
Չկա տուժող, չկա հանցագործություն. ռուսաստանցի փորձագետի դիտարկումը Օսկանյանի գործով
«Վարդան Օսկանյանին հնարավոր կլիներ մեղադրել տնտեսական բնույթի հանցագործության մեջ, եթե «Սիվիլիթասի» գործով լիներ տուժող կողմ: Ես մանրակրկիտ ուսումնասիրել եմ այդ գործը, ու այդպես էլ չեմ հասկացել, թե որն էր տուժող կողմը. ըստ օերնքի՝ պետք է ինչ-որ մեկը գնար դատախազություն և հայտներ, որ իրեն թալանել են կամ յուրացրել են իր տված փողերը, սակայն նման բան տեղի չի ունեցել: Հանթսմանի` Օսկանյանին տրամադրված գումարը վերադարձվել է, «Սիվիլիթաս» հիմնադրամը որևէ կորուստ չի ունեցել: Հանցավոր ճանապարհով դրամական միջոցների օրինականացում, այլ կերպ ասած՝ փողերի լվացում նույնպես չկա, քանի որ ոչ ոք չի ապացուցել, որ Հանթսմաններն այդ գումարը հանցավոր ճանապարհով են ձեռք բերել»,- այսօր ասուլիսի ժամանակ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ իր փորձագիտական եզրակացությունը հայտնեց ՌԴ քրեական օրենսգրքի մեկնաբանությունների համահեղինակ, Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիայի պրոֆեսոր Կոչոյին:
Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը նշեց, որ իրենք այս ամենը գիտեին, պարզապես ցանկանում էին, որ դրա մասին խոսի նաև այն օրենսգիրքը գրողներից մեկը, որին հաճախ հայկական իրավական համակարգը հղումներ է անում:
Կոչոյին հիշեցրեց, որ հայկական, ինչպես նաև ԱՊՀ այլ երկրների քրեական օրենսգիրքը, կազմվել է ռուսաստանյան քրեական օրենսգրքի մոդելով, և դրանք առավելագույնս նման են միմյանց:
Տիգրան Աթանեսյանն ասաց, որ իրենք ռուսաստանցի հեղինակավոր այս մասնագետի փորձագիտական եզրակացությունը կկցեն գործին` ներկայացնելով որպես ուսումնական ձեռնարկ:
Մեկնաբանել