
Վաղը դատարանը կհրապարակի խոշտանգված հարսի գործով դատավճիռը
Նոյեմբերի 30-ին՝ ժամը 11:30-ին, Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում կհրապարակվի Մարիամ Գևորգյանի գործով դատավճիռը: Դատավճիռը հրապարակվելու է դռնբաց, ցանկացողները կարող են մասնակցել:
Դատավճռի հրապարակմանը մասնակցելու է նաև «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան: Ակնկալում ենք նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների և գործով հետաքրքրված քաղաքացիների ներկայությունն ու ակտիվ մասնակցությունը:
Հիշեցնենք, որ Մարիամի սկեսուրը՝ Հայկանուշ Միքայելյանը, իր որդու' Դավիթ Զիրոյանի հետ միասին խոշտանգումների է ենթարկել Մարիամ Գևորգյանին: Մ.Գևորգյանը Զիրոյանի հետ ամուսնացել է 2009 թվականի նոյեմբերին, նույն տարվա դեկտեմբերին մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ աղջկան 10 ամսվա ընթացքում պարբերաբար ծեծի և խոշտանգումների են ենթարկել:
Երևան վերադառնալուց հետո Գևորգյանը դիմել է ոստիկանություն, ամուսնուն մեղադրանք է առաջադրվել «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» և «Ծեծ» հոդվածներով, որոնց համաձայն՝ նրան կարող էին դատապարտել մինչև 3 տարվա ազատազրկման: Քննիչի որոշմամբ Զիրոյանն ազատ է արձակվել՝ Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ, ՀՀ նախագահի կողմից հայտարարված համաներմամբ: Հայկանուշ Միքայելյանի դեմ առաջադրված է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 113 (միջին ծանրության վնասվածքներ հասցնել) և 119 (խոշտանգում) հոդվածներով:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա
Մեկնաբանել