթը հետաքրքիր չի, 40-ն անց տարիք ունեցող մարդիկ են այն գնում»:

Ամեն անգամ թոշակ ստանալիս փոստատարը, կոպեկ չլինելու պատրվակով, Նինա տատին թերթ է տալիս: «Ի՞նչ են գրում, որ ինչ կարդամ… Հեռուստատեսությամբ եմ իմանում օրվա լուրերը: Բայց փոստատարի տված թերթերն էլ դեն չեմ նետում. վառարանն եմ վառում»:

Հիմնարկություններին հարկադրաբար բաժանորդագրելն ու թոշակառուներին թոշակ տալու հետ թերթ վաճառելը լավագույն տարբերակը չեն թերթի գոյատևման համար: Տնտեսագետ Արա Սարգսյանի կարծիքով՝ ներկայիս տպագիր մամուլում հրատարակում են այն, ինչ ուզում են՝ մոռանալով էթիկայի, նույնիսկ ճշմարտության մասին. «Սովորության համաձայն՝ կարդում եմ ձեռքիս տակ ընկած ամեն թերթ: Սուտ կլինի ասել, թե նորությունները թերթերից եմ իմանում: Եթե հույսս թերթին դնեի, դեռևս Հայաստանի Հանրապետության նախագահը Ռոբերտ Քոչարյանը կլիներ»:

Կանխատեսումները տարբեր են, մի քիչ էլ հուսադրող

«Տպագիր մամուլը, կարծում եմ, անկում կապրի, բայց կգոյատևի»,- այսպես է մտածում «Հրապարակ» օրաթերթի քաղաքական մեկնաբան Հասմիկ Բաբաջանյանը, իսկ «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանի կարծիքով տպագիր մամուլը  կգոյատևի այնքան ժամանակ,  քանի դեռ երկրի վրա կլինի 20-րդ դարի գոնե մեկ ներկայացուցիչ:

Մասնագիտությամբ պատմաբան Նունե Ասրյանը հավատում է, որ տպագիր մամուլը դեռ երկար կյանք կունենա. «Թերթը կապրի, քանի դեռ կան մարդկություն, մտավորականություն, քաղաքակրթություն: Այն տարիք ու փորձ ունի ու երբեք էլ չի մահանա: Այլ հարց է, թե ինչքանով է մատչելի ներկայիս հասարակությանը»:

«Մամուլը կորցնում է իր կշիռը ժամանակավորապես: Այսօր ասպարեզում շատ են մտքով ու հոգով խակ, աշխարհից անտեղյակ լրագրողները, որն էլ անմիջականորեն իր ազդեցությունն է թողնում տպագիր մամուլի զարգացման վրա: Վստահ եմ՝ ժամանակը կշտկի ամեն բան»,- ասում է «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վաչագան Ա. Սարգսյանը:

Երիտասարդների կարծիքները լսելիս պարզ է դառնում, որ մեծամասնությունը նախընտրում է տեղեկություն ստանալ համացանցից: Սա և փողի խնայողություն է, և տեղեկատվության օպերատիվ աղբյուր:

«Թերթ գնելու իմաստը չեմ տեսնում, եթե աշխարհի ցանկացած կետում տեղի ունեցող իրադարձության մասին րոպեներ անց կարող եմ համացանցով տեղեկանալ կամ շատ հաճախ ուղիղ միացումով տեսնել»,- մտածում է նոր տեխնոլոգիաների սիրահար, ծրագրավորող Արտակ Ներսիսյանը:

Իսկ իրավաբան Արմեն Սարգսյանի համար տպագիր մամուլը ձևականություն չէ. «Ես դեմ չեմ էլեկտրոնային տարբերակին, բայց այն հոգնեցնող է, իսկ տպագիրը ոչ միայն ինֆորմացիայի աղբյուր է, այլև նպաստում է բանավոր և գրավոր խոսքի զարգացմանը: Կարելի է համատեղել ավանդական լրատվությունն ու նոր տեխնոլոգիաները միայն այն դեպքում, եթե տպագիր մամուլը շեշտը դնի օպերատվության վրա»:

ՀՀ մշակույթի նախարարության «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Միլիտոնյանը տպագիր մամուլի անմխիթար վիճակի մասին խոսելիս նշում է, որ առաջ շարժվելու համար թերթերը պետք է մրցակցեն նույնիսկ իրենց էլեկտրոնային տարբերակի հետ, դառնան ավելի հետաքրքիր՝ ներգրավելով չօգտագործված ինտելեկտուալ դաշտը:

Տպագիր մամուլին հավատարիմ մնացածների շրջանում առավել իշխում է սովորության ուժը, որը ստիպում է նրանց դեռ շարունակել կարդալ: Շատերը կորցրել են հավատը թերթի նկատմամբ, քանի որ այսօրվա յուրաքանչյուր թերթ ունի իր տերն ու հովանավորը, չեզոք թերթեր համարյա չկան, ֆինանսական կախվածություն ունեն: Խմբագիրը կատարում է ողջ խմբագրության աշխատանքը, և թերթը դառնում է ոչ թե կոլեկտիվ աշխատանքի արդյունք, այլ անհատի:  Հազվադեպ են դարձել վերլուծական, հետաքննական հոդվածները, խորքային ուսումնասիրությունները, որի պատճառով էլ տպագիր մամուլ ընթերցողները գնալով պակասում են, այն կորցնում է իր ազդեցությունը հասարակության վրա:

Նոր տեխնոլոգիաների ի հայտ գալը դեռևս տպագիր մամուլի անկման միակ պատճառը չէ: Տպագիր մամուլը կշարունակի գոյություն ունենալ, եթե լինի ազատ, անկախ և անկողմնակալ: Ամեն ինչ կախված է տպագիր մամուլի բովանդակությունից և օպերատիվությունից: Հիմա էլ հեռուստատեսությունը հասանելի է բոլորին, բայց մարդիկ շարունակում են ռադիո լսել:

Անահիտ Բաղդասարյան

 

Հոդվածը տպագրվել է Գորիսի մամուլի ակումբի կողմից իրականացվող «Աջակցություն ոչ պետական մամուլին» ծրագրի շրջանակներում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter