HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

«Վայելեք ճակատամարտը»,- ասում է Պուլիցերյան կրկնակի մրցանակակիր Սթիվ Քյուրքչյանը

Հանդիպում 1-ին

Ստիվ Քյուրքչյանը 30 տարվա լրագրող Է, հիմնականում կատարում է լրագրողական հետաքննություններ: Աշխատում է «Բոստոն Գլոբ» օրաթերթում: Այս տարվա հուլիսին տասնօրյա այցով Ստիվը գտնվում էր Հայաստանում: Մեր մի քանի հանդիպումների ընթացքում նա պատմեց իր հետաքննությունների, լրագրության խնդիրների, Հայաստանի լրագրողների հետ հանդիպումներից ունեցած տպավորությունների մասին: Ըստ Ստիվի, ինչպես Հայաստանում Միացյալ նահանգներում եւս հետաքննող լրագրողը հիմնականում աշխատում է նույն ուղղություններով: Լրագրողները հետաքննում են պետական եւ մասնավոր ոլորտի ծառայությունների աշխատանքը, որոնց դիմաց մարդիկ վճարում են: Ստիվը գրել է կոռուպցիայի, վատնման, շորթման, չարաշահման, ոստիկանության լիազորությունների գերազանցման, հանրային կրթության բնագավառի, մասնավոր ապահովագրական ընկերությունների, հիվանդանոցների խնդիրների մասին: Վերջին շրջանում հետաքննում է կաթոլիկ եկեղեցում սեռական բռնությունների դեպքերը:

Մենք սուրբ գործով ենք զբաղված

Ցանկացած երկրում, ցանկացած ձեռնարկությում այն մարդիկ, ովքեր պատասխանատու են կազմակերպությունների համար, ովքեր հսկում են ծառայությունների մատուցումը, հիմնականում մտածում են իրենց եւ իրենց մերձավորների մասին: Լրագրողը պատասխանատու չէ այս կամ այն գործի համար, նա պատասխանատու է մարդկանց առջեւ: Գործի համար պատասխանատու են երկրի նախագահը, ոստիկանության ղեկավարը, կառավարության պատասխանատուները, որոնք ուզում են պարզապես մնալ իրենց պաշտոններում: Լրագրողների դերն այլ է, նրանք իրենց դերը կատարելու են դարեր շարունակ: Համարում եմ, որ մենք սուրբ գործով ենք զբաղված: Սուրբ բառը ինձ համար շատ կարեւոր բառ է: Ինչպես հետաքննական լրագրության տարիների փորձի ընթացքում եմ հասկացել, որքան պատմությունները շատանում են, ավելի են բարդանում: Մարդիկ չեն գա եւ ձեզ չեն ներկայացնի փաստերի հստակ շարադրանք: Առհասարակ ամեն ինչ շատ խճճված է, շատ դժվար է պարզել: Նման է հանելուկի, իսկ լրագրողի պարտականությունն այդ հանելուկը լուծելն է: Պարզել, թե ինչու՞ ինչ- որ բան չի ստացվել, ինչու՞ է այս կամ այն բանը եղել, ինչքանո՞վ է դա վատ եւ ինչպե՞ս կարելի է համակարգը կատարելագործել, որպեսզի հիվանդանոցները ավելի լավ բուժօգնություն կազմակերպեն, ոստիկանությունը ավելի արդյունավետ կատարի իր աշխատանքը, դպրոցները երեխաներին ավելի լավ կրթեն: Եվ պատասխանատվությունը լրագրողների վրա է: Այն թերթերը, որոնք լրագրողին տալիս են անհրաժեշտ ժամանակ եւ միջոցներ իրենց գործը լավ կատարելու համար, կապ են պահպանում հասարակության` ընթերցողների, ունկնդիրների, հեռուստադիտողների հետ շատ ավելի սերտորեն, քան այն թերթերը, որոնք որ ներկայացնում են կողմնակալ լրատվություն: Հասարակությունը ժամանակ չունի պարզելու, թե ինչու հիվանդանոցները լավ չեն իրականացնում բուժումը, իրենց ծառայությունը, դպրոցները լավ չեն իրականացնում կրթությունը: Իրենք ժամանակ չունեն, եւ պետությունն էլ ժամանակ ու միջոցներ չունի այն ինքնուրույն պարզելու համար: Քաղաքական կուսակցությունն այս ամենը տեսնելով` պարզապես քննադատում է տիրող վիճակը: Մամուլը, միայն մամուլն է, որ արձանագրում է, պարզում, թե ինչպես կարելի է փոխել իրավիճակը: Ժողովրդավարական հասարակարգում հասարակությունը կախված է արդարացի եւ ճշմարիտ լրատվությունից: Ինչո՞ւ: Որովհետեւ հասարակությունը վճարում է այդ ծառայությունների դիմաց: Եթե հասարակությունը չի ստանում այն ծառայությունները, որոնց դիմաց այդքան թանկ է վճարում, որոնցից կախված է, ապա կարող է զզվել կառավարությունից, կառավարությանը լուրջ չմոտենալ:

Մորաքույրս այնպիսի մարդ է, ումից կախված է ժողովրդավարությունը

Ժողովրդավարությունը շատ խոցելի, զգայուն օրգանիզմ է: Եւ միայն ու միայն պայմանավորված ու կախված է փաստարկված ու ճշմարիտ լրատվությունից: Միայն դրանով հասարակությունը կիմանա գալիք ընտրություններում ում օգտին քվեարկել եւ ում պատասխանատու դարձնել ընտրություններից հետո: Գիտեք, երբ աշխատում եմ ինձ դժվար է պատկերացնել, թե ով է հանրությունը, որի համար սովորաբար գրում եմ: Մորաքրոջս` Իզաբելին եմ աչքիս առաջ պատկերացնում: Մորաքույրս շատ խելացի կին է: Երբեք բուհում չի սովորել, բայց այնպիսի մարդ է, ումից կախված է ժողովրդավարությունը: Նա մեղմ չի արտահայտվում, իր կարծիքները շարադրում է շատ հստակ եւ ճիշտը սխալից տարբերում է: Նա հարցեր է տալիս, լավ հարցեր է տալիս: Երբ գրում եմ, աչքիս առաջ պատկերացնում եմ մորաքրոջս: Եւ գրում եմ այնպես, ինչպես կպատմեի մորաքույր Իզաբելին, որպեսզի պատմությունը ազդեցիկ եւ հասկանալի դարձնեմ, որպեսզի մորաքույրս հասկանա պատմությունը: Բոլոր դեպքերում, երբ պատմություն եմ գրում եւ տպագրում միանգամից, մորաքույրս զանգում եւ ասում է` ա՜յ հասկացա: Եւ եթե մորաքույր Իզաբելը հասկացել է եւ ազդվել, ապա բոլորը կսկսեն զանգահարել: Եթե զանգում-ասում է` ապրե՜ս տղաս, լավ ես գրել, երեխաները ինչպե՞ս են: Հասկանում եմ, որ այնքան էլ լավ չեմ գրել:

Ես մի այլ պատմություն եմ ուզում պատմել: Մայրս շատ հպարտ է իր որդով: Գրադարանավարուհի է եղել «Բոստոն Հարոլդում»` իմ թերթի հետ մրցող թերթում: Թոշակի անցնելուց մեկ տարի անց զանգեց եւ ասաց` քեզ համար պատմություն ունեմ: Ասաց` ընկերուհիներիցս մեկի որդին շատ լավ բժիշկ է, աշխատում է հիվանդանոցում, որտեղ մի քանի տղամարդ հիվանդ են քաղցկեղով: Լավ, ասաց, զանգիր ինքը կպատմի ամբողջ պատմությունը: Զանգեցի երիտասարդին, ասաց, որ իրեն վերջերս այցելել են երկու տղամարդ, ովքեր աշխատում են նավահանգստում, վերանորոգում են միջուկային սուզանավեր: Սուզանավի վրա աշխատում են կողք-կողքի: Այդ սուզանավերը մեր երկրի անվտանգության բաղադրիչ մասերն են: Վեց ամսվա ընթացքում իրենց մոտ առաջացել է արյան ծանր հիվանդություն: Նրանք դիմել են բժշկի: Բժիշկը նրանց ախտորոշել է եւ շատ մտահոգված է արյան այս հազվադեպ հիվանդությունը հայտնաբերելով: Բժշկի առաջին արձագանքն այն էր, որ պետք է ինչ-որ բան պատահեր, որպեսզի այս մարդիկ հիվանդանային նման հիվանդությամբ: Աշխատանքի վայրում նրանք շփվել են ինչ-որ բանի հետ, որից առաջացել է այդ հիվանդությունը: Բժիշկը զանգել է Ամերիկյան նավատորմի սուզանավերի ղեկավարներին եւ հայտնել, որ հարցեր ունեն ու սուզանավերում ցանկանում են կատարել որոշ ուսումնասիրություններ: Ի՞նչ կապ կա սուզանավերի վերանորոգման եւ աշխատողների արյան մեջ քաղցկեղի առաջացման միջեւ: Նավատորմից իրենց երկու բան են ասել: Առաջինը, որ իրենք երբեւէ չեն ուսումնասիրել պատճառահետեւանքային կապը, որ իրենք վստահ են, որ այդ մարդիկ բարձր ճառագայթման չեն ենթարկվում, անվտանգությունը ապահովված է, ունեն ճառագայթումը չափող գործիքներ եւ պաշտպանիչ համազգեստներ: Երկրորդը` բժշկին ասել են, որ եթե շարունակես հարցեր տալ, քեզանով կհետաքրքրվեն իշխանությունները: Եթե պետության ներկայացուցիչը երկու անգամ ասի` քեզ էլ կհետաքննեն, դու էլ կսկսես երկու անգամ մտածել քո հետագա քայլերի մասին: Բժիշկը երկու անգամ մտածելուց հետո ասել էր իր մորը: Նրա մայրն պատմել էր իմ մորը: Մայրս էլ` ինձ: Մայրս շատ ուրախացավ, իմանալով, որ զանգել եմ բժշկին: Նա զգացել էր, որ հետաքննության կարիք կա, որ պետք է ուսումնասիրել, պարզել, արդյո՞ք սուզանավեր վերանորոգողները արյան հիվանդությունը բարձր ճառագայթումից չեն ստանում: Զրուցեցինք իրար հետ, եւ մի ձյունոտ օր ես դիմեցի նավատորմի աշխատողների արհմիության ղեկավարությանը: Հարցրի` կարող եք ինձ ասել, թե ինչպիսին է ձեր աշխատողների մոտ արյան քաղցկեղի մակարդակը, միջին ցուցանիշից բարձր է՞: Ասացին` այո, շատ բարձր է: Ոչ ոք իրենց մոտ երբեք արյան քաղցկեղից մահացության մակարդակի ուսումնասիրություն չի կատարել: Մենք ասացինք` ինչպես կարող ենք անել, պետությունը պատրաստ չէ հետաքննել: Արհմիությունը գրառումներ չի վարել, որոնցով հնարավոր կլիներ ուսումնասիրությունը կատարել` ինչպես մենք կարող ենք անել: Հետո մենք մեզ հարց տվեցինք` արժե՞ զբաղվել նավատորմով: Ինչպես արդեն պատմեցի, եթե հասարակայնությունը թերթերից կախված չլիներ, ապա ուրիշ տեղ դիմել չէր կարող: Ահա ձեզ գերազանց օրինակ: Կառավարությանը չէր հետաքրքրում սա, կառավարությունը պատրաստ չէր հետաքննելու սա: Զգացինք, որ մենք ենք պարտավոր ուսումնասիրել այս խնդիրը: Մեզանից երեք ամիս պահանջվեց երեք լրագրողով հետազոտելու համար: Ինչպե՞ս աշխատեցինք: Բացեցինք մահվան վկայականները, Ամերիկայում ինչպես եւ շատ տեղերում կան մահվան գրանցման մատյաններ, որոնք բաց, հրապարակային են: Գրվում են մահացած անձանց անունները եւ այլ տվյալներ` որտեղ է աշխատել, ինչից է մահացել: Նավահանգիստը գտնվում էր երեք նահանգների սահմանգծին: Մահվան մատյանները պահպանվում են այդ երեք նահանգների մայրաքաղաքների համապատասխան մարմիններում: Մենք այդ երեք նահանգներում ուսումնասիրեցինք անցած տասնհինգ տարվա մահվան գրանցումների մատյանները: 40 հազար մարդ էր մահացել երեք նահանգներում 15 տարվա ընթացքում: 40 հազար անգամ բոլոր էջերը թերթեցինք եւ գտանք մոտ հազար հոգու անուն, ովքեր աշխատել էին այդ նավահանգստում եւ պարզեցինք, որ նրանք մահացել են արյան քաղցկեղից: Եվ այդ ցուցանիշը երկու անգամ ավելի բարձր էր միջինից: Սուզանավերի նորոգմամբ զբաղվող մարդկանց մահացությունը քաղցկեղից կամ լեյկեմեյայից երկուսից չորս անգամ բարձր էր: Մեզ թվաց, որ սա զգոնացնող փաստ է, եւ պետք է ավելի զգույշ լինենք հասարակությանը ներկայացնելիս: Ի՞նչ կարող էինք անել: Մեր փաստաթղթերով, վերլուծություններով դիմեցինք կառավարությանը: Երեք շաբաթ սպասեցին: Կոնգրեսը արդեն գիտեր մեր աշխատանքի մասին, չնայած դեռ չէինք հրապարակել տվյալները: Կառավարությունը ընդդիմադիր մամուլի միջոցով ներկայացրեց, որ մենք հակասական տեսակետներ ենք հայտնում: Իրենք տվյալներին, ըստ էության, չանդրադարձան: Մի խոսքով, ընդդիմադիր մամուլում քննադատեցին մեզ այդ տվյալները բացահայտելու համար: Զայրացանք: Մի օր սպասեցինք, որ զայրույթը անցնի, հանգստանանք: Հանգստացանք: Պատմությունը գրեցինք, հոդվածը տպագրեցինք «Բոստոն Գլոբում», եւ արդեն 20 տարի է անցել այդ ժամանակվանից: Առաջին բանը, որ եղավ, կոնգրեսը շատ զգոնացավ: Երկու պատճառով` նախ, որ տվյալներն էին զգոնացնող, երկրորդ` որ կառավարությունը երբեւէ չէր ուսումնասիրել նման տվյալներ: Կոնգրեսը կազմակերպեց լսումներ, հրավիրեցին նավատորմի ներկայացուցիչներին: Ոչ միայն ամոթալի է, այլ նաեւ կարեւոր կոնգրեսի կողմից հրավիրվելը: Եվ եթե կոնգրեսն է դժգոհ, ապա նման դեպքում վարչակազմը դրա մասին անպայման կիմանա: Ներկայացավ ԱՄՆ միջուկային ծրագրի գլխավոր պատասխանատուն: Այդ զինվորականին ԱՄՆ կառավարությունը համարում է ազգային պաշտպանության հերոս: Միջուկային ծրագրի հայրն էր: Նա սովոր չէ ինչ- որ մեկից ներողություն խնդրել: Բայց նա դա արեց: Ներողություն խնդրեց կոնգրեսից, հասարակությունից, որ չի ուսումնասիրել վիճակագրական տվյալները, որ չի բացահայտել այս խնդիրը: Իսկ ինչու` ոչ թե որովհետեւ «Բոստոն Գլոբը» իրեն ամոթալի վիճակում է դրել, ոչ թե որ կոնգրեսն է իրեն մարտահրավեր նետել. այլ ամենակարեւորը այն պատճառով, որ այդ միջուկային նյութերից վտանգվել էր մարդկանց առողջությունը, մարդկանց կյանքը: Մարդիկ թերթից էին իմացել այդ ռիսկի մասին: Թերթի հրապարակումներից հետո արձագանքել էր կոնգրեսը, երբ կոնգրեսն էր արձագանքել, գործադիր մարմինը ստիպված էր պատասխաններ տալ: Այսպիսով նավատորմը հարկադրված եղավ ինքը ուսումնասիրել խնդրի էությունը, որի համար պահանջվեց ավելի քան մեկ միլիոն դոլար, ավելի քան մեկ տարի տեւեց այդ ուսումնասիրությունը եւ ստացվեցին այն արդյունքները, ինչը մենք էինք ստացել: Ասացին որ նվազագույնի կհասցնեն ճառագայթման մակարդակը: Մի թերթի հոդված առաջացրեց մասշտաբային հետեւանքներ: Բայց այդ պատմությունը շատ արագ անցավ, ինչպես քարը կսուզվեր ջրի մեջ: Եթե կապը չլիներ հասարակության եւ թերթերի միջեւ, ամեն ինչ այդքան արագ չէր ընթանա: Այս կապի միջոցով է կայանում եւ ամրապնդվում ժողովրդավարությունը:

Ես կցանկանայի Հայաստանի կառավարությունը այնքան լավը լիներ, որքան Հայաստանի ժողովուրդն է

Այս պատմությունից կարելի է դասեր քաղել: Դասեր քաղեց կառավարությունը, որը իր ժողովրդի համար ըստ արժանվույն չէր աշխատել: Այս պատմությունից այլ դասեր նույնպես կարելի է քաղել: Եվ այդ դասերը պետք է քաղեն նաեւ լրագրողները: Երեք ամիս ենք անցկացրել, մանրամասն ուսումնասիրել, համապարփակ, լիարժեք հաշվետվություն ենք պատրաստել: Բացի այդ, ավարտելուց հետո, վերադարձել ենք պետական ատյանների մոտ եւ նրանց հարցրել իրենց տեսակետները մեր բացահայտածի մասին: Հնարավորինս հեռուն ենք գնացել ամբողջական պատասխանները գտնելու համար, թե ինչո՞ւ է այս կամ այն երեւույթը տեղի ունեցել: Մամուլի ուժը հսկայական է ժողովրդավարության մեջ, բայց մեծ են նաեւ պարտականությունները: Ես չեմ եկել այստեղ կառավարությանը դասախոսություններ կարդալու: Ես կցանկանայի Հայաստանի կառավարությունը այնքան լավը լիներ, որքան Հայաստանի ժողովուրդն է: Կցանկանայի Միացյալ նահանգների կառավարությունն էլ այնքան լավը լիներ, որքան Ամերիկայի ժողովուրդն է:

Հիսուն տարի անց զբոսայգիներում կտեսնենք արձաններ նվիրված լրագրողների հիշատակին

Այստեղ եմ, որպեսզի փորձեմ ազդեցություն թողնել լրագրողների, խմբագիրների վրա, եւ հուսով եմ նաեւ հրատարակիչների վրա: Փաստորեն մենք արտառոց պարտականություն ունենք` կապ ստեղծել հասարակության հետ: Հասարակությունը կարիք ունի իմանալու տեղեկություններ, ճշմարտացի տեղեկություններ: Մի չարաշահեք ձեր այդ պարտականությունը, ազնիվ եղեք, լիարժեք ներկայացրեք ձեր նյութերը, ձեր լրագրությունը: Եւ որոշ ժամանակ անց կզգաք, որ կապ եք հաստատել ընթերցողների հետ: Երբ արդեն այդ կապը հաստատվի, մի անհանգստացեք, քանի որ հասարակությունը կարձագանքի, իրենք կիմանան, որ կենդանի մնալու միակ ուղին արձագանքելն է ոչ թե մեզ` ԶԼՄ-ներին, այլ նրանց ում մենք ներկայացնում ենք: Դրանք ընթերցողներն են: Տասը տարի անց, երբ թոռներիս հետ կգամ Հայաստան, հուսով եմ կտեսնեմ պատասխանատու, արձագանքող կառավարություն: Արձագանքող այն հարցերին, որոնք անդրադառնում են մարդկանց վրա: Խորհրդարանը պետք է լինի իշխանության ամենահպարտ դրսեւորումը: Հիսուն տարի անց կանաչ այգիներում կտեսնենք ոչ միայն պետական պաշտոնյաների, այլ նաեւ լրագրողների արձաններ: Այն լրագրողների, ովքեր դիմակայել են ժամանակի փորձությանը, մաքառել են ծանր դժվարությունների դեմ` չունենալով արձագանքող կառավարություն, մնացել են հավատարիմ իրենց արհեստի կոչմանը, մնացել են հավատարիմ այն գաղափարին, որին ձգտում են հասնել բոլոր ազատ լրատվամիջոցները:

Ոչ մի դեղատոմս չեմ կարող ասել Հայաստանում ազատ մամուլի կայացման համար: Կախարդական լուծում չկա, որ ասեմ` արեք այս քայլը եւ լավ կլինի: Սակայն մի բան կցանկանայի ասել` վայելեք ճակատամարտը, որին հիմա մասնակից եք: Շատ մի հուսալքվեք: Դուք եք այստեղ հայրենիքի մարտիկները, հպարտ եղեք ձեր դերով: Եթե հուսահատվեք, ապա տեղի կտաք, եթե տեղի տաք, ապա կվատնվի այն ուժը, որը փոխանցվել է մեզ սերնդեսերունդ եւ մեզ դարձրել այսօրվա հայը: Եթե հետաքննական լրագրությունը հեշտ լիներ, ապա մեկ ուրիշը դա արդեն արած կլիներ: Այսօր պետք է պատրաստակամ լինենք կրելու բեռը, ծանր աշխատանքի բեռը, հուսալքման, ձախողման բեռը: Ներկայացրեք ճշմարիտ եւ ճշգրիտ լրատվություն, որպեսզի հաջողության հասնեք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter