
Արման Սահակյան. «տանիքի» կարիք չունեմ բիզնեսներս ապահովագրելու առումով, քանի որ խոշոր հարկատուների ցանկում եմ
Թիվ 35 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածուներից Արման Սահակյանն, ինչպես և մյուս թեկնածուն՝ Մուրադ Գրիգորյանը, նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջադրվել էր թիվ 34 ընտրատարածքում: Այստեղ հիմնական պայքարն ընթանում էր նրա և ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի միջև: ՀՀԿ-ի աջակցությունը վայելող Արման Սահակյանը մայիսյան ընտրությունների ժամանակ պարտվեց Մարտուն Գրիգորյանին, քանի որ իր ստացած 15 հազար քվեով երկրորդ տեղում էր: Դեկտեմբերի 2-ին թիվ 35 ընտրատարածքի ԱԺ պատգամավորի մանդատի համար պայքարն ընթանալու է Արման Սահակյանի և ՀԱԿ ներկայացուցիչ Մուրադ Գրիգորյանի միջև:
Ինչո՞ւ է Երևանում ծնված, սակայն արմատներով ջավախքցի գործարարը այդպես համառորեն ցանկանում մուտք գործել խորհրդարան և ներկայացնել հատկապես Շիրակի մարզի խնդիրները: «Ես կարծում եմ, որ հենց նմանատիպ տարանջատումն է՝ գյումրեցի, երևանցի, ջավախեցի և այլն, ջլատում Հայաստանի ուժերը,- հարցին պատասխանում է Արման Սահակյանը:- Խնդիրներ ամեն տեղ էլ կան, դրանք ներկայացնող է պետք, և ամենևին էլ կարևոր չէ, թե նա ծնունդով որտեղացի է: Եվ հետո չմոռանանք, որ «Շիրակ» ֆուտբոլային թիմը ոտքի կանգնեցնելու, մարզադաշտը վերազինելու համար գալով Գյումրի՝ ես ոչ մի անգամ չերկմտեցի, թե տեղացի չեմ: Կոնկրետ ես այդ կարծրատիպերը չեմ ունեցել և չեմ մտածել, թե անպայման ինչ-որ բան պիտի անեմ ծննդավայրիս կամ բակիս համար: Դե, իսկ քաղաքական դաշտ մտնելու որոշում կայացրել եմ երկար մտորումներից հետո, համարում եմ, որ այնտեղ ևս անելիք ունեմ»:
Թիվ 34 ընտրատարածքում հավաքած ձայները (15 հազար քվե) ստիպել են Արման Սահակյանին չերկմտել թիվ 35-ում առաջացած թափուր տեղի համար առաջադրվելու հարցում: «Երբ այդքան քվե ունես, շատ պատասխանատու և ծանր զգացում է, նաև պարտավորեցնող,- ասում է պատգամավորության թեկնածուն:-Հասկանում ես, որ այդքան մարդ ինչ-որ սպասելիք ունի, հույս է կապել քո անձի և առաջարկած ծրագրերի հետ: Դրա համար էլ երբ թիվ 35-ում թափուր տեղ առաջացավ, առանց երկմտելու առաջադրվեցի»:
Թիվ 35 ընտրատարածքը միատարր չէ. ընդգրկում է Գյումրիի 25 տոկոսը և Ախուրյանի տարածաշրջանի 16 գյուղական համայնքները: Նախորդ խորհրդարանական ընտրություններից առաջ Արման Սահակյանն ապագա անելիքների ամփոփ ծրագիրը ներկայացրել էր «Գյումրու վերելքի ուղին» գրքույկով, որում հստակ ներկայացված էին Գյումրու զարգացմանը միտված ծրագրերը, դրանց իրականացման ուղիներն ու ակնկալվող արդյունքները: Պատգամավորության թեկնածուն քաղաքի զարգացման ուղիներից մեկն, օրինակ, համարում է տեքստիլ արդյունաբերության որոշ ճյուղերի վերականգնումն ու զարգացումը: Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը, ըստ Արման Սահակյանի, կարող է դառնալ ցածրարժեք ավիափոխադրումների կենտրոն և այլն:
Ընտրվելու դեպքում պատգամավորության թեկնածուն ձգտելու է այս ծրագրերը կյանքի կոչել, բայց քանի որ այս անգամ քվեարկությանը մասնացելու են նաև գյուղաբնակներն, ապա հավելյալ ծրագրերի իրականացման կարիք է լինելու: Ըստ Արման Սահակյանի՝ խորհրդարան անցած ոչ բոլոր պատգամավորներն են, որ պիտի օրենքներ մշակելով զբաղվեն: Մեծամասնական կարգով ընտրվողների առաքելությունն ընտրողների ձայնը տեղ հասցնելն ու խնդիրների լուծմանը հետամուտ լինելն է:
«Գյուղական համայնքների զարգացման կոնկրետ ծրագրեր չունեմ այս պահին, սակայն եթե հաշվի առնենք, որ դրանք հիմնականում բնորոշ են տվյալ բնակավայրին և կոնկրետ լուծում պահանջող խնդիրներ են՝ մի գյուղում, ասենք, մանկապարտեզի խնդիր է, մեկ այլ համայնքում՝ ջրի, այստեղ օրենք գրելով չի, որ պիտի հարցը լուծվի,-նշում է Արման Սահակյանը:- Մեծամասնական պատգամավորն ընտրվում է կոնկրետ տարածքից, և իմ պատկերացմամբ, նրա առաքելությունը պետք է լինի հենց այդ տարածքի խնդիրները վեր հանելն ու դրանց լուծմանը հասնելը: Ես չեմ ասում, թե մեծամասնական պատգամավորը պիտի օրենսդիր ֆունկցիա չունենա և զերծ մնա օրենքներ մշակելուց: Բայց ես, ընտրվելու դեպքում, կարող եմ ասել, որ առավել ձգտելու եմ թիվ 35 ընտրատարածքի խնդիրները լուծել»:
Արդյոք պատգամավորի մանդատ ձեռք բերելը գործարար Արման Սահակյանի բիզնեսների համար լրացուցիչ «կռիշայի» խնդիր չի՞ լուծում հարցին պատգամավորության թեկնածուն տվեց ժխտական պատասխան: «Ես այդ հարցում խնդիր չունեմ, «կռիշայի» կարիք էլ չունեմ բիզնեսներս ապահովագրելու առումով, քանի որ գտնվում եմ խոշոր հարկատուների ցանկում, և իմ ղեկավարած կառույցները առաջավոր դիրքեր են զբաղեցնում»:
Մեկնաբանել